«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ, ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ

ՈՒՂԵՑՈՒՅՑ

Հեղինակներ

Վահագն Կոլյայի Դալլաքյան՝

ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս

«Ինվեսթմնթ Լո Գրուպ» իրավաբանական գրասենյակի գործընկեր

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ներածություն, սեղմագիր, գլուխներ 1, 2, 7, 10, 11, 12, 13, 14, 15, 17, 20։

 

Տիգրան Արթուրի Մարկոսյան՝

ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ,

ԵՊՀ իրավաբանական կլինիկայի դասախոս-կոորդինատոր,

Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի անդամ,

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ,

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ներածություն, գլուխներ 3, 4 5, 6, 8, 9, 16, 18, 19, 21, 22։

«Կատարողական վարույթի մասին» օրենքի ուղեցույցը մշակվել է «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ Գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից: Սույն աշխատության մեջ արտահայտված կարծիքները հեղինակ(ներ)ի պատասխանատվությունն են և կարող են չարտացոլել Եվրոպայի խորհրդի պաշտոնական քաղաքականությունը։

Երևան 2024


Բովանդակություն

Հապավումների և կրճատումների ցանկ. 5

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ.. 6

ՍԵՂՄԱԳԻՐ.. 9

ԳԼՈՒԽ 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ.. 22

ԳԼՈՒԽ 2 ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ.. 29

ԳԼՈՒԽ 3 ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸ.. 40

ԳԼՈՒԽ 4 ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ   44

ԳԼՈՒԽ 5 ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ.. 50

ԳԼՈՒԽ 6 ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ.. 56

ԳԼՈՒԽ 7 ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ   61

ԳԼՈՒԽ 8 ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԻԿ ՓՈՒԼԸ.. 70

ԳԼՈՒԽ 9 ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԱՎԱՐՏԸ ԵՎ ԿԱՐՃՈՒՄԸ   75

ԳԼՈՒԽ 10 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ.. 82

ԳԼՈՒԽ 11 ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱԶՄԸ ՊԱՐԶԵԼԸ.. 91

ԳԼՈՒԽ 12 ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼԸ.. 95

ԳԼՈՒԽ 13 ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԻՐԱՑՈՒՄԸ.. 101

ԳԼՈՒԽ 14 ԱՌԱՆՁԻՆ ՊԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸ.. 105

ԳԼՈՒԽ 15 ԳՈՒՅՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸ.. 110

ԳԼՈՒԽ 16 ՊԱՐՏԱՊԱՆԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼԸ.. 133

ԳԼՈՒԽ 17 ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ.. 137

ԳԼՈՒԽ 18 ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ.. 143

ԳԼՈՒԽ 19 ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ.. 145

ԳԼՈՒԽ 20 ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ... 149

ԳԼՈՒԽ 21 ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ.. 159

ԳԼՈՒԽ 22 ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ.. 164

Հապավումների և կրճատումների ցանկ

ԴԱՀԿ մասին օրենք – «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենք

Ծառայություն – Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՄԻԵԴ – Մարդու իրավունքների եվրոպական դատարան

ՄԻԵԿ – Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների մասին կոնվենցիա

ՎԻՎՕ – Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք

ՎՀՎՎ մասին օրենք – «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք

ՔԴՕ – ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք

ՔՕ – ՀՀ քաղաքացիական օրենսգիրք

Օրենք – «Կատարողական վարույթի մասին» օրենք


ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Կատարողական վարույթն առանցքային նշանակություն ունի իրավական ողջ համակարգի արդյունավետ գործառման համար։ Այն արդարացիորեն կարելի է դիտարկել որպես իրավունքի գերակայությունը ապահովող կարևորագույն գործիքակազմերից մեկը, որն էլ պայմանավորում է կատարողական վարույթի պատշաճ իրականացման համար օրենսդրական, նյութական, մարդկային և այլ բնույթի համարժեք ռեսուրների առկայության անհրաժեշտությունը։

Կատարողական վարույթի համար անհրաժեշտ օրենսդրական հիմքեր ապահովելու առաքելություն ունի 2024 թվականի ապրիլի 11-ին ընդունված «Կատարողական վարույթի մասին» օրենքը (Օրենք)։ Դրանում տեղ գտած բազմաթիվ նորամուծությունները, համալիր կարգավորումները  և հայեցակարգային փոփոխությունները կոչված են լրացնել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում (ԴԱՀԿ մասին օրենք) եղած բացերը, լուծել այդ ոլորտում կուտակված վարութային խնդիրները, բարձրացնել վարույթի արդյունավետությունը, ընդլայնել կատարողական վարույթի կողմերի դիսպոզիտիվ (տնօրինչական) հնարավորությունները, ապահովել կատարողական վարույթում շահագրգիռ անձանց իրավունքների, ձեռնարկատիրական գործունեության պաշտպանությունը, նախատեսել կատարողական վարույթում պատասխանատվության և իրավունքների պաշտպանության համապարփակ մեխանիզմներ, ներմուծել արտասահմանյան լավագույն փորձն այնպես, որ կիրառելի լինի Հայաստանի Հանրապետությունում՝ երաշխավորելով մարդու իրավունքների պաշտպանությունը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ կատարողական վարույթի շրջանակներում պետական հարկադրանքի գործադրումը ենթադրում է էական միջամտություն պարտապանի իրավունքներին։

Մյուս կողմից, ՄԻԵԴ-ը մի շարք գործերով արձանագրել է ԴԱՀԿ մասին օրենքի կարգավորումների և դրա առնչությամբ ձևավորված պրակտիկայի խնդրահարույց դրսևորումներ, որոնք համարժեք ուշադրության են արժանացել Օրենքը մշակելիս։

Օրենքը մշակելիս հիմք ընդունված ելակետերն են  կատարողական վարույթի ոլորտում Հայաստանի օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի զարգացման ընթացքը, այդ ընթացքում ինչպես ծագած խնդիրների, այնպես էլ իրենց արդարացրած օրենսդրական ու պրակտիկ մոտեցումների վերհանումն ու գնահատումը, նյութական և դատավարական օրենսդրական շրջանակն ու իրավագիտական հետազոտությունները, տարիների ընթացքում ձևավորված դատական պրակտիկան, կիրառելի միջազգային-իրավական չափանիշներն ու  միջազգային լավագույն փորձը։ Սակայն նշված բարեփոխումները կյանքի կոչելու համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ իրավակիրառողը ճշգրիտ ընկալի օրենսդրի կամքը, Օրենքով ամրագրված հայեցակարգային լուծումների և առանցքային ինստիտուտների նպատակային նշանակությունը և վերջիններս կիրառի դրանց տառին ու ոգուն համապատասխան։

Այդ նպատակով պատրաստվել է «Կատարողական վարույթի մասին» օրենքի հայեցակարգային լուծումների, նորարարական մոտեցումների և հիմնական ինստիտուտների մեկնաբանման սույն ուղեցույցը։ Այն հնարավորություն կտա իրավակիրառողներին համարժեք պատկերացում կազմել օրենսդրի կամքի, Օրենքի հիմքում ընկած հայեցակարգային գաղափարների, լիովին նոր կամ բարեփոխված ինստիտուտների և հիմնարար կարգավորումների վերաբերյալ և գործնականում կիրառել դրանք։

Ուղեցույցում բացահայտված են Օրենքի բոլոր բնութագրական կողմերը, առկա են համեմատություններ ԴԱՀԿ մասին օրենքի հետ այնքանով, որքանով դա կօգնի հասկանալ նորամուծությունների էությունը և նախկին իրավակարգավորումների հետ եղած հիմնական տարբերությունները։

Միաժամանակ, հարկ է նշել, որ ուղեցույցը չի հավակնում ի սկզբանե սպառիչ պատասխաններ տալ Օրենքի կիրառման հետ կապված բոլոր հարցերին կամ հնարավոր խնդիրներին, և գործնականում հանդիպող կոնկրետ դեպքերի կամ իրավիճակների համար կարող է առաջանալ մեկնաբանման անհրաժեշտություն։

Ուղեցույցի հիմնական հասցեատերերը Օրենքի առաջնային կիրառողներն են՝ հարկադիր կատարողները։ Դրանով էլ պայմանավորված է ուղեցույցի նպատակը՝ իրավակիրառողներին ամբողջական և համապարփակ տեղեկատվություն տալ օրենքի հայեցակարգային լուծումների, առանցքային նորամուծությունների, ինչպես նաև բարեփոխված ինստիտուտների մասին։

Հարկ է նկատի ունենալ, որ ուղեցույցը ոչ թե կրկնում է օրենքի կարգավորումները, այլ ունի դրա բովանդակությունը բացատրող, պարզաբանող բնույթ։ Ըստ այդմ, ուղեցույցը պետք է օգտագործվի Օրենքի և այլ հարակից օրենքների հետ միասնության մեջ։

Ուղեցույցն անդրադարձել է ինչպես Օրենքի հիմքում ընկած հայեցակարգային գաղափարներին, այնպես էլ դրա բոլոր գլուխներին, դրանցով կարգավորվող նոր ինստիտուտներին, ինչպես նաև հատուկ կարևորություն ունեցող առանձին հոդվածներին կամ դրանց կոնկրետ դրույթներին։ Այդ պատճառով ուղեցույցի բաղադրիչներն աչքի են ընկնում ուժեղ ներքին կապերով։ Ուղեցույցը բաղկացած է հետևյալ կառուցվածքային մասերից

-        հապավումների և կրճատումների ցանկ.

-        ներածություն, որտեղ պարզաբանված են ուղեցույցի նպատակը, հասցեատերերի շրջանակը, կառուցվածքի տրամաբանությունը, ինչպես նաև բովանդակության շարադրման սկզբունքները և մեթոդները

-        սեղմագիր՝ Օրենքի առկա հայեցակարգային գաղափարների, նորարարական մոտեցումների և առանցքային ինստիտուտների ամփոփ նկարագիր, որտեղ բացահայտված են օրենքի փիլիսոփայությունը, այն կառուցակարգերն ու լուծումները, որոնք ընկած են բոլոր կարգավորումների կամ դրանց մեծամասնության հիմքում

-        Օրենքի կառուցվածքին համապատասխան՝ դրա մասերի, բաժինների և գլուխների հաջորդական ներկայացում, ուր տրված են որոշակի պարզաբանումներ և մեկնաբանություններ։     

Ուղեցույցի բովանդակությունը շարադրվել է երկու հիմնական սկզբունքների՝ հայեցակարգային մոտեցումների ներկայացման և Օրենքի բոլոր գլուխների առանձին-առանձին վերլուծության համակցված կիրառմամբ։ Ուղեցույցը տեղեկատվություն է տրամադրում Օրենքի յուրաքանչյուր կառուցվածքային միավորի կարգավորման առարկայի, էության և նպատակի վերաբերյալ, բացահայտում է հիմնական նորամուծությունները (այդ թվում՝ վերաբերելի մասով դրանց տարբերությունները ԴԱՀԿ մասին օրենքի կարգավորումներից), անհրաժեշտության դեպքում ցույց է տալիս կապն օրենքի այլ ինստիտուտների կամ դրույթների հետ:

Այդ նպատակով օգտագործվել են համադրման և վերլուծության մեթոդները, համեմատություններ են անցկացվել նախկին օրենքի վերաբերելի դրույթների, դատական պրակտիկայում արտահայտված իրավական դիրքորոշումների հետ, որոնցով հիմնավորվել են նաև նոր իրավակարգավորումների անհրաժեշտությունը և դրական դրսևորումները։

Ուղեցույցը պատրաստվել է ավելի քան երկու տարվա ընթացքում Օրենքի նախագծի մշակումն իրականացրած աշխատանքային խմբի անդամների կողմից։ Ուղեցույցի հեղինակներն առավել քան լավատեղյակ են Օրենքի մշակման ողջ ընթացքին, դրա հիմքում ընկած հայեցակարգային մոտեցումներին և առանցքային նորամուծություններին, օրենքի նախագխծի տարբեր խմբագրություններում կատարված փոփոխությունների հիմնավորումներին և պատճառներին, օրենքում ամրագրում ստացած հիմնարար կարգավորումների էությանը, դրանց նպատակային նշանակությանը, նոր ինստիտուտների և հիմնական դրույթների ծագումնաբանությանը, ինչպես նաև օրենքի նախագծի էվոլյուցիոն զարգացման նախապատմությանը և փուլերին։ Հեղինակները հուսով են, որ ուղեցույցն օգտակար կլինի իրավակիրառողների և այլ մասնագետների համար, և բարեփոխված օրենսդրության հետ միասին կծառայի իր նպատակին։


ՍԵՂՄԱԳԻՐ

2024 թվականի ապրիլի 11-ին ընդունված «Կատարողական վարույթի մասին» օրենքը՝ որպես այս վարույթը կարգավորող հիմնական օրենսդրական ակտ, փոխարինում է 1998 թվականի մայիսի 5-ին ընդունված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքին։ Հայաստանի իրավական համակարգում ձևավորված կարգավորումներին և իրավաընկալմանը համապատասխան՝ կատարողական վարույթը սահմանվում է որպես վարչական վարույթի տեսակ, որը, սակայն, պարունակում է էական առանձնահատկություններ ընդհանուր վարչական վարույթի նկատմամբ՝ պայմանավորված նրա նպատակով և մրցակցային բնույթով։ Կատարողական վարույթը՝ որպես համալիր իրավական ինստիտուտ, սերտ համակարգային կապեր ունի ոչ միայն վարչական վարույթի, այլ նաև առաջին հերթին՝ քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական ու վարչական դատավարության, բայց նաև իրավունքի այլ ճյուղերի հետ։ Ըստ այդմ, կատարողական վարույթը կանոնակարգող օրենքը պետք է արտացոլի այդ համակարգային կապերը։ Բացի այդ, կատարողական վարույթն ունի կարևոր տնտեսական և սոցիալական ազդեցություն, և անհրաժեշտ իրավական կարգավորումներն ի զորու են այդ ազդեցությունն ուղղելու հանրության բարօրության օգտին։

«Կատարողական վարույթի մասին» օրենքը մշակվել է վերը նշված հանգամանքների համակողմանի հետազոտման ու հաշվառման հիման վրա։ Այն համալիր օրենսդրական ակտ է, որը կոչված է ապահովելու պարտավորությունների հարկադիր կատարման հարաբերությունների արդյունավետ կարգավորումն առաջիկա տասնամյակների ընթացքում։ Միաժամանակ, Օրենքն իր տրամաբանական կառուցվածքով և հասկացութային ապարատով մշակված է այնպես, որ փոփոխվող հասարակական հարաբերությունների պայմաններում ունենա բավարար ճկունություն՝ հնարավորություն թողնելով ինչպես նոր մեկնաբանությունների, այնպես էլ կետային օրենսդրական փոփոխություններով նոր ինստիտուտներ ընդգրկելու համար։

Սույն սեղմագրում հակիրճ կներկայացնենք Օրենքի կառուցվածքի տրամաբանությունը և դրա հիմնական հայեցակարգային մոտեցումները։

Օրենքը բաղկացած է հետևյալ հինգ բաժիններից.

-           Առաջին բաժին` Ընդհանուր դրույթներ։ Սահմանվում են Օրենքի գործողության ոլորտը, կատարողական վարույթի իրավաբանական բնույթը, հարկադիր կատարման ենթակա ակտերի շրջանակը, վարույթի սուբյեկտները, նրանց միջև հաղորդակցության կարգը, ապացուցման կանոնները,  կատարողական վճարների չափերն ու դրանց գանձման կարգը։

-         Երկրորդ բաժին՝ Կատարողական վարույթի ընդհանուր կանոնները։ Այստեղ ներառվում են կատարողական վարույթի ընթացակարգի այն կանոնները, որոնք ընդհանուր են բոլոր տեսակի պահանջներով վարույթների համար, այն է՝ վարույթի հարուցման հիմքերն ու պայմանները, հարկադիր կատարման միջոցների շրջանակն ու դրանց կիրառման ընդհանուր կանոնները, վարույթի ընթացիկ փուլին վերաբերող կարգավորումներ, վարույթի կասեցման, ավարտի և կարճման հիմքերը, կարգն ու հետևանքները։

-         Երրորդ բաժին՝ Կատարողական վարույթի հատուկ կանոնները։ Այս բաժնում արդեն կենտրոնացվել են վարույթի և ընթացակարգին և հարկադիր կատարման միջոցների կիրառմանը վերաբերող կանոնները՝ կախված կատարման ենթակա պահանջներից. երեք ենթաբաժինները համապատասխանաբար կարգավորում են դրամական և ոչ դրամական պահանջների հարկադիր կատարումը, ապահովման վարույթի իրականացումը։ Ենթաբաժիններն իրենց ներսում ևս ունեն ընդհանուր և հատուկ կանոններ՝ կախված վարույթում ներառված սուբյեկտների կարգավիճակից, բռնագանձման ենթակա գույքի տեսակից, կատարման ենթակա ոչ դրամական պահանջի բնույթից և այլն։

-         Չորրոդ բաժին՝ Պատասխանատվությունը և իրավունքների պաշտպանությունը։ Այս բաժինը պարունակում է ինստիտուտ-երաշխիքներ, որոնք կոչված են ապահովելու մինչ այդ եղած կարգավորումների պատշաճ կիրառումը։ Մասնավորապես, սահմանվում են հարկադիր կատարողի լիազորությունները՝ իրավախախտ անձանց վարչական և քրեական պատասխանատվություն նախաձեռնելու ուղղությամբ, նախատեսվում են կատարողական վարույթի հետ կապված դրա մասնակիցների և այլ շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանության ընթացակարգեր։ Այս բաժնում է ներառված նաև ոչ դրամական պահանջների կատարման կետանցի համար դատական տուժանքի՝ աստրենտի ինստիտուտը, որը ևս առաջին հերթին կոչված է ապահովելու ոչ դրամական պահանջների պատշաճ կատարումը։

-         Հինգերորդ բաժին՝ Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ։ Սահմանվում են ԴԱՀԿ մասին օրենքի կիրառումից Օրենքի կիրառմանն անցումը սահուն ապահովող և այդ ընթացքում վարույթի մասնակիցների օրինական շահերը երաշխավորող կանոններ։

Օրենքի հիմնական հայեցակարգային մոտեցումները հանգում են հետևյալին.

Ա Կատարողական վարույթի՝ որպես վարչական վարույթի հատուկ տեսակի էությունից բխող կանոնների սահմանում

ՎՀՎՎ մասին օրենքն ընդունվել է ԴԱՀԿ մասին օրենքի ընդունումից հետո՝ 2004 թվականին, և, հանդիսանալով բոլոր վարչական վարույթների համար ընդհանուր օրենք, «ծածկել է» նաև ԴԱՀԿ մասին օրենքով և այլ օրենքներով կատարողական վարույթում չկարգավորված հարցերը։ Նման իրավիճակը կատարողական վարույթում կիրառելի էր դարձրել որոշ այնպիսի կանոններ, որոնք համարժեք չեն կատարողական վարույթի առանձնահատկությանը և նպատակներին։ Իսկ կատարողական վարույթի սկզբունքային առանձնահատկությունն ընդհանուր վարչական վարույթի նկատմամբ այն է, որ կատարողական վարույթին, որպես կանոն, մասնակցում է վարչարարության ոչ թե մեկ, այլ երկու հասցեատեր, որոնք, ընդ որում, ունեն հակադիր նյութաիրավական շահեր։ Շահերի այս հակադրությունը կատարողական վարույթ է ներմուծում վարչարարության հասցեատերերի միջև մրցակցության տարրեր, որոնք բնորոշ չեն, օրինակ, վարչական պատասխանատվության ենթարկելու, հարկային կամ տեսչական ստուգման, լիցենզավորման և նման այլ վարչական վարույթների։

Կատարողական վարույթի առանձնահատկությամբ պայմանավորված՝ Օրենքում սահմանվել են՝ ա) ապացուցման հատուկ կանոններ (գլուխ 3), բ) կատարողական վարույթի և առանձին որոշումների ընդունման հատուկ ժամկետներ (50-րդ հոդվածի 1-ին մաս, 54-րդ հոդված), գ) միջամտող վարչական ընդունելուց առաջ հացեատիրոջը միայն Օրենքով նախատեսված դեպքերում լսելու մասին կանոն (50-րդ հոդվածի 2-րդ մաս)։

Բ. Հարկադիր կատարման միջոցների ընդլայնում և հարկադիր կատարման արդյունավետության բարձրացում

          Օրենքի 7-րդ գլխով սահմանվել են հարկադիր կատարման միջոցները և դրանց կիրառման ընդհանուր պայմանները։ Ձգտելով հարկադիր կատարման արդյունավետության բարձրացման՝ օրենսդիրը, միաժամանակ, չի գնացել որոշ իրավակարգերում ընդունված անուղղակի հարկադիր կատարման միջոցներ սահմանելու ճանապարահով, որոնց էությունը պարտավորության հետ չկապված՝ պարտապանի որոշ իրավունքներ սահմանափակելն է՝ նրան պարտավորության կատարմանը հակելու նպատակով (ինչպես, օրինակ, երկրի տարածքից ելքի իրավունքի, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի, այլ հատուկ իրավունքների սահմանափակում՝ քանի դեռ պարտապանը չի կատարել դրամական պարտավորությունը)։ Նման անուղղակի միջոցների ներդրումը հիմնավորված չի համարվել, քանի որ դրանք չեն բխում հարկադիր կատարման ենթակա պարտավորության էությունից և կարող են նաև Սահմանադրության հետ հակասություն առաջացնել։

          Ի լրումն ԴԱՀԿ մասին օրենքում սահմանված հարկադիր կատարման միջոցների՝ Օրենքում ներդրվել են այնպիսի հարկադիր կատարման միջոցներ, որոնք կամ ամբողջովին նոր են, կամ նախկինում կիրառվել են առանձին իրավիճակների նկատմամբ՝ չունենալով ընդհանուր օրենսդրական ձևակերպում՝ որպես հարկադիր կատարման միջոց։ Այդպիսիք են՝

-         պարտավորությունը պարտապանի փոխարեն կատարելը, այդ թվում՝ հարկադիր կատարողի կողմից որպես պարտապանի ներկայացուցիչ հանդես գալը, եթե պարտավորությունից չի բխում, որ այն կարող է կատարվել միայն պարտապանի անձնական մասնակցությամբ։

-         պարտապանին կամ այլ անձանց արգելված գործողությունների կատարումը կանխող կամ արձանագրող միջոցները։

-         ֆիզիկական հարկադրանքը։

          Ընդ որում, վերը նշված միջոցներն իրենց առանձին դրսևորումներով կարող են կիրառվել ինչպես ոչ դրամական, այնպես էլ դրամական պահանջների հարկադիր կատարման ընթացքում։

Հարկ է նշել, որ հարկադիր կատարման որոշակի, արդյունավետ և համաչափ միջոցների կիրառման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն այս կարգավորումների մասով ՄԻԵԴ-ի կողմից արձանագրված չափանիշներին համապատասխանեցնելու հրամայականով, ինչպես նաև  Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության խումբ գործերով ՄԻԵԴ-ի վճիռների ամբողջական կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

          Օրենքի նույն գլխում հստակեցվել են նաև անձի, գույքի և փաստաթղթերի հետախուզման նպատակները, դրանց կիրառման շրջանակներն ու կարգը։ Որպես ընդհանուր սկզբունք՝ անձի հետախուզում կարող է իրականացվել միայն այն դեպքերում, երբ վարույթով անհրաժեշտ է նրա անձնական մասնակցությունը, իսկ հետախուզման նպատակը միայն անձին այդ մասին տեղեկացնող փաստաթղթեր հանձնելն է։ Այս համատեքստում ներդրվել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող պարտապանի ելքի արգելքի հնարավորություն, որը, սակայն, իրենից չի ներկայացնում վերևում քննադատված անուղղակի հարկադիր կատարման միջոց, այլ միայն հետախուզվող պարտապանի ներկայությունն ապահովելու և նրան ուղղված փաստաթղթերը հանձնելու նպատակ ունի։ Ըստ այդմ, և՛ հետախուզումը, և՛ ելքի արգելքը ենթակա են անհապաղ վերացման, երբ հետախուզվող անձը ներկայանում է և ստանում է իրեն ուղղված ծանուցումները, որոշումները և այլ փաստաթղթերը։

Գ. Կատարողական ծախսերի հատուցման (կատարողական վճարների գանձման) մոտիվացիոն տրամաբանության ներդրում

ԴԱՀԿ մասին օրենքի համաձայն՝ կատարողական գործողությունների կատարման ծախսերը հատուցվում են՝ ելնելով բռնագանձվող գումարի կամ գույքի արժեքի չափից: Այնինչ, նման կառուցակարգի պայմաններում գերակայում  են այնպիսի իրավիճակները, երբ հատուցման ենթակա կատարողական ծախսն ակնհայտորեն գերազանցում է հարկադիր կատարողի կատարած գործողությունների ծավալը և բարդությունը, և հակառակը՝ կատարված մեծածավալ աշխատանքի դիմաց հատուցվում է կատարողական ծախս ակնհայտորեն նվազ գումար՝ ելնելով բռնագանձվող գումարից:

Օրենքի 5-րդ գլխով ներդրվել է կատարողական վճարների միջոցով ծախսերի հատուցման այնպիսի համակարգ, ըստ որի՝ գանձվող վճարների չափը ցածր է վարույթի վաղ փուլերում պարտավորության կատարման դեպքում, և առավել բարձր՝ ավելի ուշ փուլերում կատարման դեպքում։ Կատարողական ծախսերի հատուցման չափերի նման տարբերակումը թույլ կտա այս ինստիտուտը նորովի իմաստավորել և ծառայեցնել որպես մի կողմից պարտապանի պատշաճ վարքագիծը, պարտավորության ինքնուրույն կատարումը մոտիվացնող, մյուս կողմից՝ հարկադիր կատարողի արդյունավետ աշխատանքը խթանող արդյունավետ գործիք։

Դ. Կատարողական վարույթի ընդհանուր ընթացակարգային կանոնների բարեփոխում

        Օրենքի աչքի ընկնող նորամուծություններից է կատարողական թերթի ինստիտուտի վերացումը։ Էլեկտրոնային համակարգերի և հաղորդակցության արդի պայմաններում կատարողական թերթը կորցրել էր իր երբեմնի նշանակությունը, և տեխնիկական անհրաժեշտ լուծումների կիրառմամբ կարող էր հեշտությամբ փոխարինվել դատարանների և Ծառայության միջև անհրաժեշտ տեղեկությունների արագ փոխանակմամբ։ Հենց նման կարգավորում է ներդրվել Օրենքով, իսկ կատարողական վարույթի հարուցման հիմք է սահմանվել հարկադիր կատարման դիմումը։ Որպես կանոն՝ հարկադիր կատարման դիմում ներկայացնում է պահանջատերը, բայց Օրենքով նախատեսվել են դեպքեր, երբ նման դիմում կարող է ներկայացնել նաև կատարման ենթակա ակտը կայացրած կամ դրա կատարման թույլտվություն տված իրավասու մարմինը, ինչպես, օրինակ՝ դատարանը՝ ազգային և օտարերկրյա արբիտրաժային տրիբունալների վճիռները, օտարերկրյա դատարանների ակտերը կատարման թույլատրելիս, նոտարը՝ կատարման ենթակա նոտարական ակտերի մասով, մշտապես գործող արբիտրաժային հաստատությունը՝ օրենքով նախատեսված այն դեպքերում, երբ արբիտրաժային տրիբունալի վճիռը կարող է հարկադիր կատարման ներկայացվել առանց դատական սանկցավորման։

          Օրենքով նախատեսված միակ դեպքը, երբ կատարողական վարույթ է հարուցվում առանց հարկադիր կատարման դիմումի, հենց հարկադիր կատարողի որոշումների կատարման վարույթն է (ածանցյալ կատարողական վարույթ)։ Սա ևս Օրենքի կարևոր նորամուծություններից է։ Այս կապակցությամբ նախ պետք է նշել, որ հարկադիր կատարման ենթակա ակտերի ցանկը լրացվել է հենց հարկադիր կատարողի որոշումներով։ Այնուհետև, սահմանվել է նման որոշումների կատարման ընթացակարգը՝ տարբերակելով այն դեպքերը, երբ հարկադիր կատարողն իր որոշմամբ պարտականություններ է սահմանում վարույթի մասնակցի համար (օրինակ՝ կատարողական վճարների բռնագանձման վերաբերյալ) և այն դեպքերը, երբ նման որոշում է կայացվում վարույթին չմասնակցող անձի նկատմամբ (օրինակ՝ պարտապանի գործատուից բռնագանձվում է այն գումարը, որը վերջինս պետք է պահեր պարտապանի աշխատավարձից, սակայն չի պահել)։

          Օրենքով նաև համակարգվել և հստակեցվել են կատարողական վարույթի կասեցման, ավարտման և կարճման հիմքերը, հետևանքները և կարգը։

          Կատարողական վարույթի ընթացակարգի հարցում կարևոր նշանակություն ունի նաև վարույթի սուբյեկտային կազմի սահմանումը՝ դրանում ներգրավելով այն բոլոր անձանց, որոնք իրավաչափ շահ ունեն վարույթի ընթացքում, ինչպես նաև այն անձանց, որոնց ներգրավումը կարող է նպաստել պահանջի արդյունավետ կատարմանը։ Մասնավորապես, Օրենքով առաջին անգամ սահմանվել են կատարողական վարույթում երրորդ անձանց, պարտապանի կոնտրագենտների և իրավասու մարմինների կարգավիճակները։

Ե. Պարտապանի գույքի և եկամուտների կազմը պարզելու, դրան հասանելիություն ստանալու և գույքի վրա բռնագանձում տարածելու գործիքակազմի ընդլայնում

Ի լրումն պարտապանի գույքի կազմը պարզելու երեք հիմնական միջոցների (հարցումներ, գույքագրում, պարտապանի կողմից հայտարարագրում)՝ Օրենքով ներդրվել են պարտապանի գույքին հարկադիր կատարողի հասանելիությունն ապահովող կանոններ։ Մասնավորապես, սահմանվել է պարտապանի՝ գույքի հասանելիությունն ապահովելու ընդհանուր պարտականությունը (հոդված 69), որի խախտման համար նա կրում է նույն վարչական և քրեական պատասխանատվությունը, որը նախատեսված է հայտարարագիր չներկայացնելու համար։ Համանման պարտականություններ են սահմանվել նաև պարտապանի գույքը տիրապետող երրորդ անձանց, նրան եկամուտներ վճարող անձանց համար։

Դրամական պահանջների հարկադիր կատարման արդյունավետությունը պայմանավորող կարևորագույն գործոններից է գույքի առանձին տեսակների վրա բռնագանձում տարածելու հատուկ կանոնների սահմանումը, որոնք պետք է հաշվի առնեն գույքի տվյալ տեսակի քաղաքացիաիրավական ռեժիմը, ներառյալ՝ տվյալ գույքին կամ գույքային իրավունքին առնչվող այլ անձանց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Այս առումով ԴԱՀԿ մասին օրենքը  պարունակում էր էական բացեր, չհամակարգված և անարդյունավետ կարգավորումներ, որոնց փոխարեն Օրենքով սահմանվել են կենտրոնացված և արդյունավետ կանոններ։ Մասնավորապես՝

-           Օրենքով սահմանվել են իրավական հիմքեր, որոնցով հարկադիր կատարողին բռնագանձման համար գործնականում հասանելի կդառնան այն դրամական միջոցները, որոնք` ա) առկա են վճարահաշվարկային կազմակերպություններում պարտապանի անձնական հաշվին (էլեկտրոնային դրամապանակում). բ) առկա են առևտրի, ծառայությունների մատուցման, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի (այդ թվում՝ տոտալիզատորի) և այլ էլեկտրոնային հարթակներում պարտապանի անձնական հաշիվներում։ Այս գործիքների կիրառումը կարող է կանխել պարտապանի այլ գույքի վրա բռնագանձում տարածելը՝ ապահովելով շատ ավելի արագ և արդյունավետ հարկադիր կատարում։

-           Նախկին օրենսդրության պայմաններում անարդյունավետ էր ընդհանուր սեփականության ներքո գտնվող անշարժ գույքում պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ նախկին օրենսդրությունն ու իրավակիրառ պրակտիկան։ Մասնավորապես, նման գույքի առկայության դեպքում հարկադիր կատարողն առաջարկում էր պահանջատիրոջը ՔՕ 200-րդ հոդվածով նախատեսված լրացուցիչ հայց ներկայացնել պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով իրացնելու պահանջով։ Այս կարգն անարդյունավետ էր այն պատճառով, որ պահանջատիրոջից պահանջում էր լրացուցիչ ռեսուրսներ և տևական ժամանակ՝ ևս մեկ դատական գործընթաց անցնելու համար։ Սա նաև նաև իրավական առումով խնդրահարույց էր, քանի որ մեկից ավելի պահանջատերերի դեպքում համանման հայց ներկայացնելու դեպքում առաջանում է տարբեր փուլերում գտնվող դատական վարույթների միավորման կարիք, իսկ վատագույն դեպքում՝ միևնույն գույքի վերաբերյալ տարբեր վճիռների հակասության կամ անհամադրելիության ռիսկ։ Օրենքով լուծվել են նաև այս հարցերը. ընդհանուր գույքում պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու ընթացակարգն ամբողջովին կենտրոնացվել է կատարողական վարույթում՝ իհարկե ներառելով նաև համասեփականատերերի իրավունքների պաշտպանություն և նրանց կողմից պարտապանի բաժինը գնելու նախապատվության իրավունքի իրացման հնարավորություն։

-           Նախկին օրենսդրությունում անարդյունավետ և չհամակարգված էին առևտրային կազմակերպություններում պարտապանի մասնակցության հետ կապված իրավունքների վրա բռնագանձում տարածելու կարգավորումները։ Այստեղ, որպես կանոն, գործ ունենք տվյալ կազմակերպության այլ մասնակիցների և հենց այդ կազմակերպության նախապատվության իրավունքի, իրավաբանական անձի գործունեության պաշտպանության օրինական շահերի համադրման հետ։ Անհրաժեշտ կարգավորումների բացակայությունը, ինչպես նաև կատարողական վարույթի կանոնների հետ չհամադրված կանոնները (օրինակ՝ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի 20-րդ հոդված) գործնականում էապես դժվարացնում էին բաժնեմասերի, բաժնետոմսերի վրա կատարողական վարույթի շրջանակներում բռնագանձում տարածելը, ինչը պահանջատիրոջը կրկին ստիպում էր նախաձեռնել նոր դատական գործընթացներ՝ գույքի այդ տեսակների վրա բռնագանձում տարածելն ապահովելու համար։ Այս հարցերը ևս համակարգված կարգավորում են գտել Օրենքում։ Ընդ որում, ներդրված ընթացակարգերը, մի կողմից, ապահովում են գույքի այս տեսակների վրա արդյունավետ բռնագանձում տարածելու հնարավորություն, մյուս կողմից՝ ապահովում են շահագրգիռ այլ անձանց իրավունքները։ Մասնավորապես, նկատի ունենալով, որ այստեղ գործ ունենք ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի, դրա այլ մասնակիցների շահերի հետ՝ գույքի այս տեսակների վրա բռնագանձումը տարածվում է առավել ուշ հերթերում։ Բացի դրանից, Օրենքով սահմանվել են գնման նախապատվության իրավունքների իրացման ընթացակարգեր։

-           Կանոնակարգվել և կատարելագործվել են նաև պայմանագրային ֆոնդի փայի, այլ անձանց գրավի իրավունքով ծանրաբեռնված գույքի, պարտապանի գույքային իրավունքների (այդ թվում՝ այլ անձանց գույքի նկատմամբ իրավունքների և այլ անձանց նկատմամբ պահանջի իրավունքների) վրա բռնագանձում տարածելու կանոնները՝ հաշվի առնելով, որ նախկին կարգավորումները հստակ հնարավորություն չէին տալիս հաշվի առնելու գույքի տվյալ տեսակների քաղաքացիաիրավական ռեժիմը և առնչվող այլ անձանց իրավունքները։ Գործնական կարևոր ազդեցություն ունեցող բարեփոխումներից է պարտապանի գույքի գրավառուի և գրավով չապահովված պահանջատիրոջ շահերի արդարացի հավասարակշռության սահմանումը՝ այն հաշվով, որ գրավառուն հնարավորություն չունենա իր իրավունքների չարաշահմամբ արգելափակելու  գրավով ապահովված պահանջի կատարումից հետո գրավի առարկայի արժեքի հաշվին այլ պարտատերերի պահանջների բավարարումը։ 

Զ Կատարողական վարույթի կողմերի դիսպոզիտիվ (տնօրինչական) հնարավորությունների ընդլայնում

Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու շրջանակում կիրառվող արգելանքի պարտադիր տարրը գույքի տնօրինման արգելքն է։ Այդուհանդերձ, հնարավոր են իրավիճակներ, երբ և՛ պարտապանի, և՛ պահանջատիրոջ, և՛ այլ անձանց օրինական շահերի տեսանկյունից արդարացված է թույլատրել արգելադրված գույքի տնօրինումը, ինչը պահանջում է օրենքով նման հնարավորության ամրագրում։ Մասնավորապես, այդպիսի անհրաժեշտություն կարող է ծագել, երբ՝

-           պարտապանը պատրաստ է մինչև գույքի հարկադիր իրացումը շուկայական գնով ինքնուրույն վաճառել արգելադրված գույքը՝ վաճառքի գումարը պարտավորության կատարմանն ուղղելու պայմանով.

-           արգելադրված գույքի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ, և Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ձեռքբերողը գույքի օտարման գումարի հաշվին մարվում է հարկադիր կատարման ենթակա պարտավորությունը.

-           պարտապանը պատրաստ է մինչև արգելադրված գույքի հարկադիր իրացումը այն վարձակալության հանձնել՝ պայմանով, որ դա չի նվազեցնի գույքի շուկայական արժեքը, իսկ վարձավճարը կուղղվի պարտավորության կատարմանը։

Վերը նշված հնարավորությունները նախատեսվել են Օրենքով՝ ապահովելով պահանջի կատարման ավելի բարձր արդյունավետություն և խրախուսելով պարտապանի ակտիվ բարեխիղճ վարքագիծը։

Օրենքով սահմանվել է նաև կողմերի համաձայնությամբ կատարման հետաձգման, տարաժամկետման, կատարման կարգ կամ եղանակ սահմանելու կամ դրանք փոփոխելու հնարավորություն. նախկին օրենսդրությամբ դա հնարավոր էր միայն դատական կարգով՝ անգամ կողմերի համաձայնության դեպքում։

Հարկ է հիշատակել նաև պարտապանի գույքի հարկադիր աճուրդին պահանջատիրոջ մասնակցության հնարավորության ընդլայնումը։ Այս կարգավորմամբ սահմանվում է պահանջատիրոջ իրավունքը՝ մասնակցելու աճուրդին, միաժամանակ նրան իրավունք է վերապահվում որոշակի դեպքերում վճարելու ոչ միայն դրամով, այլ նաև իր պահանջի հաշվանցով։

Է Ձեռնարկատիրական գործունեության պաշտպանություն

ԴԱՀԿ մասին օրենքն ուներ էական թերություն պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գույքի վրա բռնագանձում տարածելու կարգավորման հետ կապված։ Հստակ որոշված չէր, թե անհատ ձեռնարկատեր պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելիս հերթականության որ կանոններն են կիրառվում՝ ֆիզիկական անձ պարտապանի համար նախատեսված կանոնները, թե իրավաբանական անձի համար նախատեսված կանոնները։ Նկատի ունենալով, որ անհատ ձեռնարկատիրոջ գույքային զանգվածը կազմված է ինչպես անձնական և ընտանեկան, այնպես էլ ձեռնարկատիրական նպատակներով օգտագործվող գույքից, խնդրահարույց իրավիճակի կարող է հանգեցնել անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ ինչպես ֆիզիկական անձ պարտապանի, այնպես էլ իրավաբանական անձ պարտապանի համար նախատեսված բռնագանձման հերթականության կանոնների կիրառումը։ Այս խնդրի լուծումը տրվել է Օրենքով պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գույքի վրա բռնագանձում տարածելու առանձին հերթականության սահմանմամբ. դրանում համադրվել են անհատ ձեռնարկատիրոջ ինչպես գործարարական, այնպես էլ անձնական ընտանեկան իրավաչափ շահերի պաշտպանության նպատակները։

Բաժնետոմսերի, բաժնեմասերի, փայերի վրա բռնագանձում տարածելիս Օրենքը, համապատասխան իրավաբանական անձի իրավաչափ շահերը հաշվի առնելով, չի նախատեսել իրավաբանական անձի կառավարմանը մասնակցելու՝ պարտապանի իրավունքների սահմանափակում. նա կարող է ազատորեն մասնակցել բաժնետերերի/մասնակիցների ժողովներին, քվեարկել օրակարգի հարցերով, այդ թվում՝ իրավաբանական անձին պատկանող գույքի տնօրինման կապակցությամբ։ Ըստ այդմ, անգամ անուղղակիորեն չեն սահմանափակվում իրավաբանական անձի իրավունքները՝ տնօրինելու իր գույքը։

Նորույթ էշրջանառության մեջ գտնվող ապրանքների արգելանքը՝ որպես արգելանքի տեսակ։ Օրենքում այն ներդրվել է շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավի (ՔՕ հոդված 259) անալոգիայով։ Արգելանքի այս տեսակը սահմանվում է հետևյալ կերպ. պարտապան իրավաբանական անձին և անհատ ձեռնարկատիրոջը պատկանող շրջանառության մեջ գտնվող ապրանքների (ապրանքային պաշարների, հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների, պատրաստի արտադրանքի և այլն) վրա արգելանք կիրառելիս հարկադիր կատարողը կարող է պարտապանին թույլատրել փոխել արգելադրված գույքի կազմը և բնական ձևը՝ պայմանով, որ դրա ընդհանուր արժեքը չնվազի: Սա ևս ձեռնարկատիրական գործունեության պաշտպանությանն ուղղված նորմ է, որը պարտապան ձեռնարկատիրոջը հնարավորություն է տալիս անխափան շարունակել ապրանքների շրջանառությունը՝ ապահովելով միայն, որ մշտապես առկա լինի տվյալ ապրանքների որոշակի արժեքով մնացորդ։

Ը. Հարկադիր աճուրդի վիճարկման նոր կանոնները. բարեխիղճ գնորդի իրավական պաշտպանությունը

Դրամական պահանջներով կատարողական վարույթի արդյունավետության վրա հանգուցային ազդեցություն ունի արգելադրված գույքի արդյունավետ հարկադիր իրացումը. որքան արագ և բարձր գնով իրացվի արգելադրված գույքը, այնքան արագ և մեծ ծավալով կբավարարվի պահանջատիրոջ պահանջը։ Ընդ որում, պարզ է, որ արգելադրված գույքի իրացման բարձր գինը բխում է նաև պարտապանի շահերից։ Այնուամենայնիվ, Հայաստանում կատարողական վարույթի ձևավորված պրակտիկայում արգելադրված գույքը սովորաբար վաճառվում է մի քանի կրկնաճուրդից հետո և շուկայականից զգալիորեն ցածր գնով։ Սրա պատճառն այն է, որ կատարողական վարույթում անցկացվող աճուրդը գնորդի համար գրավիչ չէ՝ համեմատած շուկայում գույք ձեռք բերելու հետ։ Ցածր գրավչության պատճառն իր հերթին հարկադիր իրացվող գույքը գնելու հետ կապված իրավական և ոչ իրավական ռիսկերն են։

Իրավական ռիսկերը հանգում են նրան, որ նախկին օրենսդրությունն աճուրդի անվավերության բացասական հետևանքները փաստացի ամբողջովին դնում էր գնորդի վրա՝ անկախ վերջինիս բարեխղճությունից («Հրապարակային սակարկությունների մասին» օրենք, հոդված 35.3, 3-րդ մաս)։

Ըստ այդմ, Օրենքով կատարված բարեփոխումները սահմանում և զարգացնում են բարեխիղճ գնորդին պաշտպանելու տրամաբանությունը՝ որպես ընդհանուր կանոն բացառելով ձեռք բերված գույքը նրանից հետ պահանջելու հնարավորությունը, իսկ ոչ իրավաչափ աճուրդով պատճառված վնասը (առկայության դեպքում) հատուցելով վարչարարությամբ պատճառված վնասների հատուցման գործող տրամաբանությամբ։

Այնուամենայնիվ, այստեղ ևս սահմանվել են բացառիկ դեպքեր, երբ իրավունքը խախտված սեփականատիրոջ շահը պետք է գերակայի աճուրդով գույք ձեռք բերած բարեխիղճ գնորդի շահի նկատմամբ (ինչպես, օրինակ, վինդիկացիոն հայցի պարագայում է):

Թ Ոչ դրամական պահանջների կատարման արդյունավետության բարձրացում. Աստրենտ (տուժանք ոչ դրամական պահանջի կատարման կետանցի համար)

Ոչ դրամական պահանջները հարկադիր կատարման տեսանկյունից կարելի է բաժանել երկու խմբի՝ ա) պահանջներ, որոնք հնարավոր է կատարել հարկադիր կատարման միջոցների գործադրմամբ (օրինակ՝ վտարել, պայմանագիր կնքելուն հարկադրել), և բ) պահանջներ, որոնք կա՛մ իրավաբանորեն հնարավոր չէ կատարել հարկադիր կատարման միջոցներով (պարտավորեցնել ներողություն խնդրել, հերքել տեղեկությունները, տրամադրել տեղեկություններ), կա՛մ դրանց հարկադիր կատարումը գործնականում անհամաչափ դժվար է (օրինակ՝ պարտավորեցնել ապամոնտաժել մեծածավալ և տեխնիկապես բարդ կառույցը)։

Նշված երկրորդ խումբ պահանջները կամովին չկատարվելու դեպքում պահանջատիրոջ իրավունքների պաշտպանությունը բախվում է խնդիրների։ Գործող օրենսդրությունը նման պահանջներով դատական ակտերը չկատարելու համար նախատեսում է քրեական պատասխանատվություն (ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 507)։ Այդուհանդերձ, բացառված չեն իրավիճակները, երբ պարտապանը խուսափի դատական ակտի կատարումից անգամ քրեական ոչ խիստ սանկցիաների ենթարկվելու գնով։ Այդ դեպքում պահանջատիրոջը մնում է միայն դատական ակտի չկատարմամբ պատճառված նյութական վնասի հատուցման հնարավորությունը, սակայն քննարկվող պահանջների չկատարման դեպքերի մեծամասնությունում դժվար կամ անհնար է որոշել ոչ միայն նյութական վնասի չափը, այլ նաև ինքնին նման վնասի առկայությունը։

Նման իրավիճակներում պահանջատիրոջ իրավունքների պաշտպանությանն է ուղղված ֆրանսիական իրավունքում ձևավորված և հետագայում եվրոպական մի շարք պետությունների կողմից փոխառված աստրենտի (astreinte) ինստիտուտը: Աստրենտը դատարանի կողմից նշանակվող շարունակական տուժանք է ոչ դրամական պահանջի կատարման կետանցի ժամանակահատվածի համար, որը գանձվում է պարտապանից հօգուտ պահանջատիրոջ։ Ընդ որում, աստրենտը կապված չէ նյութական վնասի հետ, իսկ դրա նպատակը պարտապանին պարտավորության կատարմանը հակելն է։

Աստրենտի ինստիտուտի ներդրումն Օրենքի կարևորագույն նորույթներից է։ Այն կարող է նշանակվել դատարանի կողմից պարտապանի նկատմամբ՝ ոչ դրամական որևէ պահանջ սահմանող դատական ակտի կատարման կետանցի ժամանակահատվածում։ Նման տուժանքը պետք է պարտապանին խթանի ինքնուրույն կատարելու պարտավորությունը։ Միաժամանակ, աստրենտը գանձվում է հօգուտ պահանջատիրոջ, ինչը վերջինիս իրավունքների պաշտպանության կարևոր միջոց է այն պարագայում, երբ պարտապանը խուսափում է պարտավորության կատարումից։

Ժ Ապահովման վարույթի կանոնակարգում

Օրենքի առանձին գլխով կանոնակարգվել է կատարողական վարույթի առանձին տեսակ՝ ապահովման վարույթը, որի շրջանակներում կատարվում են հայցի նախնական ապահովման, հայցի ապահովման, եզրափակիչ դատական ակտի կատարման ապահովման, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումի պահանջի ապահովման, քրեական դատավարության կարգով գույքի արգելադրման մասին դատական ակտերը, պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին վարչական ակտերը։ Այս վարույթի հիմնական առաձնահատկությունները հետևյալն են.

-           նման ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթների ավարտման և կարճման հատուկ կանոններ, քանի որ դրանք, որպես կանոն, կախված են ընթացող դատական կամ վարչական վարույթից.

-           գույքի արգելադրման առավել մեղմ ռեժիմ, քանի որ գործ ունենք դեռևս չլուծված վեճի հետ, որը կարող է շարունակվել տևական ժամանակ՝ այդ ընթացքում սահմանափակելով պարտապանի իրավունքները.

-           նույն պարտապանի գույքի վրա պահանջի ապահովման կարգով դրված արգելանքների և դրամական միջոցների բռնագանձման վարույթով դրված արգելանքների հարաբերակցության կանոններ։


ԳԼՈՒԽ 1
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

         Օրենքի առաջին գլխով սահմանվել են ողջ օրենքի ճիշտ կիրառման առումով հիմնարար նշանակություն ունեցող այնպիսի դրույթներ, ինչպիսիք են կատարողական վարույթի հասկացությունը, դրա իրավաբանական բնույթը, օրենքի կարգավորման առարկան, գործողության ոլորտը և կիրառման շրջանակները, օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները և հարկադիր կատարման ենթակա ակտերի ցանկը։

            Իրավունքի համակարգում կատարողական վարույթի տեղի մասին հիմնահարցը և դրա պատասխանն անկյունաքարային են ինչպես օրենսդրի, այնպես էլ՝ իրավակիրառողի համար։ Այդ հարցի պատասխանից է կախված, թե իրավունքի որ ճյուղի ընդհանուր նորմերը կիրառելի կլինեն կատարողական վարույթի նկատմամբ՝ դատավարական իրավունքի, վարչական իրավունքի, թե այլ։

Ø  Օրինակ. ինչպես ԴԱՀԿ մասին օրենքը, այնպես էլ Օրենքը սահմանում են, որ հարկադիր կատարողի որոշումները կարող են բողոքարկվել վերադասության և դատական կարգով։ Միաժամանակ, երկու օրենքներից ոչ մեկով չեն տրվում հարկադիր կատարողի որոշումների անվավերության հիմքերը։

Ø  Հարց. արդյո՞ք հարկադիր կատարողի որոշումների անվավերության հարցը լուծելիս կիրառելի են ՎՀՎՎ մասին օրենքով սահմանված՝ վարչական ակտի անվավերության հիմքերը։ Այս հարցի պատասխանը դրական կարող է լինել միայն այն դեպքում, եթե կատարողական վարույթը համարվի վարչական վարույթի առանձին տեսակ։ Ցանկացած այլ դասակարգման դեպքում ՎՀՎՎ մասին օրենքի դրույթները կատարողական վարույթում կիրառվել չեն կարող։

Տեսության մեջ կան կատարողական վարույթը թե՛ դատավարական, թե՛ վարչական իրավունքի համակարգին դասելու, ինչպես նաև այս վարույթը որպես իրավունքի ինքնուրույն համալիր ճյուղ առանձնացնելու հիմնավորումներ և դրանց կողմնակիցներ[1]։ Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության իրավունքի համակարգում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի (2004թ) և վարչական դատավարության առաջին օրենսգրքի (2007թ) ընդունումից և դրանց կիրառումից ի վեր՝ կատարողական վարույթն ընկալվում է որպես վարչական վարույթի հատուկ տեսակ, և հենց այդ ընկալմամբ են ձևավորվել կատարողական վարույթի հետ կապված իրավակիրառ և դատական պրակտիկան։ Գործնականում ձևավորված և ամրապնդված այս մոտեցումն ի վերջո օրենսդրական ամրագրում է ստացել Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, որի համաձայն՝ կատարողական վարույթն առանձին տեսակի վարչական վարույթ է, որը ներառում է կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարման հետ կապված հարաբերությունների ամբողջությունը։

            Այսպիսով, վերը նշված օրենսդրական սահմանման ուժով կատարողական վարույթի նկատմամբ կիրառելի են ՎՀՎՎ մասին օրենքի ընդհանուր դրույթները։ Միաժամանակ, նման սահմանումն ընդգծում է կատարողական վարույթի հատուկ բնույթը ընդհանուր վարչական վարույթի նկատմամբ՝ գործի դնելով ՎՀՎՎ մասին օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։ Սա «հատուկ օրենքը վերացնում է ընդհանուրի գործողությունը» (lex specialis derogate legi generali) իրավական սկզբունքի դրսևորումն է. դա տվյալ դեպքում նշանակում է, որ ՎՀՎՎ մասին օրենքի նորմերը կատարողական վարույթում գործում են միայն այնքանով, որքանով տվյալ հարաբերությունը կարգավորված չէ հենց Օրենքով։

            Այստեղ կարող է հարց ծագել, թե կատարողական վարույթն ինչով է յուրահատուկ և ինչով է տարբերվում ընդհանուր վարչական վարույթից։ Առանցքային առանձնահատկությունները հանգում են հետևյալին.

