3 ապրիլի 2024թ

Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում` Հայաստանում փախստականների հոսքին համապարփակ արձագանքման փաթեթ

Արձագանքելով 2023 թվականի սեպտեմբերին տեղահանված անձանց և փախստականների զգալի հոսքին դեպի Հայաստան՝ Եվրոպայի խորհուրդը պատրաստել է գործողությունների փաթեթ՝ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը և ուժեղացնելու փախստականների, հատկապես խոցելի խմբերում ընդգրկված անձանց իրավունքների պաշտպանությունը։ Արձագանքման այս փաթեթը Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի անբաժանելի մասն է:

Գործողությունների փաթեթը կազմվել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի՝ միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցչի 2023 թվականի հոկտեմբերի 11-ից 13-ի այցի արդյունքների հիման վրա, որի ընթացքում նա ներկայացրեց Հայաստանի համար աջակցության կոնկրետ ոլորտները՝ Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրին (2023-2026թթ) և Միգրացիայի և ապաստանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության գործողությունների ծրագրին (2021-2025թթ) համահունչ:

Արձագանքման փաթեթի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է չորս նոր ծրագիր և լրացուցիչ բաղադրիչներ է ներառել երկու ընթացիկ ծրագրում: Այս վեց ծրագրերը միասին նպատակ ունեն պաշտպանել տուժած բնակչության մարդու իրավունքները:

«Այս նպատակային և հստակ հասցեագրված փաթեթի միջոցով մենք կաջակցենք մեր անդամ պետությանը՝ Հայաստանին և նրա ժողովրդին, որը բախվում է աննախադեպ դժվարությունների և մարտահրավերների», ասել է գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։

Նոր ծրագրեր

Մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում

Ծրագիրը նպատակ ունի Հայաստանի իշխանություններին տրամադրել համապատասխանեցված աջակցություն՝ տեղահանված անձանց և փախստականների կարիքները հոգալու նպատակով՝ հատուկ ուշադրություն հատկացնելով մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտներին, մասնավորապես՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանն աջակցելուն։

Ծրագրի հիմնական շեշտադրումն է՝ աջակցել վերաբերելի օրենսդրական և նորմատիվ իրավական դաշտի զարգացմանը՝ ապահովելու, որ տեղահանված անձինք կարողանան իրացնել մարդու հիմնարար իրավունքները, որոնք երաշխավորված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և եվրոպական այլ չափանիշներով: Ծրագիրը նաև կխթանի իրավական ոլորտի մասնագետների, համապատասխան ազգային մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ տեղահանված բնակչության կարիքներին արդյունավետ արձագանքելու կարողությունների բարձրացմանը։ Ծրագրի ևս մեկ նպատակն է բարելավել տեղահանված անձանց իրավունքների և հասանելի ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը՝ ապահովելով նրանց իրավունքների և առկա ծառայությունների մասին տեղեկություններից օգտվելու հնարավորությունը։

Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդում

Ծրագիրն ընդգծում է ժողովրդավարության կառուցման գործում սոցիալական իրավունքների հիմնարար դերը: Ծրագիրը միտված է բնակարանային ապահովման, զբաղվածության, մասնագիտական ​​ուսուցման և աշխատանքային իրավունքների վերաբերյալ ազգային օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հարցում փորձագիտական ​​աջակցության ապահովմանը՝ որդեգրելով համապարփակ, գենդերազգայուն մոտեցում:

Ծրագրի կենտրոնում ազգային իշխանությունների հզորացումն է՝ քաղաքականությունն ու գործելակերպը եվրոպական չափանիշներին ներդաշնակեցնելու համար, ապահովելով սոցիալական իրավունքների պատշաճ պաշտպանությունը և իրականացումը: Այն կնպաստի Եվրոպական սոցիալական խարտիայի և Կոլեկտիվ բողոքների ընթացակարգի նոր դրույթների ընդունման վերաբերյալ որոշումներ կայացնողների իրազեկվածության ամրապնդմանը: Այն նաև կենտրոնանում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների և իրավաբան մասնագետների կարողությունների զարգացման վրա՝ արդյունավետ իրականացնելու և մշտադիտարկելու սոցիալական իրավունքների պահպանումը՝ հիմնվելով Եվրոպական սոցիալական խարտիայի և իր դատական պրակտիկայի վրա:

Ծրագրի նպատակն է նաև բարձրացնել տեղահանված անձանց և խոցելի խմբերի ներկայացուցիչների իրազեկվածությունը իրենց իրավունքների և արտոնությունների վերաբերյալ՝ կարևորելով նրանց սոցիալական իրավունքները և սոցիալական ծառայությունների հասանելիությունը: Միաժամանակ, այն նպատակ ունի բարձրացնել պետական և տեղական իշխանությունների կողմից իրենց դերի և պարտականությունների ըմբռնումը, ինչպես նաև բարելավել սոցիալական ծառայությունների ապահովումը ազգային և տեղական մակարդակներում:

Երեխաների իրավունքների պաշտպանություն

Ծրագիրը հիմնված է հետկոնֆլիկտային պայմաններում երեխաների իրավունքները պաշտպանելու Եվրոպայի խորհրդի փորձի վրա: Եվրոպայի խորհրդի Երեխայի իրավունքների ռազմավարությանը համահունչ` ծրագիրն աջակցելու է Միգրացիայի համատեքստում առանց ուղեկցության և ընտանիքից անջատված երեխաների արդյունավետ խնամակալության մասին Նախարարների կոմիտեի CM/Rec(2019)11 հանձնարարականի կատարմանը:[1]