            ա) Ընդհանուր վարչական վարույթում վարչարարությունը, որպես կանոն, ուղղված է մեկ կոնկրետ հարց լուծելուն և դրա վերաբերյալ վարչական ակտ ընդունելուն, օրինակ՝ լիցենզիայի, թույլտվության տրամադրում, վարչական տուգանքի նշանակում և այլն։ Մինչդեռ, կատարողական վարույթի նպատակը հարկադիր կատարման ենթակա ակտի փաստացի կատարումն է, և այդ ընթացքում կարող են ընդունվել մի շարք տարբեր հարցեր լուծող վարչական ակտեր, ինչպես, օրինակ՝ պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին, այդ գույքը հարկադիր իրացնելու մասին, բռնագանձված գումարների բաշխման մասին։

            բ) Ընդհանուր վարչական վարույթում վարչարարության հասցեատերը, որպես կանոն, մեկ անձ է, և վարչական վարույթի արդյունքում կայացվում է վարչական ակտ, որը նրա համար կամ բարենպաստ է (օրինակ՝ հայցվող լիցենզիայի տրամադրում), կամ հակառակը՝ միջամտող է (օրինակ՝ լիցենզիայի տրամադրման մերժում կամ գործող լիցենզիայի դադարեցում)։ Մինչդեռ, կատարողական վարույթում վարչարարության հասցեատերեր են, որպես կանոն, հակադիր նյութաիրավական շահեր ունեցող տարբեր սուբյեկտներ՝ պահանջատեր(եր) և պարտապան(ներ), երբեմն նաև՝ պարտավորության կողմ չհանդիսացող, բայց վարույթի հետ կապված նյութաիրավական շահեր ունեցող երրորդ անձինք[2]։

            Վերջին հանգամանքն անխուսափելիորեն կատարողական վարույթ է ներմուծում առավելապես դատավարությանը բնորոշ մրցակցության տարրեր։ Կատարողական վարույթի մասնակիցների մրցակցությունը կարող է դրսևորվել փաստերի ապացուցման, հարկադիր կատարողի կողմից այս կամ այն որոշման ընդունման կամ գործողության կատարման հետ կապված հակադիր դիրքորոշումներում։ Նյութական հարաբերություններից բխող այս մրցակցությունն իր կարգավորումն է ստացել Օրենքի մի շարք նորմերում։ Մասնավորապես, ՀՀ օրենսդրությունում առաջին անգամ սահմանվել են կատարողական վարույթում ապացուցման հատուկ կանոններ (Օրենքի 3-րդ գլուխ)՝ նկատի ունենալով, որ ապացուցման վերաբերյալ ՎՀՎՎ մասին օրենքի նորմերը մշակված են ընդհանուր վարչական վարույթին բնորոշ՝ վարչական մարմին-վարչարարության հասցեատեր հարաբերությունների ելակետով, և բավականաչափ արդյունավետ չեն կատարողական վարույթում մրցակցող շահերի կարգավորման առումով։

            Կատարողական վարույթի վերը նշված առանձնահատկություններից ելնելով են սահմանվել նաև մի շարք այլ հատուկ կարգավորումներ, որոնց մասին կխոսվի սույն ուղեցույցի հետագա շարադրանքում։

            Իրավունքի համակարգում կատարողական վարույթի տեղի մասին խոսելիս պետք է հիշատակել նաև ՄԻԵԴ-ի ձևավորած կիրառելի նախադեպային իրավունքը։ Վերջինիս համաձայն՝ հարկադիր կատարում պահանջելու՝ պահանջատիրոջ իրավունքը ներառվում է ՄԻԵԿ 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի գործողության ոլորտում[3], ներառյալ այն դեպքերում, երբ պարտավորությունը հաստատված է ոչ թե դատական, այլ օրենքով հարկադիր կատարման ենթակա այլ ակտով[4]։ Այդուհանդերձ, կարևոր է նկատի ունենալ, որ ՄԻԵԿ 6-րդ հոդվածի ներքո պետությունը պարտավոր չէ երաշխավորել մասնավոր անձ պարտապանի դեմ կայացված ակտի փաստացի կատարումը[5], այլ միայն պետք է գործադրի հարկադիր կատարման այնպիսի համակարգ, որն ինչպես նորմատիվ, այնպես էլ գործնական կիրառման առումով արդյունավետ կլինի այդ նպատակին հասնելու համար[6]։ Պարզ ասած՝ պետությունը պատասխանատվություն չի կրում այն դեպքերում, երբ, չնայած արդյունավետորեն գործադրված հարկադիր կատարման անհրաժեշտ միջոցներին, պարտավորությունը հնարավոր չի լինում հարկադրաբար կատարել մասնավոր անձ պարտապանի անվճարունակության կամ կատարման օբյեկտիվ անհնարինության այլ պատճառներով։ Մինչդեռ, եթե պարտապանը հենց պետությունն է, ապա պետական իրավասու մարմիններն ի պաշտոնե պատասխանատու են պարտավորության փաստացի կատարման համար։

            Լինելով կատարողական վարույթը կանոնակարգող հիմնական նորմատիվ իրավական ակտը՝ Օրենքը միաժամանակ ներառում է նաև առանձին դատավարական ընթացակարգերի կարգավորումներ։ Այդպիսիք են՝

-         կատարողական վաղեմության ժամկետը դատարանի կողմից վերականգնելու (Օրենքի 36-րդ հոդված),

-         կատարողական գործողություններ կատարելու նպատակով պարտապանին չպատկանող բնակարանի կամ շինության տարածք մուտք գործելու համար դատարանի թույլտվությունը ստանալու (Օրենքի 46-րդ հոդված),

-         Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող անձի ելքը դատական կարգով սահմանափակելու (Օրենքի 48-րդ հոդված),

-         կատարման ենթակա դատական ակտի պարզաբանման (Օրենքի 53-րդ հոդված),

-         ոչ դրամական պահանջի կատարման եղանակի և (կամ) կարգի սահմանման, փոփոխման հարցերի դատական կարգով լուծման (Օրենքի 55-րդ հոդված),

-         ոչ դրամական պահանջը չկատարելու համար տուժանք (աստրենտ) նշանակելու (Օրենքի 119-րդ հոդված),

-         դատական ակտի կատարման շրջադարձի (Օրենքի 122-րդ հոդված) վերաբերյալ կանոնները։

Օրենքում դատավարական այս ընթացակարգերի կենտրոնացված կարգավորումը նպատակահարմար և արդարացված է համապատասխան նորմերի արդյունավետ կիրառման տեսակետից, քանի որ նշված բոլոր ընթացակարգերն օրգանապես կապված են կատարողական վարույթի հետ և բխում են դրանից։ Ավելին, քննարկվող նորմերը Օրենքից առանձնացնելու պարագայում օրենսդիրը պետք է կրկներ դրանք մի քանի դատավարական օրենսգրքերում, քանի որ նմանատիպ հարաբերություններ կարող են ծագել ինչպես քաղաքացիական, այնպես էլ՝ վարչական, երբեմն նաև՝ քրեական դատավարության կարգով կայացված դատական ակտերի կատարման կապակցությամբ։ Կատարողական վարույթի հետ կապված դատավարական ընթացակարգերի հատուկ կանոնները հենց կատարողական վարույթը կանոնակարգող օրենքում ներառելու մոտեցումը որդեգրվել է դեռևս 1998թ.-ին ԴԱՀԿ մասին օրենքի ընդունմամբ և, իրեն արդարացնելով, շարունակություն է ստացել նաև Օրենքում։ Միաժամանակ, կրկին ընդգծենք, որ Օրենքում նախատեսվում են այս ընթացակարգերի միայն հատուկ կանոնները, իսկ դրանցով չծածկվող ցանկացած դատավարական հարց (ինչպես, օրինակ, դատական ծանուցումները, դատական նիստի անցկացման կարգը, դատական ակտին ներկայացվող պահանջները և այլն), իհարկե, կարգավորվում է համապատասխան դատավարական օրենքի նորմերով. այս տարանջատումն իր հստակ օրենսդրական ամրագրումն է ստացել Օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասում։

            Կատարողական վարույթի նորմերի ճիշտ և միատեսակ կիրառման տեսանկյունից կարևոր են նաև այդ նորմերի գործողության շրջանակները՝ ժամանակային կտրվածքով և ըստ անձանց շրջանակի։ Նշվածներից առաջին հարցը Օրենքում կարգավորվել է իրավունքի ընթացակարգային ճյուղերին բնորոշ սկզբունքով, այն է՝ կատարողական վարույթն իրականացվում է դրա շրջանակներում համապատասխան որոշման ընդունման կամ կատարողական գործողության կատարման պահին գործող օրենքով (Օրենքի 1-ին հոդված, 4-րդ մաս)։ Սա նշանակում է, որ ցանկացած կատարողական գործողություն իրականացնելիս կամ որոշում կայացնելիս հարկադիր կատարողը պետք է ղեկավարվի հենց այդ պահին գործող օրենքով, այլ ոչ թե, օրինակ, վարույթի հարուցման, վերսկսման կամ կատարման ենթակա ակտի կայացման պահին գործած օրենքով։

Ø  Օրինակ. եթե կատարողական վարույթի հարուցումից հետո տեղի են ունեցել օրենսդրական փոփոխություններ, և սահմանվել է կատարողական վարույթի կարճման նոր հիմք, ապա այդ հիմքը կիրառելի է տվյալ կատարողական վարույթում՝ անկախ նրանից, որ վարույթի հարուցման պահին վարույթի կարճման նման հիմք նախատեսված չի եղել։

Նույն կերպ՝ հարկադիր կատարողի գործողությունների կամ որոշումների իրավաչափությունը գնահատելիս վերադաս մարմինը և դատարանը պետք է կիրառեն այդ գործողությունների կատարման և որոշումների ընդունման պահին գործած օրենքը։

Միաժամանակ, կարևոր է հաշվի առնել, որ քննարկվածը միայն ընդհանուր կանոն է, և առանձին դեպքերում իրավական նորմերի ժամանակային գործողության վերաբերյալ հատուկ կանոններ կարող են նախատեսվել օրենքով։ Որպես կանոն՝ նման հատուկ կանոններ սահմանվում են օրենսդրական փոփոխությունների կամ նոր օրենքների անցումային դրույթներով, ինչպիսիք են, օրինակ, հենց Օրենքի 123-րդ հոդվածի մի շարք կանոններ։

            Ինչ վերաբերում է կատարողական վարույթի նորմերի գործողությանն՝ ըստ անձանց շրջանակի, ապա, ընդհանուր առմամբ, օրենքի գործողությունը տարածվում է իրավունքի ցանկացած սուբյեկտի վրա, այդ թվում՝ հանրային իշխանության մարմինների, և այդ թվում՝ օտարեկրյա (Օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մաս)։ Այդ գործողությունը կարող է սահմանափակվել միայն դատական և հարկադիր կատարման միջոցների կիրառման իմունիտետներով, որոնք սահմանված են ազգային օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով, և որոնցից այս կամ այն չափով օգտվում են օտարերկրյա պետությունները, միջազգային կազմակերպությունները, դիվանագիտական ներկայացուցչությունները, նրանց աշխատողները (դիվանագիտական գործակալներ) և վերջիններիս ընտանիքի անդամները։ ՀՀ օրենսդրությունում նման իմունիտետներ են սահմանված ՔԴՕ 432-րդ հոդվածով (օտարեկրյա պետության իմունիտետները)։ Դիվանագիտական ներկայացուցչությունների, դիվանագիտական գործակալների և նրանց ընտանիքի անդամների իմունիտետների մասին է Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961թ. կոնվենցիան, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է ՀՀ գերագույն խորհրդի 06.10.1992թ. որոշմամբ։ Տարբեր միջազգային կազմակերպությունների, նրանց ներկայացուցչությունների և առաքելությունների իմունիտետների մասին ևս Հայաստանի Հանրապետությունն ունի ստորագրած և վավերացրած մի շարք երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրեր։ Կարևոր է նկատի ունենալ, որ միջազգային իրավունքով պայմանավորված նման իմունիտետների ծավալները, սահմանները, իմունիտետներից հրաժարվելու կանոնները նույնը չեն տարբեր իրավիճակներում։ Ըստ այդմ, յուրաքանչյուր դեպքում, երբ կատարողական վարույթի սուբյեկտը, հնարավոր է, օգտվի իմունիտետից, պետք է հստակ որոշել կիրառելի նորմերի շրջանակը, որոնք կարող են սահմանված լինել կա՛մ ՀՀ ազգային օրենսդրությամբ, կա՛մ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրով։ Կիրառելի նորմերի շրջանակը պարզելուց հետո միայն հարկադիր կատարողը կարող է որոշել, թե տվյալ սուբյեկտի նկատմամբ այս կամ այն կատարողական գործողությունը թույլատրելի է, թե ոչ։

            Հարկ է անդրադառնալ նաև հարկադիր կատարման ենթակա ակտերին, որոնք ներկայացված են Օրենքի 3-րդ հոդվածում։ ԴԱՀԿ մասին օրենքի համեմատ՝ այստեղ ճշգրտվել են հարկադիր կատարման ենթակա ակտերի ցանկը և դրանց ձևակերպումները։ Բացի այդ, ԴԱՀԿ մասին օրենքում տարբեր ժամանակներում կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում հարկադիր կատարման ենթակա ակտերի շրջանակը լրացվել է վարչական և նոտարական ակտերի առանձին տեսակներով։ Նման առանձին հիշատակումների փոխարեն Օրենքում այս ակտերը նշված են խմբավորված ձևով՝ համապատասխանաբար «վարչական ակտերը՝ օրենքով նախատեսված դեպքերում» և «նոտարական ակտերը՝ օրենքով նախատեսված դեպքերում»։ Նման ձևակերպման շնորհիվ ոլորտային օրենսդրության (օրինակ՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության վերաբերյալ) կանոնները՝ որևէ վարչական ակտի հարկադիր կատարման ենթակա լինելու մասին, բավարար կլինեն այդ ակտի հիման վրա Օրենքով սահմանված կարգով կատարողական վարույթ հարուցելու համար, և չի պահանջվի Օրենքի լրացում՝ տվյալ տեսակի ակտի մասին հատուկ հիշատակմամբ։

            Վերջապես, հարկադիր կատարման ենթակա ակտերի շրջանակը լրացվել է հենց հարկադիր կատարողի որոշումներով, որոնք կարող են համարվել ինքնուրույն կատարման ենթակա ակտ և հիմք դառնալ առանձին կատարողական վարույթ հարուցելու համար (տե՛ս Օրենքի 39-րդ հոդվածը)։


ԳԼՈՒԽ 2
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

Օրենքը (4-րդ հոդված), նախ, տալիս է կատարողական վարույթի սուբյեկտների դասակարգումը երկու չափանիշով՝ իրականացվող գործառույթներ և վարույթում նյութաիրավական շահագրգռվածության առկայություն կամ բացակայություն։ Ըստ այդմ, վարույթի սուբյեկտները բաժանվում են վեց խմբի՝

1) կատարողական վարույթն իրականացնող մարմինը.

2) կատարողական վարույթի մասնակիցները, նրանց ներկայացուցիչները.

3) իրավասու մարմինները.

4) կատարողական վարույթին օժանդակող անձինք՝ փորձագետը, թարգմանիչը, ընթերական և այլ անձինք.

5) գրանցող մարմինները.

6) պարտապանի կոնտրագենտները։

Այնուհետև տրվում են սուբյեկտների առանձին խմբերի ընդհանրացված սահմանումները, նրանց գործառույթներն ու պարտականությունները։

Պետք է նկատել, որ ԴԱՀԿ մասին օրենքում նման ընդհանրացված կարգավորումներ չկային։ Այսպես, օրինակ, ԴԱՀԿ մասին օրենքը նախատեսում էր կատարողական գործողություններին խնամակալության և հոգաբարձության մարմինների մասնակցության դեպքերը՝ առանց սահմանելու այդ և հնարավոր այլ իրավասու մարմինների իրավունքներն ու պարտականությունները վարույթում։ Նույն կերպ, ԴԱՀԿ մասին օրենքը նախատեսում էր փորձագետի, թարգմանչի և ընթերակայի կարգավիճակը, սակայն չէր տալիս այդ և նման այլ օժանդակ գործառույթներ ունեցող սուբյեկտների ընդհանրացված հասկացությունը և նրանց կարգավիճակը։ Սա անորոշություն էր ստեղծում օժանդակ բնույթի այլ գործառույթներ իրականացնող անձանց իրավունքների, պարտականությունների, կատարողական վարույթի հետ կապված տեղեկություններին նրանց հասանելիության, այդ տեղեկությունները նրանց կողմից հրապարակելու սահմանափակումների և այլ հարցերի առումով։ Իսկ նման օժանդակ գործառույթներ իրականացնող անձինք կատարողական վարույթում բազմաթիվ են՝ պարտապանի արգելադրված գույքի պահառուն, կատարման ենթակա ակտում նշված շինարարական կամ քանդման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններ, բեռնափոխադրողներ և այլն։

Լուծելով վերը նշված խնդիրները՝ Օրենքը նախ սահմանում է հենց «կատարողական վարույթի սուբյեկտ» հասկացությունը, որում ներառվում են վարույթի հետ որևէ առնչություն ունեցող բոլոր անձինք և մարմինները։ Ընդհանրացված այս սահմանումը սոսկ տեսական նշանակություն չէ, որ ունի. այն հետագայում կիրառվում է օրենքի մի շարք նորմերում։ Մասնավորապես, կատարողական վարույթի անխտիր բոլոր սուբյեկտների վրա են տարածվում վարույթի վերաբերյալ ոչ հանրամատչելի տեղեկությունները հրապարակելու սահմանափակումները (Օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մաս), երեխայի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանաբական որևէ հարկադրանքի արգելքը (Օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մաս) և այլն։

Նույն մեթոդաբանությամբ՝ ընդհանրացված սահմանումներով են ձևակերպվել կատարողական վարույթի սուբյեկտների դասակարգման մեջ ներառված առանձին խմբերը, ինչը թույլ է տալիս օրենքն արդյունավետորեն կիրառել փոփոխվող հասարակական հարաբերությունների նկատմամբ։ Այսպես, օրինակ, եթե ինչ-որ պահի ՀՀ-ում ստեղծվի անձանց որոշակի գույքային իրավունքների գրանցում իրականացնող նոր մարմին, ապա այն Օրենքում տրված սահմանման ուժով (18-րդ հոդվածի 1-ին մաս) կհամարվի գրանցող մարմին՝ այդ օրենքի իմաստով, և նրա վրա կտարածվեն գրանցող մարմինների համար սահմանված պարտականությունները (18-րդ հոդվածի 3-4-րդ մասեր, 44-րդ հոդվածի 2-րդ մաս և այլն)։

Այժմ առանձին-առանձին անդրադառնանք կատարողական վարույթի սուբյեկտների շրջանակի և նրանց կարգավիճակի հարցերում Օրենքով կատարված հիմնական նորմածություններին։

Օրենքի 5-րդ հոդվածով սահմանվում է կատարողական վարույթն իրականացնող մարմինը՝ հարկադիր կատարողը։ Միաժամանակ, նախատեսվում են առանձին կատարողական գործողություններն այլ հարկադիր կատարողի կողմից կատարելու, օժանդակ գործողությունները Ծառայության այլ ստորաբաժանման կամ այլ աշխատակցի կողմից կատարելու, ինչպես նաև հարկադիր կատարողների խումբ ստեղծելու հնարավորությունները, որոնք փոքր խմբագրումներով փոխառվել են ԴԱՀԿ մասին օրենքի կարգավորումներից։ Օրենքի այս հոդվածով է նախատեսվել նաև հարկադիր կատարողին վարույթի մասնակիցների կողմից բացարկ հայտնելու և հարկադիր կատարողի կողմից ինքնաբացարկ հայտնելու հնարավորությունը։ Միաժամանակ, բացարկի և ինքնաբացարկի հիմքերի և կարգի մասով հղում է արված ՎՀՎՎ մասին օրենքին, մասնավորապես դրա 24-26-րդ հոդվածներին։ Բացարկի հարցը լուծում է Ծառայության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը։ Բացարկն ընդունվելու, ինչպես նաև հարկադիր կատարողի ինքնաբացարկի դեպքում վարույթն իրականացնող հարկադիր կատարողի փոխարինումը նույնպես կատարում է ստորաբաժանման ղեկավարը։

Կատարողական վարույթի մասնակիցներիկազմում այն անձինք են, որոնք վարույթի հետ կապված նյութաիրավական շահ ունեն։ Դրանք կողմերն են (պահանջատեր և պարտապան) և երրորդ անձինք։

Երրորդ անձանց ինստիտուտն առաջին անգամ է ներդրվել կատարողական վարույթը կանոնակարգող ՀՀ օրենսդրությունում. այն թույլ է տալիս վարույթում ներգրավվել և դրա ընթացքի վրա ազդեցություն ունենալ այն անձանց, որոնք թեև կատարման ենթակա պարտավորության կողմ չեն, սակայն կողմերից մեկի հետ ունեցած հարաբերության ուժով ունեն վարույթի ընթացքի կապակցությամբ նյութաիրավական շահեր։ Մասնավորապես, Օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասում տրված սահմանման համաձայն՝ երրորդ անձն այն անձն է, որի իրավունքները կամ պարտականությունները կարող են ազդեցություն կրել հարկադիր կատարման միջոցների կիրառման հետևանքով։ Երրորդ անձի կարգավիճակ կարող են ստանալ, օրինակ՝

-         բռնագանձման ենթակա գույքի համասեփականատերը,

-         դրա նկատմամբ գույքային այլ իրավունքներ ունեցող անձինք,

-         այն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որում մասնակցություն ունի պարտապանը, եթե բռնագանձում է տարածվում այդ մասնակցության հետ կապված իրավունքների վրա։

Այս անձինք իրավունք ունեն ստանալու երրորդ անձի կարգավիճակ, քանի որ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու շրջանակներում կարող է արգելանք դրվել նաև ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքի վրա, այն կարող է իրացվել որպես ամբողջություն, կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կարող է պահանջ ներկայացվել՝ ընկերության գույքից առանձնացնելու պարտապանի բաժնեմասին համարժեք գույք՝ դրա վրա բռնագանձում տարածելու համար։ Միաժամանակ, կարևոր է հստակ տարանջատում անցկացնել այն անձանց միջև, որոնց իրավունքներն այդ կերպ  անմիջականորեն կարող են ազդեցություն կրել հարկադիր կատարման միջոցներից, և այնպիսի անձանց միջև, որոնք միայն անուղղակի շահագրգռվածություն ունեն վարույթի ընթացքով։ Օրինակ՝ պարտապանի և պահանջատիրոջ հետ որևէ պայմանագրային հարաբերություն ունեցող անձ տեսականորեն շահագրգռված է իր պայմանագրային գործընկերոջ վճարունակության հարցում, սակայն միայն նման պայմանագրային կապն ինքնին չի կարող հիմք դառնալ կատարողական վարույթում երրորդ անձի կարգավիճակ ստանալու համար։ Այսպիսով, վարույթում երրորդ անձ ներգրավելու հարցը լուծելիս հարկադիր կատարողը պետք է  պարզի՝ արդյոք կիրառվող կամ կիրառվելիք հարկադիր կատարման միջոցները կարող են ուղղակիորեն ազդել տվյալ անձի իրավունքների կամ պարտականությունների վրա, թե ոչ։

Երրորդ անձինք վարույթում ներգրավվում են բացառապես իրենց միջնորդության հիման վրա՝ հարկադիր կատարողի որոշմամբ։ Այսինքն, հարկադիր կատարողի նախաձեռնությամբ վարույթում երրորդ անձի ներգրավում հնարավոր չէ. հարկ է նկատել, որ հարկադիր կատարողի նկատմամբ նման պարտականություն սահմանելը չարդարացված մեծ ծանրաբեռնվածություն կստեղծեր՝ բացահայտելու և ծանուցելու բոլոր հնարավոր երրորդ անձանց՝ այն պարագայում, երբ հենց այդ անձինք կարող էին վարույթին մասնակցելու հետաքրքրություն չունենալ։ Մյուս կողմից, օրենքը նախատեսել է հնարավոր երրորդ անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված հակակշիռ-երաշխիք. եթե հարկադիր կատարողի համար ակնհայտ է, որ կատարողական գործողություններն անմիջականորեն ազդում են վարույթին չմասնակցող անձի իրավունքների կամ պարտականությունների վրա, ապա պարտավոր է վերջինիս ծանուցել տվյալ գործողության մասին։ Այդպիսի իրավիճակի տիպիկ օրինակ է ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքի վրա արգելանք դնելը, երբ գույքի նկատմամբ իրավունքները գրանցված են հանրային գրանցամատյանում (օրինակ՝ անշարժ գույքի պարագայում), և հարկադիր կատարողին տեսանելի են դրա համասեփականատերերը։ Եվ ահա, հարկադիր կատարողից ծանուցում ստանալով, գույքի համասեփականատերն ինքը կորոշի՝ միջնորդել երրորդ անձի կարգավիճակ ստանալու համար, թե ոչ։

Հատկանշական է, որ կատարողական վարույթում կողմերից բացի նաև երրորդ անձանց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունն ընդգծվել է դեռևս 2003թ.-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ընդունած՝ կատարողական վարույթին վերաբերող խորհրդատվական սկզբունքներում[7]: Այս առումով, Օրենքի այս նորամուծությունը համապատասխանում է նաև Եվրոպայի Խորհրդի լավագույն փորձին, որին անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը։

Երրորդ անձի կարգավիճակն անձին օժտում է կատարողական վարույթի մասնակցի ընդհանուր իրավունքներով ու պարտականություններով (Օրենքի 7-րդ հոդված) և, մասնավորապես, վարույթի նյութերին ծանոթանալու, վարույթի ընթացքի հետ կապված միջնորդություններ ներկայացնելու, հարկադիր կատարողի որոշումները, գործողություններն ու անգործությունը բողոքարկելու հնարավորությամբ։ Ի վերջո, երբ վերանում են վարույթին երրորդ անձին ներգրավելու հիմքերը, հարկադիր կատարողն իր որոշմամբ նրան հանում է վարույթի մասնակիցների կազմից՝ անկախ որևէ միջնորդությունից (Օրենքի 6-րդ հոդվածի 10-րդ մաս)։   

Օրենքում նորույթներ կան նաև պահանջատիրոջ և պարտապանի կարգավիճակի հարցերում։

Այսպես, Օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ մասը նախատեսում է այն դեպքերը, երբ կատարողական վարույթում չկա պահանջատեր. դրանք, որպես կանոն, միջանկյալ դատական ակտերի կատարման վարույթներն են՝ որոշ բացառություններով, որոնք շարադրված են նույն դրույթում։ Այս կարգավորման հիմքում այն իրողությունն է, որ միջանկյալ դատական ակտերի կատարումը, որպես կանոն, չունի մեկ որոշակի շահառու. դատարանն այդպիսի ակտեր է ընդունում դատավարության պատշաճ կազմակերպման, ապացույցներ ձեռք բերելու, դրանք ամրագրելու և համանման այլ նպատակներով։ Նման ակտերի պատշաճ կատարման հարցում դատավարական շահ կարող են ունենալ ինչպես գործին մասնակցող անձանցի մեկը, այնպես էլ՝ մի քանիսը, ընդհուպ՝ հակադիր նյութաիրավական շահեր ունեցող անձինք։ Այդպիսիք են, օրինակ, ապացույց պահանջելու մասին (ՔԴՕ 64-րդ հոդված), իրեղեն ապացույցի զննման ընթացքն ապահովելու մասին (ՔԴՕ 80-րդ հոդված), փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու մասին (ՔԴՕ 88-րդ հոդված), անձին հարկադիր կարգով դատահոգեբուժական փորձաքննության ուղարկելու մասին (ՔԴՕ 252-րդ հոդված) որոշումները։ Նշված բոլոր որոշումների կատարումն առաջին հերթին անհրաժեշտ է դատավարության պատշաճ ընթացքն ապահովելու համար, հետևաբար տեղին չէ գործին մասնակցող որևէ անձի օժտել կատարողական վարույթում տնօրինչականության լայն հնարավորություններ տվող պահանջատիրոջ կարգավիճակով, անգամ եթե համապատասխան միջանկյալ դատական ակտն ընդունվել է տվյալ անձի միջնորդությամբ։ Ավելին, նման միջանկյալ ակտերն օրենքով նախատեսված դեպքերում կարող են ընդունվել հենց դատարանի նախաձեռնությամբ: Ահա այս նկատառումներից ելնելով՝ որպես ընդհանուր կանոն սահմանվել է, որ միջանկյալ դատական ակտերի կատարման վարույթը պահանջատիրոջ մասնակցություն չի ենթադրում։ Այստեղ կարող է փաստարկ հնչել, թե դատական գործին մասնակցող անձինք ամեն դեպքում շահագրգռվածություն ունեն միջանկյալ ակտի կատարման հարցում, ուստի պետք է հնարավորություն ունենան ներգրավվելու նաև կատարողական վարույթին։ Իհարկե, այդպես է, և դատական գործին մասնակցող անձինք, բացառությամբ պարտապանի, կարող են վերևում արդեն իսկ քննարկված ընթացակարգով կատարողական վարույթում ստանալ երրորդ անձի կարգավիճակ։

Միջանկյալ դատական ակտերի կատարման վարույթում պահանջատիրոջ բացակայության վերաբերյալ նկարագրված տրամաբանությունն, այնուամենայնիվ, ունի բացառություններ։ Այդ բացառությունները ներկայացված են Օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ մասում՝ պահանջատիրոջ մասին նշումով։ Այսպես՝

      1) գործին մասնակցող կամ շահագրգիռ այլ անձի միջնորդությամբ ընդունված դատական ակտի հիման վրա հարուցված ապահովման վարույթում[8] որպես պահանջատեր հանդես է գալիս համապատասխան ապահովման միջոց կիրառելու համար միջնորդած անձը.

2) դատական տուգանքի բռնագանձման վարույթում որպես պահանջատեր հանդես է գալիս Դատական դեպարտամենտը, իսկ եթե դատական տուգանքը նշանակել է Սահմանադրական դատարանը, ապա վերջինիս աշխատակազմը.

3) սնանկության վարույթում կառավարչի (ժամանակավոր կառավարչի) միջնորդությամբ կամ նրա օգտին կայացված որոշումների կատարման վարույթներում որպես պահանջատեր հանդես է գալիս սնանկության գործով կառավարիչը (ժամանակավոր կառավարիչը)։

Հարկ է պարզաբանել կատարողական վարույթի ֆիզիկական անձ կողմերի իրավահաջորդության վերաբերյալ կարևոր կարգավորումները։ Այստեղ, նախ, պետք է հիշատակենք ՔՕ 1243-րդ հոդվածի 1-ին մասի կանոնի մասին, որի համաձայն՝ պարտատերերն իրավունք ունեն [պարտապանի] ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները։ Դատական պրակտիկայում այս նորմը մեկնաբանվել է որպես իրավադադարեցնող ժամկետ՝ այն ընկալմամբ, որ ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում պարտատերերի կողմից պահանջները չներկայացնելը նրանց զրկում է հետագայում պարտապանի ժառանգների դեմ իրենց պահանջները ներկայացնելու իրավունքից[9]: Այս մեկնաբանության համատեքստում տևական ժամանակ վիճելի էր մնում այն հարցը, թե արդյոք պարտատերը պետք է պարտապանի մահից հետո վեցամսյա ժամկետում ժառանգներին պահանջ ներկայացնի նաև այն պարագայում, երբ տվյալ պահանջով արդեն իսկ հարուցված է կատարողական վարույթ։ Վճռաբեկ դատարանն այս հարցին պատասխանեց թիվՎԴ/1893/05/20 վարչական գործով 15.06.2023թ. որոշմամբ՝ եզրահանգելով, որ կատարողական վարույթով պարտապանի մահվան դեպքում նրան իրավահաջորդով փոխարինելն իրավաչափ է՝ անկախ պահանջատիրոջ կողմից վեցամսյա ժամկետում ժառանգներին պահանջ ներկայացնելուց։ Այլ կերպ ասած՝ եթե տվյալ պահանջով արդեն իսկ հարուցված է կատարողական վարույթ, ապա պարտապանի մահվան դեպքում պահանջատերը կարիք չունի լրացուցիչ պահանջ ներկայացնելու ժառանգին։

Վճռաբեկ դատարանի այս որոշումն, իհարկե, զգալիորեն պարզեցրեց իրավիճակը, սակայն հարցեր դեռ թողնում էր։ Մասնավորապես, ինչպե՞ս պետք է  պարտապանի ժառանգը ժառանգությունն ընդունելիս տեղեկանա ժառանգատուի պարտավորությունների մասին, որոնց հարկադիր կատարման նպատակով հարուցված են կատարողական վարույթներ։ Բացի այդ, Վճռաբեկ դատարանն իր 2023 թվականի որոշման եզրահանգումները մեծ հաշվով կառուցել էր հարկադիր կատարման ենթակա դատական ակտի պարտադիրության դրույթի վրա. այս հանգամանքը կարող էր կասկածի տակ դնել Վճռաբեկ դատարանի այս դիրքորոշման կիրառելիությունը ոչ դատական ակտերի հարկադիր կատարման դեպքում։

 Նշված խնդիրները Օրենքի և դրան հարակից օրենսդրական փոփոխությունների փաթեթի ընդունմամբ օրենսդրական լուծում ստացան։ Մասնավորապես, ՔՕ 1243-րդ հոդվածը լրացվեց 3-րդ մասով, ըստ որի՝ ժառանգության բացումից հետո պահանջը լրացուցիչ չի ներկայացվում, եթե պարտատերը մինչև ժառանգության բացումը սահմանված կարգով հայց է հարուցել ժառանգատուի դեմ, կամ եթե նրա պահանջով հարուցվել է կատարողական վարույթ: Այս լրացումը ծածկում է նաև ոչ դատական ակտերով հաստատված քաղաքացիաիրավական պարտավորությունները։

Այնուհետև, իրավունքների պաշտպանության գործնական ապահովման տեսակետից խիստ կարևոր է Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը և նոտարները փոխանակում են մահացած անձանց մասնակցությամբ կատարողական վարույթների, չկատարված պարտավորությունների, կատարողական վարույթի մահացած մասնակիցների ժառանգության ընդունման, ժառանգությունն ընդունած, այդ թվում՝ ժառանգության իրավունքի վկայագիր ստացած ժառանգների, մահացած պարտապանի ժառանգության վկայագրի բովանդակության (ժառանգական գույքի) մասին տեղեկությունները։ Տեղեկատվության այս փոխանակումն արդեն գործնականում կերաշխավորի, որ մահացած պարտապանի, ինչպես նաև մահացած պահանջատիրոջ ժառանգները հենց ժառանգությունն ընդունելիս տեղեկանան ժառանգատուի մասնակցությամբ կատարողական վարույթների մասին։ Նույն կերպ, հարկադիր կատարողը կտեղեկանա պահացած պարտապանի ժառանգական գույքի կազմի մասին (այնքանով, որքանով այդ տվյալները չէին պարզվել կատարողական վարույթում)՝ նրա ժառանգների պատասխանատվության սահմանները ճշգրիտ որոշելու համար։

Խոսելով պարտապանի ժառանգների պատասխանատվության մասին՝ անհրաժեշտ է հիշատակել նաև Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն՝ դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթով մահացած պարտապանի ժառանգները կրում են համապարտ պատասխանատվություն, իսկ նրանց գույքի և եկամուտների վրա բռնագանձումը տարածվում է ընդհանուր կարգով՝ ինչպես ժառանգությամբ անցած, այնպես էլ ժառանգների այլ գույքի և եկամուտների վրա, բայց ոչ ավելի, քան տվյալ ժառանգին անցած ժառանգական գույքի շուկայական արժեքի չափով։ Այս կանոնում նորամուծություն չկա. այն բխում է ՔՕ 1244-րդ հոդվածից և մասնավորեցնում է այն կատարողական վարույթի համատեքստում։ Այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ պարտապանի ժառանգները պատասխանատու են ոչ թե ժառանգական գույքով, այլ իրենց ամբողջ գույքով, բայց միայն ժառանգական գույքի արժեքի սահմաններում։

Ø  Օրինակ. Պարտապանի իրավահաջորդը ժառանգությամբ ստանում է բնակարան, ինչպես նաև նրան է փոխանցվում մահացած պարտապանի պարտքը՝ 50 միլիոն դրամի չափով։ Միաժամանակ, իրավահաջորդն ունի նաև իրեն պատկանող ոչ ժառանգական գույք, այն է՝ բանկային ավանդ 30 միլիոն դրամի չափով և ավտոմեքենա։ Այս պարագայում հարկադիր կատարողը նախ պետք է օրենքով սահմանված կարգով որոշի ժառանգական գույքի արժեքը, որպեսզի պարզվի իրավահաջորդի պատասխանատվության չափը («ժառանգական գույքի արժեքի սահմաններում»)։ Ենթադրենք՝ ժառանգությամբ անցած բնակարանի շուկայական արժեքը 25 միլիոն դրամ է։ Սա նշանակում է, որ իրավահաջորդը պատասխանատու է ոչ թե ժառանգատուի ամբողջ պարտքի համար (50 միլիոն դրամ), այլ միայն 25 միլիոն դրամի չափով։ Այնուհետև, հարկադիր կատարողը պետք է 25 միլիոն դրամի չափով բռնագանձում տարածի իրավահաջորդի ողջ գույքի վրա՝ օրենքով սահմանված հերթականությամբ։ Տվյալ պարագայում, քանի որ պարտապանի իրավահաջորդն ունի 40 միլիոն դրամի չափով բանկային ավանդ, ապա այդ գումարից 25 միլիոն դրամը պետք է ուղղվի պահանջի և կատարողական վճարների մարմանը։ Այս գործողությունները կատարելուց հետո կատարողական վարույթը պետք է ավարտվի Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հիմքով (ավարտվել են մահացած պարտապանի ժառանգի գույքի և եկամուտների վրա տվյալ ժառանգին անցած ժառանգական գույքի շուկայական արժեքի չափով բռնագանձում տարածելուն ուղղված կատարողական գործողությունները), իսկ պարտապանի գույքի վրա դրված արգելանքները պետք է վերացվեն (Օրենքի 59-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Ավարտված կատարողական  վարույթը կարող է վերսկսվել հետագայում, եթե ժառանգին անցնի ժառանգատուի մեկ այլ գույք, որի ժառանգությունը մինչ այդ չէր ձևակերպվել։

Մահացած պարտապանին իրավահաջորդով փոխարինելու հետ կապված՝ պետք է անդրադառնալ Օրենքի այս գլխից դուրս գտնվող մեկ այլ նորմի, որի համաձայն՝ պարտապանի իրավահաջորդին վարույթում ներգրավելու հետ միաժամանակ հարկադիր կատարողը պետք է իրավահաջորդին ծանուցի գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականության մասին։ Ընդ որում, իրավահաջորդն իր հայտարարագրում պարտավոր է նշել նաև, թե որ գույքն է ստացել ժառանգությամբ (Օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մաս)։   

Ինչպես արդեն նշվել է, Օրենքում ընդհանրացված ձևով կարգավորվել են իրավասու մարմինների (12-րդ հոդված) և կատարողական վարույթին օժանդակող անձանց (13-րդ հոդված) կարգավիճակները։ Իրավասու մարմիններն այն մարմիններն են, որոնց մասնակցությունը որոշակի պահանջներով կատարողական վարույթներին նախատեսված է օրենքով։ Օրենքում նախատեսված է մեկ իրավասու մարմնի՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի մասնակցություն երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու և երեխայի տեսակցության հետ կապված կատարողական գործողություններին (105-րդ հոդվածի 3-րդ մաս)։

Ինչ վերաբերում է կատարողական վարույթին օժանդակող անձանց, ապա, ի լրումն ԴԱՀԿ մասին օրենքով նախատեսված՝ փորձագետի, թարգմանչի և ընթերակայի, Օրենքով առանձին կարգավորվել է նաև մասնագետի կարգավիճակը, որը կատարողական գործողությունների ընթացքում տրամադրում է մասնագիտական օժանդակություն։ Միաժամանակ, Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում տրված է կատարողական վարույթին օժանդակող անձանց թվարկում, որտեղ, ի լրումն վերը նշված սուբյեկտի, հիշատակված են նաև սուրդոթարգմանիչները, հոգեբանները, շինարարական կազմակերպությունները, բեռնափոխադրողները, բանվորները, պահառուները։ Ընդ որում, այդ ցանկը սպառիչ չէ, և հարկադիր կատարողը կարող է կատարողական վարույթին օժանդակող անձի կարգավիճակով ըստ անհրաժեշտության ներգրավել նաև այլ աշխատանքներ կատարողների։ Կրկնենք, որ Օրենքի 4-րդ և 13-րդ հոդվածների ընդհանուր կարգավորումների ուժով նման անձինք կատարողական վարույթում ներգրավվելու պահից ստանում են վարույթի սուբյեկտի կարգավիճակ, և դրանով իսկ նրանց վրա տարածվում են վարույթի նպատակներից բխող պարտականություններ և սահմանափակումներ։

Իրենց հանրային-իրավական գործառույթներից, պարտապանի հետ ունեցած հարաբերություններից և կատարողական վարույթում ունեցած դերից ելնելով՝ վարույթի սուբյեկտների առանձին խմբեր են գրանցող մարմինները և պարտապանի կոնտրագենտները (Օրենքի 18-րդ հոդված)։ Օրենքի իմաստով գրանցող մարմիններ են համարվում գույքի, դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների, եկամուտների գրանցման, հաշվառման գործառույթներ իրականացնող մարմինները և կազմակերպությունները, բնակչության պետական ռեգիստրը վարող, քաղաքացիական կացության ակտեր գրանցող, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական միասնական գրանցամատյանը վարող մարմինները։ Նույն հոդվածում տրված սահմանմամբ՝ պարտապանի կոնտրագենտներ են համարվում պարտապանի գույքը կամ դրա մասին տեղեկություններ տիրապետող, պարտապանին դրամական միջոցներ վճարող կամ նրանից դրամական միջոցներ ստացող, պարտապանին հանրային կամ մասնավոր այլ ծառայություններ մատուցող մարմինները և անձինք, որոնք չեն համարվում գրանցող մարմիններ։ Պարտապանի կոնտրագենտների շարքին կարող են դասվել, օրինակ, նրա գործատուն, բանկերը, վճարահաշվարկային կազմակերպությունները, պարտապանի գույքի պահառուն և այլն։

Գրանցող մարմինների և պարտապանի կոնտրագենտների կարգավիճակի սահմանումը՝ որպես կատարողական վարույթի սուբյեկտների, կարևոր է օրենքի բազմաթիվ նորմերի արդյունավետ կիրառման տեսակետից։ Գերազանցապես այս սուբյեկտների միջոցով է իրականացվում պարտապանի գույքի կազմի պարզումը և դրա վրա արգելանքների գործնական կիրառումը։ Պարտապանի կոնտրագենտների և գրանցող մարմինների մասնակցությամբ է հարկադիր կատարողը մի շարք դեպքերում պարտապանի փոխարեն կատարում կատարման ենթակա ակտով նախատեսված գործողությունները և գործադրում կատարման ենթակա ակտով սահմանված արգելքները (Օրենքի 44-րդ հոդված)[10]։

Գրանցող մարմինների և պարտապանի կոնտրագենտների պարագայում կարևոր է նաև ընդհանուր կանոնի միջոցով սահմանափակել այս սուբյեկտների կողմից պարտապանին իր պարտավորության կատարումից խուսափելուն օժանդակելու հնարավորությունը։ Օրինակ՝ եթե բանկը կամ գրանցող մարմինը մինչև պարտապանի գույքի վրա արգելանքը փաստացի կիրառելը պարտապանին տեղեկացնի արգելանքի որոշման մասին, պարտապանը կարող է օտարել իր գույքը կամ կանխիկացնել բանկային հաշվին առկա դրամական միջոցները, ինչը, բնականաբար, կհակասի կատարողական վարույթի նպատակին և պահանջատիրոջ իրավաչափ շահերին։ Հենց նման ընդհանուր կանոն է Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը, որի համաձայն՝ գրանցող մարմինները և պարտապանի կոնտրագենտները պարտավոր են գործել բարեխղճորեն և որևէ կերպ չնպաստել պարտապանի կողմից կատարման ենթակա ակտով կամ օրենքով սահմանված պարտականությունների կատարումից խուսափելուն։ Բարեխիղճ վարքագծի այս պահանջի խախտման դեպքում պարտապանի կոնտրագենտներն ու գրանցող մարմինները կկրեն առնվազն քաղաքացիաիրավական պատասխանատվություն։

ԳԼՈՒԽ 3
ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸ

Օրենքի 1-ին բաժնի 3-րդ գլուխը նվիրված է կատարողական վարույթում ապացուցմանը և Օրենքի հիմնական նորամուծություններից մեկն է։

Այս առումով առաջին հերթին հարկ է նշել, որ նախկին՝ ԴԱՀԿ մասին օրենքում ապացուցման կանոնների բացակայության պայմաններում կիրառելի  էին ՎՀՎՎ մասին օրենքի կարգավորումները, որոնք, սակայն, համարժեք չէին կատարողական վարույթի առանձնահատկություններին և մրցակցային բնույթին։

Ըստ այդմ, Օրենքում սահմանվել են ապացուցման այնպիսի հատուկ կանոններ, որոնցով հաշվի են առնվում ինչպես վարույթի մասնակիցների միջև մրցակցությունը, այնպես էլ՝ հարկադիր կատարման մարմնի լիազորությունները՝ ի պաշտոնե ձեռք բերելու վարույթի իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ։

Նախ և առաջ, Օրենքը նախատեսել է կատարողական վարույթում ապացույցների տեսակները։ Մասնավորապես, դրանք են՝

1)        գրավոր ապացույցները, ներառյալ էլեկտրոնային եղանակով ստացված.

2)        իրեղեն ապացույցները.

3)        լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները.

4)        փորձագետի եզրակացությունը.

5)        կատարողական վարույթի մասնակիցների, մասնագետների և այլ անձանց բացատրությունները:

Օրենքը սահմանել է նաև ապացույցների հետազոտման և գնահատման նպատակը, մասնավորապես՝ հարկադիր կատարողը ապացույցները հետազոտում և գնահատում է կատարողական վարույթով որոշումների ընդունման և գործողությունների կատարման համար անհրաժեշտ փաստերի հաստատման նպատակով։

Ապացույցների տեսակները սահմանելուն զուգահեռ՝ Օրենքը բավականին մանրամասն կարգավորմամբ անդրադառնում է ապացուցման պարտականությանը, ապացույցներ ներկայացնելուն և ապացույցների գնահատմանը։

Նախ, հստակեցվել է անձանց շրջանակը, որոնք կարող են կատարողական վարույթում ապացույցներ ներկայացնել, այն է՝ վարույթի մասնակիցները և իրավասու մարմինները։ Հատկանշական է, որ այս հարաբերություններում ևս ելակետային է «Փաստ վկայակոչողը պետք է ապացուցի դրա գոյությունը» ընդհանուր սկզբունքը, մասնավորապես, փաստեր վկայակոչելուն զուգահեռ անձը կրում է նաև այդ փաստերը հաստատող ապացույցներ ներկայացնելու պարտականությունը։ Միաժամանակ, օրենսդիրը նախատեսել է ապացուցման պարտականությունից ազատելու հնարավորություն այն դեպքում, երբ շահագրգիռ անձինք գրավոր ընդունում են կատարողական վարույթի մասնակցի վկայակոչած փաստը, բացառությամբ եթե այդ փաստը կարող է հաստատվել միայն օրենսդրությամբ սահմանված որոշակի ապացույցով:

Այսպես, օրինակ՝ կատարման ենթակա ակտի համաձայն որոշակի շինությունը քանդելու պարտականություն ունեցող պարտապանի կողմից դրա քանդման մասին վկայակոչումը ենթակա է ապացուցման պարտապանի կողմից՝ բացառությամբ այն դեպքի, երբ պահանջատերը կընդունի այդ շինության քանդված լինելու հանգամանքը։ Սակայն մեկ այլ դեպքում, օրինակ՝ երբ խոսքը կատարման ենթակա ակտի համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցմանն է վերաբերում, ապա այդ փաստի ընդունումը չի կարող ապացուցողական նշանակություն ունենալ և ենթակա է հաստատման անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականցնող մարմնի կողմից տրված համապատասխան փաստաթղթով։

Եթե կատարողական վարույթի մասնակցի վկայակոչած փաստի վերաբերյալ ապացույցն օբյեկտիվորեն գտնվում է միայն վարույթի այլ մասնակցի մոտ, ապա վկայակոչված փաստը կարող է համարվել հաստատված, քանի դեռ վարույթի համապատասխան մասնակիցը հակառակը չի ապացուցել:

Միաժամանակ, կատարողական վարույթի մասնակիցն իրավունք չունի ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա ձեռքբերումը, ներկայացումը և հետազոտումը: Նման փաստերի առկայության դեպքում ապացուցման ենթակա փաստը վիճելի մնալու բացասական հետևանքները կրում է խոչընդոտող անձը:

Ապացուցման գործընթացի մյուս տարրը ապացույցների գնահատումն է։

Ապացույցների գնահատումը, որպես ապացուցման գործընթացի տարր, իրենից ներկայացնում է մտավոր, տրամաբանական գործունեություն, որի արդյունքում եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և փաստի հաստատման համար ապացույցների համակցության բավարարության մասին:

Ըստ այդմ, Օրենքը ամրագրել է, որ հարկադիր կատարողը յուրաքանչյուր ապացույց գնահատում է վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

Օրենքն ապացույցի գնահատման այս չափանիշների բովանդակությունը չի բացահայտել, որպիսի պայմաններում կիրառելի են դատավարագիտությունում ձևակերպված մոտեցումները։ Այսպես, Սահմանադրական դատարանը 2009 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ  ՍԴՈ-845 որոշմամբ ևս անդրադարձել է ապացույցների վերաբերելիությանն ու թույլատրելիությանը՝ արձանագրելով, որ ապացույցների վերաբերելիությունը ներկայացված փաստերում պարունակող այն տեղեկություններն են, որոնց հիման վրա հաստատվում կամ հերքվում է գործով ապացուցման ենթակա այս կամ այն հանգամանքը, իսկ ապացույցների թույլատրելիությունը` վերաբերելիության ընդհանուր կանոնի լրացումն է, ըստ որի գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Այլ կերպ ասած, վերաբերելի է այն ապացույցը, որը ավելի կամ պակաս հավանական է դարձնում վարույթի համար նշանակություն ունեցող որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի, այսինքն ապացույցը համարվում է վերաբերելի, եթե այն օգնում է գործի լուծմանը՝ հաստատելով կամ հերքելով ինչ-որ հանգամանք։ Իսկ թույլատրելիությունը ենթադրում է, որ որպես ապացույց կարող են օգտագործվել միայն այն փաստական տվյալները, որոնք համապատասխանում են օրենքի պահանջներին։

Ինչ վերաբերում է ապացուցի արժանահավատության և բավարարության հարցերին, ապա առաջինի ներքո պետք է հասկանալ դրանում պարունակվող տվյալների համապատասխանությունը օբյեկտիվ իրականությանը, իսկ բավարարությունը ենթադրում է փաստի առկայության կամ բացակայության վերաբերյալ հիմնավոր հետևության համար ելակետերի առկայություն։

Եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից, ներառյալ Օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված գործողություններն իրականացնելուց հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը: Նշվածը թույլ է տալիս կատարողական վարույթով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտներին, որոնք պետք է կրեն նման իրավիճակի անբարենպաստ հետևանքները։

Այս համատեքստում Օրենքը հարկադիր կատարողին օժտել է բավականին լայն լիազորություններով և միաժամանակ բարձր պատասխանատվությամբ, որի համաձայն՝ հարկադիր կատարողը կաշկանդված չէ կատարողական վարույթի մասնակիցների և իրավասու մարմինների ներկայացրած միջնորդություններով, դիրքորոշումներով, բացատրություններով ու ապացույցներով և օրենքով սահմանված իր լիազորությունների սահմաններում սեփական նախաձեռնությամբ ձեռնարկում է համապատասխան միջոցներ` կատարողական վարույթի համար նշանակություն ունեցող փաստերը պարզելու և ապացույցներ ձեռք բերելու համար:

Վերոնշյալից հետևում է, որ  հարկադիր կատարողը

•           կաշկանդված չէ կատարողական վարույթի մասնակիցների և իրավասու մարմինների ներկայացրած միջնորդություններով, դիրքորոշումներով, բացատրություններով ու ապացույցներով

•           իր լիազորությունների սահմաններում սեփական նախաձեռնությամբ պարտավոր է ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ կատարողական վարույթի համար նշանակություն ունեցող փաստերը պարզելու և ապացույցներ ձեռք բերելու համար։

Օրենքը հարկադիր կատարողին վերապահել է նաև փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու նպատակով իր լիազորությունների սահմաններում համապատասխան միջոցներ ձեռնարկելու, իսկ անհրաժեշտության դեպքում կատարողական վարույթի մասնակիցներին և այլ անձանց իր որոշմամբ որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու կամ որոշակի գործողություններ կատարելն արգելելու իրավասություն։

Միաժամանակ, հարկադիր կատարողը կարող է անձամբ կամ իր ներգրաված անձանց միջոցով լուսանկարել, ձայնագրառել և տեսանկարահանել կատարողական գործողությունների ընթացքը` ապահովելով, որ կատարողական գործողությունների նման ամրագրումը հնարավորին չափ ամբողջապես արտացոլի դրանց բովանդակությունը: Ընդ որում, այս առումով վարույթի մասնակիցները կամքը կամ անհամաձայնությունը որևէ նշանակություն չունի։ Այս կարգով ստացված նյութերը համարվում են ապացույցներ կատարողական վարույթով: Կատարողական գործողությունները լուսանկարելու, ձայնագրառելու և տեսանկարահանելու նպատակով կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, կատարողական գործողությունները լուսանկարելու, ձայնագրառելու և տեսանկարահանելու կարգը սահմանվում են արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:


ԳԼՈՒԽ 4
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Օրենքով բավականին հանգամանալից կանոնակարգվել են կատարողական վարույթի փաստաթղթերին վերաբերող վարութային հարաբերությունները։ Նախկինում նախատեսված մեկ հոդվածի փոխարեն այժմ հաղորդակցության կարգին և կատարողական վարույթի տեղեկությունների մատչելիությանը նվիրված է առանձին գլուխ։

Նախ և առաջ, ուշադրություն է գրավում ծանուցման եղանակների բազմազանությունը, ինչը թույլ է տալիս առավել արդյունավետ դարձնել կազմակերպական այս բաղադրիչի իրականացումը։ Ընդ որում՝ յուրաքանչյուր հաջորդ եղանակը կիրառվում է նախորդ եղանակի կիրառման անհնարինության դեպքում։

Կատարողական վարույթների մեծ քանակները և վարույթի նպատակները պահանջում են հարկադիր կատարողի (Ծառայության) և վարույթի այլ սուբյեկտների միջև հաղորդակցության արագ և նվազ ծախսատար միջոցների հետևողական զարգացումն ու կիրառման ընդլայնումը՝ ավանդական փոստային հաղորդակցության համեմատությամբ։ Մյուս կողմից, հաղորդակցության միջոցները պետք է գործնականում հնարավորինս ապահովեն հասցեատերերի փաստացի ծանուցումը, ինչն անհրաժեշտ երաշխիք է կատարողական գործողությունների իրավաչափությունն ապահովելու համար։

Վերոհիշյալով պայմանավորված՝ անհրաժեշտ է առավելությունը տալ էլեկտրոնային հաղորդակցությանը բոլոր այն դեպքերում, երբ դրա կիրառումը հնարավոր է։

Ժամանակի, նյութական և մարդկային ռեսուրսների լուրջ խնայողություն է ապահովում էլեկտրոնային հաղորդակցությունը, որը ներառում է անձնական գրասենյակ հարթակը, Ծառայության և տվյալ հասցեատիրոջ միջև գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը և էլեկտրոնային փոստը։ Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ կատարողական վարույթում փաստաբան ներկայացուցիչ չունեցող և անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ չունեցող ֆիզիկական անձին կատարողական վարույթի փաստաթղթերն ուղարկվում են նշված եղանակներով, միայն եթե տվյալ անձը այդ մասին միջնորդել է, ինչպես նաև Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում։

Վերջինը նաև վկայում է այն մասին, որ օրենսդիրն ըստ էության չի սահմանափակել ծանուցման եղանակները, հնարավորություն տալով ծանուցվողի համաձայնությամբ նրան ծանուցել ցանկացած այլ եղանակով և նախատեսել, որ կատարողական վարույթի մասնակիցների միջև կնքված պայմանագրից բխող պարտավորությունների հարկադիր կատարման վարույթում հարկադիր կատարողը պայմանագիրը կնքած բոլոր մասնակիցների նկատմամբ նրանցից որևէ մեկի միջնորդությամբ կարող է կիրառել պայմանագրով նախատեսված ծանուցման կարգը, եթե այդ պայմանագրով ուղղակիորեն նախատեսված է նման հնարավորություն, ինչպես նաև այն դեպքերում, երբ նման հնարավորություն նախատեսված է իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ արժեթղթեր թողարկողի ազդագրով։

Միաժամանակ, այն դեպքում, երբ հասցեատերը կատարողական վարույթի փաստաթղթերը ստանալու նպատակով ներկայացել է հարկադիր կատարողին կամ եթե կատարողական գործողությունները իրականացվում են տվյալ հասցեատիրոջ ներկայությամբ՝ կատարողական վարույթի փաստաթղթերը կարող են տրամադրվել առձեռն։

Հատկանշական է, որ օրենսդիրը նախատեսել է նաև կատարողական վարույթի փաստաթղթերը անձին չտրամադրելու հնարավորություն հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում

1.         կատարման ենթակա ակտն օրենքով սահմանված դեպքերում կայացվել է առանց այդ անձին լսելու  

2.         քանի դեռ նրան ծանուցելը կարող է խոչընդոտել, անհնարին դարձնել հարկադիր կատարումը կամ էական վնաս հասցնել կատարողական վարույթի այլ մասնակիցներին։

Հիշատակվածի ակնառու օրինակ է հայցի ապահովման դեպքը, որը, որպես կանոն, քննարկվում և կիրառվում է հայցվորի միջնորդության հիման վրա՝ առանց պատասխանողի և գործին մասնակցող անձանց տեղեկացման։ Դա էլ պայմանավորված է այն պարզ իրողությամբ, որ այս մասին տեղեկացած պատասխանողը կարող է մինչև հայցի ապահովման որոշման կատարումը օտարել կամ այլ կերպ անհնար դարձնել հայցի ապահովման միջոցի կիրառումը։

Ինչ վերաբերում է էլեկտրոնային հաղորդակցությանը, ապա, ինչպես արդեն նշվեց, այն ներառում է Ծառայության անձնական գրասենյակ հարթակը, Ծառայության և տվյալ հասցեատիրոջ միջև գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը և էլեկտրոնային փոստը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում նման կարգավորումը թույլ է տալիս ծանուցման գործընթացը հեշտությամբ հարմարեցնել տեխնիկական նոր հնարավորություններին։

Ծառայության անձնական գրասենյակ հարթակում գրանցվելու դեպքում կատարողական վարույթի մասնակիցը կատարողական վարույթի փաստաթղթերը ստանում է այդ հարթակով։ Նոր փաստաթուղթ տեղադրվելիս տվյալ անձն այդ մասին անհապաղ ծանուցվում է հարթակում գրանցվելիս իր տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվող հաղորդագրության միջոցով, եթե չի ապաբաժանորդագրվել էլեկտրոնային փոստով որոշակի տեսակի կամ բոլոր ծանուցումներից։ Միաժամանակ, հարթակը հանդիսանում է ոչ միայն փաստաթղթեր ստանալու գործիք, այլ կարող է ներառել նաև վարույթի մասնակցի կողմից դիմումներ և այլ փաստաթղթեր ներկայացնելու հնարավորություն, կարող է ապահովել վարույթում որևէ նոր նյութի ավելացման մասին վարույթի մասնակցի անհապաղ ծանուցումը համակարգի ներսում, ինչպես նաև բռնագանձման ենթակա գումարի վճարման հնարավորություն՝ վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպության միջոցով։

Այս եղանակով ծանուցման դեպքում  հասցեատերերը համարվում են պատշաճ ծանուցված փաստաթուղթն էլեկտրոնային հաղորդակցության համապատասխան համակարգում կամ հարթակում տեղադրվելու կամ այդ համակարգի միջոցով հասցեատիրոջ համար դրա հասանելիությունն ապահովելու հաջորդ օրը, իսկ եթե էլեկտրոնային հաղորդակցությունը ենթադրում է միայն էլեկտրոնային փոստով ծանուցում, ապա հաղորդագրությունն ուղարկվելու հաջորդ օրը՝ պայմանով, որ առկա է այն ստանալու մասին հասցեատիրոջ կամքից անկախ ձևավորվող էլեկտրոնային հավաստում՝ անկախ հաղորդագրությունը հասցեատիրոջ կողմից փաստացի կարդալուց։

Օրենքը պահպանել է ծանուցման նախկին կարգավորումները, որոնք վերաբերում էին Ծառայության և պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փաստաթղթաշրջանառությանը։ Այս մարմինների շարքում են ներառվել նաև դատարաններն ու նոտարները, որոնց միջև ևս փաստաթղթաշրջանառությունը և տվյալների փոխանակումը կատարվում են էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։ Միաժամանակ, Ծառայության և այլ անձանց միջև փաստաթղթաշրջանառությունը կարող է կատարվել էլեկտրոնային եղանակով՝ փոխադարձ համաձայնությամբ սահմանված կարգով։ Եթե Ծառայության հետ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ առկա չէ, ապա պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին կատարողական վարույթի փաստաթղթերն ուղարկվում են նրանց պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով կամ հասցեատիրոջ նշած էլեկտրոնային փոստի հասցեով։

Կատարողական վարույթի փաստաթղթերն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով կամ էլեկտրոնային փոստով ուղարկվելու դեպքում հասցեատերն ստանում է փաստաթղթի տեքստը կամ համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով փաստաթուղթը կարող է հասանելի դառնալ նրան:

Անդրադառնալով փոստային առաքմանը և հրապարակային ծանուցմանը, հարկ է նշել, որ այս եղանակները կիրառվում են նախորդ եղանակների կիրառման անհնարինության դեպքում։ Եթե նախկինում հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկվում էին կատարողական թերթում կամ յուրաքանչյուր կողմի նշած հասցեով, իսկ պատվիրված նամակով ուղարկվում էր, եթե կատարողական վարույթի ընթացքում իրականացվող գործողությունների կատարման համար որոշակի ժամկետի հաշվարկը պայմանավորված էր համապատասխան որոշումը կամ ծանուցումն ստանալու փաստով, ապա ներկայումս Օրենքը հստակեցրել է, որ փաստաթղթերը ուղարկվում են պատվիրված նամակով՝ կատարման ենթակա ակտում նշված կամ հասցեատիրոջ հաշվառման (գտնվելու) վայրի հասցեով կամ հասցեատիրոջ նշած ծանուցման այլ հասցեով։ Այս եղանակով ծանուցման դեպքում հասցեատերը համարվում է պատշաճ ծանուցված փաստաթուղթն առձեռն հանձնվելու օրը, փոստային առաքանին հասցեատիրոջ կողմից ստանալու կամ այն ստանալուց հրաժարվելու օրը։

Եթե փոստային առաքանին վերադարձվել է հասցեատիրոջ կողմից այն ընդունելուց հրաժարվելու հետ չկապված պատճառով կամ առաքանին ստանալու մասին հետադարձ ծանուցմամբ ուղարկվելու դեպքում՝ ուղարկելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, հետադարձ ծանուցում (ծանուցման մասին անդորրագիր) չի ստացվել, ապա առաքանին ուղարկվում է կատարողական վարույթում առկա այլ հասցեներով և, միաժամանակ, փաստաթուղթը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, որտեղ տեղադրվելուն հաջորդող հինգերորդ օրը հասցեատերը համարվում է պատշաճ ծանուցված։

Միաժամանակ, հարկ է նկատել, որ օրենսդիրը կատարողական վարույթի մասնակիցների համար սահմանել է պարտականություն՝ հարկադիր կատարողին անհապաղ հայտնելու կատարողական վարույթի հարուցումից հետո իրենց հասցեի, ներառյալ էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում փաստաթուղթը հասցեատիրոջ վերջին հայտնի հասցեով ուղարկվելու ուժով համարվում է պատշաճ հանձնված:

Օրենքի կարևոր նորամուծություններից է կատարողական վարույթի նյութերի և դրանցում առկա տեղեկությունների մատչելիությունը, որը, թեև, ԴԱՀԿ մասին օրենքում կարգավորված չէր, այդուհանդերձ գործնական կարևոր նշանակություն ուներ։ Այս հարցում օրենսդիրը փորձել է հավասարակշռել 2 կարևոր շահեր՝ մի կողմից՝ վարույթի մասնակիցների, ինչպես նաև նրանց կոնտրագենտների պահանջմունքը՝ տեղեկանալու համապատասխան պարտավորության առկայության, դրա կատարման ընթացքի մասին, իսկ մյուս կողմից՝ օրենքով սահմանված գաղտնիքների և անձնական տվյալների պահպանման անհրաժեշտությունը։

Նախ, հարկ է նշել, որ կատարողական վարույթի նյութերը կարող են ստեղծվել և պահվել թղթային կամ այլ նյութական կրիչով կամ էլեկտրոնային ձևով, որոնք բոլորը, բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի, հասանելի են կատարողական վարույթի մասնակիցներին։ Կատարողական վարույթի հետ կապված գործավարության կարգը սահմանում է արդարադատության նախարարը։ Վերջինս պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների պաշտպանության նպատակով կարող է սահմանել փաստաթղթերի և տվյալների ցանկ, որոնք չեն տրամադրվում կատարողական վարույթի մասնակիցներին, եթե դա չի խոչընդոտում իրենց իրավունքների իրացումը կամ պարտականությունների կատարումը։ Միևնույն ժամանակ, եթե առկա է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածման վտանգ կատարողական վարույթի, պետական գաղտնիք պարունակող նյութերն ամբողջ ծավալով կամ դրանց մի մասը, հարկադիր կատարողից բացի, կատարողական վարույթի մյուս սուբյեկտներին չեն տրամադրվում, իսկ տրամադրման և դրանց ծանոթանալու կարգը սահմանվում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքով։

Ինչ վերաբերում է կատարողական վարույթի մյուս սուբյեկտներին, ապա նրանք իրավունք ունեն ծանոթանալու վարույթի նյութերին այնքանով, որքանով դա անհրաժեշտ է վարույթում իրենց իրավունքներն իրացնելու և պարտականությունները կատարելու նպատակով։ Օրինակ՝ կատարման ենթակա ակտը պարունակում է հարկային և բանկային գաղտնիքներ, իսկ դրա կատարումը ենթադրում է պարտապանի գույքի գնահատում։ Նման պայմաններում ներգրավված փորձագետը կարող է ծանոթանալ կատարողական վարույթի միայն այն նյութերին, որոնք անհրաժեշտ են փորձաքննությունն իրականացնելու համար (անշարժ գույքի սեփականության վկայական, անշարժ գույքի լուսանկար և այլն) և միաժամանակ, չի կարող ծանոթանալ կատարման ենթակա ակտի բովանդակությանը։

Նոր կարգավորումներով նախատեսվել է կատարողական վարույթի վերաբերյալ տեղեկությունների ցանկ, որոնք հանրամատչելի են։ Օրենսդիրը դրանով իսկ սահմանել է պարտականություն կատարողական վարույթի սուբյեկտների համար այլ անձանց չփոխանցել կատարողական վարույթի վերաբերյալ իրենց հայտնի դարձած ոչ հանրամատչելի տեղեկությունները, եթե այդպիսի պարտականություն չունեն օրենքով։  Այս արգելքը չի տարածվում տեղեկություններն աշխատողներին և ծառայություն մատուցող անձանց փոխանցելու վրա՝ այնքանով, որքանով նման փոխանցումն անհրաժեշտ է վերջիններիս աշխատանքային (ծառայողական) և պայմանագրային պարտավորությունների կատարման համար։

Ուշագրավ է, որ կատարողական վարույթի (վարույթների) մասին տեղեկությունները կարող են առանց սահմանափակման հրապարակվել (փոխանցվել), եթե դա արվում է ապանձնավորված կերպով, և դրանով չեն տարածվում պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ, ինչպես նաև դրանք կարող են օգտագործվել մասնակիցների լրիվ կամ մասնակի համընկնող կազմ ունեցող այլ կատարողական վարույթով։

Միջանկյալ դատական ակտը կայացրած դատարանին, Սահմանադրական դատարանին, Բարձրագույն դատական խորհրդին հասանելիություն է տրվում իրենց որոշման կատարման նպատակով հարուցված կատարողական վարույթի բոլոր նյութերին՝ էլեկտրոնային կատարողական վարույթի համակարգի միջոցով, կամ ուղարկվում են կատարողական վարույթի հարուցման, կասեցման, ավարտման, վերսկսման և կարճման մասին որոշումները՝ Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով։


ԳԼՈՒԽ 5
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

ԴԱՀԿ մասին օրենքի կարգավորումների համաձայն՝ կատարողական գործողությունների կատարման ծախսերը հատուցվում են՝ ելնելով բռնագանձվող գումարի կամ գույքի արժեքի չափից: Նման կառուցակարգի պայմաններում գերակայում  են այնպիսի իրավիճակները, երբ հատուցման ենթակա կատարողական ծախսը ակնհայտորեն գերազանցում է հարկադիր կատարողի կատարած գործողությունների ծավալը և բարդությունը, և հակառակը՝ կատարված մեծածավալ աշխատանքի դիմաց հատուցվում է կատարողական ծախս ակնհայտորեն նվազ գումար՝ ելնելով բռնագանձվող գումարից:

Հենց այս տրամաբանությունն է նկատի ունեցել օրենսդիրը՝ Օրենքի կարգավորումներում առանձին նախատեսելով «կատարողական վճար» և «կատարողական ծախս» հասկացությունները։ Մասնավորապես, կատարողական վճարը կատարողական գործողությունների կատարման համար Օրենքով սահմանված կարգով և չափերով պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է։

 Վերջինս համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված յուրաքանչյուրի պարտականությանը՝ մուծելու օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Օրենքը հստակ տարանջատել է կատարողական վճարները դրամական պահանջների կատարման վարույթներով և ոչ դրամական պահանջներով և ապահովման վարույթներով։ Մասնավորապես, դրամական պահանջով կատարողական վարույթի հարուցման փաստի ուժով, անկախ վարույթի հետագա ընթացքից և փաստացի կատարված ծախսերից, սահմանվում է մեկանգամյա կատարողական վճարի կայուն գումար՝

1) մինչև 10 հազար Հայաստանի Հանրապետության դրամի (այսուհետ՝ դրամ) բռնագանձման վարույթներով՝ բռնագանձման ենթակա գումարի 50 տոկոսի չափով.

2) 10 հազար դրամ և ավելի գումարի բռնագանձման վարույթներով՝ հինգ հազար դրամի չափով:

Որպես կանոն, վերոնշյալ կայուն գումարը գանձվում է պարտապանից, բացառությամբ եթե կատարողական վարույթն ավարտվում կամ կարճվում է Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ հարկադիր կատարման վերջին դիմումի ներկայացումից հետո պարտավորության կատարման հետ չկապված հիմքով կամ 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով՝ պայմանով, որ կայուն գումարը մինչև այդ չի գանձվել պարտապանից կամ գանձված լինելու դեպքում Օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա ենթակա է վերադարձման, որի դեպքում այն գանձվում է պարտատիրոջից։

100 հազար դրամ և ավելի գումարով դրամական պահանջների կատարման վարույթներով, ի լրումն վերոհիշյալ կայուն գումարի, պարտապանից գանձվում է կատարողական վճար՝

1) եթե վճարումը կամ բռնագանձումը տեղի է ունեցել կատարողական վարույթի հարուցումից հետո` երկու շաբաթվա ընթացքում, ապա պարտապանի կողմից հարկադիր կատարողին (Ծառայությանը) կամ պահանջատիրոջն ինքնուրույնաբար վճարված դրամական միջոցների, բռնագանձված անկանխիկ դրամական միջոցների երկու տոկոսի չափով,

2) եթե վճարումը կամ բռնագանձումը տեղի է ունեցել կատարողական վարույթի հարուցմանը հաջորդող երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո, ապա պարտապանի կողմից հարկադիր կատարողին (Ծառայությանը) կամ պահանջատիրոջն ինքնուրույնաբար վճարված դրամական միջոցների, բռնագանձված անկանխիկ դրամական միջոցների չորս տոկոսի չափով,

3) կողմերի հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատվելու դեպքում՝ բռնագանձման ենթակա գումարի մնացորդի երկու տոկոսի չափով, եթե հաշտության համաձայնությունը հարկադիր կատարողին է ներկայացվել կատարողական վարույթի հարուցումից հետո` երկու շաբաթվա ընթացքում, և բռնագանձման ենթակա գումարի մնացորդի չորս տոկոսի չափով, եթե հաշտության համաձայնությունը հարկադիր կատարողին է ներկայացվել կատարողական վարույթի հարուցմանը հաջորդող երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո.

4) բռնագանձված (առգրավված) կանխիկ դրամական միջոցների հինգ տոկոսի չափով.

5) հարկադիր աճուրդով կամ Օրենքով սահմանված այլ ընթացակարգով հարկադիր կատարողի կողմից իրացված գույքի իրացման գնի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան պահանջների բավարարմանն ուղղվող գումարի 10 տոկոսը։

Միաժամանակ, հարկ է նկատել, որ եթե 100 հազար դրամ և ավելի գումարով դրամական պահանջի կատարման վարույթն ավարտվում կամ կարճվում է Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ հարկադիր կատարման վերջին դիմումի ներկայացումից հետո պարտավորության կատարման հետ չկապված հիմքով կամ 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով, ապա, ի լրումն նախատեսված կայուն գումարի, պահանջատիրոջից գանձվում է կատարողական վճար՝ փաստացի կատարված կատարողական ծախսերի չափով, բայց ոչ պակաս, քան՝

1) բռնագանձման ենթակա գումարի մնացորդի երկու տոկոսը, եթե կատարողական վարույթի ավարտման կամ կարճման հիմքը ծագել կամ հարկադիր կատարողին հայտնի է դարձել կատարողական վարույթի հարուցումից հետո՝ երկու շաբաթվա ընթացքում.

2) բռնագանձման ենթակա գումարի մնացորդի չորս տոկոսը, եթե կատարողական վարույթի ավարտման կամ կարճման հիմքը ծագել կամ հարկադիր կատարողին հայտնի է դարձել կատարողական վարույթի հարուցմանը հաջորդող երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո։

Եթե դրամական պահանջի կատարման վարույթն ավարտվում կամ կարճվում է Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 11-րդ կետով կամ 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ հարկադիր կատարման վերջին դիմումի ներկայացումից առաջ պարտավորության կատարման հիմքով, ապա Ծառայությունը պարտապանին է վերադարձնում նրանից գանձված կատարողական վճարների գումարը, այդ թվում՝ կայուն գումարը։

Այս ամենի հետ մեկտեղ, Օրենքը նախատեսել է որոշակի բացառություն պարբերական վճարումներ ենթադրող՝ ալիմենտային, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դրամական պահանջների կատարման վարույթների առնչությամբ, համաձայն որի՝ Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը, 3-րդ մասի 3-րդ կետը և 4-րդ մասը այս դեպքում չեն կիրառվում, իսկ 3-րդ մասի մյուս կետերը կիրառվում են միայն այն դեպքում, երբ բռնագանձումը Օրենքով սահմանված հիմքերով տարածվել է պարտապանի գույքի վրա։

Օրենքը նախատեսել է նաև որոշակի կարգավորումներ կապված գույքի պահպանության, փորձաքննության, ինչպես նաև գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու դեպքերի կապակցությամբ։

Եթե ոչ դրամական պահանջով կատարման ենթակա ակտով կամ հարկադիր կատարողի սահմանած ժամկետում պարտապանը կամովին չի կատարում պարտավորությունը, և այն կատարվում է հարկադիր կատարման միջոցով, ապա պարտապանից գանձվում է կատարողական վճար՝

1) մինչև 500 հազար դրամի չափով փաստացի ծախսեր կատարված լինելու դեպքում՝ այդ ծախսերի եռապատիկի, բայց ոչ պակաս, քան 100 հազար դրամի չափով.

2) 500 հազարից մինչև մեկ միլիոն դրամի չափով փաստացի ծախսեր կատարված լինելու դեպքում՝ մեկուկես միլիոն դրամի չափով.

3) մեկ միլիոն դրամից ավելի չափով փաստացի ծախսեր կատարված լինելու դեպքում՝ այդ ծախսերի 150 տոկոսի չափով։

Հարկ է նկատել, որ այն դեպքերում, երբ ոչ դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթով պարտապանի համար չի սահմանվել կամավոր կատարման ժամկետ, ապա պարտապանից գանձվում է կատարողական վճար՝ փաստացի կատարված կատարողական ծախսերի չափով, բայց ոչ պակաս, քան հինգ հազար դրամը։

Պահանջատիրոջից գանձվում է փաստացի կատարված կատարողական ծախսերի չափով կատարողական վճար, բայց ոչ պակաս, քան հինգ հազար դրամը, այն դեպքում, երբ ոչ դրամական պահանջների հարկադիր կատարման վարույթն ավարտվում կամ կարճվում է Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ հարկադիր կատարման վերջին դիմումի ներկայացումից հետո պարտավորության կատարման հետ չկապված հիմքով կամ 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքերով։

Ապահովման վարույթի կապակցությամբ հարկ է նկատել, որ փաստացի կատարված կատարողական ծախսերի, բայց ոչ պակաս, քան հինգ հազար դրամի չափով կատարողական վճար է գանձվում՝

1) պարտապանից, եթե հայցի (ներառյալ նախնական), դիմումի պահանջի կամ եզրափակիչ դատական ակտի կատարման ապահովումը վերացվել է հայցապահանջը (դիմումի պահանջը) պարտապանի կողմից կամովին կատարվելու կամ կողմերի հաշտության հիմքով կամ հայցը (դիմումը) բավարարվելուց հետո՝ մինչև եզրափակիչ դատական ակտը կատարման ներկայացնելը.

2) պահանջատիրոջից, եթե եզրափակիչ դատական ակտով հայցը (դիմումը) չի բավարարվել, կամ հայցի (ներառյալ նախնական), դիմումի պահանջի կամ եզրափակիչ դատական ակտի կատարման ապահովումը վերացվել է մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը, բացառությամբ սույն մասի 1-ին կետով նախատեսված դեպքերի.

3) պարտապանից, եթե վարչական ակտը, որի կատարումն ապահովելու համար կիրառվել է վարչական մարմնի արգելանքը, կատարվել է ապահովման վարույթի հարուցումից հետո, բայց մինչև այդ վարչական ակտը կատարման ներկայացվելը։

Միաժամանակ, այն դեպքում, երբ ավարտված ապահովման վարույթը վերսկսվում է որպես համապատասխան եզրափակիչ դատական ակտի կամ դրամական պահանջ սահմանող վարչական ակտի կատարման վարույթ, ապա այդ վարույթի ծախսերի մեջ ներառվում են նաև ապահովման վարույթով կատարված կատարողական ծախսերը։

Ինչ վերաբերում է կատարողական ծախսերին՝ նախ, հարկ է նշել, որ, դատական ակտերի պատշաճ և ժամանակին կատարումն ապահովելու տեսանկյունից շատ կարևոր է նաև պարտապանի կողմից պարտավորությունը ժամանակին ու կամովին կատարելը կամ վարույթում համագործակցային վարքագիծ դրսևորելը խրախուսելու գործիքակազմը, ինչպիսի հանգամանքով պայմանավորված՝ վերանայվել է նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերի հաշվարկման համակարգը՝ գանձվող ծախսի չափն ուղղակիորեն կապակցելով նաև պարտապանի կողմից պարտավորությունը մարելու պահին։

Օրենքը սահմանում է, որ կատարողական գործողությունների կատարման ծախսերը (կատարողական ծախսերը) դրանց կազմակերպման և անցկացման համար հարկադիր կատարողի (Ծառայության) ծախսած անհրաժեշտ միջոցներն են, որը նաև ներառում է

1.         կատարողական վարույթին օժանդակող անձանց ծառայությունների վարձատրությունը,

2.         պահանջատիրոջ հասանելիք գույքը (ներառյալ դրամական միջոցները) նրան փոխանցելու ծախսերը,

3.         իրացված գույքը գնորդին հանձնելու ծախսերը,

4.         փոստային ծախսերը

5.         կատարողական գործողությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ այլ ծախսեր։

Միաժամանակ, Օրենքը նախատեսել է որոշ առանձնահատկություններ կատարման ենթակա մեկ ակտի հիման վրա կատարողական վճարները գանձելու, պահանջատիրոջ կամ պարտապանի կողմում անձանց բազմաթվության, ինչպես նաև պարտապանի սնանկության կամ սնանկության վտանգի վարույթի դեպքերում, որոնք, ըստ էության, ուղղված են կատարողական ծախսերի հաշվարկման այնպիսի մեխանիզմներ նախատեսելուն, որոնք թույլ կտան բռնագանձման ենթակա կատարողական ծախսերի չափը որոշել՝ հիմքում դնելով ոչ միայն բռնագանձման ենթակա գումարի չափը, այլ նաև կոնկրետ կատարողական վարույթի շրջանակում կատարված կատարողական գործողությունների կատարման ծավալը և առանձնահատկությունները: Նշվածին համապատասխան, օրենսդիրը նախատեսել է նաև կատարողական վճարներից ազատվելու հիմքեր, մասնավորապես՝ կատարողական վճարներ չեն գանձվում, եթե՝

1) Հայաստանի Հանրապետության կամ համայնքի նկատմամբ դրամական պահանջով կատարման ենթակա ակտը կատարվում է առանց հարկադիր կատարման միջոցների կիրառման՝ իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից պահանջատիրոջը դրամական միջոցներ վճարելով կամ փոխանցվող մուրհակ տրամադրելով.

2) կատարողական վարույթը կարճվել է Կառավարության սահմանած շրջանակի պարտավորություններով պարտքը ներելու հիմքով՝ սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ:

Օրենքի նորամուծություններից մեկն էլ այն է, որ օրենսդիրը մանրամասն կարգավորել է ոչ միայն դրամական, ոչ դրամական պահանջների և ապահովման վարույթներով կատարողական վճարները, այլև դրանցից յուրաքանչյուրում տարանջատվել են ըստ կատարողական վարույթի փուլի, հարկադիր կատարողի և պարտապանի ջանքերի կատարողական վճարների չափերը։ Այս տարբերակումը թույլ կտա քննարկվող ինստիտուտը նորովի իմաստավորել և ծառայեցնել որպես, մի կողմից, պարտապանի պատշաճ վարքագիծը խթանող, մյուս կողմից՝ հարկադիր կատարողի արդյունավետ աշխատանքը մոտիվացնող գործիք։

Նոր կարգավորումներով է լրացվել նաև կատարողական ծախսերի դիմաց կանխավճար տրամադրելու ինստիտուտը։ Մասնավորապես, նախատեսվել է, որ կանխավճարի չօգտագործված մասը վերադարձվում է այն վճարած անձին համապատասխան կատարողական գործողության ավարտից հետո, որի իրականացման համար վճարվել էր կանխավճարը, իսկ կանխավճարի օգտագործված մասը վերադարձվում է այն վճարած անձին, եթե համապատասխան կատարողական ծախսերի գումարը հատուցվել (բռնագանձվել) է Օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև հստակեցվել է նշված դրամական միջոցները վերադարձնելու կարգը։


ԳԼՈՒԽ 6
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ

Օրենքի 6-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է կատարողական վարույթի հարուցմանը։

Նախ, հարկ է նշել, որ ԴԱՀԿ մասին օրենքի ընդունումից ի վեր հարկադիր կատարման ենթակա ակտերի շրջանակն էապես ընդլայնվել է՝ ներառելով, ի թիվս այլնի, հանրային իրավական դրամական պահանջներով և մի շարք այլ վարչական ակտեր, որոշ նոտարական ակտեր, որոշակի պահանջներով արբիտրաժային տրիբունալների վճիռներ, դատախազի որոշումներ, ՀՀ մասնակցությամբ միջազգային կազմակերպության (Եվրասիական տնտեսական միության) մարմնի որոշումներ։  Ընդ որում, այդ ակտերը հարկադիր կատարման են ներկայացվում անմիջականորեն՝ առանց դատական սանկցավորման։

Միաժամանակ, այդ ակտերը հարկադիր կատարման ներկայացնելու կարգն ու ժամկետները սահմանող կանոնները ցրված են ԴԱՀԿ մասին օրենքից բացի նաև այլ օրենքներում (ՎՀՎՎ մասին օրենք, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենք, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենք, «Առևտրային արբիտրաժի մասին» օրենք)։

Հաշվի առնելով այն իրողությունը, որ կատարման ենթակա ակտերը կատարման ներկայացնելու հարաբերությունները ներառվում են կատարողական վարույթում, օրենսդիրը անհրաժեշտ է համարել դրանք կարգավորել «Կատարողական վարույթի մասին» օրենքում՝ սահմանելով միասնական կանոններ, ժամկետներ և դրանց խախտման հետևանքներ։

Միաժամանակ, Օրենքի նորամուծություններից մեկն էլ հարկադիր կատարման ենթակա ակտերի շարքին նաև հենց հարկադիր կատարողի որոշումները դասելն է։

Կատարողական վարույթի հարուցումը այս վարույթի առանցքային փուլերից մեկն է, քանի որ հարկադիր կատարողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան ակտի հարկադիր կատարմանը միայն կատարողական վարույթ հարուցելու դեպքում։ Այլ կերպ ասած՝ առանց կատարողական վարույթ հարուցելու հարկադիր կատարողն իրավունք չունի իրականացնել կատարողական գործողություններ և կիրառել հարկադիր կատարման միջոցներ։

Նոր կարգավորումներով օրենսդիրը, ըստ էության, հրաժարվել է կատարողական թերթի ինստիտուտից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ էլեկտրոնային համակարգերի և դատարանների ու Ծառայության միջև էլեկտրոնային հաղորդակցության հնարավորության պայմաններում այդ ինստիտուտը կորցրել է իր ակտուալությունը[11]։

Ըստ այդմ, Օրենքը հստակեցրել է կատարողական վարույթ հարուցելու առիթը, այն է՝ Օրենքով սահմանված կարգով Ծառայություն ներկայացված հարկադիր կատարման դիմումը։ Միաժամանակ, հարկ է նկատել, որ, ի տարբերություն այս ընդհանուր կանոնի, հարկադիր կատարողի որոշումների կատարման վարույթը հարկադիր կատարողը հարուցում է սեփական նախաձեռնությամբ[12]։

Որպես կանոն,  հարկադիր կատարման դիմումը ներկայացնում է պահանջատերը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Վերջինս հարկադիր կատարման դիմում կարող է ներկայացնել կատարման ենթակա ակտի ինչպես ամբողջ եզրափակիչ մասը, այնպես էլ դրա մի մասը կատարելու պահանջով, ինչպես նաև մեկ դիմումում կարող է միավորել կատարման ենթակա միևնույն ակտով մեկից ավելի պարտապանների նկատմամբ կատարողական վարույթներ հարուցելու պահանջներ: Ընդ որում, եթե կատարման ենթակա ակտը կայացվել է հօգուտ մի քանի անձի, ապա այդ անձանցից յուրաքանչյուրը հարկադիր կատարման դիմում կարող է ներկայացնել միայն իր օգտին կատարողական վարույթ հարուցելու վերաբերյալ՝ կատարման ենթակա ակտի համապատասխան մասով:

Օրենքը հետևողականորեն սահմանել է հարկադիր կատարման դիմումին և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները[13], մանրամասն կարգավորել  դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի, մշտապես գործող արբիտրաժային հաստատության և նոտարի կողմից հարկադիր կատարման դիմում ներկայացնելու հարաբերությունները[14], ինչպես նաև հստակեցրել է կատարողական վաղեմության ժամկետները[15]։

Միաժամանակ, Օրենքը նախատեսել է կատարողական վաղեմության բաց թողնված ժամկետը վերականգնելու, իսկ Օրենքով նախատեսված դեպքում ավելի վաղ ժամանակահատվածում չկատարված պարտավորությունների հարկադիր կատարումը թույլատրելու հնարավորություն, եթե այդպիսին պահանջատերը միջնորդել է կատարման ենթակա դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարանին և եթե կատարողական վաղեմության ժամկետը բաց թողնելու կամ հարկադիր կատարման դիմումն ավելի վաղ չներկայացնելու պատճառները հարգելի են։ Միևնույն ժամանակ, միջնորդություն չի կարող ներկայացվել, իսկ ներկայացված միջնորդությունը ենթակա չէ քննարկման, եթե կատարողական վաղեմության ժամկետը բաց է թողնվել ավելի քան 10 տարի ժամկետով, կամ եթե պահանջատերն Օրենքով նախատեսված դեպքերում խնդրում է թույլատրել 10 տարուց ավելի վաղ ժամանակահատվածում չկատարված պարտավորությունների հարկադիր կատարումը։ Ուշադրության է արժանի այն, որ վարչական ակտի և դատախազի որոշման հարկադիր կատարման դիմում ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնման ենթակա չէ։

Հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելու (վերսկսելու) մասին կայացնում է որոշում, եթե բացակայում են կատարողական վարույթի հարուցումը (վերսկսումը) մերժելու հիմքերը[16], իսկ անհապաղ կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարման դիմումի հիման վրա կատարողական վարույթը հարուցվում է անհապաղ։ Հարկադիր կատարողը մերժում է հարկադիր կատարման դիմումի հիման վրա կատարողական վարույթի հարուցումը (վերսկսումը), եթե՝

1) հարկադիր կատարման դիմումը ներկայացվել է Օրենքի 32-րդ կամ 33-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ.

2) մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից հարկադիր կատարման դիմումը ներկայացվել է օրենքի խախտմամբ, ներառյալ եթե պահանջատերը մշտապես գործող արբիտրաժային հաստատությանը հարկադիր կատարման համար դիմել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ.

3) նոտարի կողմից հարկադիր կատարման դիմումը ներկայացվել է այդ դիմումի բովանդակությանը և կից փաստաթղթերին օրենքով ներկայացվող պահանջների խախտմամբ.

4) հարկադիր կատարման դիմումում նշված ակտը կատարում չի ենթադրում.

5) կատարման ենթակա ակտի՝ պահանջատիրոջ նշած մասով կատարումը հակասում է օրենքին.

6) տվյալ պահանջով արդեն իսկ հարուցվել է կատարողական վարույթ, բացառությամբ եթե այդ վարույթն ավարտվել է Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով.

7) չի սկսվել կամ լրացել է կատարողական վաղեմության ժամկետը, և առկա չէ այն վերականգնելու մասին դատական ակտ.

8) մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից հարկադիր կատարման դիմում ներկայացվելու պահին արբիտրաժային տրիբունալի վճռի կայացումից անցել է ավելի քան 14 ամիս, ընդ որում՝ այդ ժամկետի հոսքը կասեցվում է արբիտրաժային տրիբունալի վճիռը դատական կարգով չեղյալ ճանաչելու գործընթացի ընթացքում, եթե այդ գործընթացը սկսվել կամ շարունակվել է արբիտրաժային տրիբունալի վճռի կայացմանը հաջորդող եռամսյա ժամկետը լրանալուց հետո.

9) Օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված մարմինների կողմից հարկադիր կատարման դիմում ներկայացվելու պահին նույն հոդվածի 1-3-րդ, 8-րդ մասերով նախատեսված կատարման ենթակա ակտերը և նույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավասու դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց (պարտադիր դառնալուց) անցել է ավելի քան մեկ տարի, ընդ որում՝ այդ ժամկետի հոսքը կասեցվում է տվյալ ակտերի կատարումն օրենքով սահմանված դեպքերում կասեցվելու ընթացքում։

Կատարողական վարույթի հարուցումը (վերսկսումը) մերժելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում, որում նշվում են մերժման բոլոր հիմքերը, իսկ հարկադիր կատարման դիմումի մի մասով մերժելու հիմքերի առկայության դեպքում հարկադիր կատարողն այդ մասով է մերժում կատարողական վարույթի հարուցումը (վերսկսումը), իսկ մնացած մասով հարուցում է կատարողական վարույթ: Թույլ տրված խախտումները վերացնելուց կամ մերժման հիմքերը վերանալուց հետո պահանջատերը կարող է կրկին ներկայացնել հարկադիր կատարման դիմումը, ընդ որում մերժելու մասին որոշումը ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, խախտումները վերացվելու և դիմումը կրկին ներկայացվելու դեպքում այն ներկայացված է համարվում սկզբնապես ներկայացնելու օրը։

Շարադրվածից հետևում է

1.        Եթե առկա է կատարողական վարույթի հարուցումը (վերսկսումը) մերժելու որևէ հիմք, հարկադիր կատարողը կայացնում է մերժման որոշում, որտեղ նշվում են մերժման բոլոր հիմքերը։ Եթե դիմումը վերաբերում է մի քանի պահանջների և դիմումի մի մասով առկա է մերժման որևէ հիմք, ապա հարկադիր կատարողը մերժում է այդ մասով, իսկ մյուս մասով հարուցում է վարույթ։

2.        Եթե թույլ տրված խախտումները կամ մերժման այլ հիմքերը վերացել են, պահանջատերը կարող է կրկին ներկայացնել հարկադիր կատարման դիմումը։

3.        Եթե պահանջատերը մերժման որոշումը ստանալուց հետո վերացնում է թույլ տրված խախտումները և դիմումը կրկին ներկայացնում է  տասն օրվա ընթացքում, ապա այն համարվում է ներկայացված սկզբնապես ներկայացնելու օրը։

Ինչպես արդեն խոսվել է, օրենսդիրը հարկադիր կատարման ենթակա ակտերի շարքին է դասել նաև հենց հարկադիր կատարողի որոշումները, որոնք կարող են կատարվել ինչպես տվյալ կատարողական վարույթի (հիմնական կատարողական վարույթի) շրջանակներում (եթե այդ որոշմամբ պարտականություններ կամ իրավունքի սահմանափակումներ են սահմանված կատարողական վարույթի կողմի նկատմամբ), այնպես էլ, ըստ անհրաժեշտության,  կարող են հիմնական կատարողական վարույթից առանձնացվել որպես ածանցյալ կատարողական վարույթ։ Ածանցյալ կատարողական վարույթը նախատեսված է այնպիսի իրավիճակների համար, երբ առանձին պարտականություններ կամ պահանջներ առաջանում են ոչ միայն պարտապանի նկատմամբ, այլ նաև այնպիսի երրորդ անձանց նկատմամբ, որոնք կատարողական վարույթի մասնակցի կարգավիճակ չեն ստացել: Օրինակ, եթե փորձաքննության իրականացմանը խոչընդոտում է ոչ թե պարտապանը, այլ պարտապանի հետ համասեփականատեր հանդիսացող և կատարողական վարույթի մասնակից չհանդիսացող անձը, ապա փորձաքննության իրականացման խոչընդոտները վերացնելու նպատակով հարկադիր կատարողը պետք է հարուցի ածանցյալ կատարողական վարույթ։

Հատկանշական է, որ հիմնական կատարողական վարույթով պահանջատերն ածանցյալ կատարողական վարույթում օգտվում է երրորդ անձի իրավունքներից և կրում է նրա պարտականությունները՝ առանց երրորդ անձ ներգրավելու մասին հարկադիր կատարողի որոշման ընդունման, իսկ ածանցյալ կատարողական վարույթը չի ենթադրում պահանջատիրոջ մասնակցություն, բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերում պահանջատիրոջ կատարած ծախսերը հօգուտ վերջինիս բռնագանձելու որոշման կատարման վարույթի։

Այս գլխում օրենսդիրը ներառել է նաև կատարողական վարույթի հարուցման վայրի և վարույթի փոխանցմանը վերաբերող կարգավորումները։ Մասնավորապես, կատարողական վարույթը հարուցվում է Ծառայության՝ պարտապանի հաշվառման (գտնվելու) կամ նրա գույքի գտնվելու վայրի ստորաբաժանումում, իսկ կատարողական վարույթը մեկ հարկադիր կատարողից մյուսին կարող է փոխանցվել Ծառայության ստորաբաժանման ներսում՝ ստորաբաժանման պետի կողմից, իսկ Ծառայության մեկ այլ ստորաբաժանում՝ գլխավոր հարկադիր կատարողի կողմից։


ԳԼՈՒԽ 7
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

            Հարկադիր կատարման միջոցների համակարգը կատարողական վարույթի առանցքային ինստիտուտն է, քանի որ այդ միջոցների գործադրմամբ է ապահովվում կատարողական վարույթի նպատակը՝ կատարման ենթակա ակտով հաստատված պարտավորության արդյունավետ կատարումը։ Հարկադիր կատարման միջոցները, նախ, բխում են կատարման ենթակա նյութաիրավական պարտավորության էությունից[17], այնուհետև, որպես պետական հարկադրանքի դրևսորումներ, պետք է համապատասխանեն համաչափության, անհրաժեշտության և պիտանիության վերաբերյալ սահմանադրական և օրենսդրական չափանիշներին։ Օրենքը, հետևելով այս ուղենիշներին, առանձին գլխով սահմանել է հարկադիր կատարման միջոցների շրջանակը, ինչպես նաև դրանց կիրառման ընդհանուր պայմաններ, որոնք կիրառելի են այդ միջոցների գործադրմանն ուղղված յուրաքանչյուր հարաբերության նկատմամբ։

            Այսպես, Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել են հարկադիր կատարման հետևյալ միջոցները.

1) պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը.

2) պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելը.

3) պարտապանի` այլ անձանց մոտ գտնվող գույքի վրա բռնագանձում տարածելը.

4) պարտապանին, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև այլ անձանց որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելը կամ որոշակի գործողությունների կատարումն արգելելը.

5) պարտավորությունը պարտապանի փոխարեն կատարելը, եթե պարտավորությունից չի բխում, որ այն կարող է կատարվել միայն պարտապանի անձնական մասնակցությամբ.

6) պարտապանին կամ այլ անձանց արգելված գործողությունների կատարումը կանխող կամ արձանագրող միջոցները.

7) ֆիզիկական հարկադրանքը։

            Համեմատություն անցկացնելով ԴԱՀԿ մասին օրենքի հետ՝ պետք է նշել, որ վերը նշված 4-7-րդ հարկադիր կատարման միջոցները, թեև առանձին դրսևորումներ ունեցել են ԴԱՀԿ մասին օրենքում, սակայն կանոնակարգված չեն եղել որպես հարկադիր կատարման միջոց։ Օրենքում դրանց՝ որպես հարկադիր կատարման միջոցների ներդրումը, և դրանց կիրառման ընդհանուր պայմանների սահմանումը թույլ է տալիս այս միջոցներն արդյունավետորեն գործադրել բոլոր իրավիճակներում, երբ դրանք անհրաժեշտ և պիտանի են։

            Օրենքի քննարկվող գլխում բացահայտվում է միայն վերը նշված 5-7-րդ կետերում նշված հարկադիր կատարման միջոցների բովանդակությունը, մինչդեռ 1-4-րդ կետերում նշված հարկադիր կատարման միջոցները սահմանվում են համապատասխանաբար դրամական և ոչ դրամական պահանջների հարկադիր կատարմանը վերաբերող գլուխներում։ Սա, միաժամանակ, չի նշանակում, որ, օրինակ, դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթում կարող են գործադրվել միայն պարտապանի գույքի և եկամուտների վրա բռնագանձում տարածելուն ուղղված հարկադիր կատարման միջոցները (1-3-րդ կետեր)։ Հակառակը՝ Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մեկ կատարողական վարույթով կարող են կիրառվել հարկադիր կատարման մեկից ավելի միջոցներ՝ այնքանով, որքանով դրանք չեն հակասում տվյալ պարտավորության էությանը։ Օրինակ՝ նույն դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթում պարտապանին տրված ժառանգության իրավունքի վկայագրից ծագող իրավունքները գրանցելու նպատակով հարկադիր կատարողը կարող է հանդես գալ պարտապանի անունից և նրա փոխարեն (հարկադիր կատարման 5-րդ միջոց)՝ նախապես պարտապանին պարտավորեցնելով կատարել գրանցմանն ուղղված անհրաժեշտ գործողություններ (հարկադիր կատարման 4-րդ միջոց). այս գործողությունները կատարելու իրավասություն հարկադիր կատարողին տալիս է Օրենքի 43-րդ հոդվածը։

            Հետևելով օրենքի տրամաբանությանը՝ մենք ևս այս գլխում կանդրադառնանք հարկադիր կատարման 5-7-րդ միջոցների բովանդակությանը՝ մյուսների քննարկումը թողնելով համապատասխան գլուխներին։ Բացի այդ, այս գլխի շրջանակներում կան հարկադիր կատարման միջոցների ընդհանուր կանոնների վերաբերյալ կարևոր կարգավորումներ, որոնք կարող են կիրառելի լինել բոլոր տեսակի կատարողական վարույթներով. այդ կանոնները ևս կվերլուծենք ստորև։

            Պարտավորությունը պարտապանի փոխարեն կատարելու՝ որպես հարկադիր կատարման միջոցի բովանդակությունը բացահայտված է Օրենքի 43-րդ հոդվածում։ Հարկ է նշել, որ հարկադիր կատարման այս միջոցի առանձին դրսևորումներ արդեն իսկ ներդրվել էին կատարողական վարույթը կանոնակարգող օրենսդրությունում դեռևս մինչև Օրենքի ընդունումը։ Դրանք, ի թիվս այլնի, ուղղված էին Հայաստանի Հանրապետության դեմ ՄԻԵԴ վճիռներով արձանագրված խնդիրների լուծմանը[18]։ Խոսքը հետևյալ միջոցների մասին է.