Ծրագիրը որդեգրել է բազմակողմանի մոտեցում՝ պաշտպանելու հայ երեխաների իրավունքները հետպատերազմյան համատեքստում` առաջարկելով Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան իրավական և քաղաքական աջակցություն: Միաժամանակ, ծրագիրը կենտրոնացած է հանրային ծառայողների, պատասխանատու անձանց և այլ մասնագետների կարողությունների զարգացման վրա՝ արդյունավետորեն պաշտպանելու համար հակամարտությունից տուժած հայ երեխաների, ներառյալ՝ առանց ուղեկցության և ընտանիքից անջատված երեխաների իրավունքները:

Բացի դրանից, ծրագրի նպատակն է բարձրացնել արդյունավետ խնամակալության և երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման մասին երեխաների ու ծնողների իրազեկվածությունը։

Աջակցություն փախստականներին ընդունած համայնքներին

Ծրագրի նպատակն է օգնել համայնքներին արդյունավետ արձագանքել տեղահանված բնակչության խնդիրներին՝ մարդու իրավունքների պաշտպանության շեշտադրումով: Ծրագիրը կարևորում է փախստականների անվտանգության, ներառման և հնարավորությունների ապահովման գործում համայնքների որոշիչ դերը: Այն ուղղված է տեղական մակարդակով ճգնաժամի կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումների հաստատմանը։

Ծրագրի իրականացման երկկողմանի ռազմավարությունը նախատեսում է փախստականների հրատապ և միջնաժամկետ կարիքները հոգալու նպատակով դրամաշնորհային ծրագրի իրականացում: Այն ուղղված է փախստական բնակչության զգալի զանգված ունեցող համայնքներին, որտեղ տեղական իշխանությունները կիրականացնեն դրամաշնորհային ծրագրեր: Միևնույն ժամանակ, արտակարգ իրավիճակներին արձագանքելուց դեպի արդյունավետ դիմակայունության մեխանիզմների անցմանը նպաստելու համար դրամաշնորհների տրամադրման նախապայմանը Եվրոպայի խորհրդի չափանիշներին և սահմանված գործիքակազմերին համահունչ Դիմակայունության զարգացման ռազմավարությունների իրականացման հանձնառությունն է:

Ընդլայնված ծրագրեր

Կանանց նկատմամբ բռնության հաղթահարում և գենդերային հավասարության ամրապնդում

Ծրագրի նպատակն է գենդերային հավասարության ամրապնդումը, կանանցհզորացումը, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը՝ գիտելիքների բարելավման և եվրոպական չափանիշներին և լավագույն փորձին համապատասխան միջգերատեսչական համագործակցության զարգացման միջոցով: Արձագանքելով Հայաստանում փախստականների ճգնաժամին, ընթացիկ ծրագրում ներառվել է փախստական կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությանն ուղղված նոր բաղադրիչ:

Ծրագրի այս նոր բաղադրիչի նպատակն է աջակցել ազգային իշխանություններին փախստական ​​կանանց և աղջիկների իրավունքների ոլորտում քաղաքականության մշակմանը և իրականացմանը: Աջակցության տրամադրման գործընթացն առաջնորդվում է համապատասխան եվրոպական չափանիշներով, հանձնարարականներով և ռազմավարություններով: Ծրագրի նպատակն է խթանել տեղական համայնքներում կանանց և աղջիկների գենդերազգայուն տնտեսական և սոցիալական ներառումը և ինտեգրումը, հարթակ ստեղծել քաղաքացիական հասարակության կողմից փախստական կանանց և աղջիկների իրավունքների բարձրաձայնման համար, ինչպես նաև ընդլայնել մեդիա մասնագետների հմտությունները կին փախստականների և պատերազմի տուժղների մասին հաղորդելու հարցում։

Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ

Ծրագիրը նպատակ ունի նպաստելու կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների եվրոպական և էթիկական չափանիշների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և աջակցելու ազգային գործընկերներին համապատասխանեցնելու ազգային օրենսդրությունն ու պրակտիկան այդ չափանիշներին:

Որպես Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների համալիր փաթեթի բաղկացուցիչ մաս` ծրագիրը ներառել է նոր բաղադրիչ՝ աջակցելու ՀՀ կառավարության ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղից մոտ 2000 բուժաշխատողների՝ Հայաստանի առողջապահական համակարգում լիարժեք ինտեգրման համար՝ կարողությունների զարգացման դասընթացների միջոցով՝ նպաստելով վերջիններիս շարունակական մասնագիտական զարգացմանն ու հավաստագրմանը։ Ծրագրի նոր բաղադրիչը ներառում է նաև հոգեբանական աջակցության տրամադրում՝ թիրախում ունենալով բուժաշխատողներին և բնակչության լայն խմբերի հետ աշխատող այլ մասնագետներին, ներառյալ հոգեբաններ, սոցիալական աշխատողներ և այլն։   Նախատեսելով լայնածավալ հանրային իրազեկման արշավ՝ ծրագիրը նպատակ ունի բարձրացնել փախստականների հետ կապված զգայուն թեմաների վերաբերյալ իրազեկվածությունը Հայաստանի բնակչության շրջանում:



[1] CM/Rec(2019)11