-         հարկադիր կատարողի իրավասությունը՝ հանձնարարելու պարտապանին գրանցման ներկայացնել դատական ակտի, ժառանգության վկայագրի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա ծագած իր իրավունքները, իսկ հանձնարարականը չկատարելու դեպքում՝ հարկադիր կատարողի իրավասությունը՝ պարտապանի անունից կատարելու պահանջվող գործողությունները (ԴԱՀԿ մասին օրենք, 43-րդ հոդվածի 9-12-րդ մասեր)

-         պայմանագիր կնքելուն հարկադրելու մասին դատական ակտն ի կատար ածելիս հարկադիր կատարողի իրավասությունը՝ պարտապանի անունից կնքելու պայմանագիրը և կատարելու դրանից բխող իրավաբանական գործողությունները (ԴԱՀԿ մասին օրենքի 62-րդ հոդված, 3-րդ պարբերություն)։

Բացի այդ, մեծ հաշվով հարկադիր կատարման այս միջոցի դրսևորում էր նաև ոչ գույքային բնույթի պահանջների հարկադիր կատարման վերաբերյալ սահմանված ընդհանուր կանոնը, ըստ որի՝ հարկադիր կատարողի սահմանած ժամկետում կատարման ենթակա ակտի պահանջները պարտապանի կողմից չկատարվելու դեպքում հարկադիր կատարողն ինքը կազմակերպում է դրանց կատարումը (ԴԱՀԿ մասին օրենքի 62-րդ հոդված, 2-րդ պարբերություն)։

            Այնուամենայնիվ, այս կանոնները հատվածական էին և ամբողջապես չէին ծածկում անհրաժեշտ կարգավորման կարիք ունեցող հարաբերությունները։ Մասնավորապես, ԴԱՀԿ մասին օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ պարբերության ընդհանուր կանոնը վերաբերում է միայն բուն կատարման ենթակա ակտով սահմանված պարտավորություններին, ըստ այդմ՝ հարկադիր կատարողը նշված դրույթի կիրառմամբ չի կարող պարտապանի անունից կատարել գործողություններ, որոնք թեև կատարման ենթակա ակտում նշված չեն, բայց անմիջականորեն անհրաժեշտ են պարտավորությունը կատարելու համար։ Օրինակ՝ դատական ակտով պարտապանին պարտավորեցվել է քանդել շինություն, սակայն այդ աշխատանքների համար օրենքով անհրաժեշտ է ստանալ քանդման թույլտվություն։ Հարկադիր կատարողը ԴԱՀԿ մասին օրենքի հիման վրա չէր կարող պարտապանի անունից ստանալ այդ թույլտվությունը, և արդյունքում կատարողական վարույթը պարտապանի անգործության պարագայում կմտներ փակուղի։ Բացի այդ, քննարկվող դրույթի՝ «կազմակերպում է դրանց կատարումը» արտահայտությունը չափազանց ընդհանրական էր և չէր նախանշում հարկադիր կատարողի իրավասությունների շրջանակը։

            Ինչ վերաբերում է ԴԱՀԿ մասին օրենքում ներդրված՝ պարտապանի անունից դատական ակտով սահմանված պայմանագիրը կնքելու, դրանից բխող իրավաբանական գործողություններ կատարելու, պարտապանի անունով իրավունքների գրանցման գործողություններին, ապա դրանք, թեև առավել տարածված, բայցևայնպես մասնավոր դեպքերի կարգավորումներ էին։ Գործնականում կարող են լինել նաև այլ դեպքեր, երբ կատարման ենթակա ակտը կարող է փաստացի կատարվել պարտապանի փոխարեն և նրա անունից։

            Նկարագրված խնդիրների համակարգային լուծմանն է ուղղված հարկադիր կատարման նոր միջոցի ներդրմամբ ընդհանուր կանոնների սահմանումը, որոնք հարկադիր կատարողին թույլ են տալիս, որտեղ հնարավոր է, գործել պարտապանի անունից և նրա փոխարեն (Օրենքի 43-րդ հոդված)։ Ընդ որում, այս կարգով հարկադիր կատարողը կարող է միայն այնպիսի գործողություններ, որոնք կա՛մ հենց հարկադիր կատարման ենթակա պարտավորության բովանդակությունն են, կա՛մ էլ անմիջականորեն անհրաժեշտ են դրա կատարման համար: Երկրորդ խումբ գործողությունների մեջ կարող են դասվել պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու նպատակով այդ գույքի նկատմամբ իրավունքների գրանցումը, նման գույքին հասանելիություն ստանալը, կամ ոչ դրամական պարտավորության կատարման համար հանրային-իրավական թույլտվություն ստանալը (շահագործման, քանդման, շինարարության և այլ թույլտվություններ)։ Հարկ է նշել, որ այս գործողությունները կարող են ենթադրել նաև որոշակի համակցություն, ինչպես, օրինակ, պարտապանի անունից դիմումներ ներկայացնել, վճարումներ կատարել, փաստաթղթեր ստորագրել և այլն։

            Քննարկվող գործողությունները հարկադիր կատարողի կողմից կատարելու կարևոր պարտադիր պայման է նախ պարտապանին հնարավորություն տալը՝ ինքնուրույն կատարելու դրանք։ Եվ միայն եթե պարտապանն օրենքով, կատարման ենթակա ակտով կամ հենց հարկադիր կատարողի կողմից սահմանված ժամկետում անհրաժեշտ ակտիվություն չի ցուցաբերում, կիրառվում է հարկադիր կատարման այս միջոցը (Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ)։

            Օրենքի 44-րդ հոդվածով նախատեսվում է հարկադիր կատարողի իրավասությունը՝ կատարման ենթակա գործողություններն իրականացնել և արգելքները գործադրել պարտապանի կոնտրագենտների և գրանցող մարմինների ներգրավմամբ։ Սա պարտավորությունը պարտապանի փոխարեն կատարելու՝ վերը քննարկված հարկադիր կատարման միջոցի առանձին դրսևորում է։ Օրինակ՝ դատական ակտով պարտապանին արգելվել է իր անունով հրապարակել հայցվորի հեղինակային իրավունքները խախտող ստեղծագործողությունները, և պարտապանն ունի հրատարակչության հետ կնքված պայմանագիր՝ ժամանակ առ ժամանակ գրքեր տպագրելու և հրատարակելու վերաբերյալ։ Այս իրավիճակում հարկադիր կատարողը կարող է պարտավորեցնել հրատարակչությանը (պարտապանի կոնտրագենտ)՝ չընդունել և չկատարել պարտապանի կոնկրետ պատվերը։ Հակառակ իրավիճակ. կատարման ենթակա ակտով պարտապանին պարտավորեցվել է որոշակի հարթակում հրապարակել կորպորատիվ բնույթի տեղեկություններ։ Հարկադիր կատարողն այս դեպքում կարող է հարթակը վարող պարտապանի կոնտրագենտին պարտավորեցնել հրապարակել պահանջվող տեղեկությունները (եթե իհարկե դրանք հայտնի են հարկադիր կատարողին)։ Նմանապես, եթե պարտապանին դատական ակտով արգելվել է տնօրինել իրեն պատկանող բաժնետոմսերը, ապա հարկադիր կատարողը կարող է ոչ միայն պարտապանին արգելել համապատասխան գործարքներ կնքել, այլ նաև բաժնետոմսերի ռեեստրավարին (գրանցող մարմին) արգելել գրանցել արգելված գործարքներից բխող իրավունքներ։ Կարևոր է նկատի ունենալ, որ հարկադիր կատարողն այս գործիքակազմով կարող է պարտավորեցնել միայն այնպիսի գործողություններ և կիրառել միայն այնպիսի արգելքներ, որոնք բխում են պարտապանի և պարտապանի կոնտրագենտի, գրանցող մարմնի միջև գործող պայմանագրային կամ այլ հարաբերություններից կամ վերջիններիս հանրային-իրավական լիազորություններից։

            Ընդհանուր առմամբ, պետք է նկատել, որ Օրենքի 44-րդ հոդվածը փոխարինում է ԴԱՀԿ մասին օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասին, որը չափազանց լայն էր ձևակերպված և չէր պարունակում հարկադիր կատարողի իրավասության անհրաժեշտ շրջանակներ։

            Արգելված գործողությունների կատարումը կանխող կամ արձանագրող միջոցները՝ որպես հարկադիր կատարման միջոց (Օրենքի 45-րդ հոդված), կրկին նորույթ է, բայց կրկին իր առանձին դրսևորումները մինչ այժմ ունեցել է կատարողական վարույթի օրենսդրությունում և պրակտիկայում։ Մասնավորապես, պրակտիկայում կիրառվել են որոշակի սարքավորման, տրանսպորտային միջոցի, շինության մուտքերի կապարակնքման միջոցներ՝ այն դեպքերում, երբ դատական ակտերով արգելվել է դրանց շահագործումը։ Այս միջոցների կիրառման համար ընդհանուր իրավական հիմք է հանդիսացել ԴԱՀԿ մասին օրենքի 62-րդ հոդվածը՝ «կատարողական թեթի պահանջների կատարումը կազմակերպելու» մասով։ Այնուամենայնիվ, 2023 թվականին կատարված օրենսդրական փոփոխություններով ԴԱՀԿ մասին օրենքի 5-րդ հոդվածով սահմանված հարկադիր կատարման միջոցների ցանկը լրացվել է նոր միջոցով. առանձին ագրեգատ, շենք, շինություն կամ այլ օբյեկտ կապարակնքելը (կնքելը): Ինչպես տեսնում ենք, սակայն, այս ձևակերպումը կրկին բավականաչափ ընդհանրական չէ և իր կիրառման շրջանակից դուրս է թողնում կապարակնիքի փոխարեն այլ տեխնիկական արգելքների կիրառումը կամ արգելված գործողությունների կատարման վայրն արձանագրող տեսախցիկների տեղադրումը։ Անհրաժեշտ ընդհանրական ձևակերպումն ապահովվում է Օրենքով ներդրված հարկադիր կատարման միջոցով։

            Միաժամանակ, Օրենքն այս հարցում կարևոր երաշխիք է սահմանել բարեխիղճ պարտապանի համար. քննարկվող միջոցները կարող են կիրառվել բացառապես պահանջատիրոջ միջնորդությամբ և նրա հաշվին, և միայն այն դեպքում, երբ դրանից հետո պարտապանը խախտում է կիրառված արգելքը, ապա պահանջատիրոջ կրած ծախսերը բռնագանձվում են պարտապանից հօգուտ պահանջատիրոջ՝ վերջինիս միջնորդությամբ ընդունված հարկադիր կատարողի որոշման հիման վրա։

            Վերջապես, որպես հարկադիր կատարման միջոց է ձևակերպվել բոլոր ժամանակներում հարկադիր կատարողի իրավասության բաղադրիչ եղած ֆիզիկական հարկադրանքը (Օրենք, հոդված 49)։ Այս կարգավորումը կարևոր է նրանով, որ հստակ սահմանվում է, թե որ դեպքերում և ինչ պահանջների հարկադիր կատարման ժամանակ կարող է կիրառվել այս միջոցը, այն է՝ կատարողական գործողություններին խոչընդոտող անձանց նկատմամբ, ինչպես նաև վտարման, բնակեցման պահանջների հարկադիր կատարման նպատակով, միայն եթե այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել կատարումը։ Ֆիզիկական հարկադրանքի, ինչպես նաև հատուկ միջոցների և հրազենի գործադրման պայմանների և սահմանների մասով Օրենքը հղում է անում «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքին։

            Ինչպես վերևում նշեցինք, այս գլխով, բացի բուն հարկադիր կատարման միջոցներից, կանոնակարգվել են դրանց կիրառման մի շարք կանոններ և պայմաններ, որոնք ընդհանուր են հարկադիր կատարման բոլոր միջոցների համար։ Դրանցից են կատարողական գործողություններ կատարելու նպատակով բնակարան կամ այլ շինություն մուտք գործելու կանոնները (Օրենքի 46-րդ հոդված)։ Այստեղ պահպանվել է ԴԱՀԿ մասին օրենքի (հոդված 43.1) տրամաբանությունը. հարկադիր կատարողն իրավասու է անարգել մուտք գործել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն, իսկ այլ անձանց պատկանող շինություն՝ դրա սեփականատիրոջ կամ տիրապետողի համաձայնությամբ կամ դատարանի թույլտվությամբ։ Նորամուծությունն այն է, որ Օրենքով սահմանվել է դատարանի թույլտվությունը ստանալու դատավարական ընթացակարգը։ ԴԱՀԿ մասին օրենքում, ինչպես և դատավարական օրենսգրքերում մինչ այժմ նման ընթացակարգ սահմանված չէր, ինչի պատճառով այս հնարավորությունը գործնականում գրեթե չէր կիրառվում։

            Կարևոր նորույթներ կան անձի, գույքի և փաստաթղթերի հետախուզման, դրա արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Այս կապակցությամբ, նախ, վերացվել է ԴԱՀԿ մասին օրենքում առկա հասկացությունների շփոթը, երբ «հետախուզում» էին համարվում և՛ պարտապանի գույքի կազմը պարզելուն ուղղված հարցումները, և՛ արդեն իսկ հայտնի գույքը գտնելուն ուղղված միջոցառումները։ Օրենքով այս սխալը վերացվել է. տարանջատվել են պարտապանի գույքի կազմը պարզելու (գլուխ 11), պարտապանին նույնականացնող տվյալներ ստանալու (հոդված 42) և հետախուզման հասկացությունները։ Ընդ որում, հետախուզումը կարող է ուղղված լինել անձի, գույքի կամ փաստաթղթերի գտնվելու վայրը պարզելուն։ Անմիջապես նշենք, որ ՀՀ օրենսդրությունը նախատեսում է փաստաթղթերի հետախուզման միայն մեկ դեպք՝ բացակայող պարտապանի սնանկության ընթացակարգի շրջանակներում («Սնանկության մասին» օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մաս)։ Ըստ այդմ, կատարողական վարույթում փաստաթղթերի հետախուզում կարող է իրականացվել միայն նշված նորմի հիման վրա ընդունված դատական ակտի կատարման նպատակով։ Ինչ վերաբերում է անձի և գույքի հետախուզմանը, ապա դա կարող է ինչպես ուղղակիորեն նախատեսված լինել կատարման ենթակա ակտով, այնպես էլ իրականացվել հարկադիր կատարողի որոշման հիման վրա՝ Օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում։ Ընդ որում, «անձի հետախուզում» հասկացությունը ներառում է ինչպես պարտապան ֆիզիկական անձի (ներառյալ՝ անհատ ձեռնարկատիրոջ) հետախուզումը, այնպես էլ պարտապան իրավաբանական անձի իրավասու անձի հետախուզումը (Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 10-11-րդ կետեր)։

            Հետախուզման կանոնակարգման և դրա պատշաճ կիրառման առումով առանցքային է այս գործողության նպատակների սահմանումը, քանի որ այդ նպատակներին հասնելու կամ դրանց արդիականությունը վերանալու դեպքում հետախուզումը պետք է պարտադիր վերացվի։ Օրենքում որպես հետախուզման նպատակներ են սահմանվել անձի ներկայությունն ապահովելը, անհրաժեշտության դեպքում՝ նրան ուղղված փաստաթղթեր (հարկադիր կատարողի որոշումներ, ծանուցումներ և այլն) հանձնելը, իսկ գույքի և փաստաթղթերի դեպքում՝ դրանց գտնվելու վայրը պարզելը (Օրենքի 47-րդ հոդվածի 1-2-րդ մասեր)։

            Մյուս կողմից, անձի հետախուզում կարող է հայտարարվել ոչ թե նրա բացակայության ցանկացած դեպքում, այլ միայն եթե՝

1) դա նախատեսված է կատարման ենթակա ակտով.

2) դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթով պարտապանը փաստացի չի ստացել Օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հայտարարագիր ներկայացնելու մասին ծանուցումը կամ նույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ գույքի հասանելիությունն ապահովելու մասին գրավոր պահանջը.

3) ոչ դրամական պահանջ սահմանող կատարման ենթակա ակտը հնարավոր չէ կատարել առանց պարտապանի կամ իրավասու անձի անձնական մասնակցության, և անհայտ է նրանց գտնվելու վայրը։

            Կատարման ենթակա ակտով նախատեսված լինելու դեպքն ինքնին հասկանալի է և լրացուցիչ պարզաբանման կարիք չունի։ Իսկ մյուս դեպքերում հետախուզման անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ կատարողական վարույթի հետագա ընթացքի համար անհրաժեշտ է հենց պարտապանի կամ նրա իրավասու անձի անձնական մասնակցությունը։ Օրինակ՝ պարտապանը պետք է ներկայացնի գույքի և եկամուտների մասին հայտարարագիր, կամ կատարման ենթակա ակտով պետք է կատարի այնպիսի գործողություն, որի կատարումն առանց իր մասնակցության հնարավոր չէ, օրինակ՝ պետք է ներողություն խնդրի վիրավորանքի համար։ Այնուամենայնիվ, կրկնենք, որ անձի հետախուզումը պահպանվում է ոչ թե մինչև պարտապանի կողմից այդ պարտականությունների կատարումը, այլ մինչև այն պահը, երբ պարտապանը կներկայանա հարկադիր կատարողին և փաստացի կստանա իրեն ուղղված փաստաթղթերը, տվյալ դեպքում՝ հայտարարագիր ներկայացնելու մասին ծանուցումը կամ ներողություն խնդրելուն պարտավորեցնելու մասին որոշումը։ Նշված փաստաթղթերը փաստացի ստանալուց հետո համապատասխան պարտավորությունների խախտումը շարունակելն արդեն հիմք կդառնա օրենքով սահմանված վարչական, քրեական կամ այլ պատասխանատվության կիրառման համար։

            Անձի հետախուզման արդյունավետությունն ապահովող ածանցյալ գործիք է ՀՀ տարածքից հետախուզվող անձի ելքի իրավունքի սահմանափակումը (Օրենքի 48-րդ հոդված)։ Սա նորույթ է կատարողական վարույթի մասին օրենսդրությունում և կարող է կիրառվել բացառապես դատարանի թույլտվությամբ՝ հարկադիր կատարողի միջնորդության հիման վրա, եթե ոչ դրամական պահանջ սահմանող կատարման ենթակա ակտը հնարավոր չէ կատարել առանց հետախուզվող անձի անձնական մասնակցության, և նրան հայտնաբերելու ուղղությամբ հարկադիր կատարողի ձեռնարկած՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն։ Դատարանի թույլտվության տրամադրման դատավարական կարգի մասին անհրաժեշտ հատուկ կանոնները սահմանված են նույն հոդվածում։

Ընդգծենք, որ իրավական ներգործության այս միջոցը չունի պարտապանին պարտավորության կատարմանը հարկադրելու ուղղակի նպատակ. այս միջոցի նպատակները նույնանում են հետախուզման նպատակներին, ուստի դրա կիրառումն անհապաղ վերացվում է այն պահին, երբ իրագործվում են հետախուզման նպատակները (Օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մաս)։ Պարզ ասած՝ այն պահից, երբ հետախուզվող անձը կներկայանա հարկադիր կատարողին և կստանա իրեն ուղղված որոշումներն ու ծանուցումները, հարկադիր կատարողը պարտավոր է վերացնել ինչպես հետախուզումը, այնպես էլ դրանից բխող ելքի արգելքը։


ԳԼՈՒԽ 8
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԻԿ ՓՈՒԼԸ

Օրենքի այս հատվածում միավորված են բոլոր այն կանոնները, որոնք իրենց բնույթով և ընդհանրության աստիճանով կիրառելի են կատարողական վարույթի ընթացիկ փուլի ընթացքում, որոնք ուղղված են ինչպես վարույթի սահուն ընթացքի ապահովմանը, այնպես էլ վարույթի այս փուլում կայացվող վարութային ակտերի հիմնավորվածության ապահովմանը, վարույթի մասնակիցների իրավունքների և դրանց իրացման ընթացակարգերի նախատեսմանը:

Կատարողական վարույթի ողջամիտ ժամկետը երաշխավորելու նպատակով Օրենքը սահմանել է փաստական հիմքը հայտնի դառնալուց հետո եռօրյա ժամկետում հարկադիր կատարողի կողմից որոշում կայացնելու պարտականություն, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ: Ընդ որում, նախատեսվել է միջամտող վարչական ակտ ընդունելու դեպքում օրենքով նախատեսված դեպքերում կատարողական վարույթի մասնակցի կամ այլ անձի լսված լինելու իրավունքը։

Այնուհետև Օրենքը հանգամանորեն թվարկում է հարկադիր կատարողի որոշմանը ներկայացվող պահանջները[19], որոնք նախկինի համեմատությամբ գրեթե փոփոխությունների չեն ենթարկվել։ Միաժամանակ, պահպանվել են հարկադիր կատարողի որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետները, կատարողական վարույթները միացնելու և առանձնացնելու կարգը։

Կատարողական վարույթի մասնակիցների իրավունքների արդյունավետ իրականացմանն է ուղղված օրենսդրի կողմից կատարողական վարույթի մասնակիցների և այլ անձանց միջնորդությունների և բողոքների ներկայացման ու քննության առանձին կարգի սահմանումը։ Նշված կարգի խախտումը հանգեցնելու է որոշակի անբարենպաստ հետևանքների, մասնավորապես դրանք չեն քննարկվելու։ Սա վերաբերում է նաև նաև նախկինում մերժված այն միջնորդություններին և բողոքներին, որոնք կներկայացվեն նույն հիմքով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքը հրաժարվել է կատարողական թերթի գաղափարից՝ նախկին կատարողական թերթի պարզաբանման փոխարեն այժմ գործ ունենք կատարման ենթակա դատական ակտի պարզաբանման հետ։ Նախ, հարկ է նկատել, որ օրենսդիրը պարզաբանման հնարավորությունը նախատեսել է բացառապես դատական ակտերի համար։ Ըստ էության, այս ինստիտուտը ևս առանցքային փոփոխությունների չի ենթարկվել, առավել մանրամասն հստակեցվել են պարզաբանման կարգը, դիմումը ստանալու դեպքում դատարանի գործողությունները և քննության կարգը։

Հատկանշական է, որ Օրենքը հրաժարվել է նաև դիմումի քննության արդյունքում դատարանի կայացրած որոշումը բողոքարկելու նախկին իրավակարգավորումից՝ նախատեսելով որ նման որոշումները բողոքարկման ենթակա չեն։

Կատարողական վարույթի արդյունավետության առանցքային ցուցիչներից են դրա ժամկետները։ Ժամկետներ սահմանելու հիմնական նպատակը վարույթի բնականոն ընթացքի և ողջամիտ տևողության ապահովումն է։ Գործերից մեկով ՄԻԵԴ-ը գտել է, որ պետությունը պարտավոր է իր իրավական համակարգի աշխատանքը կազմակերպել այնպես, որ դատական որոշումների կատարման համար պատասխանատու պետական իշխանության տարբեր մարմինների միջև ապահովի փոխհամագործակցություն և երաշխավորի ողջամիտ ժամկետում դատական որոշումների կատարումը /Glushakova v. Russian Federation (Application no. 23287/05)/։ Միևնույն ժամանակ, Raylyan v. Russia (Application no. 22000/03) գործով ՄԻԵԴ-ը գտել է, որ պարտադիր դատական ակտի կատարման չհիմնավորված երկարատև ձգձգումը հանգեցնում է ՄԻԵԿ-ի խախտման։

Նոր Օրենքով ՄԻԵԴ չափանիշներին համապատասխանող ամրագրում են ստացել կատարողական վարույթի ընդհանուր տևողության և կատարողական առանձին գործողությունների կատարման ժամկետները: Օրենքի 54-րդ հոդվածի համաձայն՝ ի լրումն առանձին կատարողական գործողությունների կատարման կամ հարկադիր կատարողի որոշումների ընդունման համար սույն օրենքով կամ սույն օրենքով սահմանված դեպքերի՝ հարկադիր կատարողի որոշմամբ սահմանված ժամկետների՝ հարկադիր կատարողը պարտավոր է կատարողական վարույթն իրականացնել առավելագույն սեղմ ժամկետում (ողջամիտ ժամկետում), իսկ Օրենքի 50-րդ հոդվածով սահմանում է, որ վարույթի շրջանակում հարկադիր կատարողը բոլոր որոշումները կայացնում է դրա փաստական հիմքը հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ: Այսպիսով՝ օրենքով ոչ միայն սահմանվում է վարույթի տևողության ողջամտության սկզբունքը, այլև այդ սկզբունքի համար նախատեսվում է առավել բարձր չափանիշ՝ վարույթն առավելագույն սեղմ ժամկետում իրականացնելը, որի խախտման դեպքում վարույթի մասնակիցները թե՛ վարչական, թե՛ դատական կարգով կարող են պահանջել ոչ իրավաչափ ճանաչել վարույթի երկարաձգումը, ինչպես նաև հատուցել վարույթը ոչ ողջամիտ ժամկետում իրականացնելու հետևանքով իրենց պատճառված թե՛ նյութական և թե՛ ոչ նյութական վնասը:

Հաշվի առնելով կատարողական վարույթում ներգրավված անձանց համար վարույթը հնարավոր սեղմ ժամկետներում ավարտելու կարևորությունը, Օրենքը սահմանել է ողջամիտ ժամկետում կատարողական վարույթն իրականացնելու՝ հարկադիր կատարողի պարտականությունը, նախկին երկամսյա ժամկետի փոխարեն։ Ուշագրավ է, որ այս վարույթի դեպքում վարչական վարույթի առավելագույն ժամկետը չի կիրառվում։

Պահպանվել են նաև կատարողական գործողությունների կատարման ժամանակին վերաբերող կարգավորումները, այն է աշխատանքային օրերին` ժամը 8։00-ից մինչև 20։00-ն, որի սահմաններում հարկադիր կատարողը հաշվի առնելով նաև կատարողական վարույթի մասնակիցների առաջարկները, սահմանում է կատարողական գործողությունների կատարման կոնկրետ ժամանակը: Եթե առկա են կատարողական գործողությունների կատարումը արգելակող հանգամանքներ, ապա հարկադիր կատարողն իր նախաձեռնությամբ կամ կատարողական վարույթի մասնակիցների միջնորդությամբ կարող է դրանք հետաձգել ողջամիտ ժամկետով։ 

Որպես կանոն, օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում։

Եթե Օրենքով որևէ գործողության կատարման ժամկետ սահմանված չէ, ապա այդպիսի ժամկետ սահմանելու լիազորությունը ևս վերապահված է հարկադիր կատարողին, որը պետք է առաջնորդվի այդ գործողության կատարման համար ժամանակի անհրաժեշտության և բավարարության չափանիշներով։

Օրենքը պահպանել է նաև Օրենքով չնախատեսված օրերին և ժամերին կատարողական գործողություններ կատարելու հնարավորություն, եթե՝

1) անհրաժեշտ է անհապաղ կատարում.

2) պարտապանի մեղքով հնարավոր չէ դրանց կատարումը մնացած օրերին և սահմանված ժամերին.

3) անհրաժեշտ է ավարտել սահմանված ժամին սկսվածկատարողականգործողությունները.

4) դա նախատեսված է կատարման ենթակա ակտով։

Օրենքով մանրամասն կարգավորվել են նաև կատարման ենթակա ակտի կատարման հետաձգման, տարաժամկետման, կատարման եղանակի և կարգի փոփոխման և սահմանման հետ կապված հարցերը։ Մասնավորապես, կատարողական վարույթի կողմերն իրավունք ունեն հարկադիր կատարողին ուղղված համատեղ միջնորդությամբ խնդրելու հետաձգել կամ տարաժամկետել կատարման ենթակա ակտի կատարումը, սահմանել կամ փոփոխել կատարման եղանակ կամ կարգ։ Պետական մարմինն այս իրավունքից օգտվում է, եթե օրենքով ունի նման լիազորություն։ Հարկադիր կատարողը մերժում է միջնորդությունը, եթե դրանով ներկայացված առաջարկն անորոշ է, հակասում է օրենքին, անհնար է կատարել, կատարման դեպքում կարող է խախտել այլ անձանց իրավունքները, կամ եթե դրա դեմ առարկում էկատարողականվարույթիմասնակից երրորդ անձը։ Եթե մերժման հիմքերն ի հայտ են եկել, ներառյալվարույթիմասնակից երրորդ անձն առարկություն է ներկայացրել միջնորդությունը բավարարելուց հետո, ապա հարկադիր կատարողը լրիվ կամ համապատասխան մասով վերացնում է իր որոշումը։ Ընդ որում, եթեկատարողականվարույթին մասնակցում են մի քանի պահանջատեր և (կամ) մի քանի պարտապան, ապա սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդությունը կարող են ներկայացնել պահանջատիրոջ և պարտապանի կողմում հանդես եկող առանձին անձինք՝ միայն իրենց միջև գործող պարտավորության մասով։

      Կարևոր է նկատել, որ դրամական պահանջի կատարման հետաձգումը կամ տարաժամկետումը հիմք չէ պարտապանի գույքի վրա դրված արգելանքները վերացնելու համար, բացառությամբ, եթե կատարողականվարույթիկողմերը համատեղ միջնորդությամբ խնդրում են լրիվ կամ մասնակի վերացնել դրամական միջոցների վրա դրված արգելանքները կամ  լրիվ կամ մասնակի դադարեցնել պարտապանի եկամուտների վրա բռնագանձումը ու կամ դրանց վրա օրենքով թույլատրված չափով բռնագանձում տարածելումասին։ Ըստ այդմ, դրամական պահանջի կատարման հետաձգման կամ տարաժամկետման դեպքում արգելադրված գույքը կարող է հարկադիր իրացման ներկայացվել միայն կետանցված պարտքի առկայության դեպքում, իսկ կատարման հետաձգման կամ տարաժամկետմանմասինորոշումը հիմք է դրա ընդունման պահին ընթացող հերթական հարկադիր աճուրդը դադարեցնելու և աճուրդի հաղթողի հետ առուվաճառքի պայմանագիր չկնքելու համար։

      Ի տարբերություն վերոհիշյալի՝ ոչ դրամական պահանջով դատական ակտի կատարման եղանակի և (կամ) կարգի սահմանման կամ փոփոխման լիազորությունը վերապահված է դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարանին, որը իրականացվում է կողմի դիմումի հիման վրա։ Դիմումին կցվում են դիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները կատարողական վարույթի մյուս մասնակիցներին և հարկադիր կատարողին ուղարկելու վերաբերյալ ապացույցներ և այս պահանջը չպահպանելու դեպքում դիմումը չի քննարկվում, որի մասին դիմողը տեղեկացվում է դիմումը դատարանում ստացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

Դատարանը դիմումը քննում և որոշում է կայացնում այն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Դիմումը քննվում է առանց դատական նիստ հրավիրելու, եթե դատարանը չի որոշում հրավիրել դատական նիստ՝ թելադրված դիմումի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կամ բացառապես դատական նիստում կատարման ենթակա դատավարական գործողությունների անհրաժեշտությամբ։ Դատական նիստ հրավիրվելու դեպքում նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են կատարողական վարույթի մասնակիցները, իսկ դիմումը քննվում և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում։ Պատշաճ ծանուցված անձանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար։ Ընդ որում, դատարանում դիմումի քննությունը չի կասեցնումկատարողականգործողությունները։

            Առաջնորդվելով կատարողական վարույթի նպատակով և կատարողական վարույթի մասնակիցների իրավաչափ շահերի ողջամիտ հարաբերակցության չափանիշով՝ դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում, որը ենթակա չէ բողոքարկման։

      Օրենքի կարևոր նորամուծություններից է կատարման ենթակա ակտերի կատարելիությանը միտված հավելյալ երաշխիքների նախատեսումը, ինչը համահունչ է նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքին։ Այսպես, կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման անհնարինության դեպքում հարկադիր կատարողը մինչև կատարողական վարույթը Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի հիման վրա ավարտելու վերաբերյալ որոշում կայացնելը կատարողական վարույթի կողմերին ծանուցում է կատարման ենթակա ակտի կատարման եղանակի և (կամ) կարգի սահմանման կամ փոփոխման Օրենքով նախատեսված իրավունքների մասին՝ պարզաբանելով այդ իրավունքների իրականացման կարգը։ Եթե նման ծանուցում ուղարկելուց հետո մեկամսյա ժամկետում կողմերն ակտիվություն չեն ցուցաբերում կատարման կարգի և (կամ) եղանակի սահմանման կամ փոփոխման ուղղությամբ (չեն դիմում դատարան, կամ համատեղ միջնորդություն չեն ներկայացնում հարկադիր կատարողին, կամ նման միջնորդությունը չի բավարարվում), ապա հարկադիր կատարողն ինքն է դիմում կատարման ենթակա դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան՝ ոչ դրամական պահանջի կատարման եղանակի և (կամ) կարգի սահմանման կամ փոփոխման խնդրանքով՝ պայմանով, որ պարտապանը Հայաստանի Հանրապետությունն է կամ համայնքը (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը)։ Նման դիմումը քննարկվում է վերոշարադրյալ կանոններով։


ԳԼՈՒԽ 9
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԱՎԱՐՏԸ ԵՎ ԿԱՐՃՈՒՄԸ

Օրենքի այս գլխում զետեղված են մի շարք դրույթներ, որոնցով համապարփակ կարգավորվում են կատարողական վարույթին առնչվող այնպիսի հարցեր, ինչպիսին են կատարողական վարույթի կասեցումը և վերսկսումը, այդ թվում` կատարողական վարույթը կասեցնելու հարկադիր կատարողի պարտականությունը և իրավունքը, կատարողական վարույթի ավարտը, ինչպես նաև կատարողական վարույթի կարճման հիմքերը։

            Այլ օրենքներում կատարված փոփոխություններով պայմանավորված՝ ժամանակի ընթացքում փոփոխվել և լրացվել են նաև ԴԱՀԿ մասին օրենքում սահմանված՝ կատարողական վարույթի կասեցման, ավարտման և կարճման հիմքերը, ինչի արդյունքում տուժել է այս հիմքերի համակարգվածությունը։ Մասնավորապես, կատարողական վարույթի կասեցման, ավարտման և կարճման առանձին հիմքեր կարգավորում են մասնավոր իրավիճակներ։

Վերոհիշյալը հաշվի առնելով՝ օրենսդիրը նման հիմքերը ամփոփել է առավել ընդհանուր ձևակերպումներում, որոնք ծածկում են բոլոր հնարավոր դեպքերը, և բացի այդ՝ կարիք չի լինի դրանք փոփոխել ամեն անգամ, երբ կատարման ենթակա ակտերի վերաբերյալ օրենսդրությունում նոր փոփոխություններ կամ լրացումներ ընդունվեն։

Ըստ էության կատարողական վարույթը կասեցնելու հարկադիր կատարողի իրավունքը և պարտականությունը սահմանող հոդվածները, չնայած առանձին լրացումների և փոփոխությունների, էական փոփոխություններ չեն կրել։ Մասնավորապես,  հարկադիր կատարողը պարտավոր է իր որոշմամբ կասեցնել կատարողական վարույթը, եթե՝

1) կատարողական վարույթի կողմը ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ և չունի օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալ կամ հոգաբարձու.

2) կատարողական վարույթի կողմը մահացել է, և կատարման ենթակա ակտով սահմանված պարտավորությունն օրենքով սահմանված կարգով թույլ է տալիս իրավահաջորդություն.

3) կատարողական վարույթի անչափահաս կողմի օրինական ներկայացուցիչները մահացել են, և նա չունի օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալ կամ հոգաբարձու.

4) պարտապանը ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում է, կամ ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում գտնվող պահանջատերը դիմել է համապատասխան խնդրանքով.

5) օրենքով սահմանված կարգով դիմել է դատարան՝ կատարողական վարույթի կողմերի կնքած հաշտության համաձայնության հիման վրա դատական ակտի վերանայման դիմումով.

6) կատարման ենթակա ակտի կատարումն օրենքով սահմանված կարգով կասեցվել է.

7) դատարանը վարույթ է ընդունել պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում, և հարկադիր կատարման ենթակա պահանջի նկատմամբ տարածվում է «Սնանկության մասին» օրենքով սահմանված մորատորիում.

8) պարտապան բանկը, վարկային կազմակերպությունը, ներդրումային ընկերությունը, ներդրումային ֆոնդի կառավարիչը կամ ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ճանաչվել է անվճարունակ, և հարկադիր կատարման ենթակա պահանջի նկատմամբ տարածվում է «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքով սահմանված մորատորիում.

9) պարտապանի նկատմամբ բոլոր գույքային պահանջների չափը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի ավելի քան երկուհազարապատիկի չափով գերազանցում է պարտապանի բռնագանձման ենթակա գույքի արժեքը:

Ընդ որում, վերջին կետի առնչությամբ, հարկ է նկատել, որ այս հիմքի առկայության դեպքում հարկադիր կատարողը կատարողական վարույթը կասեցնում է 90 օր ժամկետով և կատարողական վարույթի կողմերին ծանուցում է պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմելու իրավունքի մասին։ Օրենքի 50-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողություններից զատ՝ Ծառայությունը նշված հիմքով կատարողական վարույթը կասեցնելու որոշումը երկու աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում է «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով և Ծառայության ինտերնետային կայքում։ Ուշագրավ է, որ նշված հիմքով կատարողական վարույթը կասեցնելուց հետո պարտապանի դեմ ներկայացված նոր պահանջներով հարուցված կատարողական վարույթները կասեցվում են միևնույն հիմքով՝ սկզբնական կասեցման մնացած ժամանակահատվածով։

Միևնույն ժամանակ, վերոհիշյալ կետի կիրառման նպատակով պարտապանի գույքի արժեքը որոշվում է ըստ դրա շուկայական արժեքի, իսկ իրացման ներկայացված լինելու դեպքում՝ առաջիկա իրացման մեկնարկային գնի, իսկ պահանջների չափի մեջ հաշվարկվում են նաև կատարողական վճարները և գույքի իրացումից ծագող հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պարտավորությունները:

Ինչ վերաբերում է կատարողական վարույթը կասեցնելու հարկադիր կատարողի իրավունքին, ապա Օրենքը սպառիչ կերպով սահմանել է այդ հիմքերը, մասնավորապես՝ հարկադիր կատարողը կարող է իր որոշմամբ կասեցնել կատարողական վարույթը, եթե՝

1) կատարման ենթակա ակտը պարզաբանելու դիմում է ներկայացրել.

2) նշանակել է փորձաքննություն.

3) պարտապանը ներգրավվել է որևէ պետական հանձնարարության կատարման մեջ.

4) կատարողական վարույթի մասնակից երրորդ անձը մահացել է, և նրա իրավունքներն օրենքով սահմանված կարգով կարող են փոխանցվել իրավահաջորդին.

5) պարտապան իրավաբանական անձը վերակազմակերպվում է.

6) պարտապանը (իրավաբանական անձի իրավասու անձը) կամ նրա գույքը հետախուզվում է.

7) գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է կատարողական գործողությունների կատարումը։

Առավել մանրամասն հստակեցվել է կատարողական վարույթի կասեցման և վերսկսման կարգը։ Մասնավորապես, սահմանվել է, որ, որպես ընդհանուր կանոն, վարույթի կասեցման ժամանակահատվածում կատարողական վարույթով կիրառված հարկադիր կատարման միջոցները պահպանվում են։ Նախատեսվել է կատարողական վարույթը մի մասով կասեցնելու հնարավորություն, այն դեպքում, երբ կասեցման հիմքը վերաբերում է միայն այդ մասին։

Օրենքի կարևոր նորամուծություններից մեկն էլ կասեցված կատարողական վարույթի պայմաններում որոշակի լրացուցիչ կատարողական գործողությունների կատարման թույլատրելիությունն է, պայմանով, որ վերջինս չպետք է վնասի կասեցման նպատակին, այդ թվում՝ վարույթի վերսկսման հիմքերի առկայությունը պարզելու նպատակով։ Որպես ակնառու օրինակ կարելի է դիտարկել վարույթի կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքների պարզմանն ուղղված գործողությունները։ Այսպես, եթե վարույթը կասեցվել է պարտապանի մահվան հիմքով և կատարման ենթակա ակտով սահմանված պարտավորությունն օրենքով սահմանված կարգով թույլ է տալիս իրավահաջորդություն, կասեցված կատարողական վարույթի շրջանակներում հարկադիր կատարողը կարող է հարցում կատարել նոտարին՝ պարզելու՝ արդյոք սահմանված ժամկետում ժառանգությունը ընդունվել է, թե ոչ, ինչը կարող է հիմք հանդիսանալ վարույթի վերսկսման համար։

Ինչ վերաբերում է կատարողական վարույթի վերսկսմանը, ապա այն հարկադիր կատարողի որոշմամբ վերսկսվում է, եթե՝

1) վերացել են դրա կասեցումն առաջացրած հանգամանքները.

2) Օրենքի 57-րդ հոդվածով սահմանված հիմքերով կասեցված կատարողական վարույթով հնարավոր է դարձել շարունակել կատարման ենթակա ակտի հարկադիր կատարումը.

3) ծագել է կատարողական վարույթն ավարտելու կամ կարճելու հիմք:

Օրենքի 59-րդ հոդվածը սահմանում է կատարողական վարույթը ավարտելու հիմքերը։ Մասնավորապես, հարկադիր կատարողն իր որոշմամբ ավարտում է կատարողական վարույթը, եթե`

1) այդ մասին միջնորդել է պահանջատերը, բացառությամբ դատական ակտի հիման վրա հարուցված ապահովման վարույթի.

2) կատարողական վարույթի հարուցումից հետո պարզվել է, որ առկա է կատարողական վարույթի հարուցումը (վերսկսումը) մերժելու՝ Օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված հիմք.

3) Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով կասեցված կատարողական վարույթով պահանջատիրոջ մահից հետո՝ մեկ տարվա ընթացքում, միջնորդություն չի ներկայացվել պահանջատիրոջն իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ.

4) դատարանը պարտապանին ճանաչել է սնանկ կամ բավարարել է պարտապանի սնանկության վտանգի դիմումը՝ հաստատելով ֆինանսական առողջացման ծրագիրը, և հարկադիր կատարման ենթակա պահանջի նկատմամբ տարածվում է «Սնանկության մասին» օրենքով սահմանված մորատորիում.

5) Օրենքով սահմանված կատարողական գործողությունների կատարման արդյունքով հնարավոր չէ պարզել պարտապանի գտնվելու վայրը, և հարկադիր կատարումն անհնար է առանց պարտապանի անձնական մասնակցության.

6) Օրենքով սահմանված կատարողական գործողությունների կատարման արդյունքով հնարավոր չէ ապահովել հարկադիր կատարողի հասանելիությունը կատարման ենթակա ակտի կատարման համար անհրաժեշտ պարտապանի գույքին, կամ հնարավոր չէ պարզել այդ գույքի գտնվելու վայրը կամ գույքի վրա բռնագանձում տարածելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ.

7) պարտապանը չունի գույք կամ եկամուտներ, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել.

8) ավարտվել են մահացած պարտապանի ժառանգի գույքի և եկամուտների վրա տվյալ ժառանգին անցած ժառանգական գույքի շուկայական արժեքի չափով բռնագանձում տարածելուն ուղղված կատարողական գործողությունները.

9) պարբերական կամ շարունակական կատարում ենթադրող պարտավորությունը կատարվում է առանց հարկադիր կատարման միջոցների կիրառման, կամ պահանջատիրոջ օգտին կատարվում են պարբերական վճարումներ՝ պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելու միջոցով, և չկա այլ կատարողական գործողությունների անհրաժեշտություն.

10) անհնարին է ոչ դրամական պահանջի հարկադիր կատարումը.

11) չեն ծագել սուբսիդիար պատասխանատվություն կրող պարտապանի նկատմամբ հարկադիր կատարման միջոցներ կիրառելու՝ սույն օրենքով սահմանված նախադրյալները.

12) ապահովման վարույթով ավարտվել են անհրաժեշտ կատարողական գործողությունները։

Հարկ է նկատել, որ պարտապանի սնանկ ճանաչվելու կամ պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու հիմքով կատարողական վարույթը ավարտելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հարկադիր կատարողը, ի լրումն Օրենքի 50-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունների, այդ որոշման և պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագրի պատճեններն ուղարկում է պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին վճիռը կայացրած դատարան:

Կատարողական վարույթի ավարտման դեպքում, որպես կանոն, պահպանվում են կիրառված արգելանքները։ Այս կանոնից բացառություն են թվարկված 1-4-րդ, 8-րդ և 11-րդ կետերով նախատեսված դեպքերը, որոնց պարագայում կիրառված հարկադիր կատարման միջոցները հարկադիր կատարողի որոշմամբ վերացվում են։

Ավարտված կատարողական վարույթը հարկադիր կատարողի որոշմամբ վերսկսվում է, եթե՝

1) վերոնշյալ 1-ին կետի հիմքով ավարտված կատարողական վարույթով պահանջատերը Օրենքով սահմանված կարգով ներկայացրել է հարկադիր կատարման նոր դիմում, և առկա չէ կատարողական վարույթի վերսկսումը մերժելու հիմք.

2) վերացել են կատարողական վարույթն ավարտելու հիմքերը, կամ անհրաժեշտություն է առաջացել իրականացնելու լրացուցիչ կատարողական գործողություններ.

3) առկա է կատարողական վարույթը կարճելու հիմք։

Ընդ որում, ավարտված կատարողական վարույթով կարող են իրականացվել վարույթի վերսկսման հիմքերը պարզելուն ուղղված կատարողական գործողություններ։

Ուշագրավ է նաև կատարողական վարույթը կասեցնելու և ավարտելու ինստիտուտների առնչությամբ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը, որը թիվ ՎԴ/0794/05/14 վարչական գործով 2016 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ արձանագրել է, որ կատարողական վարույթն ավարտելը և կատարողական վարույթը կասեցնելը՝ որպես ընթացակարգային ինստիտուտներ, առաջացնում են տարբեր իրավական հետևանքներ. կատարողական վարույթը կասեցնելուց հետո կասեցման հիմք հանդիսացած հանգամանքների վերանալու դեպքում կատարողական վարույթը կարող է կրկին վերսկսվել, իսկ կատարողական վարույթն ավարտելու դեպքում, որպես ընդհանուր կանոն, այն չի կարող կրկին վերսկսվել:

Ինչ վերաբերում է կատարողական վարույթի կարճման ինստիտուտին, ապա այստեղ ընդհանուր առմամբ պահպանվել են ԴԱՀԿ մասին օրենքի մոտեցումները։ Մասնավորապես, հարկադիր կատարողն իր որոշմամբ կարճում է կատարողական վարույթը, եթե`

1) կատարման ենթակա ակտով սահմանված պարտավորությունը կատարվել է կամ դադարել է օրենքով սահմանված այլ հիմքով.

2) պահանջատերը հրաժարվել է իր պահանջների կատարումից կամ հրաժարվել է ընդունել կատարման ենթակա ակտով իրեն հանձնման ենթակա գույքը, բացառությամբ դատական ակտի հիման վրա հարուցված ապահովման վարույթի

3) պահանջատերն ու պարտապանը կնքել են հաշտության համաձայնություն, և այն հաստատել է դատարանը կամ նոտարը.

4) կատարողական վարույթի կողմը մահացել է, և կատարման ենթակա ակտով սահմանված պարտավորությունը թույլ չի տալիս իրավահաջորդություն.

5) կատարման ենթակա ակտը վերացվել է. սույն կետի իմաստով՝ կատարման ենթակա ակտը համարվում է վերացված, եթե այն օրենքով սահմանված կարգով բեկանվել է, վերացվել է, ուժը կորցրած, չեղյալ, անվավեր կամ ոչ իրավաչափ է ճանաչվել, հաստատվել է դրա առ ոչինչ լինելը, կամ այլ կերպ դադարել է դրա կատարելիությունը.

6) կատարողական վարույթի կողմ իրավաբանական անձը լուծարվել է.

7) պահանջատիրոջ մասնակցություն չենթադրող միջանկյալ դատական ակտի կատարման վարույթով օրինական ուժի մեջ է մտել եզրափակիչ դատական ակտը.

8) հայցը (դիմումը) թողնվել է առանց քննության կամ մերժվել է, կամ դատական գործի վարույթը կարճվել է՝ հայցի (դիմումի) կամ եզրափակիչ դատական ակտի կատարման ապահովման որոշումների կատարման վարույթներով։

Թերևս նորամուծություն կարելի է դիտել այն դրույթը, ըստ որի՝ կատարողական վարույթի ընթացքում պարտավորությունը մասնակի կատարվելու դեպքում պահանջատերը չի կարող հղում անել պարտավորության մաս առ մաս կատարումը չընդունելու իրավունքին, և պարտավորությունը տվյալ մասով համարվում է պատշաճ կատարված։ 

Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ կարճման պարագայում հարկադիր կատարողը իր որոշմամբ վերացնում է կատարողական վարույթով կիրառված հարկադիր կատարման միջոցները։

Կարճված կատարողական վարույթը չի կարող վերսկսվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, որը, որպես կանոն, ենթադրում է կատարողական վարույթը կարճելու մասին որոշման վերացման իրավիճակը։

 


ԳԼՈՒԽ 10
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

            Դրամական պահանջի հարկադիր կատարման հիմնական միջոցներն են՝

-         պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը,

-         պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելը,

-         պարտապանի՝ այլ անձանց մոտ գտնվող գույքի վրա բռնագանձում տարածելը։

            Դրամական պահանջի կատարման վարույթով հարկադիր կատարողը կարող է կիրառել նաև հարկադիր կատարման այլ միջոցներ՝ օրենքով, կատարման ենթակա ակտով կամ հարկադիր կատարողի որոշմամբ սահմանված պարտականությունների կատարման նպատակով։ Այսպես, օրինակ, նախորդիվ արդեն խոսել ենք այն մասին, որ պարտապանին տրված իրավահաստատող փաստաթղթից ծագող գույքային իրավունքների գրանցման նպատակով հարկադիր կատարողը նախ կարող է պարտավորեցնել պարտապանին կատարել գրանցմանն ուղղված անհրաժեշտ գործողություններ, իսկ այդ պահանջը չկատարվելու դեպքում՝ հանդես գալ պարտապանի փոխարեն և որպես նրա ներկայացուցիչ իրականացնել պահանջվող գործողությունները[20]։

            Բռնագանձումը՝ որպես հարկադիր կատարման միջոց, բխում է իրենց պարտավորությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքային պատասխանատվության մասին քաղաքացիաիրավական նորմերից և հաջորդական կատարողական գործողությունների համալիր է, որն ուղղված է պարտապանի գույքի և եկամուտների հաշվին պահանջատիրոջը դրամական բավարարում տալուն։ Կատարողական գործողությունների այդ ամբողջությունը բաժանվում է երեք մեծ խմբի՝ գործողություններ, որոնք ուղղված են՝ ա) պարտապանի գույքի կազմը պարզելուն, բ) դրա վրա արգելանք դնելուն, գ) արգելադրված գույքը հարկադիր իրացնելուն[21]։ Ինչ վերաբերում է եկամուտների վրա բռնագանձում տարածելուն, ապա այդտեղ կատարողական գործողությունների կազմը, եկամուտների բնույթով պայմանավորված, այլ է` եկամուտների կազմի պարզում և դրանցից օրենքով սահմանված չափերով պահումների կատարում[22]։

            Ի լրումն հարկադիր կատարման միջոցների՝ որպես պետական հարկադրանքի համաչափության ընդհանուր իրավական չափանիշների՝ Օրենքը սահմանում է բռնագանձման համաչափության հատուկ չափանիշներ: Այսպես, օրենքի 61-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարտապանի գույքի և եկամուտների վրա բռնագանձում (ներառյալ արգելանք) տարածվում է այն չափով, որը բավարար է կատարման ենթակա ակտով սահմանված պահանջի բավարարումը և կատարողական վճարների գանձումը երաշխավորելու համար՝ հաշվի առնելով կատարման ենթակա պահանջի կայուն կամ աճողական լինելը, բռնագանձման ենթակա գույքի հատկանիշները, գույքի նկատմամբ այլ անձանց գույքային իրավունքները, այլ սահմանափակումներն ու ծանրաբեռնվածությունները, դրա շուկայական արժեքի փոփոխման հավանականությունը և իրացվելիության աստիճանը։ Այստեղ պետք է ուշադրութուն դարձնել, որ օրենքը պահանջում է բռնագանձումը տարածել (արգելանքներ կիրառել) ոչ թե խստորեն պարտքի գումարի (ներառյալ կատարողական վճարները) չափով, այլ որոշակիորեն ավելի բարձր չափով՝ հաշվի առնելով, որ՝

-         Նախ, պարտքի գումարն ինքնին, կախված կատարման ենթակա ակտից, կարող է կայուն կամ աճողական լինել՝ ներառելով կամ չներառելով հաշվեգրվող տոկոսագումարներ և տուժանքներ։

-         Բռնագանձման ենթակա գույքի հատկանիշներից կախված՝ դրա լիկվիդայնությունը (իրացման հնարավորությունը) ժամանակի ընթացքում կարող է փոխվել։ Օրինակ, ավտոմեքենաները, կենցաղային տեխնիկայի ապրանքներն համեմատաբար արագ արժեզրկվում են, իսկ անշարժ գույքը՝ որպես կանոն, ոչ։

-         Եթե բռնագանձման ենթակա գույքը ծանրաբեռնված է այլ անձանց գույքային իրավունքներով (գրավ, օգտագործման իրավունք, սերվիտուտ), ապա այդ ծանրաբեռնվածությունները քաղաքացիաիրավական նորմերի ուժով պահպանվում են գույքի իրացումից հետո, և ըստ այդմ՝ կարող են նվազեցնել գույքի գինը։ Բայց դա էլ միանշանակ չէ. հնարավոր է, որ պարտապանին պատկանող՝ բռնագանձման ենթակա առևտրային տարածքը սեփականատիրոջ համար շահավետ պայմաններով հանձնված լինի երկարաժամկետ վարձակալության. այս դեպքում գույքի հնարավոր գնորդների համար դրա գրավչությունը ոչ թե նվազում, այլ աճում է։

-         Նույն շուկայական արժեքով գույքի տարբեր տեսակների իրացվելիության աստիճանը ևս կարող է տարբերվել։ Օրինակ՝ ոսկյա զարդերը շուկայականին մոտ գնով արագ իրացվող գույք են, մինչդեռ արվեստի գործերը, թեև ունենալով բարձր արժեք, ավելի երկար ժամանակահատվածում կարող են «գտնել» իրենց գնորդին։

            Անմիջապես անենք հետևյալ վերապահումը. հարկադիր կատարողից, իհարկե, չի պահանջվում յուրաքանչյուր վարույթով և յուրաքանչյուր արգելադրված գույքի մասով կատարել վերը նշված չափանիշների կիրառման մանրամասն վերլուծություն։ Նման պահանջը չափազանց մեծ ու չարդարացված բեռ կլիներ հարկադիր կատարման մարմնի համար և փաստացի կարգելակեր կատարողական վարույթի ընթացքը՝ դրանով իսկ, ի վերջո, հանգեցնելով վարույթի նպատակին հակասող իրավիճակի։ Ավելին, պետք է նկատի ունենալ, որ այս չափանիշների կիրառման համար անհրաժեշտ տեղեկատվությունն աստիճանաբար է հավաքվում վարույթի ընթացքում, իսկ առանձին դեպքերում պահանջում է մասնագիտական գիտելիքներ, փորձաքննության նշանակում և այլն։

            Ըստ այդմ, բռնագանձման համաչափության քննարկվող չափանիշների նշանակությունը հանգում է հետևյալին։ Դրանք ընդհանուր բնույթի ուղենիշներ են, նախ, հարկադիր կատարողի համար՝ կիրառված արգելանքների համաչափությունը գնահատելու և ակնհայտ անհամաչափ արգելանքները վերացնելու (Օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ) նպատակով։ Այնուհետև, դրանք ուղենիշներ են նաև հարկադիր կատարողի գործողությունների իրավաչափությունը քննող վերադաս մարմնի և դատարանի համար։ Վերջիններս ևս, հաշվի առնելով վերը շարադրված հանգամանքները, հարկադիր կատարողի գործողությունների ոչ իրավաչափություն պետք է արձանագրեն միայն այն դեպքում, երբ կատարողական վարույթում կոնկրետ պահին առկա տեղեկությունների համաձայն՝ կիրառված են եղել ակնհայտ անհամաչափ արգելանքներ, և հարկադիր կատարողը դրանք չի վերացրել։

            Ամեն դեպքում, ուղենիշային սկզբունքն այստեղ հետևյալն է. հարկադիր կատարողը չպետք է գույքն արգելանքից հանի, եթե կա ողջամիտ ռիսկ, որ արգելանքի տակ մնացող գույքը բավարար չի լինի առկա պահանջները բարարարելու համար։ Պետք է նկատի ունենալ, որ պարտապանի լրացուցիչ գույքն արգելանքի տակ պահելը նրան ավելի պակաս վնաս է պատճառում, քան պահանջատիրոջը կպատճառվի, եթե արգելանքները վերացնելու հետևանքով նրա պահանջը չկատարվի։

Ø  Կիրառման օրինակ 1. ենթադրենք՝ պարտապանի նկատմամբ բոլոր դրամական պահանջների հանրագումարը 10 միլիոն դրամ է, արգելադրված են շուրջ 12 միլիոն դրամ արժողությամբ ավտոմեքենա և պարտապանի բնակարանը։ Այս պարագայում պարտապանի պահանջը՝ արգելանքից հանելու բնակարանը, չպետք է բավարարվի, քանի որ ավտոմեքենան մինչև դրա հարկադիր իրացումը կարող է արժեզրկվել, բացի այդ՝ աճուրդի արդյունքում վաճառվել շուկայականից ցածր գնով, ըստ այդմ՝ բավարար չլինել հարկադիր կատարման ենթակա պահանջը բավարարելու համար։

Ø  Կիրառման օրինակ 2. Ենթադրենք՝ պարտապանի նկատմամաբ բոլոր պահանջների հանրագումարը 10 միլիոն դրամ է, և արգելադրվել է նրան պատկանող երկու հողամաս, որոնցից յուրաքանչյուրի կադաստրային արժեքը 40 միլիոն դրամ է, ինչպես նաև պարտապանի բանկային հաշվին առկա 4 միլիոն դրամը։ Այս պարագայում հողամասերից մեկն արգելանքից հանելն արդարացված կլինի։

Օրենքի 62-րդ հոդվածում մանրամասնեցված են պարտապանի՝ այլ անձանց մոտ գտնվող գույքի վրա բռնագանձում տարածելու կարգն ու պայմանները։ Այստեղ էականն այլ անձանց (պարտապանի կոնտրագենտների) նկատմամբ սահմանված հետևյալ իրավական ռեժիմն է.

Պարտապանի գույքը տիրապետող անձինք (պարտապանի կոնտրագենտները) պարտավոր են հարկադիր կատարողի պահանջով հայտնել գույքի վերաբերյալ, դրա նկատմամբ հարկադիր կատարողի հասանելիությունն ապահովող տեղեկություններ և այդ գույքը հանձնել հարկադիր կատարողին։ Այդ պահանջը չկատարվելու դեպքում հարկադիր կատարողն իրավասու է իր որոշմամբ առգրավելու պարտապանի գույքը այն տիրապետող անձից, իսկ եթե այդ անձի մոտ պահվում են պարտապանի դրամական միջոցները, ապա համապատասխան չափով դրամական միջոցներ բռնագանձելու նրանից (Օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Ընդ որում, այլ անձի մոտ գտնվող է համարվում ինչպես ֆիզիկապես տվյալ անձի տիրապետման ներքո գտնվող գույքը, այնպես էլ այն գույքը, որի տիրապետման և տնօրինման հնարավորությունը պայմանավորված է այդ անձի գործողություններով (Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մաս)։ Օրինակ՝ հնարավոր է, որ պարտապանին պատկանող (նրան փոխանցման ենթակա) դրամական միջոցներ լինեն նոտարի դեպոզիտ հաշվին։ Նման իրավիճակում հարկադիր կատարողը պետք է նոտարից պահանջի Ծառայությանը փոխանցել այդ դրամական միջոցները՝ նոտարի հետ հարաբերություններում անհրաժեշտության դեպքում հանդես գալով որպես պարտապանի ներկայացուցիչ (Օրենքի 43-րդ հոդված)։ Եվ եթե նոտարը չկատարի հարկադիր կատարողի պահանջը, ապա հարկադիր կատարողը պետք է իր որոշմամբ համապատասխան չափով դրամական միջոցներ բռնագանձի հենց նոտարից՝ դրա վերաբերյալ հարուցելով ածանցյալ կատարողական վարույթ (Օրենքի 39-րդ հոդված)։

            Բռնագանձման ինստիտուտի ընդհանուր դրույթների կարևոր մաս են բռնագանձման հերթականության մասին կանոնները (Օրենքի 63-րդ հոդված)։ Սրանց հիման վրա է հարկադիր կատարողը որոշում, թե արգելադրված դրամական միջոցները և այլ գույքը՝ ըստ դրանց տեսակների և նշանակության, ինչ հերթականությամբ պետք է ուղղվեն պահանջի մարմանը, այդ թվում՝ ինչ հերթականությամբ պետք է հարկադիր իրացվեն։ Այստեղ պահպանվել է ԴԱՀԿ մասին օրենքի այն տրամաբանությունը, ըստ որի՝ ա) դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթով բոլոր դեպքերում առաջնահերթ բռնագանձման ենթակա են պարտապանի դրամական միջոցները, բ) ֆիզիկական անձ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու հերթականությունն ուղղված է պարտապանի և նրա ընտանիքի կենսական կարիքների պաշտպանությանը, իսկ գ) իրավաբանական անձ պարտապանի դեպքում՝ վերջինիս ձեռնարկատիրական և այլ գործունեության պաշտպանությանը (ԴԱՀԿ մասին օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մաս)։ Այնուամենայնիվ, ԴԱՀԿ մասին օրենքն այս առումով ուներ էական թերություն. նախ, հստակ որոշված չէր, թե անհատ ձեռնարկատեր պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելիս հերթականության որ կանոններն են կիրառվում՝ ֆիզիկական անձ պարտապանի համար նախատեսված կանոնները, թե իրավաբանական անձի համար նախատեսված կանոնները։ Ընդ որում, այդ հարցի պատասխանն այնքան էլ միանշանակ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից, քանի որ «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» օրենքի 1-ին հոդվածի չորրորդ պարբերության համաձայն՝ անհատ ձեռնարկատիրոջ ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրառվում են օրենքով առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող կանոնները, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ իրավահարաբերության էությունից:

            Ավելին, նկատի ունենալով, որ անհատ ձեռնարկատիրոջ գույքային զանգվածը կազմված է ինչպես անձնական և ընտանեկան, այնպես էլ ձեռնարկատիրական նպատակներով օգտագործվող գույքից, խնդրահարույց իրավիճակի կարող է հանգեցնել անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ ինչպես ֆիզիկական անձ պարտապանի, այնպես էլ իրավաբանական անձ պարտապանի համար նախատեսված բռնագանձման հերթականության կանոնների կիրառումը։ Այսպես, եթե կիրառենք ֆիզիկական անձի համար սահմանված հերթականությունը, կարող ենք ստանալ իրավիճակ, երբ դրամական միջոցներից հետո առաջնահերթ բռնագանձման ենթակա են, օրինակ, կահույքի արտադրությամբ զբաղվող ձեռնարկատիրոջ արտադրական սարքավորումները՝ որպես շարժական գույք, ինչն անմիջապես կհանգեցնի արտադրական գործունեության խաթարմանը։ Իսկ եթե կիրառենք իրավաբանական անձի համար սահմանված հերթականությունը, առաջնահերթ բռնագանձման ենթակա կարող է դառնալ պարտապանի և նրա ընտանիքի անդամների բնակարանը՝ որպես արտադրության մեջ անմիջականորեն չներգրավված հիմնական միջոց։

            Այս խնդրի լուծումը տրվել է Օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, որտեղ սահմանվել է պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գույքի վրա բռնագանձում տարածելու առանձին հերթականություն. դրանում համադրվել են անհատ ձեռնարկատիրոջ ինչպես գործարարական, այնպես էլ անձնական ընտանեկան իրավաչափ շահերի պաշտպանության նպատակները։

            Բռնագանձման հերթականության հետ կապված հաջորդ խնդիրն այն էր, որ այդ հարցը կարգավորող կանոնները ցրված էին ԴԱՀԿ մասին օրենքի տարբեր հոդվածներում, իսկ երբեմն նաև՝ այլ օրենքներում։ Ավելին, այդ կանոնները համաձայնեցված չէին միմյանց հետ, և գույքի և եկամուտների տարբեր տեսակներ միաժամանակ համարվում էին վերջին հերթի բռնագանձման ենթակա։ Այսպես՝

-         ԴԱՀԿ մասին օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ տնտեսական ընկերակցության բաժնեհավաք կամ ընկերության կանոնադրական կապիտալում (կոոպերատիվի բաժնային ֆոնդում) պարտապանի բաժնեմասի (փայի), ինչպես նաև պարտապանին պատկանող պայմանագրային ներդրումային ֆոնդի փայի (փայերի) վրա բռնագանձում տարածելը թույլատրվում է միայն պարտքերը մարելու համար նրա այլ գույքի անբավարարության դեպքում[23]:

-         ԴԱՀԿ մասին օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի գրավով չապահովված պահանջները բավարարելու համար պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում կարող է տարածվել միայն պարտապանի այլ գույքի բացակայության դեպքում:

-         ԴԱՀԿ մասին օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ պարտապանի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա տարածվում է բռնագանձում, եթե պարտապանը չունի գույք, կամ եղած գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար։

-         ՔՕ 200-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:

      Նշված համակարգային խզումները վերացվել են, նախ, կատարողական վարույթում բռնագանձման հերթականության վերաբերյալ բոլոր կանոնները Օրենքի մեկ հոդվածում (63-րդ) կենտրոնացնելու միջոցով։ Այնուհետև, ընդհանուր հերթականությունից դուրս են բերվել և առանձին հերթականությունում են նշվել գույքի բոլոր այն տեսակները, որոնց վրա բռնագանձում տարածելը շոշափում է պարտապանից բացի նաև այլ անձանց իրավունքները. նման գույքի վրա բռնագանձում կարող է տարածվել միայն պարտապանի այլ՝ այնպիսի գույքից և եկամուտներից հետո, որոնց վրա բռնագանձում տարածելն այդպիսի կողմնակի ազդեցություն չունի։ Այս առանձին հերթականությունը սահմանված է Օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասով, որի համաձայն՝ ստորև նշված գույքի վրա բռնագանձում տարածվում է այլ գույքի և եկամուտների վրա բռնագանձում տարածվելուց հետո՝ հետևյալ հերթականությամբ.

1) այլ անձանց գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածում նշված գույքային իրավունքներ.

2) այլ անձանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածում նշված գույքային իրավունքներով (ներառյալ պահանջատեր չհանդիսացող անձի առաջնային (նախորդող) գրավի իրավունքով) ծանրաբեռնված գույք.

3) փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր.

4) ընդհանուր սեփականության ներքո գտնվող անշարժ կամ անբաժանելի շարժական գույքում պարտապանի բաժին.

5) տնտեսական ընկերակցության բաժնեհավաք կապիտալում լիակատար ընկերոջ բաժնեմաս

6) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմաս, փայեր կոոպերատիվներում։

            Ինչպես տեսնում ենք, այս կանոններով պաշտպանվում են պարտապանի գույքի համասեփականատերերի, դրա նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող անձանց, ինչպես նաև պարտապանի մասնակցությամբ առևտրային իրավաբանական անձանց իրավաչափ շահերը։

            Զարգացվել են նաև բռնագանձման հերթականություն յուրաքանչյուր հաջորդ հերթին անցնելու կանոնները։ Մասնավորապես ԴԱՀԿ մասին օրենքի կարգավորման համաձայն (43-րդ հոդվածի 4-րդ մաս)՝ առանց նախորդ հերթում ընդգրկված գույքի բռնագանձումն իրականացնելու՝ հաջորդ հերթի գույքը բռնագանձվում է, եթե ակնհայտ է, որ նախորդ հերթի գույքի արժեքն անբավարար է պահանջների բավարարման համար, կամ անհնարին է պարզել նախորդ հերթում ընդգրկված գույքի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի կամ պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն, կամ նախորդ հերթում ընդգրկված գույքի տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չի կայացել: Մինչդեռ, Օրենքով (63-րդ հոդվածի 6-րդ մաս) սահմանվել են հետևյալ կանոնները.

      Առանց նախորդ հերթում ընդգրկված գույքի (եկամուտների) վրա բռնագանձում տարածելու կամ նախորդ հերթում ընդգրկված գույքի (եկամուտների) վրա բռնագանձում տարածելուն զուգահեռ[24]՝ հաջորդ հերթի գույքի (եկամուտների) վրա բռնագանձում տարածվում է, եթե՝

1) ակնհայտ է, որ նախորդ հերթի գույքի արժեքը բավարար չէ պահանջների կատարման և կատարողական վճարների բռնագանձման համար.

2) հնարավոր չէ ապահովել հարկադիր կատարողի հասանելիությունը նախորդ հերթում ընդգրկված գույքին, կամ հնարավոր չէ պարզել նախորդ հերթի գույքի գտնվելու վայրը կամ գույքի վրա բռնագանձում տարածելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ.

3) նախորդ հերթում ընդգրկված գույքի վրա բռնագանձում տարածել հնարավոր չէ պարտապանի ոչ իրավաչափ գործողությունների (անգործության) պատճառով.

4) նախորդ հերթում ընդգրկված գույքի տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չի կայացել.

5) հնարավոր չէ բռնագանձում տարածել երրորդ անձ գրավատուին պատկանող գրավադրված գույքի վրա, քանի որ դատարանը սնանկ է ճանաչել երրորդ անձ գրավատուին կամ բավարարել է երրորդ անձ գրավատուի սնանկության վտանգի դիմումը՝ հաստատելով ֆինանսական առողջացման ծրագիրը.

6) պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելու պարագայում դրանց չափը բավարար չէ առավելագույնը վեց ամսվա ընթացքում պահանջների կատարման և կատարողական վճարների բռնագանձման համար:

            Ինչպես տեսնում ենք, նոր կանոններով, ի թիվս այլնի, արժևորվում է պարտապանի իրավաչափ և բարեխիղճ վարքագիծը, իսկ հակառակ վարքագծի դեպքում նրա վրա դրվում են բացասական հետևանքներ։ Նույն տրամաբանությունն ունի նաև Օրենքի 63-րդ հոդվածի 10-րդ մասը, որի համաձայն՝ բռնագանձման հերթականության կանոնները կիրառվում են պարտապանի այն գույքի և եկամուտների նկատմամբ, որոնց վերաբերյալ տեղեկություններ են ստացվել սույն օրենքի 11-րդ գլխով սահմանված միջոցներով։ Եթե պարտապանը խոչընդոտում է իր գույքի և եկամուտների կազմը պարզելը կամ դրա հետ կապված իր պարտականությունները կատարում է ոչ պատշաճ, ապա կրում է բռնագանձման հերթականությունը հարկադիր կատարողին հայտնի գույքի և եկամուտների շրջանակներում որոշվելու բացասական հետևանքների ռիսկը։

Օրենքի 10-րդ գլխում՝ դրամական պահանջների հարկադիր կատարման մասին ընդհանուր դրույթներում են կենտրոնացվել նաև բռնագանձման ոչ ենթակա գույքի և եկամուտների մասին կանոնները (հոդված 64)։ Նման գույքային իմունիտետները կատարողական վարույթի ավանդական ինստիտուտ են և իրավաչափ բացառություն են պարտապանի գույքային պատասխանատվության ընդհանուր կանոնից։ Դրանք բխում են պետության սոցիալական էությունից և ուղղված են պարտապանի և նրա ընտանիքի նվազագույն կենսապայմանների անձեռնմխելիությանը։

Բռնագանձման ոչ ենթակա գույքի կանոններում կարևոր նորամուծություն է պարտապանի միակ բնակարանի իրացումից նրան վերադարձվող նվազագույն գումարի տնօրինման կարգի սահմանումը: Մասնավորապես, ինչպես ԴԱՀԿ մասին օրենքով, այնպես էլ Օրենքով սահմանված է պարտապանի միակ բնակարանի իմունիտետը՝ Կառավարության սահմանած նվազագույն արժեքի չափով (ներկայումս՝ 4.9 միլիոն դրամ)։ Եթե միակ բնակարանն իրացվում է այդ արժեքը գերազանցող գնով, ապա նշված գումարը վերադարձվում է պարտապանին՝ որպես բռնագանձման ոչ ենթակա գումար (ԴԱՀԿ մասին օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ, Օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ)։ Նորույթն այստեղ այն է, որ պարտապանն այլևս ազատ չէ իրեն վերադարձված այդ գումարը տնօրինելու հարցում՝ այն տրամաբանությամբ, որ այդ գումարը չի ուղղվել պահանջատիրոջ պահանջի բավարարմանը միայն սոցիալապես առավել արժևորվող ծախսերի ուղղելու նպատակով։ Ըստ այդմ, Օրենքի 64-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվել է, որ պարտապանն այդ դրամական միջոցները Կառավարության նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով կարող է տնօրինել միայն բնակարան ձեռք բերելու կամ վարձակալելու, իր կամ մերձավոր ազգականի (ամուսին, զավակ, ծնող, տատ, պապ, թոռ, քույր, եղբայր) բուժման կամ կրթության, ինչպես նաև կատարման ենթակա ակտը կատարելու նպատակներով։


ԳԼՈՒԽ 11
ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱԶՄԸ ՊԱՐԶԵԼԸ

            Նախորդ գլխում խոսեցինք այն մասին, որ բռնագանձումը կազմող կատարողական գործողությունների առաջին խումբը պարտապանի գույքի և եկամուտների կազմը պարզելն է։ Այս նպատակին ուղղված գործողությունները թեև նախատեսված էին ԴԱՀԿ մասին օրենքով, սակայն ձևակերպված չէին որպես բռնագանձման տարր (ԴԱՀԿ մասին օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մաս)։ Բացի այդ, ինչպես նշել ենք սույն ուղեցույցի 7-րդ գլխում, կար տերմինաբանական շփոթ. «պարտապանի գույքի հետախուզում» հասկացությամբ բնորոշվում էին ինչպես պարտապանի գույքի կազմը պարզելուն ուղղված գործողությունները, այնպես էլ արդեն իսկ հայտնի գույքի գտնվելու վայրը պարզելուն ուղղված միջոցառումները (ԴԱՀԿ մասին օրենքի 40-րդ հոդված)։

            Օրենքով այս թերությունները շտկվել են, և համակարգված կերպով կանոնակարգվել են դրամական պահանջով պարտապանի գույքի կազմը պարզելու միջոցները (65-րդ հոդվածի 1-ին մաս)։ Դրանք են՝

1) գրանցող մարմիններից և պարտապանի կոնտրագենտներից պարտապանի, պարտապանի ամուսնու (ներառյալ նախկին) գույքի, պարտապանի եկամուտների և դրանց ձեռքբերման (վճարման) հիմքերի մասին տեղեկատվություն ստանալը.

2) նոտարներից պարտապանին տրված ժառանգության իրավունքի վկայագրերի մասին տեղեկատվություն ստանալը.

3) պարտապանի բնակության (գտնվելու) կամ գործունեության վայրում, պարտապանին պատկանող կամ նրա տիրապետության տակ գտնվող անշարժ գույքի տարածքում գույքագրում իրականացնելը.

4) պարտապանից իրեն պատկանող գույքի, եկամուտների և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր վերցնելը։

            Աչքի ընկնող առաջին նորույթն այստեղ նոտարներից պարտապանին տրված ժառանգության իրավունքի վկայագրերի մասին տեղեկատվություն ստանալն է։ Այս միջոցը թույլ կտա արդյունավետորեն բացահայտել այն դեպքերը, երբ պարտապանն ունի իրեն անցած ժառանգական գույք, սակայն դրա նկատմամբ իր իրավունքները գրանցման չի ներկայացրել՝ փաստացի խուսափելով իր դրամական պահանջի հարկադիր կատարումից։ Նման տեղեկություն ստանալով՝ հարկադիր կատարողը նախ կպարտավորեցնի պարտապանին գրանցման ներկայացնել իր գույքային իրավունքները, իսկ այդ պահանջը չկատարվելու դեպքում ինքը, հանդես գալով պարտապանի անունից, կկատարի անհրաժեշտ գործողությունները (Օրենքի 43-րդ հոդված)։

            Ինչ վերաբերում է պարտապանի ամուսնու (ներառյալ նախկին) գույքի, պարտապանի եկամուտների և դրանց ձեռքբերման (վճարման) հիմքերի մասին տեղեկատվություններ ստանալուն, ապա սա կատարողական վարույթի պրակտիկայում վաղուց ամրագրված միջոց է, որի նպատակն, իհարկե, ոչ թե պարտապանի ամուսնու գույքի վրա բռնագանձում տարածելն է, այլ ամուսինների համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը բացահայտելը և այդ գույքում պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելը։

            Օրենսդրական կարգավորման մեթոդի տեսակետից կարևոր նորույթ է հետևյալը. ի տարբերություն ԴԱՀԿ մասին օրենքի՝ Օրենքում չի տրվում այն մարմինների ու կազմակերպությունների անվանական ցանկը, որոնցից հարկադիր կատարողը ստանում է պարտապանի գույքի և եկամուտների մասին տեղեկություններ։ Այդ շրջանակի որոշումը թողնված է ենթաօրենսդրական ակտերին։ Ավելին, օրենքում ստեղծվել են նախադրյալներ, որոնց հիման վրա գործնականում կընդլայնվի այն գույքի, ներառյալ՝ գույքային իրավունքների շրջանակը, որոնց արդյունավետ հասանելիություն կապահովվի հարկադիր կատարողի համար։ Մասնավորապես՝

-         բռնագանձման ենթակա դրամական միջոցների շրջանակում ներառվել են վճարահաշվարկային կազմակերպություններում, առևտրի, ծառայությունների մատուցման, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի (այդ թվում՝ տոտալիզատորի) և այլ էլեկտրոնային հարթակներում պարտապանի անձնական հաշիվներում առկա միջոցները (Օրենքի 87-րդ հոդված).

-         կանոնակարգվել են գույքային իրավունքների, ներառյալ՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ գույքային իրավունքների վրա բռնագանձում տարածելու հարաբերությունները (Օրենքի 96-րդ հոդված):

Այս նորամուծությունների շնորհիվ կընդլայնվի պարտապանի այն կոնտրագենտների և գրանցող մարմինների շրջանակը, որոնցից հարկադիր կատարողը կստանա բռնագանձման ենթակա գույքի մասին տվյալներ։ Ավելին, օրենսդրական հիմք է նախատեսվել նաև պարտապանի այն կոնտրագենտներին և այն գրանցող մարմիններին հարցում ուղարկելու համար, որոնք նախատեսված չեն լինի համապատասխան ենթաօրենսդրական ակտերում։ Հարկադիր կատարողը նման հարցում ուղարկելու լիազորություն ունի, եթե տվյալ գույքի կամ եկամտի մասին տվյալներ են ստացվել կատարողական վարույթի ընթացքում, օրինակ՝ պահանջատիրոջից (Օրենքի 66-րդ հոդված, 6-րդ մաս)։

            Պարտապանի գույքի կազմը պարզելու հաջորդ միջոցի՝ գույքագրման կանոններում կարևոր կանխավարկած է սահմանվել. պարտապանի տիրապետման ներքո գտնվող գրանցման ոչ ենթակա գույքը համարվում է պարտապանի սեփականությունը, քանի դեռ այլ բան ապացուցված չէ (Օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Տիրապետման ուժով շարժական գույքի սեփականության կանխավարկածը քաղաքացիական իրավունքի տեսությունում մշակված դրույթ է, և դրա օրենսդրական ամրագրումը կարևոր ուղենիշ կդառնա հարկադիր կատարողի և վարույթի մյուս սուբյեկտների համար։ Իհարկե, սա միայն կանխավարկած է, ինչը նշանակում է, որ այն կարող է հերքվել հակառակի մասին ապացույցների ներկայացմամբ. այս պարագայում հարկադիր կատարողը պարտավոր կլինի պարտապանին չպատկանող գույքի նկատմամբ կիրառված արգելանքը վերացնել (Օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ)։ Իսկ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձը պահպանում է իր իրավունքը՝ քաղաքացիական դատավարության կարգով հայց ներկայացնելու՝ գույքն արգելանքից հանելու պահանջով (Օրենքի 120-րդ հոդված)[25]։

            Պարտապանի գույքի և եկամուտների կազմը պարզելու վերջին միջոցը՝ պարտապանից իրեն պատկանող գույքի, եկամուտների և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր վերցնելը, ներառյալ՝ հետագա հայտարարագրերի պահանջը, Օրենքում պահպանվել է ընդհանուր առմամբ ԴԱՀԿ մասին օրենքի հետ համանման կարգավորումներով։

Խոսելով պարտապանի կողմից իր գույքի և եկամուտների հայտարարագրման, այդ թվում՝ հետագա հայտարարագրման մասին, հարկ է նկատել, որ նման պարտականության սահմանումը համապատասխանում է նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Rec(2003)17 հանձնարարականի խորհրդատվական սկզբունքներին։ Դրանցով, ի թիվս այլնի, անդամ պետություններին խորհուրդ է տրվում սահմանել պարտապանների կողմից իրենց գույքի և եկամուտների մասին արդիական տեղեկություններ ներկայացնելու պարտականություն[26]:

Միաժամանակ, պարտապանի համար Օրենքով սահմանվել է հայտարարագրման հետ տրամաբանորեն կապված ընդհանուր պարտականություն՝ հարկադիր կատարողի համար ապահովելու բռնագանձման ենթակա գույքի հասանելիությունը (Օրենքի 69-րդ հոդված)։ Ընդ որում, այս պարտականության կատարումը չի սահմանափակվում զուտ գույքի գտնվելու վայրը հայտնելով. պարտապանը հարկադիր կատարողի պահանջով պետք է կատարի անհրաժեշտ այլ գործողություններ ևս, ինչպիսիք են, օրինակ, գույքին հասանելիությունն ապահովելու համար անհրաժեշտ բանալիները, գաղտնաբառերը և այլ տվյալներն ու գործիքները տրամադրելը, իսկ հարկադիր կատարողի կողմից գույքի առգրավման պահանջ ներկայացվելու դեպքում՝ գույքը հարկադիր կատարողին հանձնելը։ Հատկանշական է, որ այս պարտականության մեջ ներառվում է նաև թվային ակտիվներին հասանելիություն ապահովելու համար անհրաժեշտ մուտքանունների, գաղտնաբառերի և այլ տվյալների տրամադրումը։

            Ընդհանուր առմամբ, հարկ է նշել, որ առանց գույքի հասանելիությունն ապահովելու պարտականության՝ հայտարարագրման պարտականությունը ամբողջական չէր. պարտապանը կարող էր հայտնել իրեն պատկանող գույքի մասին, բայց անբարեխիղճ վարքագծով այն զերծ պահել բռնագանձումից։ Վերը նշված նորամուծությամբ այս հարցը լուծվում է, և ավելին՝ գույքի հասանելիությունը չապահովելու համար սահմանվում են այն նույն վարչական և քրեական պատասխանատվության միջոցները, որոնք արդեն իսկ նախատեսված էին հայտարարագրման պարտականությունը չկատարելու համար[27]։ Բացի այդ, ինչպես նշվեց նախորդ գլխում, բռնագանձման ենթակա գույքի հասանելիությունը չապահովելու դեպքում պարտապանը կրում է հաջորդ հերթի գույքի վրա բռնագանձում տարածվելու ռիսկը։


ԳԼՈՒԽ 12
ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼԸ

            Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու բովանդակությունը կազմող հաջորդ կատարողական գործողությունը գույքի վրա արգելանք դնելն է։ Արգելանքի՝ որպես սեփականության իրավունքի հանրային-իրավական սահմանափակման բովանդակությունը և սահմանները ևս օրենքի կարգավորման առարկա է։ ԴԱՀԿ մասին օրենքը (44-րդ հոդվածի 1-ին մաս) գույքի արգելանքի հասկացությունում ներառում էր գույքագրումը, գույքը տնօրինելն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում` օգտագործման իրավունքը սահմանափակելը, այն առգրավելը և ի պահ հանձնելը։ Ընդ որում, գույքագրումը փաստացի ընկալվում և կիրառվում էր որպես պարտապանի գույքի կազմը պարզելու միջոց, և հենց այդ տրամաբանությամբ էլ կարգավորվել է Օրենքում։ Մնացած մասով արգելանքի բովանդակության ընդհանուր սահմանումը Օրենքում պահպանվել է նույն տրամաբանությամբ՝ մի փոքր այլ ձևակերպմամբ. պարտապանի գույքի վրա արգելանք դնելը ներառում է գույքը տնօրինելն արգելելը, ներառյալ գույքն այլ անձանց գույքային իրավունքներով ծանրաբեռնելն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դրա օգտագործման իրավունքը լրիվ կամ մասնակի սահմանափակելը և այն առգրավելը (Օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մաս)։

            Այսպիսով, արգելանքը՝ որպես սեփականության իրավունքի սահմանափակում, ուղղված է հենց սեփականության իրավունքը կազմող առանձին իրավազորությունների սահմանափակմանը։ Ընդ որում՝ դրանցից տնօրինման արգելքն իմպերատիվ է՝ Օրենքում ներդրված որոշ բացառություններով, որոնք հաջորդիվ կքննարկենք։ Իսկ մյուս երկու իրավազորությունները՝ գույքի օգտագործումն ու տիրապետումը կարող են սահմանափակվել՝ կախված կատարողական վարույթի հանգամանքներից, ինչպես նաև օրենքով նախատեսված հատուկ դեպքերում։ Խոսելով գույքը տնօրինելու իմպերատիվ արգելքի մասին՝ հարկ է ներկայացնել նաև, թե ինչ գործողություններ է ներառում տնօրինման իրավազորությունը։ ՔՕ 163-րդ հոդվածի 1-2-րդ մասերից բխում է, որ գույքի տնօրինման իրավազորությունը ներառում է այն օտարելը, այլ անձանց գույքային իրավունքներով ծանրաբեռնելը, ինչպես նաև գույքի փաստացի ճակատագիրը որոշելը՝ այն վերափոխելու, ապամոնտաժելու, ոչնչացնելու և համանման այլ ձևերով։ Ահա այս բոլոր գործողություններն արգելանքի ուժով արգելվում են։

            Իրավական բարձր որոշակիություն ապահովելու նկատառումներով Օրենքի 70-րդ հոդվածում նկարագրված են արգելադրված գույքի նկատմամբ այն փաստական գործողությունները, որոնց կատարումն արգելվում է, մասնավորապես՝

-         Արգելվում է արգելադրված գույքը վերափոխելը, վնասելը, ոչնչացնելը, քանդելը, ապամոնտաժելը, ինչպես նաև արգելադրված անշարժ գույքի վրա շինարարություն իրականացնելը, բացառությամբ եթե շինարարության թույլտվությունը տրվել է մինչև գույքի վրա արգելանք դնելը։ Ընդ որում, արգելանքը խոչընդոտ չէ նման գործողություններ կատարելու համար, եթե դրանք կատարելու պարտականությունը սահմանված է օրենքով կամ կատարման ենթակա ակտով։ Ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքից, որ այստեղ խոսվում է պարտապանի պարտականության, այլ ոչ թե իրավունքի մասին։ Օրինակ՝ հնարավոր է, որ պարտապանի հողամասը, որի վրա կա ինքնակամ շինություն, արգելադրված լինի կատարողական վարույթով, և միաժամանակ, մեկ այլ կատարման ենթակա ակտով պարտապանը պարտավորեցված լինի քանդելու ինքնակամ շինությունը. նման դեպքում պարտապանը պետք է կատարի շինությունը քանդելու իր պարտականությունը, և դա չի կարող դիտվել որպես մյուս վարույթով կիրառված արգելանքի խախտում։ Բացի այդ, եթե անգամ նշված գործողություններն արգելանքի խախտմամբ իրականացվեն, փաստացի վիճակը կարող է արձանագրվել և հաշվառվել գրանցող մարմինների կողմից՝ անկախ արգելանքի առկայությունից։

-         Արգելվում է արգելադրված գույքը տեղափոխել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս։ Սա անհրաժեշտ երաշխիք է՝ ապահովելու համար արգելադրված գույքի նկատմամբ բռնագանձում տարածելուն ուղղված հետագա գործողությունները։ Սա նաև իրավական հիմք է Ծառայության և մաքսային մարմնի միջև համագործակցության համար՝ ուղղված այս արգելքի գործնական կիրառումն ապահովելուն։

Նույն հոդվածով նաև հստակեցվել է, որ արգելադրված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել պարտապանի իրավահաջորդին, սակայն արգելանքի պահպանմամբ։ Հասկանալի է, որ նման անցումը կուղեկցվի նաև հենց պարտապանին կատարողական վարույթում իրավահաջորդով փոխարինելով (Օրենքի 8-րդ հոդված)։

Օրենքով (հոդված 71) սահմանվել են արգելանքի տեսակները։  Դրանցից առաջին երկուսը վերցված են ԴԱՀԿ մասին օրենքի հիման վրա արդեն իսկ ձևավորված և իրեն արդարացրած իրավակիրառ պրակտիկայից։ Արգելանքի տեսակներն են՝

1) Առանց կոնկրետ գույքի նշման արգելանքը. հարկադիր կատարողը նման արգելանքի որոշումներ կայացնում է դրամական պահանջով կատարողական վարույթ հարուցելու հետ միաժամանակ՝ նշելով միայն բռնագանձման ենթակա գույքի չափը և որոշումն ուղարկելով գրանցող մարմիններին և պարտապանի առանձին կոնտրագենտներին (օրինակ՝ առևտրային բանկեր)։ Այնուհետև, ստանալով արգելանքի մասին հաղորդագրությունների պատասխանները, հարկադիր կատարողը պատկերացում է կազմում և՛ պարտապանի գույքի կազմի, և՛ փաստացի կիրառված արգելանքների մասին։ Այսպիսով, այս գործողությունն իր մեջ միաժամանակ միավորում է պարտապանի գույքի մասին տեղեկատվություն ստանալու և արգելանք կիրառելու գործառույթները։ Նման համատեղումն անհրաժեշտ է, քանի որ հակառակ պարագայում՝ տեղեկություններ ստանալու և արգելանք կիրառելու միջև ընկած ժամանակային միջակայքում պարտապանը կարող էր օտարել իրեն պատկանող գույքը՝ խուսափելով պարտավորության կատարումից կամ դժվարացնելով այն։

2) Կոնկրետ գույքի վրա դրված արգելանքը. այս դեպքում արդեն հարկադիր կատարողը, տեղեկություններ ունենալով պարտապանին պատկանող կոնկրետ գույքի մասին, արգելանք է դնում դրա վրա՝ նշելով անհրաժեշտ նույնականացնող տվյալներ։

3) Շրջանառության մեջ գտնվող ապրանքների արգելանքը. արգելանքի այս տեսակը նորույթ է, որը Օրենքում ներդրվել է շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավի (ՔՕ հոդված 259) անալոգիայով։ Արգելանքի այս տեսակը սահմանվում է հետևյալ կերպ. պարտապան իրավաբանական անձին և անհատ ձեռնարկատիրոջը պատկանող շրջանառության մեջ գտնվող ապրանքների (ապրանքային պաշարների, հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների, պատրաստի արտադրանքի և այլն) վրա արգելանք կիրառելիս հարկադիր կատարողը կարող է պարտապանին թույլատրել փոխել արգելադրված գույքի կազմը և բնական ձևը՝ պայմանով, որ դրա ընդհանուր արժեքը չնվազի: Սա ձեռնարկատիրական գործունեության պաշտպանությանն ուղղված նորմ է, որը պարտապան ձեռնարկատիրոջը հնարավորություն է տալիս անխափան շարունակել ապրանքների շրջանառությունը՝ ապահովելով միայն, որ մշտապես առկա լինի տվյալ ապրանքների որոշակի արժեքով մնացորդ։

Ø  Կիրառման օրինակ. պարտապանն ունի ալրաղաց, ձեռք է բերում ցորեն, արդատրում ալյուր և այն վաճառում։ Հարկադիր կատարողը պարտապանի մոտ գույքագրել է ցորենի պաշարներ՝ 3 միլիոն դրամ արժեքով։ Այս պարագայում հարկադիր կատարողը կարող է կիրառել շրջանառության մեջ գտնվող ապրանքի արգելանք՝ պարտապանին թույլատրելով ցորենն օգտագործել ալյուրի արտադրությունում՝ պայմանով, որ պարտապանի մոտ մշտապես կլինի առնվազն 3 միլիոն դրամ արժեքով ցորենի կամ ալյուրի մնացորդ։ Ընդ որում, հարկադիր կատարողն իրավասու է ստուգելու այդ մնացորդի առկայությունը (Օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մաս), և եթե խախտում հայտնաբերի, իրավասու է ընդհանուր կարգով արգելանք դնելու առկա կոնկրետ գույքի վրա (օրինակ՝ 1 միլիոն դրամ արժեքով ցորենի և 1 միլիոն դրամ արժեքով ալյուրի)՝ արգելելով դրա հետագա շրջանառություն։ Բացի դրանից, շրջանառության մեջ գտնվող ապրանքների արգելանքի պայմանների խախտումը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության (ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 509)։

            Բարեխիղճ պարտապան ձեռնարկատիրոջ պաշտպանությանն է ուղղված նաև Օրենքի 72-րդ հոդվածի 4-րդ մասը, որի համաձայն՝ պարտապան իրավաբանական անձի և պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գործունեության մեջ անմիջականորեն ներգրավված արգելադրված հիմնական միջոցների օգտագործման իրավունքը մինչև այդ գույքն իրացման արդյունքով նոր սեփականատիրոջը հանձնելը չի կարող սահմանափակվել, բացառությամբ կատարման ենթակա ակտով նախատեսված դեպքերի և այն դեպքերի, երբ պարտապանը խախտել է արգելանքից բխող սահմանափակումները։

            Օրենքի կարևորագույն նորամուծություններից է արգելադրված գույքի թույլատրելի տնօրինման դեպքերի սահմանումը (հոդված 74)։ Ինչպես վերևում նշեցինք, տնօրինման արգելքը արգելանքի պարտադիր տարրն է, և այն չի ունեցել որևէ բացառություն ԴԱՀԿ մասին օրենքով։ Այնուամենայնիվ, Օրենքով ներդրվել են այս ընդհանուր կանոնից բացառություններ՝ նկատի ունենալով, որ որոշ դեպքերում արգելադրված գույքի տնօրինումը չի կարող վնասել կատարողական վարույթի նպատակին, ավելին՝ կարող է նպաստել դրան։ Արգելադրված գույքի թույլատրելի տնօրինման դեպքերից հարկ է առանձնացնել հատկապես հետևյալները.

-         արգելադրված գույքի ինքնուրույն վաճառքը պարտապանի կողմից մինչև դրա հարկադիր աճուրդը սկսվելը՝ շուկայականից ոչ պակաս արժեքով, և պայմանով, որ գնման գինը կուղղվի պահանջատիրոջ պահանջի կատարմանը.

-         արգելադրված գույքը պարտապանի կողմից վարձակալության հանձնելը՝ պայմանով, որ օգտագործումն էապես չի վնասի գույքին, վարձավճարները կուղղվեն պահանջատիրոջ պահանջի կատարմանը, և վարձակալությունը կդադարի գույքի հարկադիր իրացման դեպքում.

-         արգելադրված գույքի բաժանումը կամ միավորումը պարտապանին պատկանող այլ գույքի հետ՝ պայմանով, որ դրա արդյունքում գույքի արժեքը չի նվազի։

Վերը նշված և մի քանի այլ թույլատրելի տնօրինման գործարքների իրականացման պայմանները և ընթացակարգը մանրամասն կարգավորվել են Օրենքի 74-րդ հոդվածում։

Եվս մեկ անհրաժեշտ նորույթ է արգելադրված անժառանգ գույքի տնօրինման կանոնների սահմանումը (Օրենքի 75-րդ հոդված)։ Այս հարցը ԴԱՀԿ մասին օրենքով կարգավորված չէր, և ժառանգ չլինելու դեպքում մահացած պարտապանի գույքը կարող էր մնալ անորոշ ժամկետով արգելադրված՝ առանց հարկադիր իրացման հնարավորության, քանի որ պարտապանը չունի իրավահաջորդ, և հնարավոր չէ շարունակել կատարողական գործողությունները։ Մեկ այլ սցենարի դեպքում անժառանգ գույքը կարող էր անցնել համայնքին, իսկ պահանջատիրոջ պահանջը մնալ անկատար. Խնդիրն այն է, որ որ ՔՕ հիման վրա անժառանգ գույքը համայնքին անցնելիս համայնքը  չի դառնում մահացածի ժառանգ և չի ստանձնում ժառանգատուի պարտքերը։ Սա, իհարկե, պահանջատիրոջ իրավաչափ շահերն ակնհայտորեն խախտող իրողություն էր։

Օրենքով տրված լուծումը հանգում է նրան, որ անժառանգ գույքի նկատմամբ կիրառված արգելանքը վերացվել և համայնքի սեփականության իրավունքը կարող է ծագել, միայն եթե համայնքը Ծառայության դեպոզիտ հաշվին վճարի գույքի շուկայական արժեքը, բայց ոչ ավելի, քան մահացած պարտապանի նկատմամբ բոլոր դրամական պահանջների, ներառյալ կատարողական վճարների հանրագումարը։ Հակառակ պարագայում գույքը հարկադիր իրացվում է՝ առանց պարտապանի կողմում որևէ անձի մասնակցության, իրացումից ստացված գումարներն ուղղվում են առկա պահանջների մարմանը, իսկ մնացորդը փոխանցվում է համայնքին։

Օրենքի 76-րդ հոդվածում ներկայացված են գույքի վրա դրված արգելանքը վերացնելու հիմքերը և կարգը։ Ի համեմատ ԴԱՀԿ մասին օրենքի 44.1 հոդվածի՝ այդ հիմքերը Օրենքում տրված են առավել ամփոփ ձևակերպումներով։ Օրինակ, ԴԱՀԿ մասին օրենքի 44.1 հոդվածի 6-8-րդ կետերում նշված հիմքերն ամփոփված են Օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում՝ «փաստացի կիրառված են դրամական պահանջի (ներառյալ կատարողական վճարների) նկատմամբ անհամաչափ արգելանքներ, այդ թվում՝ պարտավորության մասնակի կատարման հետևանքով» հիմքի ներքո[28]։ Հատկանշական է արգելանքը վերացնելու հաջորդ՝ 4-րդ հիմքը, այն է՝ արգելադրված գույքն իրացվել է հարկադիր կարգով կամ սույն օրենքով թույլատրված օտարման գործարքով։ Թույլատրված օտարման գործարքի հիման վրա արգելանքը վերացնելու հիմքը համակարգային առումով կապված է վերևում քննարկված՝ Օրենքի 74-րդ հոդվածով նախատեսված՝ արգելադրված գույքի թույլատրելի տնօրինման գործարքների և մասնավորապես՝ այդ հոդվածի 9-րդ մասի հետ։

Արգելանքը վերացնելու վերջին՝ 5-րդ հիմքը ձևակերպված է հետևյալ կերպ. «առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր»: Այս հիմքի ներքո ամփոփված են բոլոր այն դեպքերը, երբ արգելանքի վերացումն արդեն իսկ նախատեսված է օրենքի այս կամ այն նորմով, այդ թվում, երբ՝

-         կատարողական վարույթի կողմերը դիմում են հարկադիր կատարողին՝ դրամական պահանջի կատարման հետաձգման կամ տարաժամկետման համատեղ միջնորդությամբ և միաժաման խնդրում են պարտապանի դրամական միջոցների վրա դրված արգելանքները լրիվ կամ մասնակի վերացնել (Օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մաս).

-         կատարողական վարույթը կասեցվում է Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հիմքով (Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մաս).

-         կատարողական վարույթն օրենքով սահմանված առանձին հիմքերով ավարտվում է (Օրենքի 59-րդ հոդվածի 3-րդ մաս).

-         կատարողական վարույթը կարճվում է (Օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ մաս).

-         դրամական պահանջի ապահովման վարույթով պարտապանի միջնորդության հիման վրա արգելադրված գույքը փոխարինվում է այլ գույքով (Օրենքի 112-րդ հոդված)։


ԳԼՈՒԽ 13
ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԻՐԱՑՈՒՄԸ

            ԴԱՀԿ մասին օրենքով և «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով նախատեսվում էր արգելադրված գույքի հարկադիր իրացման երկու ընթացակարգ՝ ուղղակի վաճառք և հարկադիր (էլեկտրոնային) աճուրդ։ Տարբերակումը կախված էր իրացման դրվող գույքի հատկանիշներից։ Մասնավորապես, ուղղակի վաճառքով իրացման ենթակա էին շուտ փչացող, պահպանման էական ծախսեր պահանջող (օրինակ` ընտանի կենդանիներ), սակավարժեք, օգտագործմանը պիտանի դարձնելու համար էական ներդրումներ պահանջող, սահմանափակ շրջանառության և յուրահատուկ հատկանիշներով գույքը, ինչպես նաև օգտագործված կենցաղային իրերը։ Տրամաբանությունն այն էր, որ գույքի այս տեսակների մի մասը հետաքրքրություն է ներկայացնում սահմանափակ թվով անձանց շրջանակում, իսկ մյուս մասը, իր հատկանիշներից ելնելով, անհրաժեշտ է իրացնել հնարավորինս արագ։ Միաժամանակ, բուն ուղղակի վաճառքն իրենից ներկայացնում էր ըստ էության փակ աճուրդ, որին հրավիրվում էին վարույթի կողմերը և նրանց մատնանշած անձինք (ԴԱՀԿ մասին օրենքի 53.1 հոդված)։ Այդուհանդերձ, այս ընթացակարգն աճուրդին բնորոշ կանոններով չկարգավորելը կասկածի տակ էր դնում դրա մասնակիցների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։

            Խնդիրը համակարգային առումով լուծվում է Օրենքով, ըստ որի՝ արգելադրված գույքն իրացվում է բացառապես հրապարակային աճուրդով։ Միաժամանակ, նախկինում ուղղակի վաճառքով իրացման ենթակա շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքի արագ վաճառքի նպատակով դրանց մասով սահմանվել են աճուրդային գործընթացի կրճատ ժամկետներ, մասնավորապես՝

-         եթե ընդհանուր կանոնի համաձայն՝ աճուրդը կարող է սկսվել գույքը հարկադիր աճուրդով իրացնելու մասին հարկադիր կատարողի որոշման կայացումից հետո՝ ոչ շուտ, քան երկու շաբաթ անց, ապա շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքի դեպքում՝ ոչ շուտ, քան մեկ շաբաթ անց (Օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մաս),

-         եթե ընդհանուր կանոնի համաձայն՝ աճուրդն ավարտվում է տվյալ լոտի վերաբերյալ ծանուցումը հրապարակելուց հետո՝ տասներորդ օրացուցային օրվան հաջորդող աշխատանքային օրը, ապա շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքի դեպքում՝ լոտի վերաբերյալ ծանուցումը հրապարակելուց հետո՝ չորրորդ օրվան հաջորդող աշխատանքային օրը (Օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մաս)։

Նախկինում ուղղակի վաճառքով իրացման ենթակա մեկ այլ տեսակի՝ սահմանափակ շրջանառության գույքի աճուրդային վաճառքի պարագայում սահմանվել է, որ այդպիսի սահմանափակումները պետք է նշվեն լոտի նկարագրությունում (Օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մաս)։ Համապատասխանաբար, սահմանվել է, որ հարկադիր աճուրդի հաղթողի հետ առուվաճառքի պայմանագիր չի կնքվում, եթե, ելնելով գույքի շրջանառության սահմանափակումներից, այն չի կարող օտարվել տվյալ անձին (Օրենքի 79-րդ հոդվածի 10-րդ մաս)։

            Կարևոր նորույթ է ներդրվել հարկադիր իրացման ներկայացվող անշարժ գույքի գնահատման հարցում։ Եթե «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով անշարժ գույքի գնահատումը կարող էր իրականացվել բացառապես փորձաքննությամբ, ապա Օրենքի համաձայն՝ անշարժ գույքի շուկայական արժեքը, որպես ընդհանուր կանոն, սահմանվում է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի հիման վրա հաշվարկված կադաստրային արժեքի չափով (77-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Իսկ որևէ անշարժ գույքի միավորի կադաստրային արժեքի մասին տվյալները հարկադիր կատարողը կարող է ստանալ Կադաստրի կոմիտեից։ Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու համար փորձագետ կարող է նշանակվել միայն հետևյալ երկու դեպքում.

1) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մարմնում շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի մասին տվյալներ չկան.

2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարում է Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին։

Կարևոր է նկատի ունենալ, վերևում նշված միջնորդություն ներկայացնելու իրավունքի մասին հարկադիր կատարողը պարտավոր է վարույթի մասնակիցներին գրավոր ծանուցել դրամական պահանջով կատարողական վարույթ հարուցելու որոշման և վարույթում երրորդ անձ ներգրավելու որոշման կայացման հետ միաժամանակ (Օրենքի 77-րդ հոդվածի 5-րդ մաս)։

            Այս նորամուծությունն էապես կբեռնաթափի անշարժ գույքի հարկադիր իրացման գործընթացը, կկրճատի դրա ժամկետները և գործնականում կբացառի լոտի մեկնարկային գնի հետ կապված հիմքերով աճուրդի վիճարկումը։

            Փոփոխվել են առաջին աճուրդում լոտի մեկնարկային գնի չափերը։ Մասնավորապես, սահմանվել է, որ Առաջին հարկադիր աճուրդում վաճառվող լոտի մեկնարկային գինը սահմանվում է դրա շուկայական արժեքի 80 տոկոսի չափով, բացառությամբ թանկարժեք մետաղների և քարերի, ոսկերչական և ոսկուց, արծաթից, պլատինից ու պլատինի խմբի մետաղներից, թանկարժեք քարերից և ադամանդից պատրաստված այլ զարդերի, ինչպես նաև դրանց ջարդոնի կամ այդպիսի զարդերի առանձին պատկանելիքների, որոնց մեկնարկային գինը սահմանվում է շուկայական արժեքի 90 տոկոսի չափով (Օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մաս)։

            Գործնական մեծ նշանակություն ունի Օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումը, որի համաձայն՝ աճուրդի սկզբի օրը հաշվարկելու համար պետք է ելակետ ընդունվի ոչ թե աճուրդ անցկացնելու վերաբերյալ հարկադիր կատարողի որոշման մասին պարտապանին և պահանջատիրոջը պատշաճ ծանուցելու պահը, ինչպես «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում էր (35.1 հոդվածի 3-րդ մաս), այլ հենց հարկադիր կատարողի որոշման կայացման օրը։ Այս կարգավորումը էապես կբարձրացնի աճուրդային գործընթացի որոշակիության և կանխատեսելիության աստիճանը, ինչը դրական է ինչպես աճուրդի մասնակիցների, դրա հաղթողի, այնպես էլ՝ պահանջատիրոջ իրավունքների և կատարողական վարույթի արդյունավետության տեսակետից։

            Կարևոր նորամուծություն է հարկադիր աճուրդի արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելու պահանջը (Օրենքի 79-րդ հոդվածի 5-րդ մաս)։ Արձանագրությունը կազմվում է արդարադատության նախարարի սահմանած ձևով և ստորագրվում է հարկադիր կատարողի կողմից։ Արձանագրությունը հրապարակվում է կայքում և ուղարկվում է աճուրդի մասնակիցներին՝ համակարգում գրանցվելիս նրանց տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներով։ Արձանագրության՝ կայքում հրապարակվող և աճուրդի չհաղթած մասնակիցներին ուղարկվող տարբերակում աճուրդի հաղթող մասնակցի տվյալները, բացառությամբ անվան (անվանման), ապանձնավորվում են։

            Պարզեցվել է նաև աճուրդային գործընթացին պահանջատիրոջ մասնակցության կառուցակարգը։ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի համաձայն՝ երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ հարկադիր (էլեկտրոնային) աճուրդը չկայանալու (լոտը չվաճառվելու) դեպքում պահանջատերը կարող էր իր պահանջի դիմաց ընդունել աճուրդի դրված գույքը՝ դրա վերջին աճուրդի մեկնարկային գնով։ Ընդ որում, այդ հնարավորությունը չէր գործում, եթե միևնույն պարտապանի նկատմամբ կային մեկից ավելի պահանջներ։

      Օրենքով սահմանվել է, որ պահանջատերն ընդհանուր հիմունքներով կարող է մասնակցել հարկադիր աճուրդին և հաղթելու դեպքում իրավունք ունի լոտի գնման գինն ամբողջությամբ կամ մասնակի վճարելու պարտապանի նկատմամբ իր դրամական պահանջի (դրա մասի) հաշվանցով, եթե՝

1) դրամական պահանջների բավարարման հերթականությունում իր պահանջն առաջինն է կամ միակը, կամ

2) իր վճարած նախավճարը և գնման գնի` դրամով վճարված մասը բավարար են դրամական պահանջների բավարարման հերթականությունում իր պահանջից ավելի առաջնահերթ պահանջների ամբողջական կատարման համար։

Այս կանոններով, նախ, ընդլայնվել են պահանջատիրոջ հնարավորությունները, և երկրորդ՝ նրա մասնակցությունը բերվել է սովորական աճուրդային գործընթացի դաշտ, ինչը կարևոր երաշխիք է աճուրդի մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության առումով։

Հավելենք նաև, որ Օրենքն ընդհանուր առմամբ պահպանել է «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով նախատեսված կարգավորումների տրամաբանությունը՝ աճուրդները չկայացած համարվելու դեպքում կրկնաճուրդների, մեկնարկային գնի իջեցումների, մեկնարկային գնի ստորին շեմի հետ կապված հարցերում։


ԳԼՈՒԽ 14
ԱՌԱՆՁԻՆ ՊԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸ

            Այս գլխում սահմանվում են առանձին պարտապանների նկատմամբ դրամական պահանջների հարկադիր կատարման (նրանց գույքի վրա բռնագանձում տարածելու) առանձնահատկություններ՝ ելնելով այդ սուբյեկտների հանրային-իրավական կարգավիճակից, նրանց ունեցած հանրային, մշակութային նշանակությունից, ինչպես նաև պահանջատիրոջ հանդեպ պարտապանի պատասխանատվության տեսակից (սուբսիդիար պարտապան)։

            Մինչև Օրենքի ընդունումը պարտապանի կարգավիճակում հանդես եկող Հայաստանի Հանրապետությունից դրամական միջոցների գանձումը կարգավորվում էր «Բյուջետային համակարգի մասին» օրենքով (15-րդ հոդվածի 13-րդ մաս) և դրա հիման վրա ընդունված` Կառավարության «Դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի մուրհակների տրամադրման կարգը հաստատելու մասին» 07.08.2000թ. թիվ 436 որոշմամբ։ Այդ կարգը նախատեսում էր դատական ակտերի հիման վրա պահանջատիրոջը մինչև մեկ տարի ժամկետով փոխանցելի մուրհակի տրամադրում, որի գումարի նկատմամբ մինչև մուրհակի մարումը հաշվեգրվում էին ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսի դրույքաչափով գումարներ։ Ընդ որում, վերաֆինանսավորման տոկոսադրույքը որպես կանոն ավելի ցածր է լինում ՔՕ 411 հոդվածով նախատեսված՝ բանկային տոկոսի հաշվարկային դրույքից։ Այս առումով նշված կարգավորումը խնդրահարույց էր ՔՕ 128-րդ հոդվածի տեսանկյունից, քանի որ փաստացի ստացվում էր, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պարտապան, քաղաքացիական հարաբերություններին մասնակցում էր ոչ թե մասնավոր անձանց հետ հավասար հիմունքներով, այլ որոշակիորեն արտոնյալ պայմաններով[29]։

            Օրենքով (հոդված 82), նախ, հստակ սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության գույքը, ներառյալ դրամական միջոցները բռնագանձման ենթակա չեն, բացառությամբ պահանջատիրոջ պահանջի ապահովման համար գրավ դրված գույքի։ Սա անհրաժեշտ և արդարացված կանոն է՝ ելնելով պետության հանրային-իրավական կարգավիճակից։

            Այնուհետև, դրամական պահանջի դիմաց փոխանցելի մուրհակի տրամադրման կանոնները կենտրոնացվել են հենց Օրենքում, և սահմանվել է, որ պարտավորությունը մուրհակ տրամադրվելով է կատարվում միայն այն դեպքում, երբ հնարավոր չէ հենց դրամական միջոցների վճարումը։ Վերջապես, մուրհակի գումարին հաշվեգրվող տոկոսագումարները սահմանվել են ՔՕ 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով՝ դրանով իսկ վերացնելով Հայաստանի Հանրապետությանը՝ որպես պարտապանի, տրամադրված չարդարացված արտոնությունը։

Հարկ է նշել, որ պետության դեմ կայացված դատական ակտերի կատարման համատեքստում տոկոսագումարների հաշվարկի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի անդամ-պետություններին խորհրդատվական եզրակացություններ է ներկայացրել նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն։ Մասնավորապես, Նախարարների կոմիտեի կողմից 2007թ. հունիսի 21-22-ին կազմակերպված` «Ազգային դատարանների վճիռների չկատարումն անդամ-պետություններում. Եվրոպական դատարանի վճիռների կատարմանն ուղղված ընդհանուր միջոցներ» թեմայով կլոր սեղան-քննարկման եզրակացություններում քննարկման մասնակիցներն առաջարկում են դատական ակտի կատարման կետանցի համար սահմանել տոկոսների ավտոմատ հաշվարկ` ողջամիտ չափով[30]:

            Կատարողական վարույթի հարուցումից հետո պահանջատիրոջը մուրհակ տրամադրելու պահանջ կարող է ներկայացնել ինչպես պահանջատերը, այնպես էլ հարկադիր կատարողը։ Մուրհակ տրամադրելու պահանջը ներկայացվում է իրավասու պետական մարմնին։ Իրավասու պետական մարմինը, ինչպես նաև մուրհակ տրամադրելու կարգը պետք է սահմանվեն Կառավարության ենթաօրենսդրական ակտով։ Մուրհակի տրամադրումը հիմք է կատարողական վարույթը կարճելու համար (Օրենքի 82-րդ հոդվածի 3-րդ մաս)։

            Պարտապանի կարգավիճակում հանդես եկող համայնքների նկատմամբ կիրառվում են բռնագանձման ընդհանուր կանոնները՝ միայն այն առանձնահատկությամբ, որ բռնագանձում չի կարող տարածվել այն գույքի վրա, որն օրենքով չի կարող սեփականության իրավունքով փոխանցվել ֆիզիկական և իրավաբանական անձանց (Օրենք, 82-րդ հոդվածի 6-րդ մաս)։ Այդպիսի գույք են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված կատեգորիաների հողերը։

            ՀՀ կատարողական վարույթի օրենսդրության պատմության մեջ առաջին անգամ գույքային իմունիտետներ են սահմանվել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և այլ կրոնական կազմակերպությունների համար (Օրենքի 83-րդ հոդված)։ Այս իմունիտետները պայմանավորված են վերջիններիս ունեցած դերով՝ քաղաքացիների խղճի և կրոնի ազատության իրացման հարցում, իսկ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու պարագայում՝ նաև համազգային պատմական և մշակութային ժառանգության պաշտպանության նկատառումներով։

            Օրենքի 86-րդ հոդվածով նախատեսվել են սուբսիդիար պատասխանատվություն կրող պարտապանի գույքի և եկամուտների վրա բռնագանձում (ներառյալ՝ արգելանք) տարածելու նախապայմանները։

            ՔՕ 415-րդ հոդվածի (սուբսիդիար պատասխանատվություն) 1-ին մասի համաձայն՝ մինչև պահանջներն այն անձին ներկայացնելը, ով օրենքին, այլ իրավական ակտերին կամ պարտավորության պայմաններին համապատասխան կրում է հիմնական պարտապանի պատասխանատվությանը լրացուցիչ պատասխանատվություն (սուբսիդիար պատասխանատվություն), պարտատերը պետք է պահանջ ներկայացնի հիմնական պարտապանին: Սուբսիդիար (լրացուցիչ) պատասխանատվության տրամաբանությունն այն է, որ սուբսիդիար պարտապանը պատասխանատվություն կրում է միայն այն դեպքում, երբ պարտատիրոջ համար ողջամտորեն հնարավոր չէ իր պահանջի բավարարում ստանալ հիմնական պարտապանից։ Այն պարագայում, երբ կատարման ենթակա ակտը նախատեսում է հիմնական և սուբսիդիար պարտապաններ, այս տրամաբանությունը պետք է կիրառվի նաև կատարողական վարույթում՝ վերջինիս առանձնահատկությունները հաշվի առնելով։ Նշված նպատակին էր ուղղված դեռևս 19.01.2021թ.-ին ընդունված օրենսդրական փոփոխություններով ԴԱՀԿ մասին օրենքում սուբսիդիար պատասխանատվություն կրող երաշխավոր պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու նախապայմանների սահմանումը (ԴԱՀԿ մասին օրենքի 43-րդ հոդվածի 4.1 մաս)։

            Օրենքի 86-րդ հոդվածը փոխարինում է ԴԱՀԿ մասին օրենքի 43-րդ հոդվածի 4.1 մասին՝ որոշ կարևոր տարբերություններով։ Նախ, Օրենքը վերաբերում է ցանկացած սուբսիդիար պարտապանի՝ ի տարբերություն ԴԱՀԿ մասին օրենքի, որը կարգավորում էր սուբսիդիար պատասխանատվության թեև տարածված, բայց մեկ առանձին դրսևորում՝ սուբիսիդիար պատասխանատվություն կրող երաշխավորի դեպքը։ Բացի այդ, սուբսիդիար պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու նախապայմանները մշակվել են առավել համապարփակ՝ բնականաբար ներդաշնակեցվելով նաև Օրենքի այլ դրույթներին։ Այդ նախապայմաններն են՝

1)                 hիմնական պարտապանի գույքի տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չկայանալու հիմքով լոտի մեկնարկային գինը ենթակա չէ նվազեցման, և հիմնական պարտապանը չունի բռնագանձման ենթակա այլ գույք կամ եկամուտներ.

2)                 հիմնական պարտապանը ճանաչվել է սնանկ, կամ հիմնական պարտապան բանկը, վարկային կազմակերպությունը, ներդրումային ընկերությունը, ներդրումային ֆոնդի կառավարիչը կամ ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ճանաչվել են անվճարունակ, բացառությամբ եթե կատարման ենթակա ակտով սահմանված պարտավորությունն ապահովված է գրավով.

3)                 կատարման ենթակա ակտով սահմանված պարտավորության կատարման ապահովման համար գրավ դրված գույքը սնանկության վարույթի շրջանակներում կամ արտադատական կարգով իրացնելուց ստացված գումարը կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքը բավարար չէ կատարման ենթակա ակտով սահմանված պարտավորության կատարման համար.

4)                 հիմնական պարտապանի նկատմամբ հարուցված կատարողական վարույթն ավարտվել է սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 5-8-րդ կետերով նախատեսված հիմքերով.

5)                 հիմնական պարտապանի նկատմամբ հարուցված կատարողական վարույթը պարտապանի գույքի բացակայության կամ դրա վրա բռնագանձում տարածելու անհնարինության պայմաններում ավարտվել է սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքով, և պարտապանի եկամուտների չափը բավարար չէ դրանց վրա բռնագանձում տարածելով պահանջն առավելագույնը վեց ամսվա ընթացքում մարելու համար.

6)                 հիմնական պարտապանը մահացել է, և չկա արգելադրված գույք։

Առանց այս նախապայմաններից թեկուզ մեկի առկայության՝ սուբսիդիար պարտապանի գույքի վրա բռնագանձում չի կարող տարածվել, այդ թվում՝ նրա գույքը չի կարող արգելադրվել։ Ավելին, այդ նախապայմանների բացակայության դեպքում սուբսիդիար պարտապանի նկատմամբ հարուցված կատարողական վարույթը պետք է ավարտվի (Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետ)։

             Անդրադառնալով Օրենքի 84-85-րդ հոդվածներին՝ նշենք, որ դրանցում փոքր տարբերություններով պահպանվել են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով ստեղծված հատուցման հիմնադրամի («Զինապահ» հիմնադրամ) և օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդի կառավարչի համար նախատեսված գույքային իմունիտետները, որոնք կային ԴԱՀԿ մասին օրենքով։ Պարզաբանենք միայն, որ օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդերի հասկացության ներքո այստեղ նկատի են առնվում ՔՕ 968.12 հոդվածով նկարագրված ֆոնդերը։ Այդպիսի ֆոնդեր են, օրինակ, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի հիման վրա ստեղծված երաշխավորման ֆոնդը, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով նախատեսված երաշխիքային ֆոնդը


ԳԼՈՒԽ 15
ԳՈՒՅՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸ

            Գույքի առանձին տեսակների վրա բռնագանձում տարածելու առանձնահատկությունները սահմանվում են՝ ելնելով տվյալ գույքի տեսակի հատկանիշներից, դրա նկատմամբ կիրառվող քաղաքացիաիրավական ռեժիմից, գույքի նկատմամբ և դրա հետ կապված այլ անձանց իրավունքներից (գնման նախապատվության իրավունքներ և այլն)։

            Այս գլխում կատարվել են գործնական մեծ ազդեցություն ունեցող նորամուծություններ, որոնք թույլ են տալու էապես բարձրացնել դրամական պահանջների հարկադիր կատարման արդյունավետությունը։ Քննարկենք այդ նորամուծությունները՝ ըստ գույքի առանձին տեսակների։

           

         Դրամական միջոցներ

            Ընդլայնվել է այն միջոցների շրջանակը, որոնք Օրենքի իմաստով համարվում են դրամական միջոց, հասանելի են հարկադիր կատարողին և ենթակա են առաջնահերթ բռնագանձման։ Մասնավորապես, ԴԱՀԿ մասին օրենքով (46-47-րդ հոդվածներ) դրամական միջոցների կազմում ներառվում էին ՀՀ դրամով կամ արտարժույթով կանխիկ դրամական միջոցները և բանկային հաշիվներում կամ ավանդներում պահվող դրամական միջոցները։ Օրենքով (հոդված 87) այդ շրջանակը լրացվել է հետևյալ միջոցներով.

-         վճարահաշվարկային կազմակերպություններում պարտապանի էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին (էլեկտրոնային դրամապանակում) առկա դրամական միջոցներ.

-         առևտրի, ծառայությունների մատուցման, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի (այդ թվում՝ տոտալիզատորի) և այլ էլեկտրոնային հարթակներում պարտապանի անձնական հաշիվներում առկա միջոցները (միավորները)` այնքանով, որքանով դրանք, ըստ էլեկտրոնային հարթակի (պարտապանի հետ կնքված պայմանագրի) կանոնների, ենթակա են վերադարձման պարտապանին նրա առաջին իսկ պահանջով։

Հարկ է պարզաբանել վերևում շեղատառով ընդգծված վերապահումը։

Ø  Օրինակ՝ խաղային էլեկտրոնային հարթակները երբեմն սահմանում են կանոններ, ըստ որոնց՝

-         հաճախորդը, համալրելով իր անձնական հաշիվը որոշակի գումարով, չի կարող նույն գումարը հետ ստանալ առանց խաղադրույք կատարելու, կամ

-         եթե հաճախորդը ցանկանում է առանց խաղադրույք կատարելու հետ ստանալ իր համալրած գումարը, ապա այդ գումարից պահվում է որոշակի չափով միջնորդավճար։

Նման կանոններ կարող են նախատեսված լինել նաև այլ՝ ոչ խաղային էլեկտրոնային հարթակներում։ Ահա, նման դեպքերում կատարողական վարույթի շրջանակներում որպես դրամական միջոց բռնագանձման ենթակա է միայն այն գումարը, որը հարթակի հաճախորդը (պարտապանը) իրավունք ունի ստանալու առանց լրացուցիչ պայմանների իրականացման։

Ընդհանուր սեփականությունում պարտապանի բաժին

Ընդհանուր սեփականության առարկա հանդիսացող գույքում պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու ընթացակարգը կենտրոնացվել է կատարողական վարույթում, և դա փոխարինելու է մինչ այժմ ձևավորված պրակտիկային, երբ պահանջատերերը ընդհանուր անշարժ գույքից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում՝ ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով իրացնելու պահանջներով ՔՕ 200-րդ հոդվածի հիման վրա առանձին հայց էին ներկայացնում դատարան։ Օրենքում սա գործնական մեծ նշանակություն ունեցող նորամուծություններից է, քանի որ անշարժ գույքը, որպես կանոն, պարտապանների ամենաարժեքավոր ակտիվն է և դեպքերի զգալի մասում ընդհանուր սեփականության առարկա է՝ պայմանավորված Հայաստանում 1990-ական թվականներին տեղի ունեցած մասնավորեցման կանոններով և քաղաքացիական իրավունքում ներդրված ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության ինստիտուտով։ Նշված օբյեկտիվ նախադրյալների պայմաններում ընդհանուր անշարժ գույքում պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու նախկին ընթացակարգը հանգեցնում էր մի շարք խնդիրների։ Մասնավորապես, ՔՕ 200-րդ հոդվածով նախատեսված հայց ներկայացնելը, դրա քննությունն ու լուծումն էապես երկարաձգում էին պահանջատիրոջ իրավունքների պաշտպանության ժամկետները և ավելացնում դրա վրա ծախսվող ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային ռեսուրսները։ Ավելին, նույն պահանջով հայց կարող էին ներկայացնել պարտապանի մեկից ավելի պահանջատերեր, և տարբեր գործերով կարող էին կայացվել տարբեր բովանդակությամբ վճիռներ՝ հանգեցնելով իրավական կազուսների և կատարողական վարույթը տանելով փակուղի։

Ընդհանուր գույքում պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու ընթացակարգը սահմանված է Օրենքի 88-րդ հոդվածում։ Ընդգծենք, որ այս ընթացակարգը միասնական է և կիրառելի է ինչպես անշարժ, այնպես էլ շարժական գույքի նկատմամբ։ Հոդվածի առաջին մասը նախատեսում է գույքի արգելադրման առանձնահատկություն. ընդհանուր գույքում պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու նպատակով հարկադիր կատարողն արգելանք է դնում պարտապանի բաժնի վրա, եթե բաժինը որոշված է, կամ ընդհանուր գույքի վրա, եթե պարտապանի բաժինը որոշված չէ: Ըստ այդմ, եթե, օրինակ, գույքն ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության առարկա է, նշանակում է, որ համասեփականատերերի բաժինները որոշված չեն (ՔՕ 189-րդ հոդվածի 2-րդ մաս), ուստի պետք է արգելադրվի ամբողջ գույքը։ Մինչդեռ, եթե ընդհանուր գույքում համասեփականատերերի բաժինները որոշված են, և պարտապանի բաժինը, օրինակ, 1/3 է, ապա արգելանք պետք է դրվի միայն պարտապանին պատկանող 1/3 բաժնի վրա։ Սա նշանակում է, որ մյուս համասեփականատերերը կկարողանան ընդհանուր կարգով տնօրինելու իրենց պատկանող բաժինները (ՔՕ 192-րդ հոդվածի 2-րդ մաս), սակայն ընդհանուր գույքը՝ որպես միասնական միավոր, տնօրինվել չի կարող, քանի որ պարտապանի մասով այդ իրավազորությունը սահմանափակված է (ՔՕ 192-րդ հոդվածի 1-ին մաս)։

Ընդհանուր գույքի համասեփականատերերի իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիք է Օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասի կանոնը, ըստ որի՝ պարտապանի բաժնի կամ ընդհանուր գույքի վրա արգելանքը կիրառելուց հետո հարկադիր կատարողն ընդհանուր սեփականության բոլոր մասնակիցներին գրավոր ծանուցում է տվյալ հոդվածով սահմանված կանոնների մասին։ Այս ծանուցման շնորհիվ ընդհանուր գույքի համասեփականատերերը տեղեկանում են գործընթացի մասին և հնարավորություն են ստանում ներկայացնելու համապատասխան դիրքորոշումներ և միջնորդություններ։

Այն պահին, երբ բռնագանձման հերթականության կանոններով վրա է հասնում ընդհանուր գույքում պարտապանի բաժինն իրացնելու հերթը, հարկադիր կատարողը պետք է որոշի բաժինը բնեղենով առանձնացնելու հնարավորությունը (Օրենքի 88-րդ հոդվածի 2-3-րդ մասեր)։ Եթե ընդհանուր գույքն անշարժ է, ապա պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու հնարավորությունը և դրա եղանակը որոշելու համար պարտադիր է նշանակել փորձաքննություն, բացառությամբ եթե ընդհանուր գույքը բազմաբնակարան շենքի բնակարան է (սրա մասին կխոսվի հաջորդիվ)։ Մնացած բոլոր դեպքերում հարկադիր կատարողի հայեցողությունն է՝ ինքնուրույն կամ փորձաքննության միջոցով որոշել պարտապանի բաժինն առանձնացնելու հնարավորությունը։ Իհարկե, այդ հայեցողությունը պետք է կիրառվի ոչ թե կամայականորեն, այլ ելնելով գույքի հատկանիշներից։

Ø  Օրինակներ. 1) ավտոմոբիլից հնարավոր չէ բնեղենով առանձնացնել պարտապանի բաժինը, և փորձաքննություն նշանակելու կարիք չկա, 2) մեկ տոննա ցորենից հնարավոր է բնեղենով առանձնացնել պարտապանի բաժինը, և փորձաքննություն նշանակելու կարիք չկա, 3) արտադրական սարքավորումների համակցությունից գուցե և հնարավոր լինի բնեղենով բաժին առանձնացնել, սակայն այդ դեպքում, հնարավոր է, խաթարվի գույքի ֆունկցիոնալ նշանակությունը (բաղադրատարր գույք, ՔՕ 137-րդ հոդված). այս դեպքում փորձաքննությունը կարող է անհրաժեշտ լինել։

Ինչպես վերևում նշեցինք, բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու հնարավորությունը պարզելու համար, որպես ընդհանուր կանոն, փորձաքննություն չի նշանակվում, քանի որ գործում է նման բնակարանից բնեղենով բաժին առանձնացնելու անհնարինության կանխավարկածը (Օրենքի 89-րդ հոդված)։ Այս կանխավարկածը կիրառվում է, քանի դեռ չի հերքվել կոնկրետ դեպքում։ Կանխավարկածը հերքելու համար պարտապանը կամ գույքի մեկ այլ համասեփականատեր պետք է հարկադիր կատարողին ներկայացնի պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու հնարավորության և դրա եղանակի մասին մասնագիտական եզրակացություն՝ պարտապանի բաժինն այդ եղանակով առանձնացնելու միջնորդությամբ։ Պահանջատերը կարող է առարկել այս միջնորդության դեմ։ Առարկության դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է, իսկ դրա բացակայության դեպքում կարող է հարցը լուծելու նպատակով նշանակել փորձաքննություն։ Փորձաքննության, իսկ այդպիսին չնշանակվելու դեպքում՝ ներկայացված մասնագիտական եզրակացության հիման վրա հարկադիր կատարողը որոշում է բնակարանից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու հարցը։

Կարևոր է նկատի ունենալ, որ բազմաբնակարան բնակելի շենքից պարտապանի բաժինն առանձնացնելու վերաբերյալ միջնորդություն կարող է ներկայացվել ընդհուպ ընդհանուր գույքի աճուրդային վաճառքի գործընթացի ժամանակ։ Նման միջնորդության հիման վրա հարկադիր կատարողը հետաձգում է առաջիկա, սակայն ոչ ընթացիկ աճուրդը (Օրենքի 89-րդ հոդվածի 5-րդ մաս)։ Սա, իր հերթին, նշանակում է, որ ընթացիկ աճուրդում հաղթող ունենալու դեպքում ընդհանուր գույքը պետք է վաճառվի հաղթողին, և պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու միջնորդությունն այդ առուվաճառքին արդեն չի կարող խանգարել։

Ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացվում է հարկադիր կատարողի որոշմամբ։ Այդ որոշումը պետք է ներկայացվի պետական գրանցման, եթե տվյալ տեսակի գույքի նկատմամբ իրավունքները պետական գրանցման ենթակա են, օրինակ՝ անշարժ գույքի դեպքում (Օրենքի 88-րդ հոդված, 2-րդ մաս)։ Պարտապանի բաժինն իրավաբանորեն և փաստացի բնեղենով առանձնացնելուց, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան պետական գրանցումից հետո առանձնացված գույքի՝ որպես ինքնուրույն գույքային միավորի վրա բռնագանձում է տարածվում ընդհանուր կարգով։

Այժմ քննարկենք այն դեպքը, երբ պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնել հնարավոր չէ։ Այս պարագայում հարկադիր կատարողը որոշում է կայացնում ընդհանուր գույքի վրա արգելանք դնելու և այն իրացնելու մասին՝ իրացումից ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ, իսկ պարտապանի բաժինն ուղղելով կատարման ենթակա պահանջի բավարարմանը (Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մաս)։ Ընդ որում, ընդհանուր գույքն իրացնելու մասին հարկադիր կատարողի որոշումը պետք է կատարվի Օրենքի 39-րդ հոդվածով սահմանված կարգով։ Սա նշանակում է, որ, նախ, հարկադիր կատարողի որոշումը պետք է ուղարկվի ընդհանուր գույքի բոլոր համասեփականատերերին։ Այնուհետեև, Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում հարկադիր կատարողը պետք է հարուցի նոր՝ ածանցյալ կատարողական վարույթ, քանի որ ընդհանուր գույքն իրացնելու մասին որոշմամբ, բացի պարտապանից, իրավունքների սահմանափակումներ են նախատեսվում նաև հիմնական կատարողական վարույթի կողմ չհանդիսացող անձանց՝ գույքի մյուս համասեփականատերերի նկատմամբ։ Այսպիսով, ընդհանուր գույքի իրացումն իրականացվում է ածանցյալ կատարողական վարույթով, որը կարող է ածանցված լինել մեկ կամ մի քանի հիմնական կատարողական վարույթներից (կախված նրանից, թե պարտապանի դեմ քանի պահանջատեր է դրամական պահանջ ներկայացրել)[31]։

Ուշադրության արժանի է Օրենքի 88-րդ հոդվածի 8-րդ մասը, որը թույլ է տալիս ընդհանուր գույքը՝ որպես ամբողջություն, իրացնել նաև այն դեպքում, երբ պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնել հնարավոր է։ Պայմանն այն է, որ այդ մասին պետք է մինչև պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելը միջնորդեն ընդհանուր սեփականության բոլոր մասնակիցները, և հիմքեր լինեն ենթադրելու, որ ընդհանուր գույքի իրացումից ստացված գումարի պարտապանի բաժինն ավելին կլինի, քան բնեղենով առանձնացված բաժնի իրացումից ստացված գումարը։ Օրինակ՝ ընդհանուր առանձնատնից և տնամերձ հողամասից կարող է հնարավոր լինել առանձնացնել պարտապանի բաժինը, սակայն այդ առանձնացված գույքային միավորը կարող է շատ փոքր հետաքրքրություն առաջացնել շուկայում։ Այս պարագայում և՛ պարտապանը, և՛ գույքի մյուս համասեփականատերերը կարող են արդարացված տնտեսական շահ ունենալ ընդհանուր գույքը՝ որպես ամբողջություն, իրացնելու հարցում՝ իրացումից ստացված հասույթը բաշխելով համասեփականատերերի միջև։ Բնականաբար, նման պարագայում կշահի նաև պահանջատերը, որն իր պահանջի բավարարում կստանա ավելի արագ և ավելի մեծ չափով։ Ավելորդ չէ նշել, որ ընդհանուր գույքը նշված հիմքով իրացնելու դեպքում պարտապանի բաժինը գնելու՝ համասեփականատերերի նախապատվության իրավունքն այլևս չի կարող իրացվել, քանի որ հենց նրանք են համատեղ միջնորդել ընդհանուր գույքն իրացնելու մասին։

Մինչդեռ, ընդհանուր գույքի իրացման մնացած դեպքերում պարտապանի բաժինը գնելու՝ համասեփականատերերի նախապատվության իրավունքը ևս, ըստ նոր կանոնների, կարող է իրացվել կատարողական վարույթի շրջանակներում։ Այսպես, նման ցանկություն ունեցող համասեփականատերը պետք է համապատասխան միջնորդություն ներկայացնի հարկադիր կատարողին՝ դրա հետ միասին Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին վճարելով պարտապանի բաժնի շուկայական արժեքի երեք տոկոսի չափով գումար։ Այս վճարումը կարևոր երաշխիք է՝ ապահովելու համար, որ նախապատվության իրավունքը չչարաշահվի և չօգտագործվի ընդհանուր գույքի իրացումը ձգձգելու նպատակով։ Ստանալով միջնորդությունը և ստուգելով դեպոզիտի համալրումը՝ հարկադիր կատարողը մեկ անգամ մինչև մեկ ամիս ժամկետով հետաձգում է ընդհանուր գույքի առաջիկա (ոչ ընթացիկ) աճուրդը (կրկնաճուրդը) պարտապանի բաժինն տվյալ համասեփականատիրոջը վաճառելու նպատակով (Օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մաս)։ «Մեկ անգամ» արտահայտությունը նշանակում է, որ յուրաքանչյուր համասեփականատեր տվյալ ընդհանուր գույքի իրացման շրջանակներում այս իրավունքից կարող է օգտվել միայն մեկ անգամ։ Եթե միջնորդություն ներկայացրած համասեփականատերը աճուրդի հետաձգման ժամկետի ընթացքում վճարում է պարտապանի բաժնի շուկայական արժեքի մնացած մասը, ապա հարկադիր կատարողն այդ անձի հետ կնքում է պարտապանի բաժնի առուվաճառքի պայմանագիր։ Եթե քննարկվող կարգով նախապատվության իրավունքից օգտվել են մեկից ավելի համասեփականատերեր, ապա պարտապանի բաժինն այդ անձանց վաճառվում է ընդհանուր գույքում նրանց ունեցած բաժինների չափերին համամասնորեն (Օրենքի 88-րդ հոդվածի 6-րդ մաս)։ Իսկ եթե պարտապանի բաժնի շուկայական արժեքը  աճուրդի հետաձգման ժամկետի ընթացքում չի վճարվում, և պարտապանի բաժինը չի վաճառվում, ապա դեպոզիտ վճարված գումարը (բաժնի շուկայական արժեքի երեք տոկոսը) ուղղվում է կատարման ենթակա պահանջի բավարարմանը։ Բացառություն է այն դեպքը, երբ կատարման ենթակա պահանջը մինչև այդ դադարել է (օրինակ՝ պարտապանը վճարել է պարտքը, կամ այն բռնագանձվել է այլ գույքի հաշվին). այս պարագայում դեպոզիտ վճարված գումարը վերադարձվում է այն վճարած անձին (Օրենքի 88-րդ հոդվածի 7-րդ մաս)։

Կորպորատիվ մասնակցության հետ կապված իրավունքներ՝ բաժնեմասեր, բաժնետոմսեր, փայեր

Տնտեսական ընկերակցություններում ու ընկերություններում, կոոպերատիվներում պարտապանի մասնակցության հետ կապված իրավունքների վրա բռնագանձում տարածելու կարգն ու պայմանները սերտորեն կապված են համապատասխան իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող նյութաիրավական նորմերի հետ։

Բաժնետոմսերի, բաժնեմասերի, փայերի վրա բռնագանձում տարածելու առանձնահատկություններին է նվիրված Օրենքի 91-րդ հոդվածը։ Նախ, նկատենք, որ այդ հոդվածով սահմանված չէ որևէ հատուկ կանոն արգելանքի բովանդակության վերաբերյալ։ Դա նշանակում է, որ բաժնեմասերի, բաժնետոմսերի, փայերի վրա արգելանք դնելիս գործում է դրանց տնօրինման արգելքի մասին ընդհանուր կարգավորումը (Օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մաս)։ Սրանից էլ, իր հերթին, բխում է, որ իրավաբանական անձի կառավարմանը մասնակցելու՝ պարտապանի իրավունքները չեն սահմանափակվում. նա կարող է ազատորեն մասնակցել բաժնետերերի/մասնակիցների ժողովներին, քվեարկել օրակարգի հարցերով, այդ թվում՝ իրավաբանական անձին պատկանող գույքի տնօրինման կապակցությամբ։ Ըստ այդմ, անգամ անուղղակիորեն չեն սահմանափակվում իրավաբանական անձի իրավունքները՝ տնօրինելու իր գույքը։ Սա Օրենքում որդեգրված՝ ձեռնարկատիրական գործունեության պաշտպանության սկզբունքի դրսևորումներից մեկն է։

 Միաժամանակ, պարտապանը կարող է տվյալ իրավաբանական անձի գործունեության հետ կապված վերջինից ստանալ դրամական միջոցներ կամ այլ գույք, օրինակ՝ շահաբաժիններ կամ իրավաբանական անձի լուծարման դեպքում հիմնադիրներին մնացող գույք։ Օրենքի 91-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ հարկադիր կատարողը պարտավորեցնում է համապատասխան իրավաբանական անձին՝ նման գույքը փոխանցել Ծառայությանը կամ, դրամական միջոցների դեպքում, պարտապանի բանկային հաշվին, որպեսզի հնարավոր լինի տվյալ միջոցները ներառել կատարողական վարույթով բռնագանձման ենթակա զանգվածում։ Նույն հոդվածի 3-րդ մասով սահմանվել է իրավաբանական անձի մեկ այլ պարտականություն` հարկադիր կատարողի պահանջով նրան տրամադրելու պարտապանի բաժնեմասի (բաժնետոմսերի, փայերի) գնահատման համար անհրաժեշտ՝ իրավաբանական անձի գործունեության, ակտիվների և պարտավորությունների մասին տեղեկություններ։ Այս տեղեկությունները կատարողական վարույթով անհրաժեշտ են, քանի որ բաժնեմասերի, բաժնետոմսերի, փայերի շուկայական արժեքի գնահատումը ենթադրում է տվյալ բիզնեսի գնահատում։

Անդրադառնալով բաժնեմասերի, բաժնետոմսերի, փայերի իրացմանը՝ դրանք պետք է բաժանել երեք խմբի՝ ելնելով նյութական օրենսդրության կարգավորումներից.

1)      Տվյալ գույքի նկատմամբ չկան ձեռքբերման նախապատվության իրավունք ունեցող սուբյեկտներ, և դրանք սովորական քաղաքացիական շրջանառության պայմաններում կարող են ազատորեն օտարվել։ Օրինակ՝ բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը։

Օրենքի 91-րդ հոդվածի 4-10-րդ մասերը այս խմբին այլևս չեն վերաբերում. ԲԲԸ բաժնետոմսերը հարկադիր իրացվում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով։

2)      Տվյալ գույքի նկատմամբ կան ձեռքբերման նախապատվության իրավունք ունեցող սուբյեկտներ և սովորական քաղաքացիական շրջանառության պայմաններում դրանք կարող են օտարվել նախապատվության իրավունքի հաշվառմամբ։ Բացի այդ, տվյալ գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում իրավաբանական անձի գույքից բաժին առանձնացնել չի թույլատրվում։ Օրինակ՝ փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը։

Այս խմբի համար Օրենքի 91-րդ հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված են նախապատվության իրավունքի իրացման ընթացակարգեր։ Մասնավորապես, սահմանվել է, որ նախապատվության իրավունք ունեցող անձանց ծանուցում է համապատասխան իրավաբանական անձը՝ հարկադիր կատարողի պահանջով։ Նախապատվության իրավունք ունեցող անձինք կարող են ծանուցումը ստանալուց հետո որոշակի ժամկետում օգտվել իրենց այդ իրավունքից՝ դիմելով հարկադիր կատարողին և շուկայական գնով ձեռք բերելու պարտապանի բաժնետոմսերը / բաժնեմասերը։ Եվ եթե որևէ մեկը չի օգտվում նախապատվության իրավունքից, ապա իրացումը շարունակվում է ընդհանուր կարգով։

3)      Տվյալ գույքի նկատմամբ կան ձեռքբերման նախապատվության իրավունք ունեցող սուբյեկտներ և սովորական քաղաքացիական շրջանառության պայմաններում դրանք կարող են օտարվել նախապատվության իրավունքի հաշվառմամբ։ Ավելին, տվյալ գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում թույլատրվում է իրավաբանական անձի գույքից համապատասխան բաժին առանձնացնել՝ դրա վրա բռնագանձում տարածելու նպատակով։ Օրինակ՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերը։

Նախապատվության իրավունքի իրացման՝ վերը նկարագրված ընթացակարգը հավասարապես կիրառելի է նաև այս խմբի նկատմամբ։ Ի լրումն դրանց՝ Օրենքի 91-րդ հոդվածի 7-10-րդ մասերով սահմանվել է բռնագանձում տարածելու նպատակով այս խմբի իրավաբանական անձանց գույքից բաժին առանձնացնելու ընթացակարգը։ Մասնավորապես, եթե տնտեսական ընկերակցության լիակատար ընկեր պարտապանի բաժնեմասը, սահմանափակ պատասխանատվությամբ կամ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության մասնակից պարտապանի բաժնեմասը չեն վաճառվում հինգ հարկադիր աճուրդի արդյունքով, ապա համապատասխան իրավաբանական անձը հարկադիր կատարողի պահանջով մեկամսյա ժամկետում իր գույքից առանձնացնում է պարտապանի բաժնեմասի շուկայական արժեքին համապատասխանող գույք, որի նկատմամբ ծագում է պարտապանի սեփականության իրավունքը, և այն դառնում է կատարողական վարույթով բռնագանձման ենթակա։ Ավելին, եթե իրավաբանական անձը պատշաճ չի կատարում այս պարտականությունը, ապա հարկադիր կատարողն իր որոշմամբ պարտապանի բաժնեմասի շուկայական արժեքի չափով գումար է բռնագանձում այդ իրավաբանական անձից. այս դեպքում տվյալ իրավաբանական անձի նկատմամբ պետք է հարուցվի ածանցյալ կատարողական վարույթ Օրենքի 39-րդ հոդվածով սահմանված կարգով։ Հավելենք նաև, որ իրավաբանական անձի գույքից բաժին առանձնացնելու վերը նշված ընթացակարգը չի կիրառվում, եթե պարտապանը տնտեսական ընկերակցության միակ լիակատար ընկերն է կամ սահմանափակ պատասխանատվությամբ կամ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության միակ մասնակիցը։ Այդ դեպքում նրա 100 տոկոս բաժնեմասի աճուրդային վաճառքը շարունակվում է ընդհանուր կարգով։

         Պայմանագրային ֆոնդի փայ

Պայմանագրային ֆոնդն իրավաբանական անձ չէ։ Դա գույքային համալիր է, որը ձևավորվում է պայմանագրի հիման վրա ֆոնդին մասնակցողների տրամադրած գույքից և դրա միջոցով կատարվող ներդրումներից ստացված ակտիվներից։ Ֆոնդում գույք ներդնելով՝ մասնակիցը կորցնում է դրա նկատմամբ սեփականության իրավունքը և ձեռք է բերում ընդհանուր բաժնային սեփականության իրավունք ֆոնդի բոլոր ակտիվների նկատմամբ` իր ներդրմանը համապատասխան որոշվող բաժնեմասով (փայով): Ֆոնդն ունի կառավարիչ, որն ապահովում է ֆոնդի ակտիվների կառավարումը, ներդրումներ կատարելը և ստացված եկամտի բաշխումը։ Սովորական քաղաքացիական շրջանառության պայմաններում ֆոնդի մասնակիցը կարող է ընդհանուր կարգով օտարել ֆոնդի՝ իրեն պատկանող փայը։ Միաժամանակ, ֆոնդի մասնակցի պարտավորութուններով ֆոնդից գույքի առանձնացում չի թույլատրվում, և բռնագանձման ենթակա է միայն ֆոնդի փայը[32]։

Վերը նկարագրված քաղաքացիաիրավական շրջանակից էլ բխում է պայմանագրային ֆոնդի փայի նկատմամբ բռնագանձում տարածելու կարգը, որը սահմանված է Օրենքի 90-րդ հոդվածով։ Հիմնական կանոնն այստեղ հենց այն է, որ բռնագանձման ենթակա է ֆոնդի փայը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, իսկ ֆոնդում պարտապանի բաժինը չի առանձնացվում։ Ինչ վերաբերում է շեղատառով առանձնացված բացառությանը, ապա դա նախատեսվել է՝ նկատի ունենալով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 14-րդ մասը, որի համաձայն՝ մասնակցի պարտավորությունների համար մասնակցին պատկանող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի վրա բռնագանձում չի կարող տարածվել մինչև նրա կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելը:

Բացի այդ, հարկադիր կատարողը ֆոնդի կառավարչին պարտավորեցնում է ֆոնդի ակտիվների կառավարման արդյունքով պարտապանին հասանելիք շահաբաժինները, ֆոնդի դադարման դեպքում ֆոնդի ակտիվներից պարտապանի մասնաբաժինը փոխանցել Ծառայությանը կամ պարտապանի բանկային հաշվին՝ այդ միջոցների վրա բռնագանձում տարածելու հնարավորությունն ապահովելու նպատակով։ Ֆոնդի կառավարիչը նաև պարտավոր է հարկադիր կատարողի պահանջով տրամադրել պարտապանի փայի գնահատման համար անհրաժեշտ տեղեկություններ։

Ինչ վերաբերում է փայի իրացմանը, ապա դրա վերաբերյալ հատուկ կանոններ չկան, ուստի դա կատարվում է ընդհանուր կարգով՝ հարկադիր աճուրդով։

Գրավով ծանրաբեռնված գույք

ԴԱՀԿ մասին օրենքի 50-րդ հոդվածը կարգավորում էր գույքի վրա բռնագանձում տարածելու ընթացակարգն այն դեպքում, երբ գույքը ծանրաբեռնված է պահանջատեր չհանդիսացող անձի գրավով։ Այս հոդվածին Օրենքում փոխարինում է 93-րդ հոդվածը։

ԴԱՀԿ մասին օրենքի 50-րդ հոդվածն այս հարցում ուներ որոշ թերություններ՝ ի վնաս գրավով չապահովված պահանջատիրոջ։ Մասնավորապես՝

-         Առաջին. սահմանելով պահանջատեր չհանդիսացող գրավառուի իրավունքը՝ արտադատական կարգով բռնագանձում տարածելու գրավի առարկայի վրա՝ չէին սահմանվում այդ գործընթացը սկսելու և ավարտելու ժամկետներ։ Արդյունքում, գրավի առարկան կարող էր անորոշ ժամկետով դուրս բերվել կատարողական վարույթով բռնագանձման ենթակա զանգվածից՝ ի վնաս պահանջատիրոջ իրավունքների։

-         Երկրորդ. կատարողական վարույթ հարուցվելուց հետո պարտապանը և պահանջատեր չհանդիսացող գրավառուն կարող էին փոփոխել միմյանց միջև կնքված՝ արտադատական բռնագանձման համաձայնագրի պայմանները։ Սա ևս կարող էր արվել ի վնաս պահանջատիրոջ՝ նրան զրկելով գրավի առարկայից բավարարում ստանալու հնարավորությունից։ Օրենքը չէր սահմանում որևէ կարգավորում, որը կկանխեր նման համաձայնությամբ պահանջատիրոջ շահերը վնասելու հնարավորությունը։

-         Երրորդ. ՔՕ 243.1 հոդվածի 2-րդ մասը սահմանում էր, որ գրավառուն, արտադատական կարգով բռնագանձում տարածելով գրավի առարկայի վրա, կարող է դիմել իրավունքների պետական գրանցման մարմին՝ գրավի առարկայի նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումները գրանցումից հանելու պահանջով, և այդ դիմումը բավարար հիմք էր սահմանափակումները (այդ թվում՝ հարկադիր կատարողի արգելանքը) գրանցումից հանելու համար։ Ստացվում էր, որ պահանջատեր չհանդիսացող գրավառուն իր իրավունքների չարաշահում թույլ տալու դեպքում կարող էր անգամ ԴԱՀԿ մասին օրենքի 50-րդ հոդվածով սահմանված կարգի խախտմամբ բռնագանձում տարածել գրավի առարկայի վրա և հասնել հարկադիր կատարողի կիրառած արգելանքի վերացմանն ու գրավի առարկայի փաստացի իրացմանը։ Ակնհայտորեն, սա ևս գրավով չապահովված պահանջատիրոջ իրավունքների խախտման լուրջ վտանգ էր պարունակում։

-         Չորրորդ. Այն դեպքում, երբ պահանջատեր չհանդիսացող գրավառուն չէր օգտվում արտադատական բռնագանձման իրավունքից, և գույքը գրավով ծանրաբեռնված վիճակով իրացվում էր կատարողական վարույթում, չկար որևէ օրենսդրական գործիք՝ պարտավորեցնելու գրավառուին տրամադրել գրավով ապահովված պարտավորության էության, դրա չափի մասին տվյալներ։ Իսկ այդ տվյալների բացակայությամբ գույքի իրացումը կարող էր գործնականում անհնարին դառնալ, քանի որ որևէ գնորդի համար այդ տեղեկություններն առանցքային են՝ գրավով ծանրաբեռնված գույք ձեռք բերելիս[33]։

Օրենքով և հարակից օրենսդրական փոփոխությունների փաթեթով այս հարցերը համակողմանի լուծումներ են ստացել։ Այսպես՝

Առաջին. Սահմանվել է, որ գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարման և գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջ ներկայացնելու դեպքում գրավառուն հարկադիր կատարողի ծանուցումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, պարտավոր է ոչ միայն հայտնել իր մտադրության մասին, այլ նաև սկսել համապատասխան գործընթաց (Օրենքի 93-րդ հոդվածի 1-ին մաս)։ Նույնը վերաբերում է այն դեպքին, երբ գրավառուն որոշում է սկսել ոչ թե արտադատական բռնագանձման գործընթաց, այլ համապատասխան հայց ներկայացնել դատարան՝ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջով։ Իսկ գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու դեպքում գրավառուն պարտավոր է գործընթացն ավարտել չորս ամսվա ընթացքում (Օրենքի 93-րդ հոդվածի 3-րդ մաս)։

-         Երկրորդ. Սահմանվել է, որ գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու դեպքում գործընթացը պետք է իրականացվի գրավի առարկայի վրա արգելանք դնելու պահին գործող պայմանագրային պայմաններին համապատասխան, բացառությամբ եթե դրանք հակասում են օրենքին (Օրենքի 93-րդ հոդվածի 3-րդ մաս)։

-         Երրորդ. ՔՕ 243.1 հոդվածի 2-րդ մասում սահմանվել է, որ կատարողական վարույթում կիրառված սահմանափակումները դադարում են «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված հիմքերով և կարգով։

-         Չորրորդ. Սահմանվել է, որ գրավի առարկայի՝ պահանջատեր չհանդիսացող գրավառուները (բացառությամբ գրավառու պահանջատիրոջ նկատմամբ հաջորդող գրավառուների) պարտավոր են հարկադիր կատարողի պահանջով նրան տրամադրել իրենց գրավի իրավունքով ապահովված պարտավորության էական պայմանների, պարտքի մնացորդի և դրան հաշվեգրվող գումարների մասին տեղեկություններ, ինչպես նաև գրավի իրավունքին և գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու կարգին վերաբերող պայմանագրերի պատճենները (Օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ մաս)։

Օրենքով (93-րդ հոդվածի 6-րդ մաս) հստակ սահմանվել են այն դեպքերը, երբ գույքն իրացվում է կատարողական վարույթում՝ գրավով ծանրաբեռնված վիճակում։ Դրանք են՝

1)      գրավառուն չի օգտվում գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու իրավունքից.

2)      գրավառուն պատշաճ չի կատարում Օրենքի 92-93-րդ հոդվածներով սահմանված իր պարտականությունները (օրինակ՝ հարկադիր կատարողին տեղեկություններ տրամադրելու վերաբերյալ, կամ արտադատական բռնագանձման գործընթացը չորս ամսում ավարտելու վերաբերյալ).

3)      գրավառուն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու իրավունքից օգտվել է դատական կարգով, բայց Օրենքի 92-րդ հոդվածի 1-ին  մասով նախատեսված՝ հարկադիր կատարողի ծանուցումն ստանալուց երկու ամիս հետո նրա հայցադիմումը դատարանի վարույթ ընդունված չէ՝ այն վերադարձվելու կամ դրա ընդունումը մերժվելու պատճառով, բացառությամբ եթե հայցադիմումը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու մասին որոշումը բողոքարկվում է.

4)      գրավառուն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու իրավունքից օգտվել է դատական կարգով, բայց նրա հայցը մերժվել է, թողնվել է առանց քննության, կամ գործի վարույթը կարճվել է։

Վերը նկարագրված կանոնների լույսի ներքո՝ հարկադիր կատարողի լիազորությունները քննարկվող գործընթացում հանգում են հետևյալին.

Ø  Տեղեկանալով, որ արգելադրված գույքը գրավադրված է պահանջատեր չհանդիսացող անձի գրավի իրավունքով, հարկադիր կատարողը պետք է գրավառուին ծանուցի կատարման ենթակա ակտի, այդ ակտով սահմանված պարտքի մնացորդի, դրան հաշվեգրվող գումարների և գրավի առարկայի վրա արգելանք դնելու որոշման մասին (Օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մաս)։

Ø  Գրավառուն հարկադիր կատարողի ծանուցումն ստանալուց հետո ունի մեկամսյա ժամկետ՝ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու դատական կամ արտադական գործընթաց սկսելու համար, և պետք է իր որոշման մասին տեղեկացնի հարկադիր կատարողին։ Բռնագանձման գործընթաց սկսելու դեպքում հարկադիր կատարողին նույն ժամկետում պետք է ներկայացնի նաև դրա վերաբերյալ ապացույցներ (արտադատական բռնագանձման դեպքում՝ ՔՕ-ով նախատեսված բռնագանձման ծանուցում և այն ուղարկելու ապացույցներ, դատական բռնագանձման դեպքում՝ հայցադիմումը և այն դատարան ներկայացնելու ապացույց) (Օրենքի 93-րդ հոդվածի 1-ին մաս)։ Համապատասխանաբար, հարկադիր կատարողն այդ մեկամսյա ժամկետում պետք է սպասի գրավառուի պատասխանին։

Ø  Եթե գրավառուն սկսում է արտադատական բռնագանձման գործընթաց, ապա հարկադիր կատարողը նրանից պետք է պահանջի Օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկություններ՝ գրավի իրավունքով ապահովված պարտավորության էական պայմանների, պարտքի մնացորդի և դրան հաշվեգրվող գումարների մասին տեղեկություններ, ինչպես նաև գրավի իրավունքին և գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու կարգին վերաբերող պայմանագրերի պատճենները։ Նպատակն այն է, որ հարկադիր կատարողն անհրաժեշտության դեպքում, այդ թվում՝ պահանջատիրոջ միջնորդությամբ, կարողանա հետևել արտադատական բռնագանձման գործընթացին և ստուգել, թե արդյոք այն ընթանում է օրենքի և պայմանագրի պահանջների պահպանմամբ։

Ø  Արտադական բռնագանձման ընթացքին հետևելու՝ հարկադիր կատարողի իրավունքը ևս սահմանված է օրենքով. գրավառուն պարտավոր է հարկադիր կատարողի պահանջով ներկայացնել բռնագանձման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ (Օրենքի 93-րդ հոդվածի 1-ին մաս)։

Ø  Եթե առկա է գույքը գրավով ծանրաբեռնված վիճակում կատարողական վարույթում իրացնելու՝ վերը նշված հիմքերից որևէ մեկը (Օրենքի 93-րդ հոդվածի 6-րդ մաս), ապա հարկադիր կատարողը կրկին պետք է գրավառուից պահանջի Օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ մասով նշված տեղեկությունները՝ դրանք անհրաժեշտ ծավալով աճուրդի դրվող լոտի նկարագրությունում ներառելու համար։

Ø  Գրավադրված գույքը հարկադիր աճուրդով իրացնելու դեպքում հարկադիր կատարողն առուվաճառքի պայմանագրում պարտադիր պետք է նշի, թե արդյոք՝ ա) գույքն իրացվել է պահանջատեր գրավառուի պահանջով, կամ բ) գույքն իրացվել է գրավով չապահովված պահանջատիրոջ պահանջով՝ գրավառուի գրավի (նախորդող գրավի) իրավունքով ծանրաբեռնված վիճակում (Օրենքի 92-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Սա անհրաժեշտ է, որպեսզի պետական գրանցման մարմնի համար պարզ լինի՝ գրավի իրավունքը դադարում է, թե ոչ։

Ի լրումն վերը նկարագրված ընթացակարգերի՝ Օրենքում կարգավորվել են նաև հետևյալ իրավիճակները.

-         Երբ գույքը գրավադրված է հենց պահանջատիրոջ մոտ, և վերջինս ցանկանում է գրավի առարկայի վրա բռնագանձում տարածել կատարողական վարույթից դուրս՝ արտադատական կարգով (հոդված 94),

-         Երբ գույքը գրավադրված է պահանջատիրոջ մոտ, սակայն կան նաև պահանջատեր չհանդիսացող հաջորդող գրավառուներ, որոնք իրավունք ունեն բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից (հոդված 95)։

Ստորև քննարկենք այս իրավիճակները։

            Բնականաբար, պահանջատերը կարող է նաև գրավառու լինել պարտապանի գույքի նկատմամբ՝ միաժամանակ ունենալով արտադատական բռնագանձման վերաբերյալ համաձայնություն։ Այդ համաձայնությունը պահպանում է իր ուժը նաև կատարողական վարույթ հարուցվելուց հետո։ Ըստ այդմ, այս փուլում ևս պահանջատեր գրավառուն պետք է հնարավորություն ունենա իրացնելու կատարողական վարույթից դուրս՝ արտադատական բռնագանձման իր իրավունքը։ Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է գրավառու պահանջատիրոջ կողմից այդ իրավունքի իրացման հետևյալ պայմանները.

-         պահանջատերը պետք է գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու իր մտադրության մասին հարկադիր կատարողին հայտնի մինչև այդ գույքի հարկադիր իրացման մասին որոշում կայացվելը, և

-         պահանջատերը պետք է վճարի կատարողական վճար՝ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելուն ուղղված փաստացի կատարված կատարողական ծախսերի (գույքագրում, գնահատում, պահպանություն և այլն) չափով, բայց ոչ պակաս, քան բռնագանձման ենթակա գումարի մնացորդի մեկ տոկոսը։

Կարևոր է նկատի ունենալ, որ արտադատական բռնագանձում իրականացնող գրավառու պահանջատերը, որպես կանոն, ունի նաև պարտապանի այլ գույքից բավարարում ստանալու իրավունք։ Հետևաբար, այլ գույքի մասով կատարողական վարույթը պետք է շարունակվի։ Այնուամենայնիվ, այստեղ պետք է հաշվի առնել բռնագանձման հերթականության կանոնները։ Մասնավորապես, պահանջատիրոջ պահանջն ապահովող գրավի առարկան դրամական միջոցներից հետո առաջնահերթ բռնագանձման ենթակա է, և քանի դեռ գրավի առարկան չի իրացվել (այդ թվում՝ արտադատական կարգով), հարկադիր կատարողը, որպես ընդհանուր կանոն, չի կարող իրացնել հաջորդ հերթերի գույք։ Իհարկե, բացառություն են կազմում հաջորդ հերթերին անցնելու հատուկ կանոնները (Օրենքի 63-րդ հոդվածի 6-րդ մաս)։

Հնարավոր է, որ նույն պարտապանի նկատմամբ հարուցված լինեն կատարողական վարույթներ նաև այլ անձանց պահանջներով։ Այս դեպքում գրավառու պահանջատիրոջ կողմից իրականացվող արտադական բռնագանձման գործընթացի, դրա ժամկետների, դրա դադարեցման նկատմամբ կիրառվում են վերևում քննարկված՝ Օրենքի 93-րդ հոդվածի կանոնները (Օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Այսինքն, արտադատական բռնագանձում իրականացնող պահանջատերը այլ պահանջատերերի տեսանկյունից զբաղեցնում է պահանջատեր չհանդիսացող գրավառուի տեղը։

Ի վերջո, նշենք նաև, որ գրավառու պահանջատերն իրավունք ունի «հետ կանգնելու» արտադատական բռնագանձումից և գրավի առարկան «վերադարձնելու» կատարողական վարույթ՝ դրա վերաբերյալ դիմում ներկայացնելով հարկադիր կատարողին (Օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Այս դեպքում, սակայն, պահանջատիրոջ վճարած կատարողական վճարը վերադարձման ենթակա չէ։

Քննարկենք նաև Օրենքի 95-րդ հոդվածով սահմանված կարգավորումը, որը վերաբերում է այն իրավիճակին, երբ գույքը գրավադրված է պահանջատիրոջ մոտ, սակայն կան նաև պահանջատեր չհանդիսացող հաջորդող գրավառուներ, որոնք իրավունք ունեն բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից։ Այդ իրավունքը կարող է իրացվել, եթե գրավի առարկայի իրացումից (կատարողական վարույթում կամ դրանից դուրս), գրավառուի պահանջը բավարարվելուց և կատարողական վճարները գանձելուց հետո առկա է դրամական միջոցների մնացորդ։ Ընդ որում, անգամ եթե կան գրավով չապահովված պահանջատերեր, միևնույն է, հաջորդող գրավառուներն այդ դրամական միջոցները ստանալու նախապատվության իրավունք ունեն։ Այս իրավունքի ապահովման նպատակով սահմանվել է, որ դրամական միջոցների նման մնացորդ լինելու դեպքում հարկադիր կատարողն այդ մասին ծանուցում է պահանջատեր չհանդիսացող հաջորդող գրավառուներին, ընդ որում՝ միայն այնպիսի գրավառուների, որոնց գրավի իրավունքը գրանցված է հանրային գրանցամատյաններում և, ըստ այդմ, հասանելի է հարկադիր կատարողին։ Այդ ծանուցումն ուղարկելուց հետո հարկադիր կատարողից պահանջվում է միայն սպասել երկու ամիս և այդ ընթացքում չբաշխել տվյալ դրամական միջոցները։ Հարկադիր կատարողից չի պահանջվում բավարարել դրամական միջոցների նկատմամբ հաջորդող գրավառուների պահանջները և այդ միջոցները նրանց փոխանցել. ավելին, հարկադիր կատարողը նման իրավունք չունի, քանի որ քաղաքացիաիրավական վեճ լուծող մարմին չէ։ Այս ընթացակարգը միայն ենթադրում է, որ հաջորդող գրավառուները, ստանալով հարկադիր կատարողի ծանուցումը, դրամական միջոցների վերաբերյալ իրենց պահանջները ներկայացնեն դատական կարգով և, օրինակ, հասնեն հայցի ապահովման կարգով այդ միջոցների արգելադրմանը։ Եվ եթե երկամսյա ժամկետում չի կիրառվում նման հայցի ապահովում, կամ չի ներկայացվում այլ դատական ակտ, որը հարկադիր կատարողին կարգելեր Օրենքով սահմանված կարգով բաշխել դրամական միջոցները, ապա հարկադիր կատարողն այդ ժամկետը լրանալուց հետո պետք է ընդհանուր կարգով իրականացնի դրամական միջոցների բաշխումը։

 

Գույքային իրավունքներ

            Գույքային իրավունքները գույքի տեսակ են (ՔՕ 132-րդ հոդված), հետևաբար՝ բռնագանձման ենթակա։ Միաժամանակ, դրանց վրա բռնագանձում տարածելը ենթադրում է մի շարք առանձնահատկություններ, որոնք բխում են գույքային իրավունքների տեսակներից և դրանցից յուրաքանչյուրի նկատմամբ սահմանված քաղաքացիաիրավական ռեժիմից։ Հայաստանի իրավունքի պատմության մեջ առաջին անգամ նման օրենսդրական առանձնահատկություններ սահմանվել են Օրենքով (հոդված 96)։

            Նախ, պետք է նշել, որ «գույքային իրավունք» եզրույթի ներքո և՛ քաղաքացիական օրենսդրությունում, և՛ Օրենքում ներառվում են իրավունքների հետևյալ խմբերը.

Ø  Այլ անձին պատկանող գույքի նկատմամբ ՔՕ 170-րդ հոդվածով նախատեսված իրավունքներ (իրային իրավունքներ)՝ հողամասի կառուցապատման, գույքի օգտագործման, սերվիտուտի, գրավի, կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքներ։

Ø  Պահանջի իրավունքներ, որոնք բխում են օրենքից կամ պարտավորական հարաբերություններից, օրինակ՝ տրամադրված փոխառոության գումարը՝ հասանելիք տոկոսներով, հետ պահանջելու իրավունքը կամ մատակարարված ապրանքի դիմաց պայմանագրով որոշված դրա գինը պահանջելու իրավունքը։

Ø  Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ գույքային իրավունքներ, օրինակ՝ ապրանքային նշանի կամ գյուտի նկատմամբ իրավատիրոջ գույքային իրավունքները։

Անմիջապես նշենք, սակայն, որ ոչ բոլոր գույքային իրավունքները կարող են լինել բռնագանձման առարկա։ Ընդհանուր տրամաբանությունն այն է, որ բռնագանձում կարող է տարածվել միայն այն գույքային իրավունքների վրա, որոնց իրավատերն ինքը կարող էր օտարել սովորական քաղաքացիական շրջանառությունում, և միայն այն պայմանների պահպանմամբ, որոնք կիրառելի են սովորական քաղաքացիական շրջանառությունում։ Օրինակներ՝

Ø  Հողամասի կառուցապատման իրավունքը կարող է ազատորեն տնօրինվել, այդ թվում՝ օտարվել (ՔՕ 204.1 հոդված, 2-րդ մաս),

Ø  Գույքային սերվիտուտը, բացառությամբ կամավոր սերվիտուտի, չի կարող ինքնուրույն օտարվել (ՔՕ 211 հոդված, 4-րդ մաս),

Ø  Կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքը՝ կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների նկատմամբ գնորդի իրավունքներով հանդերձ, կարող է օտարվել (ՔՕ 570.1 հոդված, 9-րդ մաս),

Ø  Գրավի իրավունքը կարող է օտարվել, միայն եթե հօգուտ նույն անձի օտարվում է նաև գրավով ապահովված հիմնական պարտավորությամբ պահանջի իրավունքը (ՔՕ 244 հոդված, 2-րդ մաս),

Ø  Պարտավորական հարաբերություններից բխող պահանջի իրավունքն ազատորեն կարող է օտարվել, կամ, եթե դա նախատեսված է օրենքով կամ պայմանագրով, կարող է օտարվել միայն պարտապանի համաձայնությամբ (ՔՕ 397 հոդված, 2-րդ մաս),

Ø  Պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված իրավունքները, ներառյալ ալիմենտի և կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պահանջները, չեն կարող օտարվել (ՔՕ 398 հոդված),

Ø  Գյուտի, արդյունաբերական դիզայնի արտոնագրերից բխող իրավունքները կարող են ազատորեն օտարվել (ՔՕ 1146 հոդված),

Ø  Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքները կարող են ազատորեն օտարվել (ՔՕ 1175 հոդված),

Ø  Իրավաբանական անձի ֆիրմային անվանման նկատմամբ իրավունքը չի կարող օտարվել. այն փոխանցվում է միայն իրավաբանական անձի իրավահաջորդին՝ վերակազմակերպման դեպքում (ՔՕ 1170 հոդված)։

Քաղաքացիաիրավական այս տարբեր ռեժիմների ընդհանրացման և խմբավորման հիման վրա էլ մշակվել են Օրենքի՝ գույքային իրավունքների վրա բռնագանձում տարածելու պայմանները։ Մասնավորապես, օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվել է գույքային իրավունքների վրա բռնագանձում տարածելու հետևյալ երեք պայմանը. միայն դրանցից առնվազն մեկի առկայության դեպքում է հնարավոր բռնագանձում տարածել որևէ գույքային իրավունքի վրա.

1)                 պարտապանի կողմից տվյալ գույքային իրավունքի օտարումը սահմանափակված չէ օրենքով կամ այդ գույքային իրավունքը սահմանող պարտավորության՝ գույքային իրավունքի վրա արգելանք դրվելու պահին գործող պայմաններով.

2)                 պարտապանի կողմից տվյալ գույքային իրավունքի օտարումը, օրենքի կամ այդ գույքային իրավունքը սահմանող պարտավորության պայմանների համաձայն, կախված է այդ պարտավորության մյուս կողմի համաձայնությունից, և այդ անձը տվել է իր համաձայնությունն այդ գույքային իրավունքի վրա բռնագանձում տարածելու համար.

3)                 տվյալ գույքային իրավունքի բովանդակությունը գույք (այդ թվում՝ դրամական միջոցներ) ստանալու պահանջի իրավունքն է, որը պայմանավորված չէ պարտապանի հանդիպական պարտավորության կատարմամբ, կամ այդպիսի պարտավորությունը կատարվել է. այս դեպքում պահանջի իրավունքի վրա բռնագանձում տարածելու համար պարտավորության մյուս կողմի համաձայնությունը չի պահանջվում՝ անկախ այդ պարտավորության պայմաններից։

Այս պայմանների հետ սերտորեն կապված է նաև քննարկվող հոդվածի 8-րդ մասը, որի համաձայն՝

Սույն հոդվածի կանոնները կիրառվում են նաև այն դեպքում, երբ գույքային իրավունքների փոխանցումը միաժամանակ ենթադրում է համապատասխան պարտավորությամբ (պայմանագրով) պարտականությունների փոխանցում։ Այդ դեպքում գույքային իրավունքների ձեռք բերողին են փոխանցվում նաև համապատասխան պարտականությունները՝ ըստ տվյալ պարտավորության (պայմանագրի) պայմանների։

Վերը նշված կանոնների կիրառումը ներկայացնենք օրինակներով։

Ø  Առաջին իրավիճակ. կատարողական վարույթի ընթացքում պարզվում է, որ պարտապանն ունի վարձակալության պայմանագրի հիման վրա ձեռք բերված օգտագործման իրավունք այլ անձին պատկանող առևտրային տարածքի նկատմամբ։ Օգտագործման իրավունքը կարող է լինել բռնագանձման առարկա, բայց դրա փոխանցումը ենթադրում է նաև համապատասխան պարտականությունների փոխանցում՝ վարձավճար վճարելու, գույքն ըստ նշանակության օգտագործելու և այլն։ Իսկ պարտականությունների (պարտքի) փոխանցումը քաղաքացիաիրավական ընդհանուր կանոնով հնարավոր է միայն պարտատիրոջ (տվյալ դեպքում՝ վարձատուի) համաձայնությամբ (ՔՕ 406 հոդված, վարձակալության դեպքում նաև՝ ՔՕ 620 հոդված)։ Հետևաբար, օգտագործման իրավունքի վրա բռնագանձում տարածել հնարավոր է միայն վարձատուի համաձայնությամբ։

Ø  Երկրորդ իրավիճակ. կատարողական վարույթի ընթացքում պարզվում է, որ պարտապանը մատակարարման պայմանագրով ապրանքներ է վաճառել այլ անձի, բայց դեռևս չի ստացել դրանց գինը։ Մատակարարման պայմանագրով սահմանված է, որ կողմերն իրենց իրավունքներն ու պարտականությունները կարող են այլ անձի փոխանցել միայն պայմանագրի մյուս կողմի համաձայնությամբ։ Ընդ որում, մատակարարը (կատարողական վարույթով պարտապանը) իր բոլոր պայմանագրային պարտականությունները կատարել է. սա նշանակում է, որ ապրանքների գինը պահանջելու իրավունքը ենթակա է բռնագանձման՝ անկախ պայմանագրի մյուս կողմի՝ գնորդի համաձայնության (Օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ)։

Ø  Երրորդ իրավիճակ. պարտապանն այլ անձի փոխառություն է տրամադրել, որը, համաձայն փոխառության պայմանագրի, պետք է վերադարձվի երեք տարի անց։ Փոխառության պայմանագրով պահանջի իրավունքն այլ անձի զիջելու համար փոխառուի համաձայնություն չի պահանջվում։ Այս դեպքում փոխառության գումարի պահանջի իրավունքը բռնագանձման ենթակա է Օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասի ինչպես 1-ին, այնպես էլ 3-րդ կետերի կիրառմամբ։

Այն դեպքերում, երբ գույքային իրավունքի վրա բռնագանձում տարածելը հնարավոր է միայն պարտապանի կոնտրագենտի համաձայնությամբ, այդ համաձայնությունը ստանալու բեռը Օրենքով դրվում է ոչ թե հարկադիր կատարողի, այլ պահանջատիրոջ վրա։ Հարկադիր կատարողից պահանջվում է միայն ծանուցել պահանջատիրոջը նման համաձայնություն ստանալու անհրաժեշտության մասին (Օրենքի 96-րդ հոդված, 3-րդ մաս)։ Եվ քանի դեռ համաձայնությունը չի ստացվել, գույքային իրավունքի վրա բռնագանձում տարածվել չի կարող։

Բնական է, որ որևէ գույքային իրավունքի վրա բռնագանձում տարածելու համար հարկադիր կատարողին անհրաժեշտ են տեղեկություններ դրա բովանդակության, պայմանների, դրանց թվում՝ մյուս կողմի համաձայնությունը ստանալու անհրաժեշտության վերաբերյալ։ Այդ տեղեկությունները հարկադիր կատարողը կարող է ստանալ ոչ միայն պարտապանից, այլ նաև գույքային իրավունքը սահմանող պարտավորության մյուս կողմերից (Օրենքի 96-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Բացի այդ, հնարավոր է, որ մինչև գույքային իրավունքը հարկադիր իրացնելը պարտապանի կոնտրագենտը որոշի կատարել իր պարտավորությունը վարույթով պարտապանի առջև, օրինակ՝ վերադարձնել փոխառության գումարը։ Որպեսզի պարտապանի օգտին նման փոխանցումներն ընդգրկվեն կատարողական վարույթով բռնագանձման զանգվածում, Օրենքի 96-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվել է հարկադիր կատարողի լիազորությունը՝ պարտապանի կոնտրագենտին պարտավորեցնելու հօգուտ պարտապանի փոխանցվող դրամական միջոցներն ու այլ գույքը փոխանցել Ծառայությանը կամ պարտապանի բանկային հաշվին։

Գույքային իրավունքների՝ որպես գույքի տեսակի առանձնահատկություններից բխում են դրա դրվող արգելանքի առանձնահատկությունները։ Ի՞նչ չի կարող անել պարտապանը իրեն պատկանող գույքային իրավունքի վրա արգելանք դրվելու դեպքում. այս հարցին պատասխանում է Օրենքի 96-րդ հոդվածի 4-րդ մասը, որի համաձայն՝ գույքային իրավունքի վրա արգելանք դրվելու դեպքում դրա տնօրինման արգելքով պարտապանին մասնավորապես արգելվում է՝

1)      միակողմանիորեն կամ գույքային իրավունքը սահմանող պարտավորության մյուս կողմի հետ համատեղ գործողությամբ տվյալ պարտավորությունը դադարեցնելը, դրա պայմանները փոփոխելը, բացառությամբ եթե փոփոխությունը չի նվազեցնում գույքային իրավունքի արժեքը և իրացվելիությունը։ Օրինակ՝ եթե պարտապանն ունի փոխառության գումարի վերադարձի պահանջի իրավունք, ապա այդ իրավունքի վրա արգելանք դրվելուց հետո չի կարող երկարաձգել փոխառության վերադարձի ժամկետը։ Միևնույն ժամանակ, փոխառության պայմանագրում կարող են կատարվել, օրինակ, կողմերի հասցեների, հաղորդակցության կարգի կամ այլ՝ գույքային իրավունքի բովանդակության վրա չազդող փոփոխություններ։

2)      պարտքը ներելը, գույքային իրավունքն այլ անձի հատուցմամբ կամ անհատույց փոխանցելը, ներառյալ պահանջը զիջելը.

3)      գույքային իրավունքը գրավ դնելը կամ որպես ավանդ ներդնելը տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում.

4)      պարտապանի օգտագործման իրավունքով ծանրաբեռնված այլ անձի գույքը ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելը.

5)      մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ լիցենզային պայմանագիր կնքելը։

Անդրադառնալով գույքային իրավունքների հարկադիր իրացմանը՝ պետք է նշել, որ դրանք ենթակա են գնահատման և իրացման ընդհանուր կարգով՝ հարկադիր աճուրդով։ Միակ առանձնահատկությունը վերաբերում է աճուրդի արդյունքներով կնքվող առուվաճառքի պայմանագրի ձևին. Օրենքի 96-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ գույքային իրավունքները հարկադիր իրացնելիս դրանց առուվաճառքի պայմանագրի ձևի նկատմամբ կիրառվում են քաղաքացիական օրենսդրության պահանջները։ Այս հղումը վերաբերում է ՔՕ 404-րդ հոդվածին, որից բխում է, որ պահանջի զիջումը պետք է կատարվի այն ձևով, որով կնքվել է այդ պահանջը սահմանող գործարքը։ Սա նշանակում է, որ եթե իրացվում է անշարժ գույքի նկատմամբ կառուցապատման կամ օգտագործման իրավունք, ապա հարկադիր կատարողը համապատասխան պայմանագիրը պետք է կնքի նոտարական կարգով, իսկ գնորդի իրավունքները ենթակա են պետական գրանցման։ Իսկ եթե իրացվում է հասարակ գրավոր ձևով կնքված փոխառության պայմանագրից բխող պահանջի իրավունքը, ապա հարկադիր կատարողն էլ իրացվող իրավունքի առուվաճառքի պայմանագիրը պետք է կնքի հասարակ գրավոր ձևով։

         Մաքսային ընթացակարգերով հայտարարագրված գույք

            Մաքսային մարմինը պետական այն մարմիններից է, որոնց միջոցով հարկադիր կատարողը պարզում է պարտապանի գույքի կազմը։ Ավելին, մաքսային մարմնի աջակցությամբ հարկադիր կատարողը կարող է կանխարգելել արգելադրված գույքի դուրսբերումը Հայաստանի Հանրապետության տարածքից (Օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մաս), ինչպես նաև փաստացի արգելադրել և առգրավել պարտապանի կողմից ներմուծվող՝ բռնագանձման ենթակա ապրանքները։

            Այս համագործակցությունն ապահովելու նպատակով Օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հարկադիր կատարողը պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումներն ուղարկում է մաքսային մարմին։ Եթե պարտապանի անունով առկա է որևէ մաքսային ընթացակարգով հայտարարագրված, բայց դեռևս բաց չթողնված գույք, ապա մաքսային մարմինը պետք է հայտնի այդ մասին՝ օրենքով սահմանված «սպասման ժամկետում» ձեռնպահ մնալով այդ գույքի բացթողումից։ «Սպասման ժամկետը» Օրենքի 97-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է 5 աշխատանքային օր, սակայն համապատասխան ենթաօրենսդրական ակտով կարող է սահմանվել ավելի կարճ ժամկետ։ Այս ժամկետը նախատեսված է հարկադիր կատարողի համար՝ որոշելու, թե արդյոք տվյալ գույքի վրա անհրաժեշտ է բռնագանձում տարածել, թե ոչ։ Եթե բռնագանձումն անհրաժեշտ է, ապա հարկադիր կատարողը պետք է քննարկվող ժամկետի ընթացքում կայացնի պարտապանի գույքն առգրավելու մասին որոշում և ուղարկի մաքսային մարմին։ Հարկադիր կատարողից ստանալով  պարտապանի գույքն առգրավելու մասին որոշում՝ մաքսային մարմինը պետք է՝

1)      պարտապանի գույքը հանձնի հարկադիր կատարողին՝ առանց հայտարարված մաքսային ընթացակարգի շարունակման, եթե հայտարարվել է գույքը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղափոխելու հետ կապված մաքսային ընթացակարգ.

2)      առգրավման ենթակա գույքն այլ մաքսային ընթացակարգով հայտարարագրված լինելու դեպքում ավարտին հասցնի համապատասխան մաքսային ընթացակարգը և դրանից հետո գույքը հանձնի հարկադիր կատարողին։

Եթե «սպասման ժամկետի» ընթացքում մաքսային մարմինը հարկադիր կատարողից չի ստանում գույքն առգրավելու մասին որոշում, ապա հայտարարված մաքսային ընթացակարգն իրականացնելու և գույքը բաց թողնելու սահմանափակումները վերանում են։


ԳԼՈՒԽ 16
ՊԱՐՏԱՊԱՆԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼԸ

Դրամական պահանջների հարկադիր կատարման արդյունավետությունը պայմանավորող կարևորագույն գործոններից է գույքի առանձին տեսակների վրա բռնագանձում տարածելու հատուկ կանոնների սահմանումը, որոնք պետք է հաշվի առնեն գույքի տվյալ տեսակի քաղաքացիաիրավական ռեժիմը, ներառյալ՝ տվյալ գույքին կամ գույքային իրավունքին առնչվող այլ անձանց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Նշվածների շարքին է դասվում նաև պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելը։

Այս առումով հետաքրքրական է ՄԻԵԴ-ի ձևավորած պրակտիկան։ Այսպես, Միկրոինտելեկտ ՍՊԸ-ն ընդդեմ Բուլղարիայի 2014 թվականի մարտի 4-ի վճռում (Microintelect OOD v. Bulgaria, 34129/03), որը վերաբերում է վարչական մարմնի որոշմամբ անձի գույքի բռնագանձմանը, ՄԻԵԴ-ը գտել է, որ բռնագանձման իրականացումը վարչական մարմնի կողմից վերահսկողություն է սեփականության օգտագործման նկատմամբ և հանդիսանում է հարկերի և տուգանքի վճարման ապահովման միջոց: Դատարանը համանման կարծիք հայտնել էր նաև Գասուս Դոսիերը և Ֆորդերտեքնիկն ընդդեմ Նիդեռլանդերի գործով (Gasus Dosier-und Fördertechnik GmbH v. The Netherlands, 15375/89, 23.02.1995թ.)

Այդ գործերով ՄԻԵԴ-ը նաև նշել էր, որ անձի ունեցվածքի բռնագանձման դեպքում հատկապես կարևորվում է նման որոշման դեմ բողոք բերելու արդյունավետ միջոցների ապահովումը, չնայած ՄԻԵԿ թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով ուղղակիորեն նախատեսված չէ նման պահանջ:

Հիմնական եզրահանգումն այն է, որ օրենքով նախատեսված իրավաչափ պարտավորությունների կատարման համար վարչական միջոցների համաչափ գործադրումը չի կարող դիտվել որպես սեփականության իրավունքի ոտնահարում կամ սեփականությունից զրկում: Էականը` վարչական միջամտության դեմ դատական բողոք բերելու արդյունավետ միջոցի երաշխավորումն է:

Ինչ վերաբերում է Օրենքի համապատասխան կարգավորումներին, ապա օրենսդիրը նախատեսել է պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելու հնարավորություն 2 դեպքում՝

1)   եթե դա նախատեսված է բռնագանձման հերթականությամբ (նաև այն դեպքում, երբ բռնագանձումը տարածվել է եկամուտներին հաջորդող հերթի գույքի վրա).

2)   բռնագանձվում են պարբերական վճարումներ։

Ընդ որում, կարևոր է ընդգծել, որ այստեղ Օրենքը «եկամուտներ» հասկացությունը օգտագործում է ոչ թե Օրենքի 2-րդ հոդվածում սահմանված ընդգրկուն բովանդակությամբ, այլ միայն Օրենքի 16-րդ գլխում սահմանված շրջանակով, որը ներառում է միայն աշխատավարձը և դրան հավասարեցված վճարները, հեղինակային պայմանագրերով վարձատրությունը և կրթաթոշակը։

Օրենքը պահպանել է մինչև 200.000 դրամ և 200.000 դրամ և ավելի բռնագանձման ենթակա պահանջի առնչությամբ առկա նախկին կարգավորումները։ Ընդ որում, հատկանշական է, որ նշված պահանջների հիման վրա պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելը հիմք է պարտապանի գույքի հարկադիր իրացմանն ուղղված գործողություններ չկատարելու համար, սակայն ինքնին հիմք չէ պարտապանի գույքի վրա արգելանքներ չկիրառելու կամ կիրառված արգելանքները վերացնելու համար։

Օրենքի նորամուծություններից մեկն էլ պարբերական վճարումների բռնագանձումը առանձին հոդվածով ներկայացնելն է։ Մասնավորապես, ինչ վերաբերում է ալիմենտներին և պարբերական այլ վճարումների (կյանքին, առողջությանը, կերակրողի մահվամբ և հանցագործությամբ պատճառված վնասների) բռնագանձման կատարողական վարույթներին, ապա այս դեպքերում բռնագանձումը տարածվում է պարտապանի գույքի վրա նշված 2 պահանջների միաժամանակյա առկայության դեպքում՝

1)               առկա է պարբերական վճարումների պարտք (նախորդ ժամանակաշրջանի համար սահմանված վճարումներ, կետանցված երկու կամ ավելի հաջորդական վճարումներ կամ մեկ տարվա մեջ կետանցված երեք վճարում)

2)              1-ին կետում նշված պարտքը ընթացիկ վճարումների կատարմանը զուգահեռ, հնարավոր չէ առավելագույնը վեց ամսվա ընթացքում մարել պարտապանի եկամուտների հաշվին։

            Պարբերական վճարումների բռնագանձման կատարողական վարույթներով պարտապանի գույքն իրացվում է այն հաշվով, որ իրացումից ստացված միջոցները բավարարեն պարբերական վճարումների պարտքի մարման և հետագա վճարումների կատարման համար երեք տարվա ընթացքում, սակայն ոչ ավելի, քան մինչև պարբերական վճարումների ժամկետի ավարտը: Ըստ որում, անհրաժեշտ գումարը բռնագանձելուց հետո պարտապանի գույքի վրա դրված արգելանքները վերացվում են։

            Հարկ է նկատել, որ այս գործընթացը դադարեցվում է, եթե պարտապանն ամբողջությամբ մարում է պարբերական  վճարումների պարտքը և Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին է փոխանցում առաջիկա երեք տարվա վճարումների գումարի (բայց ոչ ավելի, քան մինչև պարբերական վճարումների ժամկետի ավարտը) չափով կանխավճար։

            Անդրադառնալով պարտապանի եկամուտներից կատարվող պահումների չափին՝ ուշագրավ է, որ աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից բացի, Օրենքը ընդգրկում է նաև հեղինակային պայմանագրերով վարձատրությունը և կրթաթոշակը։ Ընդ որում, այդպիսի եկամուտներ են համարվում պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք կիրառելուն նախորդող մեկ ամսվա համար և դրանից հետո հաշվարկված աշխատավարձը, դրան հավասարեցված վճարները, հեղինակային պայմանագրերով վարձատրությունը և կրթաթոշակը: Նշված եկամուտներից կարող է պահվել 50 տոկոսից ոչ ավելի՝ այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո պարտապանի՝ սույն մասով սահմանված բոլոր եկամուտների հանրագումարը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից։ Հնարավոր են նաև այնպիսի դեպքեր, երբ նշված եկամուտներից կարող է պահվել մինչև 75 տոկոսը, այն է՝ եթե բռնագանձվում է ալիմենտ, կյանքին, առողջությանը, կերակրողի մահվամբ կամ հանցագործությամբ պատճառված վնասի գումար։

            Օրենսդիրը նախատեսել է նաև առանձին կարգավորում հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությանը ներգրավված զինծառայող պարտապանի դրամական ապահովությունից, աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից բռնագանձման առնչությամբ, մասնավորապես, այս դեպքում կարող է պահվել 30 տոկոսից ոչ ավելի՝ այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո պարտապանի՝ սույն մասով սահմանված բոլոր եկամուտների հանրագումարը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից։

            Օրենքը պահպանել է նաև պարտապանի կուտակային կենսաթոշակային ակտիվների վրա (դրանց կուտակման ժամանակահատվածում) մինչև նրա` օրենքով սահմանված կարգով կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելը բռնագանձում տարածելու անթույլատրելիությունը։ Նախկին օրենքը սահմանում էր, որ կուտակային կենսաթոշակների (ծրագրային վճարներ, անուիտետներ, միանվագ վճարներ) վրա բռնագանձում կարող է տարածվել միայն ալիմենտ և առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման գումարները բռնագանձելիս: Այժմ Օրենքը հստակեցրել է նաև բռնագանձման չափը, որը կարող է պահվել 50 տոկոսից ոչ ավելի՝ այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո պարտապանի՝ սույն մասով սահմանված բոլոր եկամուտների հանրագումարը պակաս չլինի Կառավարության սահմանած սոցիալական նպաստի չափից։

            Օրենքը հստակեցրել է նաև պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելու կարգը՝ սահմանելով առավել համակարգված միասնական կանոններ և  ամրագրելով պարտապանին եկամուտներ վճարող անձանց պարտավորությունները և դրանց չկատարման դեպքում համապատասխանաբար հարկադիր կատարողի իրավունքները։ Այս առումով հատկանշական նորամուծություն է Օրենքի 101-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի՝ եթե պարտապանին եկամուտ վճարող անձը (գործատուն կամ այլ) չի կատարում պարտապանի եկամուտներից համապատասխան պահումներ կատարելու և Ծառայությանը կամ պահանջատիրոջը փոխանցելու պարտականությունը, ապա հարկադիր կատարողն իր որոշմամբ այդ անձից բռնագանձում է համապատասխան չափով դրամական միջոցներ։ Նման բռնագանձումը կարող է կատարվել ածանցյալ կատարողական վարույթ հարուցելու միջոցով։


ԳԼՈՒԽ 17
ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

            Օրենքի՝ բռնագանձված գումարները մեկից ավելի պահանջատերերի բաշխմանը նվիրված այս գլուխը բաղկացած է ընդամենը մեկ հոդվածից (102): Այստեղ առավելապես պահպանվել է ԴԱՀԿ մասին օրենքի կարգավորման տրամաբանությունը, ըստ որի՝

-         սահմանվում են պահանջների բավարարման հերթեր՝ կախված պահանջի ապահովվածությունից, սոցիալական նշանակությունից և որոշ այլ հանգամանքներից.

-         յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարելուց հետո.

-         միևնույն հերթում պահանջները բավարարվում են ըստ դրանց ներկայացման ժամանակագրական հաջորդականության.

-         նույն օրը ներկայացված միևնույն հերթի պահանջները բավարարվում են պահանջների չափերին համամասնորեն։

Այնուամենայնիվ, կան որոշակի նորամուծություններ, որոնք կքննարկենք ստորև։

Առաջին. հատուկ հերթում առանձնացվել են գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու հետ կապված կատարողական վճարները։

Այսպես, ԴԱՀԿ մասին օրենքի համաձայն (69-րդ հոդվածի 2-րդ մաս)՝ առաջին հերթին բավարարվում էին գրավով ապահովված պահանջները, իսկ երկրորդ հերթին՝ դատական և կատարողական ծախսերը. մնացած բոլոր տեսակի պահանջներն ավելի ցածր հերթերում էին։

Ի տարբերություն ԴԱՀԿ մասին օրենքի՝ Օրենքն առաջնահերթության առումով առանձնացրել է միայն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու հետ կապված կատարողական վճարները։ Տրամաբանությունը հետևյալն է. քանի որ գրավի առարկայի իրացումից ստացված միջոցներն առաջին հերթին ուղղվում են հենց գրավով ապահովված պահանջի բավարարմանը, ապա համանման առաջնահերթություն պետք է տրվի նաև այդ գործընթացից բխող կատարողական վճարներին: Ընդ որում, այս ուղղությամբ Ծառայության կատարած կատարողական ծախսերն ապահովում են հենց գրավով ապահովված պահանջատիրոջ պահանջի բավարարումը, ուստի տրամաբանական է, որ գրավի իրացումից ստացված միջոցները, նախ, ուղղվեն այդ գործընթացի իրականացման հետ կապված կատարողական վճարների մարմանը, և հետո միայն՝ բուն գրավով ապահովված պահանջի բավարարմանը։ Այսպիսով, Օրենքով բռնագանձված գումարների բաշխման առաջին հերթում գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու հետ կապված կատարողական վճարներն են, իսկ երկրորդ հերթում՝ գրավով ապահովված պահանջները։

Կարևոր է, սակայն, նկատի ունենալ, որ այս երկու պահանջներն էլ առաջնահերթ են բացառապես գրավի առարկայի իրացումից ստացված միջոցները բաշխելիս։ Այսինքն, եթե այդ միջոցները բավարար չլինեն գրավով ապահովված պահանջն ամբողջությամբ մարելու համար, ապա պարտապանի այլ՝ չգրավադրված գույքի իրացումից ստացված միջոցները բաշխելիս գրավառուն այլևս չի օգտվի առաջնահերթությունից։ Սա բխում է գրավի իրավունքի էությունից, այն է՝ գրավառուն գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունի գրավատուի մյուս պարտատերերի հանդեպ (ՔՕ 226-րդ հոդված, 3-րդ մաս)։ Այս մոտեցումն, իհարկե, քաղաքացիաիրավական նորմերի ուժով կիրառելի էր նաև ԴԱՀԿ մասին օրենքի գործողության պայմաններում, սակայն Օրենքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ կետերում տարընթերցումներից խուսափելու համար այն ներմուծվել է ստորև ընդգծված վերապահման ձևով.

1) գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու հետ կապված կատարողական վճարները՝ միայն գրավի առարկայի իրացումից ստացված գումարի հաշվին.

2) գրավով ապահովված պահանջները՝ միայն գրավի առարկայի իրացումից ստացված գումարի հաշվին.

            Երկրորդ. իջեցվել է դատական ծախսերի և գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու հետ չկապված կատարողական ծախսերի (կատարողական վճարների) բավարարման հերթը՝ ի շահ սոցիալական նշանակություն ունեցող մասնավոր պահանջների։

            Ինչպես վերևում նշվեց, ԴԱՀԿ մասին օրենքում դատական և կատարողական ծախսերը պահանջների բավարարման երկրորդ հերթում էին՝ ավելի բարձր, քան, օրինակ, ալիմենտները, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցումները, աշխատավարձերը։ Սա՝ այն պարագայում, երբ սոցիալական կարևորություն ունեցող նման տեսակի պահանջներով կատարողական վարույթներով կատարողական ծախսեր ընդհանրապես չէին գանձվում (ԴԱՀԿ մասին օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Մինչդեռ, նույն պարտապանի նկատմամբ կարող էր հարուցված լինել մեկ այլ կատարողական վարույթ, օրինակ՝ փոխառության գումարի բռնագանձման պահանջով, որով կատարողական ծախսերը գանձման ենթակա են։ Այդ պարագայում բաշխումը կկատարվեր հետևյալ հերթականությամբ՝ նախ փոխառության գումարի բռնագանձման պահանջով կատարողական վարույթով գոյացած կատարողական ծախսեր, այնուհետև՝ օրինակ, ալիմենտներ, և վերջում՝ փոխառության գումար։ Պարզ է, որ նման հերթականության պայմաններում որոշ չափով խաթարվում էր ալիմենտներին և սոցիալական կարևորություն ունեցող այլ պահանջներին տրված նախապատվությունը։

            Հենց այս խնդիրը լուծելու նպատակով Օրենքի 102-րդ հոդվածում 3-րդ և 4-րդ հերթերում սոցիալական կարևորություն ունեցող պահանջներն են, և միայն դրանցից հետո՝ 5-րդ հերթում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի օգտին հատուցման ենթակա դատական ծախսերը և գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու հետ չկապված կատարողական վճարները։

Երրորդ. վերացվել է պետության և համայնքների պահանջների առաջներթությունը մասնավոր պահանջների նկատմամբ. դրանք Օրենքում ներառված են միևնույն հերթում։ Մասնավորապես, ԴԱՀԿ մասին օրենքի 69-րդ հոդվածով վեցերորդ հերթում էին պետական և համայնքային բյուջեների նկատմամբ, ինչպես նաև պարտադիր պետական սոցիալական ապահովության վճարումներով պայմանավորված պարտավորությունները, իսկ յոթերորդ հերթում՝ մնացած պահանջատերերի պահանջները։ Այսինքն՝ պետության և համայնքների պահանջները, որպես կանոն, առաջնահերթ էին մասնավոր անձանց պահանջների նկատմամբ։ Օրենքով այս անհավասարությունը վերացվել է, և ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր բոլոր պահանջները, որոնք հատուկ առանձնացված չեն, ներառվում են յոթերորդ հերթում։

Չորրորդ. առանձնացվել է նոր հերթ «փոքր» պահանջների համար։ Այսպես, վեցերորդ հերթում բավարարվում են մինչև 100 հազար դրամի չափով այլ պահանջները, բայց 300 հազար դրամը չգերազանցող ընդհանուր չափով։ Ըստ այդմ, եթե ավելի բարձր կամ ավելի ցածր հատուկ հերթերը կիրառելի չեն, ապա փոքր չափի պահանջն առաջնահերթություն է ստանում մեծ չափի պահանջի նկատմամբ։ Այս նորամուծությունը պայմանավորված է երկու հանգամանքով.

ա) փոքր պահանջների առաջնահերթ և ամբողջական բավարարմամբ կնվազի կատարողական վարույթների քանակը, ինչը կնպաստի հարկադիր կատարման մարմնի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը՝ դրանով իսկ նպաստելով բոլոր պահանջատերերի իրավունքների պաշտպանությանը, և

բ) փոքր պահանջի ամբողջական բավարարումը դրա պահանջատիրոջ համար առանձին դեպքերում առավել մեծ կարևորություն է ներկայացնում, քան մեծ պահանջի մասնակի՝ փոքր չափով բավարարումը՝ վերջինիս պահանջատիրոջ համար։

Միաժամանակ, արվել է կարևոր վերապահում. փոքր պահանջները առաջնահերթությունից օգտվում են, քանի դեռ դրանց ընդհանուր գումարը չի գերազանցում 300 հազար դրամը։ Այս վերապահման տրամաբանությունը, նախ, մեծ պահանջով պահանջատիրոջն ամբողջովին «խաղից դուրս» չթողնելն է այն դեպքերում, երբ պարտապանի դեմ ինչ-ինչ պատճառներով ներկայացված լինեն շատ մեծ քանակով փոքր պահանջներ, օրինակ՝ վարչական տուգանքներ կամ խմբային հայցերից բխող պահանջներ։ Երկրորդ, այս վերապահումը գործնականում բացառում է մեծ պահանջով պահանջատիրոջ հնարավոր ոչ իրավաչափ մոտիվացիան՝ տրոհելու իր պահանջը բազմաթիվ փոքր պահանջների, դրանք հարկադիր կատարման ներկայացնելու առանձին-առանձին և դրանով իսկ ստանալու առավելություն այլ պահանջատերերի նկատմամբ։

Պարզաբանման կարիք ունի պահանջների բավարարման վերջին՝ ութերորդ հերթը։ Այդ հերթում բավարարվում է կատարողական վարույթի ընթացքում պարտապանի նկատմամբ նշանակված տուգանքի գումարը։ Պետք է նկատի ունենալ, որ սա վերաբերում է ոչ թե ցանկացած տուգանքի, այլ միայն «կատարողական վարույթի ընթացքում նշանակված տուգանքին», ասել է թե՝ կատարողական վարույթում թույլ տրված իրավախախտումների համար նշանակված տուգանքներին։ Ընդ որում, կատարողական վարույթում թույլ տրված իրավախախտումների համար կարող են նշանակվել ինչպես վարչաիրավական, այնպես էլ քրեաիրավական տուգանքներ[34]: Այս հերթն առանձնացնելու տրամաբանությունը հետևյալն է. կատարողական վարույթում թույլ տրված իրավախախտումների համար նշանակվող դրամական տուգանքները` լինեն դրանք վարչական, թե քրեական, առաջին հերթին ծառայում են հենց կատարողական վարույթի պատշաճ ընթացքի ապահովման, հարկադիր կատարման ենթակա պահանջի արդյունավետ կատարման նպատակներին։ Հետևաբար, հիմնավորված չէր կարող լինել պարտապանից բռնագանձված գումարներն առաջնահերթորեն կամ թեկուզև այլ պահանջների հետ նույն հերթում այդ տուգանքների մարմանն ուղղելը՝ անկատար թողնելով այն պահանջները, հենց որոնց կատարումն ապահովելու համար նշանակվել էին տուգանքները։

            Հարկ է առանձին անդրադառնալ նաև պահանջների ներկայացման ժամանակագրական հաջորդականությանը վերաբերող կանոններին՝ նկատի ունենալով, որ միևնույն հերթի պահանջները բավարարվում են հենց ըստ այդ հաջորդականության։ Ինչպես վերևում նշվեց, այս մոտեցումն ընդհանուր առմամբ բնորոշ է եղել ԴԱՀԿ մասին օրենքին և պահպանվել է Օրենքում։ Այդուհանդերձ, այս հարցով ԴԱՀԿ մասին օրենքի կարգավորումները բավականաչափ հետևողական և անհրաժեշտ չափով մանրամասնեցված չէին, և այդ խնդիրները լուծվել են Օրենքում։ Մասնավորապես, օրենքի 102-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվել է, որ պահանջների ներկայացման օր է համարվում՝

1)                 սույն օրենքով սահմանված կարգով հարկադիր կատարման դիմում ներկայացվելու օրը.

2)                 եթե հարկադիր կատարման դիմում ներկայացվելու օրվա դրությամբ առկա է տվյալ դրամական պահանջի ապահովման չկարճված վարույթ, ապա դրամական պահանջի ապահովման վարույթի հարուցման հիմք հանդիսացած հարկադիր կատարման դիմում ներկայացվելու օրը.

3)                 հարկադիր կատարողի որոշման հարկադիր կատարման դեպքում՝ այդ որոշման կայացման օրը։

Ø  Մեջբերված կանոնների կիրառումը ներկայացնենք օրինակով: Ենթադրենք՝ միևնույն պարտապանի նկատմամբ հարուցված են հետևյալ երեք կատարողական վարույթները.

-        Վարկային պարտքի բռնագանձման վերաբերյալ, որով հարկադիր կատարման դիմումը ներկայացվել է 31.08.2025թ.-ին, իսկ հայցի ապահովում կիրառված չի եղել։

-        Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից նշանակված վարչական տուգանքի բռնագանձման վերաբերյալ, որով հարկադիր կատարման դիմումը ներկայացվել է 03.11.2025թ.-ին. ընդ որում, այդ հարկադիր կատարման դիմումի հիման վրա վերսկսվել է տվյալ վարչական ակտի կատարումն ապահովելու նպատակով նախկինում հարուցված կատարողական (ապահովման վարույթը), որը հարուցվել էր 22.08.2025թ.-ին՝ 21.08.2025թ.-ին ներկայացված հարկադիր կատարման դիմումի հիման վրա։

-        Փոխառության գումարի բռնագանձման վերաբերյալ, որով հարկադիր կատարման դիմումը ներկայացվել է 29.12.2025թ.-ին. ընդ որում, այդ հարկադիր կատարման դիմումի հիման վրա վերսկսվել է հայցի ապահովման նպատակով նախկինում հարուցված կատարողական (ապահովման վարույթը), որը հարուցվել էր 22.08.2025թ.-ին նույն օրը ներկայացված հարկադիր կատարման դիմումի հիման վրա։

Ենթադրենք նաև, որ բոլոր երեք կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա գումարը գերազանցում է 100 հազար դրամը։ Այս պարագայում բոլոր երեք պահանջները ենթակա են բավարարման Օրենքի 102-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 7-րդ հերթում։ Հետևաբար, դրանց բավարարման հերթականությունը որոշելու համար պետք է կիրառել ժամանակագրական չափանիշը (Օրենքի 102-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Այդ չափանիշի հիման վրա կստանանք հետևյալ հերթականությունը.

-         Առաջին հերթին կմարվի վարչական տուգանքը, քանի որ դրա կատարումն ապահովող վարչական արգելանքը համապատասխան հարկադիր կատարման դիմումով կատարման է ներկայացվել 21.08.2025թ.-ին.

-         Այնուհետև կբավարարվի փոխառության գումարի բռնագանձման պահանջը, քանի որ դրա վերաբերյալ հայցի ապահովման հարկադիր կատարման դիմումը ներկայացվել է 22.08.2025թ.-ին.

-         Եվ վերջում կմարվի վարկի գումարի պարտքը, քանի որ այդ պահանջով հայցի ապահովում կիրառված չի եղել, իսկ հարկադիր կատարման դիմումը ներկայացվել է 31.08.2025թ.-ին։

Հատկանշական է, որ Օրենքը պարունակում է բռնագանձված գումարների բաշխման ևս մեկ հատուկ կանոն, որը, սակայն, ոչ թե 102-րդ հոդվածում է, այլ 121-րդ հոդվածի 7-րդ մասում։ Վերջինս վերաբերում է այն դեպքերին, երբ հարկադիր աճուրդը ոչ իրավաչափ ճանաչելու հետևանքով գույքը վերադարձվում է պարտապանին, իսկ պահանջատերն ու պարտապանը պարտավորեցվում են աճուրդի արդյունքում իրենց ստացած գումարները վերադարձնել Ծառայությանը։ Ահա այդ դեպքում, եթե պահանջատերն ու պարտապանը կամովին չեն վերադարձնում նշված գումարները, ապա պարտապանին (գրավատուին) վերադարձված գույքի նոր իրացումից ստացված գումարն առաջին հերթին ուղղվում է Ծառայության պահանջի բավարարմանը[35]։

Սույն գլխում պարզաբանման ենթակա վերջին հարցը կապված է այն իրավիճակների հետ, երբ միևնույն պարտապանի նկատմամբ հարուցված են մի շարք կատարողական վարույթներ, որոնց մի մասն իրականացվում է ԴԱՀԿ մասին օրենքի, մյուս մասը՝ Օրենքի հիման վրա։ Կարող է հարց ծագել, թե այդ դեպքում ո՛ր օրենքի կանոններով պետք է պահանջատերերի միջև բաշխել բռնագանձված գումարները։ Այս հարցի պատասխանը տրված է Օրենքի 123-րդ հոդվածի 11-րդ մասում, ըստ որի՝ բռնագանձված գումարները մեկից ավելի պահանջատերերի միջև բաշխվում են Օրենքով սահմանված կանոններով, եթե պահանջատերերից թեկուզ մեկի պահանջով հարուցված (վերսկսված) կատարողական վարույթի նկատմամբ կիրառվում է Օրենքը[36]։


ԳԼՈՒԽ 18
ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Քննարկվող գլխում զետեղված են այն իրավանորմերը, որոնք վերաբերում են որոշակի գործողություններ կատարելու կամ որոշակի գործողությունների կատարումն արգելելու պահանջներին։

            Նման պահանջներով կատարողական վարույթ հարուցելուց հետո հարկադիր կատարողը պարտապանի համար սահմանում է այդ պահանջների կատարման ողջամիտ ժամկետ, այդ թվում՝ արգելված գործողությունները դադարեցնելու համար, եթե կատարման ենթակա ակտով նման ժամկետ չի սահմանվել, կամ սահմանված ժամկետը լրացել է։ Տրամադրված ժամկետի ողջամտությունը գնահատելիս, կարևոր նշանակություն ունեն նաև վարույթի բարդությունը, դրանում ներգրավված անձանց դրսևորած վարքագիծը։

Օրենքը սահմանել է հարկադիր կատարողի պարտականությունը կազմակերպելու հարկադիր կատարում, եթե կատարման ենթակա ակտից բխող պահանջը չի կատարվում դրանով կամ հարկադիր կատարողի կողմից սահմանված ժամկետում։

Իր ձևով և բովանդակությամբ նորույթ է գույքը պահանջատիրոջը հանձնելու պահանջի հարկադիր կատարումը։ Առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ շարժական գույքը պահանջատիրոջը հանձնելու պահանջով վարույթ հարուցելու հետ միաժամանակ հարկադիր կատարողը տվյալ գույքի վրա նաև արգելանք է դնում։ Օրենքը նաև նախատեսել է սահմանված ժամկետում չկատարելու դեպքում որոշակի անբարենպաստ հետևանքներ, մասնավորապես, հարկադիր կատարողի կողմից տվյալ շարժական գույքի առգրավումը և հանձնումը պարտատիրոջը, ինչպես նաև իրավունքների գրանցում կամ հաշվառում պահանջվելու դեպքում, հարկադիր կատարողը իր որոշմամաբ պարտավորեցնում է գրանցող մարմնին կատարել համապատասխան գրանցում կամ հաշվառում։

Հատկանշական է, որ այս գլխի կարգավորումներում Օրենքը նախատեսել է ապացուցման պարտականության ընդհանուր կանոններից տարբերվող կարգավորում՝ սահմանելով, որ, եթե հարկադիր կատարողը կատարողական գործողությունների ընթացքում հայտնաբերել է կատարման ենթակա ակտի նկարագրությանը համապատասխանող՝ պահանջատիրոջը հանձնման ենթակա շարժական գույքը, ապա պարտապանը, եթե պնդում է, որ դա հանձնման ենթակա գույքը չէ, պետք է ապացուցի այդ փաստը։ Վերոնշյալի համատեքստում հարկ է նկատել, որ օրենսդիրը նախատեսել է նման հնարավորություն բացառապես կատարողական գործողությունների ընթացքում հայտնաբերված շարժական գույքի դեպքում։

Միաժամանակ, բռնագրավման ենթակա գույքն անհատապես որոշված լինելու դեպքում գույքի բռնագրավումը կատարվում է բռնագրավման ենթակա միայն այն գույքի նկատմամբ, որի վրա այլ պահանջներով բռնագանձում (ներառյալ արգելանք) չի տարածվել։ Եթե այլ պահանջների հիման վրա հարուցված կատարողական, ներառյալ ապահովման վարույթով արգելանքը կիրառվել է ավելի ուշ, քան բռնագրավման պահանջով կամ վերջինիս ապահովման վարույթով կիրառված արգելանքը, այդ դեպքում այլ պահանջները հաշվի չեն առնվում։

Առանձին հոդվածով Օրենքը հստակեցրել է երեխայի տեսակցության և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների հարկադիր կատարմանն առնչվող հարաբերությունները։ Այստեղ Օրենքը ևս առաջնորդվել է երեխայի լավագույն շահը պաշտպանելու անհրաժեշտությամբ՝ սահմանելով վերջինիս առաջնայնությունը և բացառելով երեխայի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական որևէ հարկադրանքի գործադրումը։ Ընդ որում, միաժամանակ, նախատեսվել է հարկադիր կատարողի պարտականությունը կատարման ենթակա ակտի պահանջի սահմաններից դուրս չգալով հաշվի առնել երեխայի կարծիքը՝ նրա տարիքին և հասունությանը համապատասխան։

Օրենքը սահմանել է նաև այն դեպքերը, երբ անհրաժեշտ է խնամակալության և հոգաբարձության մարմինների ներգրավումը[37], ինչը երեխայի լավագույն շահի դրսևորման  մեկ այլ ձև է։

Աշխատանքում վերականգնելու պահանջի, վտարման և բնակեցման կարգը, չնայած որոշ փոփոխությունների, ըստ էության, պահպանվել է։

Ինչ վերաբերում է բնակեցմանը, այս առումով հետաքրքրական է այն, որ Օրենքը այս դեպքում նախատեսել է կարճված կատարողական վարույթը վերսկսկսելու հնարավորություն, եթե պարտապանը բնակեցման պահանջով կատարողական վարույթի կարճումից հետո, ըստ էության խախտելով կատարման ենթակա ակտը, խոչընդոտում է պահանջատիրոջ բնակվելը։


ԳԼՈՒԽ 19
ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Օրենքի նորամուծություններից է ապահովման վարույթի ինքնուրույն սահմանումը, որը ներառում է հայցի նախնական ապահովման, հայցի ապահովման, եզրափակիչ դատական ակտի կատարման ապահովման, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումի պահանջի ապահովման, քրեական դատավարության կարգով գույքի արգելադրման մասին դատական ակտերի, պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին վարչական ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթները։

Ապահովման վարույթի հասկացության սահմանումից բացի, Օրենքը առաձին գլխով կարգավորել է դրա իրականացման առանձնահատկությունները։ Կարելի է ասել, որ օրենսդիրը այստեղ նախատեսել է գույքի արգելադրման առավել մեղմ ռեժիմ՝ հաշվի առնելով, մի կողմից, այն իրողությունը, որ գործ ունենք դեռևս չլուծված վեճի հետ, ինչը է նշանակում է, որ պարտապանի «մեղքը դեռևս հաստատված չէ, իսկ գործի քննությունը կարող է շարունակվել տևական ժամանակ՝ այդ ընթացքում սահմանափակելով պարտապանի իրավունքները։

Այսպես, ապահովման վարույթով արգելադրված գույքի օգտագործման իրավունքը չի կարող սահմանափակվել, և այն չի կարող առգրավվել, բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի, մասնավորապես եթե՝

1.      դա նախատեսված է կատարման ենթակա ակտով.

2.      արգելադրվել է Օրենքով պարտադիր առգրավման ենթակա գույք.

3.      պարտապանը խախտել է արգելանքից բխող սահմանափակումները։

Ապահովման վարույթով, ի լրումն Օրենքով բռնագանձման ոչ ենթակա գույքի, չեն կարող արգելադրվել նաև պարտապանի եկամուտները։ Դա նշանակում է, որ պարտապանը կարող է շարունակել ստանալ իր աշխատավարձը կամ այլ եկամուտներ՝ առանց այդ միջոցների արգելադրման։ Սա նախատեսված է պարտապանի ֆինանսական կայունության նվազագույն ապահովման համար, որպեսզի վերջինս կարողանա պահպանել իր կենսամակարդակը և կատարել իր առօրյա պարտավորությունները։

Հարկ է նկատել, որ ՄԻԵԴ Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի խումբ գործերով արձանագրված խնդիրներից է նաև այն, որ վարույթի մասնակիցները նախկինում գործած օրենսդրությամբ չեն ունեցել իրենց մասնակցությամբ կատարողական վարույթներն արագացնելու գործիքակազմ: Մինչդեռ նոր Օրենքով մի շարք գործողություններ հնարավոր կլինի փոխադարձ համաձայնությամբ կատարել հենց կատարողական վարույթի շրջանակում՝ առանց դատարան դիմելու, ինչը հնարավորություն կտա էականորեն կրճատել վարույթի տևողությունը և բարձրացնել կատարման արդյունավետությունը: Մասնավորապես, նոր Օրենքով պարտապանը կկարողանա արգելադրված գույքը վարձակալության հանձնել կամ ինքնուրույն վաճառել՝ վարձավճարը կամ վաճառքի գումարն ուղղելով պահանջի բավարարմանը:

Կատարման ենթակա ակտով այլ բան նախատեսված չլինելու դեպքում օրենսդիրը նախատեսել է այս վարույթով պարտապանի գույքի վրա արգելանք դնելու որոշակի հերթականություն՝ տարանջատելով դրանք ըստ պարտապան ֆիզիկական անձանց և պարտապան իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի։ Ընդ որում, պարտապանին այս փուլում անհարկի դժվարություններ չպատճառելու համար առաջին հերթին արգելադրման են ենթակա ընթացիկ գործունեության չառնչվող գույքերը, իսկ դրամական միջոցները՝ վերջին հերթում։

Պարտապան ֆիզիկական անձի դեպքում գույքի վրա արգելանք է դրվում հետևյալ հերթականությամբ

ա. անշարժ գույք,

բ. շարժական գույք,

գ. դրամական միջոցներ.

Իսկ պարտապան իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ պարագայում՝

ա. գործունեության մեջ անմիջականորեն չներգրավված անշարժ գույք,

բ. գործունեության մեջ անմիջականորեն չներգրավված շարժական գույք,

գ. սույն կետի մյուս ենթակետերում չնշված գույք,

դ. անավարտ արտադրանք, այդ թվում` հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ,

ե. պատրաստի արտադրանք,

զ. դրամական միջոցներ։

Օրենքը, ԴԱՀԿ մասին օրենքի նման, սահմանել է դրամական պահանջի ապահովման վարույթով արգելադրված գույքի փոխարինման և գույքն արգելանքից հանելու հնարավորությունը՝ որպես նորամուծություն սահմանելով բանկային երաշխիք ներկայացնելու հնարավորություն։ Դրա բնորոշումը տրված է ՔՕ 383-րդ հոդվածում, որի համաձայն՝ երաշխիք տված անձը (բանկը, այլ վարկային հաստատությունը կամ ապահովագրական կազմակերպությունը) այլ անձի (պրինցիպալի) խնդրանքով գրավոր պարտավորություն է ստանձնում պրինցիպալի պարտատիրոջ (բենեֆիցիարի) հանդեպ, երաշխիքով ստանձնած պարտավորության պայմաններին համապատասխան, բենեֆիցիարին վճարել դրամական գումար` վերջինիս կողմից գրավոր պահանջ ներկայացնելիս:

Նախատեսվել են միևնույն պարտապանի նկատմամբ դրամական պահանջի ապահովման վարույթի և այլ դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթի հարաբերակցության կանոններ։ Մասնավորապես, դրամական պահանջի ապահովման վարույթով հարկադիր կատարման դիմումը նույն պարտապանի նկատմամբ այլ դրամական պահանջի հարկադիր կատարման դիմումից առաջ ներկայացվելու պարագայում, առաջնահերթությունը պետք է տրվի դրամական պահանջի ապահովման վարույթին։ Այն դեպքում, երբ վերջինս ներկայացվել է նույն պարտապանի նկատմամբ այլ դրամական պահանջի հարկադիր կատարման դիմումից հետո, ապա դրամական պահանջի ապահովման վարույթով կիրառված արգելանքները խոչընդոտ չեն այլ դրամական պահանջն ընդհանուր կարգով հարկադիր կատարելու համար։

Այս նորմը կարևոր առանձնահատկություն է դրամական պահանջների ապահովման և այլ դրամական պահանջների հարկադիր կատարման վարույթների փոխհարաբերությունների կարգավորման տեսանկյունից։ Վերջինիս նպատակն է հավասարակշռություն ստեղծել ապահովման և այլ վարույթների  միջև՝ պաշտպանելով իր պահանջների իրականացման համար հավելյալ ջանքեր գործադրած պարտատերերի իրավունքները։

Այսպես,

1.   Եթե դրամական պահանջի ապահովման վարույթի հարուցման դիմումը ներկայացվել է ավելի վաղ, քան նույն պարտապանի նկատմամբ այլ դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթը, ապա առաջնահերթությունը տրվում է ապահովման վարույթին։ Օրինակ, եթե պարտապանի գույքի վրա արգելանք է դրվել որպես պարտատիրոջ պահանջի ապահովման միջոց, ապա այդ գույքի բռնագանձման հարցում նախապատվությունը տրվելու է հենց այդ պարտատիրոջը, եթե նույնիսկ այլ կատարողական վարույթներով այդ գույքը ենթակա է բռնագանձման ուրիշ պահանջատերերի պահանջների բավարարման համար։

2.   Եթե դրամական պահանջի ապահովման վարույթը ներկայացվել է ավելի ուշ, քան նույն պարտապանի նկատմամբ արդեն իսկ ներկայացված այլ հարկադիր կատարման դիմումը, ապա դա չի խոչընդոտում այլ դիմումների ընդհանուր կարգով կատարումը: Օրինակ, Բ պարտատերը ներկայացրել է իր հարկադիր կատարման դիմումը և գույքի նկատմամբ արդեն իսկ սկսվել է բռնագանձման գործընթաց։ Եթե այդ գույքի նկատմամբ այլ պարտատիրոջ դիմումով ապահովման վարույթ հարուցվի և արգելանք դրվի, ապա դա ինքնին խոչընդոտ չէ նախկինում հարուցված կատարողական վարույթներով պահանջները այդ գույքի հաշվին բավարարելու համար։

Օրենքը նախատեսել է նաև ավարտված ապահովման վարույթը վերսկսելու հնարավորություն՝ որպես համապատասխան եզրափակիչ դատական ակտի կամ դրամական պահանջ սահմանող վարչական ակտի կատարման վարույթ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝

1)                 եզրափակիչ դատական ակտը կամ դրամական պահանջ սահմանող վարչական ակտը ներկայացվել է հարկադիր կատարման,

2)                 ապահովման վարույթի հարուցման հիմք հանդիսացած կատարման ենթակա ակտը կայացվել էր 1-ին մասում նշված ակտերի կատարումն ապահովելու համար։

Այս դեպքում ապահովման վարույթով կիրառված արգելանքները գործում են որպես համապատասխան եզրափակիչ դատական ակտի կամ դրամական պահանջ սահմանող վարչական ակտի կատարման վարույթով կիրառված արգելանքներ՝ արգելանքներին վերաբերող ընդհանուր կանոնների կիրառմամբ։


ԳԼՈՒԽ 20
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ

         Վարչական և քրեական պատասխանատվությունը կատարողական վարույթում թույլ տրված իրավախախտումների համար

Այս գլխում կարևորագույն նորույթը աստրենտի ինստիտուտն է, սակայն մինչ դրա վերլուծությունը հակիրճ անդրադառնանք կատարողական վարույթում թույլ տրված իրավախախտումների համար վարչական և քրեական պատասխանատվության հնարավորությանը։ Պատասխանատվության այդ տեսակների կիրառումն, իհարկե, այլ օրենքների կարգավորման առարկա է, սակայն Օրենքը (116-րդ հոդված) սահմանել է հարկադիր կատարողի պարտականությունը՝ նախաձեռնելու նման միջոցների կիրառման ընթացակարգեր, քանի որ դրանք իրենց հերթին անուղղակիորեն նպաստում են կատարողական վարույթի նպատակների իրականացմանը։ Ընդ որում, Օրենքի հետ մեկ փաթեթով ընդունված՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 11.04.2024թ. ՀՕ-191-Ն օրենքով խմբագրվել են կատարողական վարույթի հետ առնչվող զանցակազմերը, իսկ դրանց կիրառման իրավասությունը դրվել է անմիջապես հարկադիր կատարողի վրա։ Այդ զանցակազմերն են՝

-         Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին ներկայացվող հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ կեղծ տվյալներ ներկայացնելը, ինչպես նաև բռնագանձման ենթակա գույքին հասանելիությունն ապահովելու պարտապանի պարտականությունը խախտելը, որը հանգեցրել է մանր չափերի պարտավորության հարկադիր կատարման անհնարինության (ՎԻՎՕ 204.2 հոդված)[38],

-         Հարկադիր կատարողի պարտականությունների կատարմանը դիտավորյալ խոչընդոտելը, ինչպես նաև հարկադիր կատարողի որոշումները, պահանջները և հանձնարարականները չկատարելը(ՎԻՎՕ 206.5 հոդված)։

Շեղատառերով ընդգծված հատվածները լրացվել են 11.04.2024թ.-ին ընդունված փոփոխություններով՝ Օրենքի ընդունման հետ միաժամանակ։ ՎԻՎՕ 204.2 հոդվածում կատարված լրացումը կապված է Օրենքի 69-րդ հոդվածի հետ, որով պարտապանի համար սահմանվել է բռնագանձման ենթակա գույքին հարկադիր կատարողի հասանելիությունն ապահովելու ընդհանուր պարտականություն։ Կարևոր է հաշվի առնել, որ ՎԻՎՕ 204.2 հոդվածում նկարագրված ապօրինի արարքները պատասխանատվություն կարող են առաջացնել միայն այն դեպքում, եթե հանգեցրել են հոդվածում նշված հետևանքի՝ մանր չափի պարտավորության հարկադիր կատարման անհնարինության։ Այդ հետևանքն առաջանալ չի կարող, եթե, օրինակ, պարտապանը հայտարարագրում թաքցրել է իրեն պատկանող անշարժ գույք, սակայն հարկադիր կատարողն այդ գույքի մասին տեղեկությունն առանց ժամանակային ձգձգումների ստացել է գրանցող մարմնից։ Մինչդեռ, եթե հարկադիր կատարողը թաքցնի (չհայտարարագրի կամ չապահովի հասանելիությունը), օրինակ, ոսկյա զարդեր կամ փոխառության պայմանագրով իրեն պատկանող պահանջի իրավունք, և եթե հարկադիր կատարման ենթակա պարտավորությունը մնա անկատար, ապա վարչական պատասխանատվությունն այս հոդվածով պետք է կիրառվի։

Անդրադառնալով ՎԻՎՕ 206.5 հոդվածին՝ պետք է ընդգծել, որ դրա շրջանակներում պատասխանատվության ենթակա է ոչ միայն պարտապանը, այլև ցանկացած անձ, որը կկատարի հոդվածում նկարագրված արարքները (գործողություն կամ անգործություն)։ Մասնավորապես, Օրենքի նորամուծությունների համատեքստում այս հոդվածով պատասխանատվության ենթակա է պարտապանի ցանկացած կոնտրագենտ, որը չի կատարել Օրենքի հիման վրա հարկադիր կատարողի կողմից իրեն ներկայացված պահանջները՝ տեղեկություններ տրամադրելու, պարտապանի հասանելիք դրամական միջոցներն ու այլ գույքը պահելու և Ծառայությանը հանձնելու կամ պարտապանի բանկային հաշվին փոխանցելու վերաբերյալ։

Ինչպես վերևում նշեցինք, վարչական տույժ նշանակելու իրավասությունը փոխանցվել է հարկադիր կատարողին։ Վարչական իրավախախտման վարույթն իրականացնելու, իրավախախտման արձանագրություն կազմելու, տույժ նշանակելու և այն անբողոքարկելի դառնալու հարցերի նկատմամբ կիրառելի են ՎԻՎO (մասնավորապես՝ դրա IV հատվածի՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ) և ՎՀՎՎ մասին օրենքի դրույթները։ Կարևոր է պահպանել վարչական տույժ նշանակելու ժամկետները. մասնավորապես, ՎԻՎՕ 37-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում։ Հարկադիր կատարողի նշանակած տուգանքի մասին որոշումը ՎՀՎՎ մասին օրենքով սահմանված հիմքերով անբողոքարկելի դառնալուց հետո ենթակա է հարկադիր կատարման՝ որպես ինքնուրույն կատարման ենթակա ակտ։ Ընդ որում, կատարողական վարույթը պետք է հարուցվի հարկադիր կատարողի նախաձեռնությամբ՝ առանց հարկադիր կատարման դիմումի (Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մաս)։

Կատարողական վարույթի հետ կապված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների դեպքում արդեն հարկադիր կատարողի համար պարտականություն է սահմանվել դրա մասին ներկայացնելու համապատասխան հաղորդում։ Թեման ամբողջացնելու համար նշենք նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այն հիմնական հանցակազմերը, որոնք առնչվում են կատարողական վարույթին՝ կրկին, Օրենքի հետ մեկ փաթեթով 11.04.2024թ-ին ընդունված փոփոխությունների խմբագրությամբ.

-         Դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը (հոդված 507).

-         Արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքը (հոդված 509).

-         Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելը, հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ դրանում կեղծ տվյալներ ներկայացնելը,ինչպես նաև բռնագանձման ենթակա գույքին հասանելիությունն ապահովելու՝ օրենքով սահմանված պարտականությունը խախտելը, որը հանգեցրել է խոշոր չափերի պարտավորության հարկադիր կատարման անհնարինության (հոդված 510)[39]։

Աստրենտը՝ տուժանքը ոչ դրամական պահանջը չկատարելու համար

            Անդրադառնալով աստրենտի ինստիտուտին՝ նախ հարկ է խոսել Օրենքի ընդունմանը նախորդող ժամանակահատվածում կուտակված այն օրենսդրական և գործնական խնդիրների մասին, որոնք օրենսդրին հանգեցրել են այս ինստիտուտի ներդրման անհրաժեշտությանը։ Կան պարտավորություններ, որոնք կարող են կատարվել բացառապես պարտապանի անձնական մասնակցությամբ, ինչպես, օրինակ՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու, զրպարտություն կազմող տեղեկությունները հերքելու, իրավաբանական անձի կողմից կորպորատիվ բնույթի տեղեկություններ տրամադրելու պարտավորությունները։ Սրանք իրենց բնույթով իսկ՝ իրավաբանորեն չեն կարող հարկադիր կատարողի կողմից կատարվել պարտապանի փոխարեն։ Նմանապես, պարտապանին ուղղված արգելքների կատարումը ևս շատ դեպքերում կախված է հենց պարտապանի վարքագծից։ Օրինակ, բնակելի տարածքում չաղմկելու կամ արտադրական գործունեությամբ չզբաղվելու պարտավորությունների խախտումները թեև կարող են արձանագրվել հարկադիր կատարողի կողմից, սակայն նման արգելքների իրագործումն ուղղակիորեն ապահովելու իրավաբանական կառուցակարգեր չկան։

Կան նաև պարտավորություններ, որոնք թեև իրավաբանորեն կարող են կատարվել պարտապանի փոխարեն, սակայն հարկադիր կատարողի կողմից դրանց կատարման կազմակերպումն էապես դժվար է գործնական պատճառներով. օրինակ՝ մեծ ծավալների շինությունը քանդելու, կամ կոմունալ ծառայություններ մատուցող ընկերության կողմից ենթակառուցվածքներ անցկացնելու պարտավորությունները։

Ահա այս երկու խումբ պարտավորությունների կատարումը, այդ թվում՝ հարկադիր կատարումը, մեծապես կախված է պարտապանի վարքագծից, և եթե նա հրաժարվում է կատարումից, ապա կարող են ծագել հանրային-իրավական պատասխանատվության միջոցներ՝ դատական կամ պետական հարկադրանքով ապահովված այլ ակտը չկատարելու համար։ ՀՀ օրենսդրությունում նման միջոց է ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունը՝ դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու համար։ Այնուամենայնիվ, անգամ նման պատասխանատվության ենթարկվելու պարագայում պարտապանը կարող է շարունակել իր ոչ իրավաչափ վարքագիծը։ Արդյունքում, պահանջատերը ո՛չ կստանա իր պահանջի բավարարում, ո՛չ էլ դրա դիմաց որևէ հատուցում, իսկ քրեական պատասխանատվությունը հանրային է, և պահանջատիրոջը ոչինչ չի տալիս, բացի, գուցե, հոգեկան սփոփանքից։

Իհարկե, կարելի է պնդել, որ պահանջատերը նման դեպքերում կարող է պահանջել դատական ակտի չկատարմամբ պատճառված վնասի հատուցում։ Տեսականորեն՝ այո, սակայն նկարագրված ոչ գույքային պարտավորությունների խախտման դեպքերի մեծամասնությունում շատ դժվար է հիմնավորել ոչ միայն վնասի չափը, այլ նաև նյութական վնասի առկայությունն իսկ։ Նման պայմաններում պահանջատերը ո՛չ ստանում է դատական ակտով հաստատված իր պահանջի բավարարում, ո՛չ էլ գոնե որևէ փոխհատուցում չկատարման դիմաց։ Այդ իրավիճակը հանգեցնում է պահանջատիրոջ իրավունքների խախտման, և նման խախտումներ, ի դեպ, արձանագրվել են նաև ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ կայացված վճիռներով[40]։

Ահա այս խնդիրների արմատական լուծմանն է ուղղված աստրենտի ինստիտուտը։ Դա ենթադրում է դատական ակտով հաստատված պարտավորության կատարման կետանցի ժամանակահատվածում պարտապանի նկատմամբ դատարանի կողմից դրամական տուժանքի նշանակում, որը գանձվում է ոչ թե հօգուտ պետության, այլ հօգուտ պահանջատիրոջ։ Սրանով պահանջատիրոջ համար, նախ, ապահովվում է առնվազն դրամական հատուցում դատական ակտի չկատարման դիմաց։ Բայց առաջին հերթին աստրենտն ուղղված է պարտապանին դատական ակտի կատարմանը հակելուն՝ նրա մոտ ստեղծելով այն համոզմունքը, որ դատական ակտի կատարումն ավելի ձեռնտու է, քան շարունակաբար տուժանք վճարելը։

Իրավական այս գործիքը ծագել է Ֆրանսիայի իրավունքում 19-րդ դարում, և հետագայում այս կամ այն տեսքով և փոխակերպումներով փոխառվել է մի շարք եվրոպական իրավակարգերի կողմից։

Կարող է հարց ծագել, թե ինչու են աստրենտի մասին կարգավորումները նախատեսվել Օրենքում, այլ ոչ թե ՔՕ-ում կամ դատավարական օրենսգրքերում։ Խնդիրն այն է, որ ՔՕ-ում ներառվելու դեպքում աստրենտը կիրառելի կլիներ միայն քաղաքացիաիրավական պարտավորություններ սահմանող դատական ակտերի նկատմամբ, և դրա կիրառման շրջանակից անարդարացիորեն դուրս կմնային վարչաիրավական հարաբերությունները։ Ինչ վերաբերում է քննարկվող ինստիտուտը դատավարական օրենսգրքերում ներառելուն, ապա դա ընդունելի տարբերակներից մեկն էր։ Այնուամենայնիվ, ինչպես այդ մասին խոսել ենք սույն ուղեցույցի առաջին գլխում, դատավարական մի շարք ընթացակարգեր, և դրանց թվում՝ աստրենտի նշանակումը, ուղղակիորեն բխում են դատական ակտերի հարկադիր կատարման հարաբերություններից՝ կատարողական վարույթից, և եթե օրենսդիրն ի սկզբանե որոշել է կատարողական վարույթի կանոնակարգումն առանձնացնել ինքնուրույն օրենքում[41], ապա նմանապես տրամաբանորեն հիմնավորված է այս վարույթի հետ ուղղակիորեն կապված դատավարական ընթացակարգերի հատուկ կանոնները ևս կենտրոնացնել նույն իրավական ակտում։ Այդ մոտեցումը ՀՀ իրավական համակարգում որդեգրվել է դեռևս 1998 թվականից և իրեն արդարացրել է։

            Աստրենտի վերաբերյալ կանոնները սահմանված են Օրենքի 117-119-րդ հոդվածներում։ Անդրադառնալով դրանց բովանդակությանը՝ նախ հարկ է խոսել աստրենտի կիրառման շրջանակը որոշող դրույթների մասին։ Օրենքի 117-րդ հոդվածի 1-ին մասով այդ շրջանակում ներառվել են քաղաքացիական (բացառությամբ ՔԴՕ 2-րդ բաժնի հինգերորդից յոթերորդ ենթաբաժիններով քննվող գործերի) և վարչական գործերով կայացված եզրափակիչ դատական ակտերով հաստատված ոչ դրամական պահանջները։ Այստեղ ուշադրության արժանի է այն մոտեցումը, ըստ որի՝ կիրառման շրջանակում ներառվել են ոչ դրամական պահանջներ սահմանող ցանկացած եզրափակիչ դատական ակտ, այլ ոչ թե միայն նրանք, որոնց կատարումը ենթադրում է պարտապանի անձնական մասնակցություն։ Տրամաբանությունն այն է, որ կարող են լինել հարկադիր կատարման տեսակետից թեև իրավաբանորեն հնարավոր, բայց գործնականում հարկադիր կատարման տեսակետից շատ բարդ իրավիճակներ, իսկ աստրենտը պարտապանին ինքնուրույն կատարմանը հակող միջոց է, ինչը բոլոր դեպքերում իրավաչափ նպատակ է։ Ինչ վերաբերում է հարկադիր կատարման առումով իրավաբանորեն հնարավոր, սակայն գործնականում տարբեր բարդություններ ներկայացնող իրավիճակներին, ապա դատարանն այդ բարդության աստիճանը հաշվի է առնում արդեն աստրենտի չափը որոշելիս, ինչի մասին կխոսենք ստորև։

            Աստրենտի կիրառման շրջանակի մասին խոսելիս հարկ է հիշատակել նաև Օրենքի 117-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները։ Դրանցով, նախ, պաշտպանվում է քաղաքացիական իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը՝ պայմանագրի ազատությունը, և ըստ այդմ՝ բացառվում է աստրենտի կիրառումը այն դեպքերում, երբ դատական ակտով հաստատված ոչ դրամական պահանջը բխում է քաղաքացիաիրավական պայմանագրից, և օրենքով կամ այդ պայմանագրով տվյալ պահանջը չկատարելու համար վնասի հատուցման կամ տուժանքի (տույժի, տուգանքի) այլ չափ է նախատեսված։ Այնուհետև, այս կանոնը հավասարակշռվում է մայրցամաքային իրավական համակարգին բնորոշ մեկ այլ սկզբունքով՝ պայմանագրի «թույլ կողմի» պաշտպանությամբ։ Մասնավորապես, անկախ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ տուժանքներից, աստրենտի պահանջ կարող են ներկայացնել ֆինանսական կազմակերպությունների հաճախորդները, հանրային ծառայությունների բաժանորդները, սպառողները և աշխատողները։

            Վերևում արդեն խոսեցինք այն մասին, որ աստրենտի կիրառման ոլորտում ներառվող պարտավորությունների խախտման դեպքերի զգալի մասում դժվար կամ անհնարին է հիմնավորել նյութական վնասի առկայությունը կամ դրա չափը։ Սրանից հետևում է, որ աստրենտը կապված չէ վնասի առկայության և դրա չափի հետ, ուստի աստրենտ նշանակելիս դատարանները չպետք է քննարկեն այդ հանգամանքները։ Այս կարևոր դրույթն ամրագրվել է Օրենքի 117-րդ հոդվածի 2-րդ մասում։

            Որպեսզի աստրենտն արդյունավետորեն ծառայի իր նպատակին, իսկ դրա չափի քննարկումն իր հերթին չբարդացնի հիմնական վեճի լուծումը, օրենքով տարանջատվել է աստրենտի երկու տեսակ՝

            ա) նախնական աստրենտ, որը դատարանի կողմից նշանակվում է հայցը բավարարող վճռով՝ օրենքով որոշված չափով, եթե հայցվորը նման ածանցյալ հայցապահանջ է ներկայացրել, և

            բ) վերջնական աստրենտ, որը նշանակվում և փոփոխվում է եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, և որի չափը որոշում է դատարանը՝ մի շարք չափանիշների կիրառմամբ, որոնք կքննարկենք հաջորդիվ։

            Այս տարանջատումը թույլ է տալիս, նախ, հիմնական վեճի քննությունը լրացուցիչ չծանրաբեռնել աստրենտի չափի մասին քննարկումներով։ Մյուս կողմից, արդեն իսկ հիմնական վեճը լուծող վճռով թեկուզև նվազագույն չափով աստրենտի նշանակումը կարևոր խթան է վճռի կամավոր կատարումն ապահովելու համար, ինչի շնորհիվ գործը կարող է չհասնել վերջնական աստրենտի նշանակմանը կամ անգամ՝ կատարողական վարույթի հարուցմանը։

Ինչպես նշեցինք, նախնական աստրենտի չափերն օրենքով հստակ որոշված են և հանգում են հետևյալին (Օրենքի 118-րդ հոդվածի 1-ին մաս).

1) որոշակի գործողություններ կատարելու պահանջի առաջին խախտման համար՝ նվազագույն աշխատավարձի[42] հարյուրապատիկի, իսկ կետանցի յուրաքանչյուր հաջորդ օրվա համար՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով.

2) պարբերական գործողություններ կատարելու պահանջի խախտման առաջին դեպքի համար՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի, իսկ խախտման յուրաքանչյուր հաջորդ դեպքի համար՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով.

3) որոշակի գործողությունների կատարումն արգելելու պահանջի խախտման առաջին դեպքի համար՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի, իսկ խախտման յուրաքանչյուր հաջորդ դեպքի համար՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։ Եթե արգելված գործողությունների կատարումը կրում է տևող բնույթ, ապա խախտման դեպք է համարվում խախտման յուրաքանչյուր օրը։

Վերջնական աստրենտի չափի հարցում օրենսդիրն ընտրել է ստորին և վերին շեմեր սահմանելու մոտեցումը. դրա չափը բոլոր դեպքերում կետանցի մեկ օրվա (խախտման մեկ դեպքի) համար սահմանվում է ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի հնգապատիկի և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։ Դատարանը կարող է նշանակել նաև աճողական աստրենտ, որի չափն աճում է կատարման կետանցի որոշակի ժամկետ (հաջորդական ժամկետներ) կամ պահանջի խախտման դեպքերի որոշակի քանակ (հաջորդական քանակներ) լրանալուց հետո։ Ամեն դեպքում, աճողական աստրենտը ևս չի կարող գերազանցել վերին շեմը։

            Ի վերջո, անդրադառնանք այն չափանիշներին, որոնց կիրառմամբ դատարանը պետք է որոշի աստրենտի չափը՝ հիշատակված վերին և ստորին շեմերի շրջանակներում։ Կարևոր է նկատի ունենալ, որ այդ չափանիշները բխում են աստրենտի նպատակից, որն է պարտապանին դատական ակտով սահմանված պարտավորության կատարմանը հակելը։ Այսինքն, աստրենտը պետք է բավարար լինի այդ նպատակին հասնելու համար (Օրենք, հոդված 118, 4-րդ մաս)։ Ըստ այդմ, դատարանը պետք է հաշվի առնի պարտավորությունը հարկադիր կատարման միջոցներով կատարելու իրավական և փաստացի հնարավորությունը, նաև այն ջանքերը և ծախսերը, որոնք կարող են պահանջվել հարկադիր կատարման համար, պարտապանի գույքային դրությունը, իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր պարտապանի հասույթի և շահույթի չափերը, պարտավորությունը չկատարելու հարցում պարտապանի անբարեխղճության աստիճանը, պահանջատիրոջ համար պարտավորության կատարման նշանակությունը, հրատապությունը և իր՝ դատարանի կողմից կարևորվող այլ հանգամանքներ (Օրենք, հոդված 118, 5-րդ մաս)։

            Օրենքի 118-րդ հոդվածը պարունակում է աստրենտի բռնագանձման նպատակով դրա հաշվարկի մասին անհրաժեշտ կանոններ։ Հաշվարկն իրականացնում է հարկադիր կատարողը՝ հետևյալ կանոններով.

-         Նախնական աստրենտը հաշվարկվում է կատարողական վարույթում պարտավորության կամավոր կատարման ժամկետը (Օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մաս) լրանալուց հետո.

-         Աստրենտի (և՛ նախնական, և՛ վերջնական) հաշվարկը կասեցվում է ոչ դրամական պահանջի կատարումը հետաձգված կամ տարաժամկետված լինելու (Օրենքի 55-րդ հոդված) և տվյալ կատարողական վարույթը իմպերատիվ հիմքով կասեցված լինելու (Օրենքի 56-րդ հոդված) ժամանակահատվածներում.

-         Վերջնական աստրենտ նշանակելու, դրա չափը փոփոխելու և աստրենտը դադարեցնելու մասին դատարանի որոշումները կիրառվում են դրանց օրինական ուժի մեջ մտնելուց հետո ընկած ժամանակահատվածի նկատմամբ։

-         Աստրենտի հաշվարկը դադարեցվում է ոչ դրամական պահանջի հիման վրա հարուցված կատարողական վարույթի կարճման պահից։

Ø  Աստրենտի հաշվարկը ներկայացնենք օրինակով։ Ենթադրենք՝ տեղեկություններ տրամադրելուն պարտավորեցնելու մասին դատական ակտի հիման վրա 03.09.2025թ.-ին հարուցվել է կատարողական վարույթ։ Միաժամանակ, դատարանի վճռով սահմանված է նախնական աստրենտ՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար 5,000 դրամի չափով։ Հարկադիր կատարողը Օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա պարտապանի համար սահմանել է պահանջի կատարման ժամկետ՝ մինչև 22.09.2025թ.-ը։ Պարտապանն այդ ժամկետում և դրանից հետո չի կատարում դատական ակտը։ 31.10.2025թ.-ին կատարողական վարույթը կասեցվում է Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով՝ այն պատճառով, որ կատարման ենթակա վճիռը բողոքարկվել է, և վերաքննիչ դատարանը, վարույթ ընդունելով օրինական ուժի մեջ մտած վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը, կասեցրել է դրա կատարումը։ Վճռի բողոքարկումն ի վերջո անհաջողության է մատնվում, և կատարողական վարույթը վերսկսվում է 18.05.2026թ.-ին։ Դրանից հետո պահանջատերը դատարան է ներկայացնում աստրենտի չափն ավելացնելու՝ վերջնական աստրենտ նշանակելու վերաբերյալ դիմում։ Դիմումի քննության արդյունքներով դատարանը 23.07.2026թ.-ի որոշմամբ նշանակում է վերջնական աստրենտ՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար 50,000 դրամի չափով։ Վերջնական աստրենտ նշանակելու մասին որոշումը բողոքարկվում է, սակայն բողոքը չի բավարարվում, և որոշումն ուժի մեջ է մտնում 12.10.2026թ.-ին։ 15.10.2026թ.-ին պարտապանը կատարում է վճռի պահանջը՝ տրամադրելով պահանջվող տեղեկությունները։

Այս օրինակում հարկադիր կատարողը պետք է հաշվարկի՝

-         Նախնական աստրենտ օրական 5,000 դրամի չափով՝ սկսած 23.09.2025թ.-ից (վճիռը կատարելու համար հարկադիր կատարողի սահմանած ժամկետի հաջորդ օրվանից) մինչև 30.10.2025թ.-ը (կատարողական վարույթը կասեցնելուն նախորդող օրը).

-         Նախնական աստրենտ օրական 5,000 դրամի չափով՝ սկսած 19.05.2026թ.-ից մինչև 12.10.2016թ. (վերջնական աստրենտ նշանակելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու օրը).

-         Վերջնական աստրենտ օրական 50,000 դրամի չափով՝ 13.10.2026թ.-ի և 14.10.2026թ.-ի՝ այն երկու օրվա համար, որոնց ընթացքում, վերջնական աստրենտի գործողության պայմաններում, պարտապանը թույլ է տվել կետանց։

Աստրենտի ինստիտուտը կազմող վերջին՝ 119-րդ հոդվածով կանոնակարգվում է վերջնական աստրենտ նշանակելու, դրա չափը փոփոխելու և աստրենտը դադարեցնելու դատավարական կարգը։ Սահմանվում է, որ կողմերի համապատասխան դիմումները քննում է հիմնական վեճը լուծած առաջին ատյանի դատարանը (վարչական դատարանը)՝ նույն դատական գործի շրջանակներում։ Դատավարական ընթացակարգը ներառում է դիմումի քննության սահմանափակ ժամկետ (երկու ամիս) և դիմումի քննության արդյունքներով կայացված որոշման բողոքարկելիություն՝ դրա օրինական ուժի մեջ մտնելու ժամկետի (հրապարակման պահից երկու շաբաթ) սահմաններում։


ԳԼՈՒԽ 21
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Օրենքի 21-րդ գլուխը նվիրված է կատարողական վարույթի մասնակիցների և այլ անձանց իրավունքների պաշտպանությանը։ Այն ներառում է գույքն արգելանքից հանելու հայցը, հարկադիր աճուրդի իրավաչափությունը վիճարկելը և կատարման շրջադարձը։

Այսպես, նախ և առաջ, օրենսդիրը նախատեսել է շահագրգիռ անձի իրավունքը գույքն արգելանքից հանելու հայց ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով՝ ընդդեմ պարտապանի և պահանջատիրոջ։ Նշվածը վերաբերում է միայն այն վեճերին, որոնք ենթադրում են արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ կամ այդ գույքի նկատմամբ պարտապանի սեփականության իրավունքի դադարեցման պահանջ։

Միաժամանակ, Օրենքը հստակեցրել է, թե ինչ պետք է հասկանալ «շահագրգիռ անձ» եզրույթի ներքո՝ սահմանելով, որ գույքն արգելանքից հանելու հայց կարող է ներկայացնել այն անձը, որն իրեն է համարում այդ գույքի սեփականատեր կամ հավակնում է ձեռք բերել նման իրավունք։ Այս առումով հետաքրքրական է Վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՆԴ/1224/02/16 քաղաքացիական գործով 2020 թվականի ապրիլի 10-ի որոշումը, որի շրջանակներում Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ ԴԱՀԿ մասին օրենքի 45-րդ հոդվածով օրենսդիրը սահմանել է արգելանքի տակ գտնվող գույքը դատական կարգով արգելանքից հանելու իրավական կառուցակարգը, որը հանգում է հետևյալին.

1) անձը կարող է արգելանքի տակ գտնվող գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել դատարան,

2) արգելանքի տակ գտնվող գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց կարող է ներկայացնել ինչպես այդ գույքի սեփականատերը կամ դրա օրինական տիրապետողը, այնպես էլ արգելանքի տակ գտնվող գույքն արգելանքից հանելու կապակցությամբ ՄԻԵԿ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով իրավական շահագրգռվածություն ունեցող ցանկացած անձ,

3) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացվել ընդդեմ պարտապանի և (կամ) պահանջատիրոջ և ընդդատյա է գույքի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին:

Մեկ այլ՝ թիվ ԵՄԴ/1086/02/10 քաղաքացիական գործով 2012 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի գործողությունների (որոշումների) բողոքարկման իրավունք նախատեսված է ինչպես կատարողական վարույթի կողմերի` պահանջատիրոջ և պարտապանի, այնպես էլ կատարողական վարույթի կողմ չհանդիսացող շահագրգիռ անձանց համար: Այդպիսիք են հանդիսանում արգելանքի տակ գտնվող գույքի սեփականատերը կամ այլ օրինական տիրապետողը: Ի տարբերություն վարույթի կողմերի, ովքեր իրավունք ունեն բողոքարկելու հարկադիր կատարողի գործողությունները (որոշումները) ինչպես վերադասության, այնպես էլ դատական կարգով, կատարողական վարույթի կողմ չհանդիսացող շահագրգիռ անձինք արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելիության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում իրավունք ունեն դիմել դատարան: Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելիության վերաբերյալ վեճի առկայության դեպքում շահագրգիռ անձը պետք է գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմի գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան, որն իրենից ենթադրում է համապատասխան պահանջի քննությունը քաղաքացիական դատավարության կարգով:

Օրենքի նորամուծություններից է հարկադիր աճուրդի իրավաչափության վիճարկման կանոնների հստակեցումը, որը կարևոր ազդակ է կողմերի համար և ուղղված է այս հարցում իրավական որոշակիության երաշխավորմանը։ Այս առումով, ի թիվս այլնի, սահմանվել է դատարան դիմելու որոշակի՝ երկամսյա ժամկետ, որը հաշվարկվում է հարկադիր աճուրդի արձանագրությունը Ծառայության աճուրդի ինտերնետային կայքում հրապարակվելուց հետո, ինչպես նաև աճուրդը անվավեր ճանաչելու հիմքեր։ Մասնավորապես, այն կարող է ոչ իրավաչափ ճանաչվել շահագրգիռ անձի պահանջով, եթե այն անցկացվել է օրենքի խախտմամբ, և թույլ տրված խախտումն ազդել է կամ կարող էր ազդել հարկադիր աճուրդի արդյունքների վրա։

Հարկադիր աճուրդի իրավաչափությունը վիճարկելու կապակցությամբ օրենսդիրը որդեգրել է անկյունաքարային մոտեցում՝ օրենսդրությունը զարգացնելով բարեխիղճ գնորդին պաշտպանելու տրամաբանությամբ՝ որպես ընդհանուր կանոն բացառելով ձեռք բերված գույքը նրանից հետ պահանջելու հնարավորությունը, իսկ ոչ իրավաչափ աճուրդով պատճառված վնասը (առկայության դեպքում) հատուցելով վարչարարությամբ պատճառված վնասների հատուցման գործող տրամաբանությամբ։

Հատկանշական է, որ Օրենքը նաև սահմանել է բացառիկ դեպքեր[43], երբ իրավունքը խախտված սեփականատիրոջ շահը պետք է գերակայի աճուրդով գույք ձեռք բերած բարեխիղճ գնորդի շահի նկատմամբ (ինչպես, օրինակ՝ վինդիկացիոն հայցի շրջանակներում է): Ընդ որում, գույքի գնորդը և ոչ իրավաչափ կերպով աճուրդին մասնակցելու հնարավորություն չստացած անձը ունեն Ծառայությունից պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունք։

Հարկ է նկատել, որ կատարողական վարույթում թույլ տրված խախտումների դիմաց վնասի հատուցումը երաշխավորելու նպատակով Օրենքով ամրագրվել է  Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում աննախադեպ՝ նախապես գնահատված վնասի ինստիտուտը։ Մասնավորապես, Օրենքով ամրագրված գումարի չափով վնասի հատուցման իրավունք է երաշխավորվում աճուրդի մասնակցի և ոչ իրավաչափորեն աճուրդի մասնակցության հնարավորությունից զրկված այն անձի համար, որի իրավունքները խախտվել են ոչ իրավաչափ հարկադիր աճուրդով՝ նույնիսկ այն դեպքում, երբ վերջինս չկարողանա հիմնավորել իրեն պատճառված վնասի չափը: Օրենքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վնասի առկայությունը կամ չափը չհիմնավորվելու դեպքում հայցվորին տրամադրվում է փոխհատուցում՝ ոչ իրավաչափ ճանաչված հարկադիր աճուրդով լոտի իրացման գնի 10 տոկոսի, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի 3.000-ապատիկի չափով։

Օրենքը կարգավորել է նաև ոչ իրավաչափ ճանաչված աճուրդով իրացված գույքը նախկին սեփականատիրոջը վերադարձնելու հետևանքները՝ սահմանելով, որ

1) կարճված կատարողական վարույթը վերսկսվում է.

2) դատական ակտի հիման վրա դադարում է գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքը, և նույն պայմանագրի հիմքով գնորդի սեփականության իրավունքի նոր գրանցում կատարվել չի կարող.

3) հայցվորի սեփականության իրավունքը, իրացման հետևանքով դադարած գույքային իրավունքները և սահմանափակումները վերականգնվում են (գրանցվում, հաշվառվում են), իսկ իրացման հետևանքով կատարված իրավունքների պետական գրանցումներն իրենց իրավաբանական ուժը կորցնում են բացառապես սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հայցը բավարարող դատական ակտի հիման վրա, եթե չկան սույն կետում նշված իրավունքների, սահմանափակումների և պետական գրանցումների դադարման (ուժը կորցնելու)` օրենքով նախատեսված այլ հիմքեր.

4) գնորդի կողմից գույքը վերադարձվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, Ծառայությունը նրան է վերադարձնում դրա գնման գինը.

5) պահանջատերը, պարտապանը և այլ անձինք գույքի հարկադիր իրացումից ստացված գումարներն իրենց ստացած չափով հարկադիր կատարողի որոշման հիման վրա վերադարձնում են Ծառայությանը, և պահանջատիրոջ պահանջի բավարարված մասը նվազեցվում է իր վերադարձրած գումարի չափով։

Օրենքում մանրամասն կարգավորվել են նաև կատարման շրջադարձի հետ կապված հարցերը՝ որպես նորամուծություն սահմանել շրջադարձի դիմումի ներկայացման առավելագույն ժամկետ, ինչպես նաև այդ դիմումի քննության շրջանակում դիմումի ապահովում կիրառելու հնարավորություն։ Ուշագրավ է նաև շրջադարձի բնեղենով ապահովման հնարավորության բացակայության դեպքում դրան համարժեք դրամական գումար գանձելու դատարանի լիազորության նախատեսումը։

Այս առումով հետաքրքրական է Վճռաբեկ դատարանի թիվ ԿԴ1/0244/02/17 քաղաքացիական գործով 2023 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը, որի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադարձել է վճռի կատարման շրջադարձի մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակին՝ միևնույն ժամանակ անդրադառնալով պատասխանողի կողմում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձի կողմից վճռի կատարման շրջադարձի մասին դիմում ներկայացնելու հնարավորությանը։ Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ թեկուզև վճռի կատարման շրջադարձի մասին դիմում ներկայացնելու իրավունքը ԴԱՀԿ մասին օրենքի 27-րդ հոդվածով վերապահված է բացառապես նույն օրենքի 7-րդ հոդվածի իմաստով «պարտապան» հանդիսացող կատարողական վարույթի կողմին, որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից, այդուհանդերձ այդ իրավունքից օգտվելու հնարավորությունը պետք է ընձեռել ինչպես այն պատասխանող-պարտապանին, որը կամովին կատարել է դատական ակտը, այնպես էլ այն անձանց, որոնք թեև ԴԱՀԿ մասին օրենքի իմաստով ուղղակիորեն չեն հանդիսանում պարտապան, սակայն քաղաքացիական դատավարությունում ներգրավված լինելով պատասխանողի կողմում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ, ՔԴՕ 38-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, օգտվել են կողմի, տվյալ դեպքում՝ պատասխանողի իրավունքներից և կրել նրա պարտականությունները, բացի նույն հոդվածով նախատեսված իրավունքներից՝ պայմանով, որ հայցը բավարարելու արդյունքում ի կատար ածված դատական ակտը հաստատապես ազդել է նրանց իրավունքների ու օրինական շահերի վրա՝ վերջիններիս համար հանդիսանալով անցանկալի և նրանց փաստացի ու իրավական վիճակը վատթարացնող։

Կարևոր է ուշադրության հրավիրել նաև այն հանգամանքին, որ կատարման շրջադարձը վերաբերելի է դարձել ոչ միայն դատական, այլև այլ կատարման ենթակա ակտերին։ Մասնավորապես, Օրենքը սահմանում է, որ ոչ դատական ակտերի կատարման շրջադարձի անհրաժեշտության դեպքում շահագրգիռ անձն իր պահանջը կարող է ներկայացնել առանձին հայցով կամ օրենքով նախատեսված այլ ընթացակարգով։ Օրինակ, վարչական մարմինը պարտապանի նկատմամբ ընդունել է տուգանք նշանակելու մասին վարչական ակտ, որի կատարումից հետո այն վերացվել է։  Այս պարագայում, շահագրգիռ անձը կարող է պահանջել կատարված բռնագանձման գումարի վերադարձ՝ դատարան առանձին հայց ներկայացնելով, եթե կոնկրետ ոլորտի վարչարարությունը կարգավորող օրենսդրությունը չի նախատեսում վարչական ակտի հիման վրա վճարված կամ բռնագանձված գումարը առանց դատարան դիմելու վերադարձնելու ընթացակարգ։


ԳԼՈՒԽ 22
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Օրենքի վերջին գլխում ամրագրված են հատուկ կարգավորումներ, որոնք կոչված են ապահովել այս օրենսդրական ակտի սահուն և արդյունավետ կիրառումը։ Այստեղ զետեղված դրույթները պայմանականորեն կարելի է բաժանել ընդհանուր և հատուկ կանոնների։ Ընդ որում, տեղին է հիշատակել  Սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 29-ի ՍԴՈ-1000 որոշումը, որի համաձայն՝ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից։ Այս մոտեցումը բխում է իրավական որոշակիության, օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների, մարդու իրավունքների երաշխավորման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման նկատառումներից։

Դրան համապատասխան՝ Օրենքի եզրափակիչ մասում նախատեսված ընդհանուր կանոնի համաձայն՝ Օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից, հետևաբար, նույն օրից էլ դադարում է գործել նախկին ԴԱՀԿ օրենքը՝ դրանում առկա բոլոր փոփոխություններով և լրացումներով։ Օրենսդիրը նախատեսել է նաև ընդհանուր կանոնից կոնկրետ բացառություններ և որոշ շեղումներ։ Դրանք ժամանակավոր բնույթ ունեցող կարգավորումներ են, որոնց նպատակը նախկինից նոր օրենքին ընթացիկ վարույթների փուլային անցումը կազմակերպելն է։ Այդ անցումային դրույթների բովանդակության համալիր վերլուծությունից հետևում է, որ որոշակի ժամանակ երկու օրենքները գործելու են զուգահեռաբար, և նույնիսկ մեկ վարույթը տարբեր փուլերում կարող է կարգավորվել տարբեր օրենքների դրույթներով։

Այժմ հարկ է անդրադառնալ այն հարցին, թե ինչպես են գործելու եզրափակիչ և անցումային դրույթները կատարողական վարույթի տարբեր փուլերում։

            Այսպես, Օրենքը կիրառվում է՝

1.    օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հարկադիր կատարման դիմումների հիման վրա հարուցված (վերսկսված) կատարողական վարույթների նկատմամբ.

2.    օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված կատարողական թերթ տալու դիմումներով տրված կատարողական թերթերի հիման վրա հարուցված (վերսկսված) կատարողական վարույթների նկատմամբ.

3.    ավարտված կամ կարճված կատարողական վարույթները վերսկսելու վերաբերյալ Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված դիմումների քննության և լուծման, ինչպես նաև ավարտված կամ կարճված և Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վերսկսված կատարողական վարույթների նկատմամբ.

4.    ԴԱՀԿ օրենքով իրականացվող այն կատարողական վարույթների նկատմամբ, որի ընթացքում ծագում է նշված օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետի հիման վրա վարույթն ավարտելու հիմք

5.    1-4-րդ կետերում նշված կատարողական վարույթներով հարկադիր կատարողի կայացրած որոշումների հարկադիր կատարման նկատմամբ։

              Վերոնշյալ 1-5-րդ կետերում չնշված կատարողական վարույթների նկատմամբ կիրառվում է ԴԱՀԿ մասին օրենքը։

              Հատկանշական է, որ 4-րդ կետում նշված հիմքի առկայության դեպքում հարկադիր կատարողն այդ կետով նախատեսված առաջարկություն պահանջատիրոջը չի անում և կատարողական վարույթը շարունակում է Օրենքի կիրառմամբ՝ այդ մասին գրավոր ծանուցելով վարույթի կողմերին։

              Մինչև Ծառայության և պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դատարանների, նոտարների միջև փաստաթղթաշրջանառությունը և տվյալների փոխանակումը էլեկտրոնային եղանակով իրականացնելու մասին Կառավարության որոշումը՝  կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրումը կիրառվում են մինչև Օրենքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրության՝ կատարողական թերթ տալու համար դիմում ներկայացնելու և դրա քննության, դրա ժամկետների, այդ ժամկետների վերականգնման, կատարողական թերթ տալու, դրա բովանդակության, կատարողական թերթը վերադարձնելու, կատարողական թերթի հիման վրա կատարողական վարույթ հարուցելու վերաբերյալ կանոնները, իսկ էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգը ներդրվելու է մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը:

              Միաժամանակ, օրենսդիրը նախատեսել է ԴԱՀԿ օրենքի կիրառմամբ ավարտված կատարողական վարույթները Օրենքով վերսկսելու հնարավորություն

 այն դեպքում, երբ վերացել են կատարողական վարույթն ավարտելու հիմքերը, կամ անհրաժեշտություն է առաջացել իրականացնելու լրացուցիչ կատարողական գործողություններ և  պահանջատերը ներկայացրել է դրա վերաբերյալ դիմում։ Մինչև Օրենքն ուժի մեջ մտնելը ԴԱՀԿ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ավարտված կատարողական վարույթների վերսկսման նկատմամբ Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կիրառվում է ԴԱՀԿ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետային սահմանափակումը՝ 1 տարին։

              Օրենքով սահմանված կատարողական ծախսերի հատուցման և կատարողական վճարների գանձման կանոնները կիրառվում են 1-ին և 2-րդ կետերում նշված կատարողական վարույթների և այդ վարույթների շրջանակներում հարկադիր կատարողի կայացրած որոշումների հարկադիր կատարման դեպքում։ Այլ կատարողական վարույթներով կիրառվում են ԴԱՀԿ օրենքով սահմանված՝ կատարողական ծախսերի հատուցման կանոնները։

              Ինչ վերաբերում է Օրենքի՝ ընդհանուր գույքում պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելուն և բազմաբնակարան շենքի բնակարանում պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինությանը, ապա դրանցով սահմանված ընթացակարգը չի կիրառվում, եթե դատարանի վարույթում է գտնվում ընդհանուր սեփականություն համարվող անշարժ գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու մասին պահանջատիրոջ հայցը, կամ եթե առկա է օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ նման հայցը բավարարելու մասին։

              Մեկից ավելի պահանջատերերի դեպքում, եթե պահանջատերերից թեկուզ մեկի պահանջով հարուցված (վերսկսված) կատարողական վարույթի նկատմամբ կիրառվում է Օրենքը, ապա բռնագանձված գումարները Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկից ավելի պահանջատերերի միջև բաշխվում են Օրենքով սահմանված կանոններով։

              Այն դեպքում երբ մինչև Օրենքն ուժի մեջ մտնելը կայացված եզրափակիչ դատական ակտով հաստատված պարտավորության առաջին խախտումը տեղի է ունեցել մինչև Օրենքն ուժի մեջ մտնելը և Օրենքն ուժի մեջ մտնելու պահին խախտումը շարունակվում է, օրենսդիրը վերջնական աստրենտ նշանակելու դիմում ներկայացնելու համար նախատեսել է Օրենքն ուժի մետ մտնելուց հետո 1 տարվա ժամկետային սահմանափակում։

              Օրենքը նախատեսել է նաև առանձնահատկություն  Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր` մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ հարուցված կատարողական վարույթները կատարման ենթակա ակտով սահմանված պարտավորությունը կատարված լինելու կամ օրենքով սահմանված այլ հիմքի կիրառմամբ պարտքը ներելու հիմքի կիրառմամբ կարճվելու դեպքում կատարողական վճարներ չեն գանձվում նաև Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ առանց Օրենքով  նախատեսված Կառավարության որոշման ընդունման։



[1] Տե՛ս, օրինակ, Валеев Д.Х., Исполнительное производство: Учебник для вузов. – Санкт-Петербург: Изд. Питер, 2008, էջեր 14-38, Гуреев В.А., Гущин В.В., Исполнительное производство: Учебник. – 4-е изд., испр. и доп. – Москва: Изд. Статут, 2014, էջեր 12-17:

[2] Առավել մանրամասն տե՛ս սույն ուղեցույցի 2-րդ գլուխը՝ «Կատարողական վարույթի սուբյեկտները»։

[3] Տե՛ս Հորնսբին ընդդեմ Հունաստանի գործով (Hornsby vs. Greece, դիմում թիվ 18357/91) ՄԻԵԴ 19.03.1997թ. վճիռը։

[4] Տե՛ս Էստիմա Ժորժեն ընդդեմ Պորտուգալիայի գործով (Estima Jorge vs Portugal, դիմում թիվ 24550/94) 21.04.1998թ. վճիռը:

[5] Տե՛ս Սանգլիեն ընդդեմ Ֆրանսիայի գործով (Sanglier v. France, դիմում թիվ 50342/99) 27.05.2003թ. վճիռը, կետ 39։

[6] Տե՛ս Ֆուկլևն ընդդեմ Ուկրաինայի գործով (Fuklev v. Ukraine, դիմում թիվ 6318/03) 16.01.2014թ. վճիռը, կետ 84։

[7] Տե՛ս Recommendation Rec(2003)17 of the Committee of Ministers to member states on enforcement, կետեր III(1)(а), III(1)(g) - https://wcd.coe.int/ViewDoc.jsp?id=65531 վերջին մուտք՝ 21.11.2024։

[8] Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ ապահովման վարույթը հայցի նախնական ապահովման, հայցի ապահովման, եզրափակիչ դատական ակտի կատարման ապահովման, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումի պահանջի ապահովման, քրեական դատավարության կարգով գույքի արգելադրման մասին դատական ակտերի, պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին վարչական ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթն է։

[9] Տե՛ս թիվ ԱՐԱԴ/0416/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015թ. որոշումը:

[10] Այդ մասին մանրամասն տե՛ս սույն ուղեցույցի 7-րդ գլուխը։

[11] Տե´ս Ս Մեղրյան, Տ Մարկոսյան, Կատարողական թերթի ինստիտուտն արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի համատեքստում, Ե, Արդարադատություն, 2021, 1(53), էջ 6-13։

[12] Կատարման ենթակա ակտեր են  նաև հարկադիր կատարողի որոշումները՝ Օրենքով նախատեսված դեպքերում։

[13] Տե´ս Օրենքի 33-րդ հոդվածը։

[14] Տե´ս Օրենքի 34-րդ հոդվածը։

[15] Տե´ս Օրենքի 35-րդ հոդվածը։

[16] Տե´ս Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը

[17] Տե՛ս Դալլաքյան Վ., Դատական ակտի հարկադիր կատարման նպատակով պարտապանի նկատմամբ կիրառվող հարկադրանքի թույլատրելի միջոցների շրջանակը // Հանրային կառավարում, հատուկ թողարկում, գիտաժողովի նյութեր։ Երևան, 2014 N 3-4, էջեր 84-92։

[18] Տե՛ս, օրինակ, Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի գործով (դիմում թիվ 39563/09) 30.03.2017թ. վճիռը։

[19] Տե´ս Օրենքի 50-րդ հոդվածի 3-5-րդ մասերը։

[20] Տե՛ս սույն ուղեցույցի 7-րդ գլուխը։

[21] Այս երեք խմբերից յուրաքանյուրն առավել մանրամասն կվերլուծվի ուղեցույցի հաջորդող գլուխներում։

[22] Մանրամասն տե՛ս սույն ուղեցույցի 16-րդ գլուխը։

[23] Ընդգծումները կատարված են մեր կողմից։

[24] Ընդգծված հատվածը կարևոր նորամուծություն է։

[25] Գույքն արգելանքից հանելու հայցի մասին մանրամասն տե՛ս սույն ուղեցույցի 21-րդ գլուխը։

[26] Տե՛ս Recommendation Rec(2003)17 of the Committee of Ministers to member states on enforcement, կետ III(1)(d) - https://wcd.coe.int/ViewDoc.jsp?id=65531 վերջին մուտք՝ 21.11.2024։

[27] Այդ մասին մանրամասն տե՛ս սույն ուղեցույցի 20-րդ գլուխը։

[28] Արգելանքների համաչափության վերաբերյալ մանրամասն տե՛ս սույն ուղեցույցի 10-րդ գլուխը։

[29] Տե՛ս Վ. Դալլաքյան, Հայաստանի Հանրապետությունից դրամական միջոցների բռնագանձման հիմնախնդիրները // ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների 2013թ. նստաշրջանի նյութերի ժողովածու։ Եր., ԵՊՀ հրատ, 2014, էջեր 137-155։

[31] Ածանցյալ կատարողական վարույթի մասին մանրամասն տե՛ս սույն ուղեցույցի 6-րդ գլուխը։

[32] Պայմանագրային ֆոնդի վերաբերյալ նյութական նորմերը սահմանված են ՔՕ 52.1 գլխով, ինչպես նաև «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքով։

[33] Վերը նշված թերությունների մանրամասն վերլուծությունը տե՛ս Վ. Դալլաքյան, Գրավով չապահովված պահանջատիրոջ և գրավառուի իրավունքների հարաբերակցության խնդիրը կատարողական վարույթում գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելիս // ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու։ Եր., ԵՊՀ հրատ, 2017, էջեր 311-324։

[34] Այդ մասին տե՛ս սույն ուղեցույցի 20-րդ գլուխը։

[35] Հարկադիր աճուրդի իրավաչափության վիճարկման և դրա հետևանքների մասին մանրամասն տե՛ս սույն ուղեցույցի 21-րդ գլուխը։

[36] Օրենքի անցումային դրույթների մասին մանրամասն տե՛ս սույն ուղեցույցի 22-րդ գլուխը։

[37] Տե´ս Օրենքի 105-րդ հոդվածի 3-րդ մասը։

[38] Նշված հոդվածում մանր չափ է համարվում 500 հազար դրամը չգերազանցող գումարը (արժեքը)։

[39] Խոշոր չափ է համարվում 500 հազար դրամը գերազանցող գումարը (արժեքը)։

[40] Տե՛ս, օրինակ, Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի 22.06.2021թ. վճիռը (գանգատ 50609/10)։

[41] Մինչև 1998թ.-ին «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի ընդունումը կատարողական վարույթի վերաբերյալ կանոնները ներառված են եղել քաղաքացիական դատավարության խորհրդային շրջանի օրենսգրքերում։

[42] Որպես նվազագույն աշխատավարձ՝ այստեղ ընդունվում է 1000 դրամ բազային չափը։

[43] Տես՝ Օրենքի 121-րդ հոդվածի 3-րդ մասը։